ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Այսօր, աւելի քան երբեւէ, հին տարին՝ 2019թ. աւարտւում է աշխարհի քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային, ազգային ինքնութեան պահպանման անհանգիստ, վտանգուած վիճակով:
Տարբեր երկրամասերում բռն-կած ժողովրդային շարժումները, իրենց ազգային, մարդկային եւ քաղաքական իրաւունքների պահպանման համար, խօսուն վկայութիւնն են համատարած այն բոլոր դժգոհութիւնների, որոնք երկար տարիներ լռութեամբ դիմագրաւել են այդ ժողովուրդները:
Անցնող տարում, ահազանգող թուերով ժողովուրդներ տեղահան եղան, մատնուելով անյայտ ճակատագրի: Իշխող մեծ տէրութիւնները արդէն որերորդ անգամ, իրենց շահերին ի նպաստ, փոփոխում են երկրագնդի քաղաքական քարտէզը: Ժամանակակից գաղութատիրութիւնն ու դրամատիրութիւնը ստեղծել են այնպիսի մի քաոս, ուր շարունակւում է ոտնակոխ լինել ժողովրդային, մարդկային եւ տարածքային իրաւունքները:
Մեծ տէրութիւնները օգտագործում են իրենց տնտեսական հզօրութիւնը փոքր ժողովուրդներին ի սպառ ոչնչացնելու, նրանց տեղանքային հարստութիւններին տիրելու համար: Նախկին գաղութատիրութիւնը շարունակւում է հրամցուել նոր միջոցներով ու նոր անուանումով, որպէս աշխարհաքաղաքականացում:
Այդ նոյն տէրութիւնների կողմից պարտադրուած անհիմն պատերազմները, արտաքին ուժերի ազդեցութեան հետեւանքով ստեղծուած ներքին պառակտումները, տնտեսական պատժամիջոցները, հիմնովին քայքայում են տուեալ երկիրը:
Տեղահանութիւնները, արտագաղթողների օրէ օր աճը, փախստականների, ապաստան փնտռելու համար իրենց կեանքը վտանգողների անհաւատալի չափերի հասնող թիւը, այլեւս այնքան սովորական երեոյթ է դարձել, որ մինչեւ իսկ հաղորդագրութեան նիւթ չի դառնում: Աւելին, այդ վիճակը ստեղծող քաղաքական գործիչները բացայայտօրէն այն դարձրել են իրենց ընտրութիւնների եւ վերընտրութիւնների հիմնական խայծը, իսկ Միջին Արեւելքում այդ իրավիճակը ստեղծողներից գլխաւորը՝ Թուրքիան, գաղթականների հոսքը օգտագործում է ԵՄից բիլիոններ կորզելով:
Մոլեգին դրամատիրութիւնը, պարտադրուած լռութիւնը, յօրինուած մեղադրանքները, անհիմն պատերազմները, իրականութեան աղաւաղումը, այսօրուայ տիրող քաղաքական ուժի շարժման լծակն է դարձել:
Քարիւղի կողոպուտին աւելացել է արդիական զէնքերի խելայեղ առուծախը, անհաւատալի եկամուտ բերելով տուեալ երկրին, գնող երկրներին էլ հրահրելով հարեւան երկրները ոչնչացնելուն:
Ցեցի նման քայքայւում են երկրները ներքին խլրտումներից: Անապահովութեան, վտանգուած կեանքի ալիքը մարդկանց դուրս է նետում իրենց երկրից, որի հետեւանքով ժողովուրդները կորցնում են իրենց երկիրը, լեզուն, մշակոյթը, ազգային աւանդոյթ-արժէքները եւ այս ամէնի հաւաքածուն՝ ազգային դիմագիծը:
Վառ օրինակը՝ քաղաքակիրթ հռչակուած մարդկութեան աչքի առջեւ անհիմն պատերազմով ոչնչացուող, 21րդ դարում սովամահութեան մատնուող, Եմէնի ժողովրդի կամ բաց երկնքի տակ մազապուրծ ապաստանած հարիւր հազարաւոր րոհինգեանների վիճակն է:
Միայն Սուրիայից փախստական-գաղթականների թիւը մօտակայ երկրներ՝ Յորդանան, Լիբանան, Իրաք, Եգիպտոս, Թուրքիա, ըստ ՄԱԿի տուեալների, հասնում է միլիոնների:
23 միլիոնից աւելի արտագաղթած կայ Եւրոպայի տարածքում, որը նշանակում է այդքան ազգային դիմագծի, լեզուի, ինքնութեան կորուստ: Ժամանակի ընթացքին այս արտագաղթածները, յատկապէս նրանց յաջորդող սերունդը, աստիճանաբար ձուլուելով տեղական բարքերին, կորցնելու են իրենց ազգային ինքնութեան բոլոր յատկանիշները, մայրենի լեզուից սկսած:
Այս օրինագծում նոր տեխնոլոգիայի արագընթաց աճը՝ աշխարհի տարբեր անկիւններում կատարուող աննշան երեւոյթներն անգամ մարդկութեանը հաղորդակից դարձնող նորագոյն միջոցները, ազդում են յարակից երկրների քաղաքական իրավիճակի փոփոխմանը: Ազդում են յատկապէս նոր սերունդի մտածելակերպի, գործելակերպի վրայ: Աւելի ուսանած, տեղեկացուած եւ աւելի անհանդուրժող, աշխարհի տարբեր ծայրերում նրանք ոտքի են ելել իրենց երկրին ու ստեղծուած արժէքներին տէր կանգնելու, անընդունելի համարելով այլեւս ոչ միայն իրենց ծնողների, այլ նաեւ իրենց շահագործուած վիճակը, պահանջելով արդարադատութիւն: Պահանջելով՝ ի օգուտ իրենց երկրի ու ժողովրդի շահերը պաշտպանող օրէնքներ, մինչեւ իսկ երկրագնդի բնութեան, մթնոլորտի մաքրութեան պահպանում: Այս բոլորի փայլուն օրինակը տեսնում ենք Հոնկ Կոնգում, Իրաքում, Չիլիում, Սոմալիայում, Լիբանանում, Հարաւային Ամերիկայում, աֆրիկեան եւ մի շարք այլ երկրներում:
Բնականաբար աշխարհում տիրող այս մթնոլորտում մեր բոլորի մտածումը կենտրոնացած է մեր երկրի ու մեր աշխարհասփիւռ ժողովրդի կեցութեան ու ապահով շարունակման վրայ:
Մեր երկիրը թէեւ մէկ տարի առաջ, այդ շարժման արդիւնքում իշխանափոխութիւն ձեռք բերեց ողջ հայութեան զօրակցութեամբ եւ բարեբախտաբար աշխարհի այս խառնաշփոթութեանը մաս չի կազմում, սակայն դեռ բաւական հեռու է լիրիրաւ անկախ, համայն հայութեան իրաւունքները պաշտպանող պետութիւն դառնալու տեսլականից:
Տարեվերջի վերլուծման ընձեռած հնարաւորութիւնից օգտուելով, ուզում եմ անդրադառնալ այն բացթողումներին, որոնք ակնյայտ են այսօրուայ մեր կեանքում եւ որոնց շարունակման դէպքում մենք նոյնպէս կուլ կը գնանք աշխարհում ստեղծուած իրավիճակին:
Մեր երկրում տարիներով կուտակուած տնտեսական քայքայուածութիւնը, բոլոր բնագաւառներում տիրող փտախտը, իշխանութեան եւ ժողովրդի մէջ արմատացած նախկին մտածողութիւնը, ներքաղաքական ուժերի ճնշումը, տարածքային անապահովութիւնը եւ յատկապէս արտաքին քաղաքականութեան մէջ ազգային հեռանկարի բացակայութիւնը, ազդում են երկրի եւ ժողովրդի վերելքին:
Որպէս անկախ երկիր, դեռ լիովին ինքներս մեզ չհաստատած, մեր երկրի ամբողջական սահմանները չամրագրած, Արցախի ամբողջականութիւնը չապահոված, գործում եւ որդեգրում ենք հարիւրաւոր տարիներ իրենց հաստատած եւրոպական երկրներին համահաւասար օրէնքներ, աւելի ճիշդ՝ կապկելով նրանց: Թւում է օտար պետութիւններն են ղեկավարում երկիրը: Արդիւնքում տեսնում ենք մեր յեղյեղուկ, անկայուն վիճակը: Դեռ հին սահմանադրութեամբ է մեր նոր իշխանութիւնը ղեկավարւում, դեռ անկախ օրէնսդիր մարմին չունենք:
Առանց հզօր ռազմական ուժի եւ բանակի, պարտադիր զինծառայութիւնը առաջարկւում է դարձնել ինքնակամ, կապկելով հզօր պետութիւններին, որոնք իրենց կողոպտած երկրների դրամով են բանակ ապահովում ցանկացած պահին:
