ԵՐԵՒԱՆ, «Սիվիլնեթ».- 26 Դեկտեմբերի կառավարութեան նիստին, տնտեսութեան նախարար Տիգրան Խաչատրեան յայտարարեց, որ այս տարուան Նոյեմբերին Հայաստանէն արտածման բարձր ցուցանիշ ապահոված են շարք մը ապրանքներ։
Հայաստանի մէջ տնտեսական աշխուժութիւնը այս տարուան Յունուարէն Նոյեմբեր ամիսներուն՝ նախորդ տարուան նոյն ժամանակաշրջանին հետ բաղդատած, ըստ վիճակագրական կոմիտէի տուեալներուն, աւելցած է 7.5 տոկոսով, իսկ 2019ի Նոյեմբերին՝ նախորդ Նոյեմբերին հետ համեմատած՝ 10.1 տոկոսով:
Արդիւնաբերութեան յաւելաճը 2019ի Նոյեմբերին՝ 2018ի Նոյեմբերին հետ բաղդատած, կազմած է 13.8 տոկոս, իսկ 2019ի Յունուարէն Նոյեմբերի դրութեամբ, ոլորտը աճած է 9.3 տոկոսով:
Այս տարուան Նոյեմբերին շինարարութիւնը աճած է 4.8 տոկոսով, ծառայութիւններու ոլորտը՝ 11.6, ներքին առեւտրաշրջանառութիւնը՝ 11.9, միջին աշխատավարձը՝ 6.3, արտածումը՝ 25.7, ներմուծումը՝ 9.6:
«Ինչպէս եւ ակնկալում էինք, ունենք դրական զարգացումներ մի քանի ապրանքների արտահանման խմբերում: 11 ամիսների ընթացքում ունենք կոնեակի արտահանման աճ մօտ 27 տոկոսով: Համարում ենք սա շատ կարեւոր, քանի որ ապահովւում է նաեւ մեր գիւղատնտեսութեան զարգացումը: Գործընթացը շարունակական է: Յատկապէս, որ գինիների արտահանումն այս ամիսների ընթացքում հանրագումարով աճել է շուրջ 50 տոկսով: Սա նոր զարգացում է մեր տնտեսութիւնում», շեշտեց նախարարը:
Ան նկատել տուաւ, որ նախորդ երկու տարիներուն գինիներու արտածման ոլորտին մէջ դրական տեղաշարժեր նկատելի էին, սակայն այժմ որակապէս նոր իրավիճակ է: «Այն, որ այս 11 ամիսների ընթացքում ունենք 24 մլն. դոլարի ընդհանուր արժէքով գինիների արտահանում, որը 50 տոկոսով աւելի է, քան նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում, շատ կարեւոր ու յուսադրող ցուցանիշ է: Յատկապէս, որ մրգային գինիների արտահանման ծաւալներն աճել են առաջանցիկ տեմպերով (կշռոյթով-Խմբ.)՝ կազմելով շուրջ 70 տոկոս», նշեց Տիգրան Խաչատրեան:
Ըստ անոր՝ հաշուետու ժամանակաշրջանին արձանագրուած է բուսական ծագման արտադրութեան 18.5 տոկոսի աճ: Շուրջ 15 տոկոսով աւելցած է տուրմի արտածումը։
Եզրափակելով իր խօսքը՝ նախարարը յայտնեց, որ, ամենայն հաւանականութեամբ, տարուան կտրուածքով տնտեսական աճը պիտի կազմէ 7.5 տոկոս, իսկ արտածումը՝ 10 տոկոս: «Հիմա կարող ենք ասել, որ այդ ցուցանիշները շատ իրատեսական են: Կասկած չկայ, որ 2020 թուական ենք մտնելու շատ լաւ տնտեսական հիմքով», եզրափակեց ան:
Թեմային անդրադարձաւ նաեւ Կեդրոնական դրամատան նախագահ Արթուր Ջաւադեան՝ նշելով, որ Վիճակագրական կոմիտէի հրապարակած տուեալները ստիպած են դրամատունը բարելաւել սեփական կանխատեսումը տնտեսական աճին վերաբերեալ՝ զայն դարձնելով 7.4 տոկոս:
Վարչապետ Փաշինեան արձանագրեց, որ տնտեսական աճին ընթացքը հետաքրքրական է։ «Սեպտեմբերին մենք ունեցանք 7.5 տոկոս տնտեսական աճ, Հոկտեմբերին՝ 8 տոկոս, իսկ Նոյեմբերին՝ շուրջ 10 տոկոս: Բացի այդ, բիւջէում հարկային հաւաքագրումների առումով ունենք լուրջ աճ», յայտնեց Նիկոլ Փաշինեան ու խօսքը փոխանցեց Պետական եկամուտներու կոմիտէի նախագահ Դաւիթ Անանեանին: «Մենք սպասում ենք, որ պետական բիւջէի հարկային մասով փաստացի կատարողականը, առանց ԱԱՀի բոլոր վերադարձների, լինելու է 1 տրիլիոն 461 մլրդ. դրամի շրջանակներում: Եթէ մենք գումարենք սրան ԱԱՀով վերադարձուած գումարները, որը կը կազմի 42 մլրդ. դրամ, կ՛ունենանք 1 տրիլիոն 502 մլրդ. դրամի հասնող թիւ: Սա է եղել այն հիմքը, որի հիման վրայ մենք որոշում ենք կայացրել վերադարձնել հին պարտքերը», շեշտեց Անանեան:
Վարչապետը նիստին աւարտին ըսաւ, որ այս տարուան պիւտճէի եկամուտները կը գերակատարուին առնուազն 89 միլիառ դրամով: «Մենք կարող ենք ձգտել մինչեւ 100 մլրդ. դրամի գերակատարման», եզրափակեց Նիկոլ Փաշինեան: