Յովհաննէս Թումանեանը ապրել եւ ստեղծագործել է Թբիլիսիում: Նրա աճիւնը յուղարկաւորուած է հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթէոնում: Յովհաննէս Թումանեանի թբիլիսեան բնակարանը ներկայումս գործում է որպէս «Յովհաննէս Թումանեանի տուն» գիտամշակութային կենտրոն: Յատկանշական է, որ Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետարանների նախաձեռնութեամբ ամենայն հայոց բանաստեղծի 150ամեայ յոբելեանին նուիրուած թումանեանական օրն անցկացուեց Վրաստանի կոլորիտային մայրաքաղաքում:
Միջոցառումների շարքը մեկնարկեց 2019 թուականի Հոկտեմբերի 25ի առաւօտեան Երեւանի արուեստի գործիչների պատուիրակութեան Հաւլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցով: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դաւթեանի օրհնութիւնը ստանալուց եւ հոգեւոր դասի հետ միասին աղօթք բարձրացնելուց յետոյ, պատուիրակութեան անդամները՝ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբեանի գլխաւորութեամբ, շրջայց կատարեցին «Հայարտուն» կենտրոնում, ծանօթացան այստեղ գործող Ս. Մովսէս Խորենացի նախակրթարանի, մէկօրայ վարժարանների, գեղարուեստական խմբակների գործունէութեանը:
Թումանեանական օրուայ յաջորդ կանգառը Խոջիվանքի պանթէոնն էր, որտեղ հիւրերը ծաղիկներով զարդարեցին ժողովրդական մեծ բանաստեղծի շիրիմը, վարդեր խոնարհեցին Մեծաց մեծերի տապանաքարերին, մասնակիցը դարձան առաջնորդական տեղապահի կողմից ազգի երախտարժան զաւակների հոգու հանգստութեան համար աղօթք բարձրացուելուն:
Թումանեանական օրուայ վերջին հանգրուանը ամենայն հայոց բանաստեղծի պատմական տուն-կենտրոնն էր, որտեղ երկու քաղաքների՝ Թբիլիսիի փոխքաղաքապետ Սոֆեա Խունծարիայի եւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբեանի գլխաւորութեամբ կայացաւ թումանեանական հիւրընկալ տան շնչին եւ մթնոլորտին յարիր ընդունելութիւն:
Թումանեանական օրուայ յաջորդ կանգառը Խոջիվանքի պանթէոնն էր, որտեղ հիւրերը ծաղիկներով զարդարեցին ժողովրդական մեծ բանաստեղծի շիրիմը, վարդեր խոնարհեցին Մեծաց մեծերի տապանաքարերին, մասնակիցը դարձան առաջնորդական տեղապահի կողմից ազգի երախտարժան զաւակների հոգու հանգստութեան համար աղօթք բարձրացուելուն:
Միջոցառումն իր ներկայութեամբ պատուել էր Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դաւթեանը:
Վրաստանում Յովհաննէս Թումանեանը մեծ ժողովրդականութիւն վայելող ու սիրուած պոէտներից մէկն է: Նրա լաւագոյն երկերը թարգմանուած են վրացերէնի: Նրան ուսումնասիրում են դպրոցներում: Նրա բանաստեղծութիւններն արտասանում են, երգում: Իրենց գեղեցիկ խօսքով, յուշերով, ելոյթներով, ասմունքով, երգով ու երաժշտութեամբ երեկոն գեղեցկացրին Տիգրան Մանսուրեանը, Գիւի Շահնազարը, Գիորգի Շարմազանաշվիլին, Վաժա Ազարաշվիլին, Գայոզ Կանդելակին, Լիլիթ Պիպոյեանը, Վահէ Շահվերդեանը, Յակոբ Ղազանչեանը, Ռոբերտ Մլքէեանը, Թբիլիսիի քաղաքապետարանի մշակոյթի բաժնի ղեկավար Նինօ Սուլաձէն, Բաղաթեր Արաբուլին, Վան Բայբուրթեանը եւ ուրիշներ:
Յատկանշական է, որ թումանեանական օրուայ մասնակիցները նաեւ այցելեցին Պետրոս Ադամեանի անուան հայպետդրամայի թատրոնի նորակառոյց շէնքի շինարարութեան հրապարակ: Թատրոնի գեղարուեստական ղեկավարը հիւրերին տեղեկացրեց, որ մէկ տարի անց 155ամեայ թատրոնը նոր տեսքով եւ հրաշալի շինութեամբ իր դռները կը բացի հանդիսատեսի առջեւ:
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