Երկրաշարժային ակտիւ գօտի լինելով եւ 31 տարի առաջ անհաւատալի կորուստներ տալուց յետոյ անգամ դեռ շինարարութեան ամրութեան եւ դրա հսկողութան խստագոյն օրէնքներ չունենք: Դեռ այդ աղէտից անօթեւան մնացած ընտանիքներին հոգալու անմիջական ծրագրեր չունենք: Բացակայում են նաեւ ժողովրդին նախապատրաստելու, աղէտի դէպքում անմիջական օգնութիւն հասցնելու ծրագրերը:
Շարունակւում է խօսքի, անձնական գաղափար ունենալու արգելքը ոչ միայն վերնախաւի, այլ նաեւ կուրօրէն այդ նոյն վերնախաւին հետեւողների կողմից, մոռանալով, որ այդ բարձրաձայնողներն էլ նոյնքան իրաւունք ունեն, գուցէ եւ աւելի մտահոգ են իրենց երկրի ապագայով: Միատեսակ եւ միեւնոյն ուղղութեամբ նայելն ու մտածել-վերլուծելը դարձել է երկրի հիմնական դիմագիծը:
Ցաւով պիտի նշեմ, որ չի առաջադիմում մեր ժողովրդի մտածելակերպը: Մենք դեռ մեր երկրի արտաքին եւ ազգային հարցերին մօտենում ենք հարիւր տարի առաջուայ գաղափարներով եւ վերլուծում-մտածումներով: Ողջ աշխարհը ծայրայեղ քաղաքական ծրագրուած որոշումներով է պաշտպանում իր երկրի ե՛ւ տարածքները, ե՛ւ շահերը, իսկ մենք մեր խաղաղասիրութիւնն ենք հրամցնում մեր դէմ պատերազմի պատրաստուող թշնամուն, դեռ շարունակում ենք բանակցել տարածքային զիջումների համար: Բայց չէ՞ որ մեղադրանքի սիւնին էինք գամում նախկին իշխանութիուններին իրենց վարած այդ նոյն քաղաքականութեան համար: Այսօր էլ, ինչպէս նախկինում, լուռ ունկնդրում ենք վերջերս Բրատիսլաւայում ԵԱՀԿի նախարարների համաժողովին մեր արտգործ նախարարի ներկայացրած բանակցութիւնների արդիւնքին: Ո՛չ մէկ բաց ժողովրդային քննարկում, ո՛չ մէկ արձագանգ, միայն լռութիւն, ինչպէս նախկին տարիներում էր: Բայց չէ՞ որ ժողովուրդն էր այլեւս իր երկրի համար որոշում կայացնողը:
Մեր կրած ամենածանր ժողովրդային, տարածքային, իրաւունքի կորուստները անխախտելի պահանջարկ դարձնելու փոխարէն, դեռ դռնէդուռ ընկած ուրիշների ամենակալ ողորմածութեանն ենք սպասում: Հայ Դատը իր ամբողջ կարողութիւնը ներդնում է ԱՄՆի կառավարութեանը համոզելու պաշտօնապէս ընդունելու Թուրքիոյ գործած Ցեղասպանութիւնը: Իսկ ո՛վ է համոզելու մեր իսկ կառավարութեան գործնական նախագիծ ձեւաւորելու եւ հաստատելու Թուրքիոյ դէմ մեր պահանջները:
Քաղաքական մտածողութիւնը իր տեղը զիջել է ամէնօրեայ քաշքշուքներին, ներքին պառակտումներին: Տնտեսական բարւոք կեցութիւնը, որը իւրաքանչիւր անձի իրաւունքն է, դարձել է մեր երկրի ժողովրդի միակ գերխնդիրը, մոռանալով, որ դրան հասնելու համար ամէնից առաջ տարածքային ապահովութիւն, մարդկային թիւ, անձի իրաւունքները պաշտպանող ու ամրագրող օրէնքներ, արդարադատ համակարգ պիտի ունենալ:
Այսօր մենք ականատես ենք ազգային դիմագծի եւ այն պահպանող կարեւորագոյն գործօնների՝ լեզուի, պատմութեան, մշակոյթի աստիճանական կորուստին: Թէեւ մեր ժողովուրդը միշտ էլ անտարբեր է եղել իր պատմութեան ճշգրիտ իմացութեան հանդէպ, նոյնիսկ անկախութիւնից յետոյ չի էլ ձգտել ճշդելու աղաւաղուած իր պատմութիւնը: Արդիւնքում իր պետականութեան, իր ժողովրդի միւս կէսի պատմութիւնն իսկ չիմացող ժողովուրդը հեշտօրէն տրամադրւում է ատելութեան եւ թշնամանքի իրեն թելադրուող իրավիճակներում, տեղի տալով անիմաստ ներքին պառակտումների:
Եթէ մինչեւ օրս միայն մեր արեւմտահայերէնն էր վտանգուած, այսօր դրան աւելանում է նաեւ արեւելահայերէնը: Մեր լեզուն բեռ ենք դարձրել եւ ժամ առաջ օտար լեզուի փայլուն իմացութեամբ ենք ուզում ազատուել նրանից: Գրական կամ իմացական հայերէնը իր տեղը զիջել է բարբառային այնպիսի հաւաքածուի, որ թարգմանչի կարիք ես զգում մինչեւ իսկ երկրիդ վարչապետին հասկանալու: «Պլստալն ու օպտիմալացումը» (սահիլը եւ լաւագոյնին հասնիլը-Խմբ.), նոյնիսկ օտար երկրների բեմերից են հրամցւում, որպէս երկրի հիմնական լեզու: Այս իրավիճակում համապատասխան մարմինները դեռ ուզում են միայն դպրոցական ուսուցմամբ սահմանափակել լեզուի լիիրաւ տիրապետումը: Մենք լեզուին տիրապետում ենք դպրոցում, բայց զարգացնում, հարստացնում ենք բարձրագոյն հաստատութիւններում: Մինչեւ իսկ մեծ տէրութիւնների համալսարանների առաջին տարիներում է պարտադիր իրենց մայրենի լեզուի ուսուցումը: Եթէ ընդօրինակում ենք նրանց, ապա պիտի ճիշդ ընդօրինակենք:
Թէեւ խոստովանեմ, որ մեր բարձրագոյն ուսումնական հաստատութիւններն ու գիտական կենտրոնները, մինչեւ իսկ ակադեմիան երկար տարիներ է հիմնական լուրջ փոփոխութեան կարիք ունեն:
Մենք մեր ունեցած հարստութիւնների յարգը այդպէս էլ երբեք չիմացանք եւ մեր անտարբերութեամբ քայքայում ենք եղածը: Նոյնիսկ մեր բնական հարստութիւնները չենք կարողանում պահպանել, վկան Ամուլսարի հանքի դեռ չվճռուած ճակատագիրը, այն դէպքում, երբ մեզ նման սահմանափակ ունեցուածքի եւ կարողութեան տէր երկիրը, ի սկզբանէ, որպէս երկրի կարեւորագոյն օրէնք իր ընդերքի, այսինքն իր ժողովրդի հարստութիւնը առուծախի չի կարող ենթարկել: Նոյնը վերաբերւում է մեր անտառների, մեր գետերի ու լճերի, մեր քաղաքների ու գիւղերի պահպանմանը:
Իրապէս դժուար, ամէնօրեայ միասնական, երկարատեւ աշխատանք է երկիր պահելն ու զարգացնելը: Միայն իշխող կառավարութեան չի պատկանում այն, եւ միայն իրենց չի վերաբերւում այս խնդիրների լուծումը: Իւրաքանչիւրիս իրաւասութիունն է խօսքով, գործով, ներդրումով, քննադատութեամբ, օրէնքների յարգմամբ ու պահպանմամբ, ազգայինի զարգացմամբ, ողջ հայութեան ներգրաւմամբ՝ ապահովել մեր երկրի բարգաւաճումը:
Վերը թուարկած բացթողումները, որը տարիների կուտակումներ են, բնականաբար գալիք տարում ամբողջովին լուծուող գործեր չեն, բայց եւ անմիջական մեր բոլորի միջամտութեան ու գործունէութեան առանցքում պիտի լինեն, որպէսզի այն չդառնայ մի նոր բեռ գալիք տարուայ աւարտին:
Այսօր ամենահրատապ խնդիրը, մեր բարեկեցութիւնից էլ առաջ, մեր Արցախի անզիջում, ամբողջական պահպանումն է, որը իրականացնելու համար անհրաժեշտ է մեր ժողովրդի միասնականութիւնը, իրար հանդէպ հանդուրժողականութիւնը եւ ամենակարեւորը՝ ոչ թէ զիջումով խաղաղութիւն մուրանք, այլ ազգային հեռանկարով շահէնք այդ վերջնական խաղաղութիւնը:
Տարեսկզբի հնարաւորութիւնից օգտուելով, շնորհաւորում եմ մեր եւ Արցախի սահմանները պաշտպանող բոլոր զինուորների գալիք Նոր Տարին: Մաղթում եմ բոլորին, իրենց սխրագործութիւնների հետ համահաւասար, կեանքի ապահովութիւն եւ նոյնքան ապահով վերադարձ իրենց ընտանիքներին, իրենց սիրելիներին: Ողջ ազգով շնորհակալ ենք, որ իրենց կեանքի ներդրումով մեզ ապահով կեանք են պարգեւում:
Մեծ ակնածանքով ու խոնարհումով շնորհաւորում եմ իրենց երիտասարդ կեանքը մեր երկրի համար զօհաբերած բոլոր հերոսների ընտանիքների գալիք Նոր Տարին, հաւաստիացնելով, որ իրենց զաւակների, իրենց հայրերի, ամուսինների մեզ նուիրաբերած կեանքը ոչ թէ անցած, այլ մնայուն, թանկագին ներկայութիւն են իւրաքանչիւրիս համար եւ ազգովին յաւէտ շնորհակալ ենք իրենց:
Սիրելի ընթերցող, առիթից օգտուելով շնորհաւորում եմ նաեւ բոլորիդ գալիք տարին եւ մաղթում, որ աշխարհի այս դժուար, յեղյեղուկ կացութեան մէջ չկորցնենք մեր ուղին, մեր երկիրը չդարձնենք օտար ազդեցութիւնների քառուղի, որ վերջապէս ձեռք բերենք այն յատկանիշները, որոնք մեծացնում ու հզօրացնում են ազգերին, որ գալիք տարուայ աւարտին խօսենք միայն ապագայի ծրագրերի մասին:
Շնորհաւորում եմ նաեւ աշխարհասփիւռ հայութեան Նոր Տարին եւ մաղթում ամրութիւն, օտար հոսանքներին կուլ չգնալու կայունութիւն, որ պահենք ու զարգացնենք մեր լեզուն, մեր միութիւնները, դպրոցները, մշակութային հաստատութիւնները: Սիրիայի, Լիբանանի, Միջին Արեւելքի շրջաններում ապրող մեր հայրենակիցներին մաղթում եմ ապահովութիւն, համբերութիւն եւ կորով՝ դիմագրաւելու քաղաքական, տնտեսական իրենց պարտադրուած այս կործանարար խառնաշփոթութիւնն ու պատերազմները: Ոչ մի հայրենակցի կորուստ չունենանք, տարին աւարտենք ողջ տարածաշրջանի վերջնական խաղաղութեամբ ու ապահովութեամբ:
Բարի, առողջ, ողջ աշխարհի եւ մեր երկրի խաղաղութեամբ եւ յաջողութեամբ լի Նոր՝ 2020 թուական:
ԱԼԻՍ ՆԱՒԱՍԱՐԳԵԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԻՔԸ
Լաւագոյն Մաղթանքներով Կը Շնորհաւորեն Բոլորի Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը
Տէր եւ Տիկ. Խաչիկ Թիթիզեան եւ ընտանիք
Կը շնորհաւորեն ձեր Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
Յանուն` ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ
Կը շնորհաւորենք Հայազգի մեր բոլոր զաւակները
մեր Տէր ու Փրկիչ Յիսուս Քրիստոսի Ծննդեան Սուրբ Տօնին առթիւ
Կ՛աղօթենք, որ 2020 տարուան ընթացքին, Բարձրեալն Աստուած իր
առատ օրհնութիւններով լեցնէ մեր սիրտերը
ու ազգապատկան մեր բոլոր կառոյցները։
Տէր Յիսուս Քրոստոսի Ծննդեան Պաշտամունք
Պատգամաբեր՝ Վեր. Սերոբ Մկրտիչեան
Երկուշաբթի, Յունուար 6, 2020, երեկոյեան ժամը 7ին
Քրիստոնէական Առաքելութիւն Հայոց Եկեղեցի
125 S. Louise St., Glendale, CA 91205
Տէր եւ Տիկ. Վահան եւ Անուշ Շամլեան
Ֆրեզնօ
Ջերմագին մաղթանքներով կը շնորհաւորեն
համայն հայութեան Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
Տէր Եւ Տիկ. Կայծակ եւ Ծովիկ Զէյթլեան
Եւ Զաւակները՝ Շանթ Եւ Գարին Հրակ Եւ Լարա
Փեսան եւ Դուստրը՝ Տէր եւ Տիկ. Լիօ եւ Սեւանա Օհանեան
Եւ Զաւակները՝ Լէոնա Եւ Նօէլ
Լաւագոյն Մաղթանքներով
Կը Շնորհաւորեն Իրենց Հարազատներուն
Ու Բարեկամներուն
Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը
SCIENCE FOR PEACE