ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«Այս շինարարութեան հիմնական նպատակն այս շրջանի պատանիների, երիտասարդների կեանքն աւելի հետաքրքիր դարձնելն է: Եթէ այսօրուայ աշակերտը, աւարտելով դասերը, ուրիշ հետաքրրքութիւն չունենայ եւ դպրոցից ուղիղ տուն գնայ, նրա համար դժուար կը լինի հասկանալ, թէ ինչու ինքը պիտի մնայ Քարվաճառում ու վաղը կառուցի ու շէնացնի այն: Երիտասարդը միշտ ցանկութիւն ունի նաեւ հետաքրքիր կեանքի», մեզ հետ զրոյցում նշեց «Արարատ» հիմնադրամի նախագահ Լաուրա Մելիքեանը: Իսկ հետաքրքիր ժամանց, ըստ մեր զրուցակցի, հնարաւոր չէր ապահովել այն տխուր, մռայլ պատերով հաստատութիւնում, որտեղ անգամ խմելու ջուր եւ սանհանգոյց չկար:
Շէնքի վերանորոգման համար ծախսուած ողջ գումարը հաւաքուել է նուիրատուութիւնների շնորհիւ, որը կազմակերպել են «Արարատ» հիմնադրամն ու նախագծի աջակցութեան համար ձեւաւորուած «Արցախ-վերակառուցենք Քարվաճառը» նախաձեռնող կոմիտէն, որի կազմում են Արա Ահարոնեանը, Ֆրեդրիկ Վարդանեանը, Մարալ Դաբաղեան-Անճարգոլեանը, Գայիանէ Գէորգեանը, Ստեփան Գումրիկեանը, Սիլվա Նատալի Մանուկեանը, Խաչիկ Մանուկեանը, Ռաքէլ Մելիքեանը, Լաուրա Մելիքեանը, Ֆրեդ Սարկիսեանը, Արմինէ Զաքարեանը եւ Ռիտա Մահդեսեանը:
Ինչպէս նշում է Լաուրա Մելիքեանը, այդ ընթացքում անախորժութիւնների ու դժուարութիւնների եւս հանդիպել են. «Այնպէս ստացուեց, որ որոշ անազնիւ մարդկանց պատճառով մի գործը երկու անգամ արեցինք, բայց կարեւոր է, որ մենք չընկճուեցինք եւ այսօր ունեցանք այս արդիւնքը»:
«Այդ նոյն գումարով եւ ժամանակահատուածում մենք կարող էինք շատ այլ տարբեր բաներ անել, օրինակ, մի քանի դպրոց կամ մանկապարտէզ վերանորոգել, եւ ցոյց տալու աւելի շատ բան կը լինէր: Բայց դա չէր մեր նպատակը: Մեր հիմնական նպատակն էր Քարվաճառում ապրող երիտասարդին իր քաղաքում մի լաւ, լուսաւոր կենտրոն ունենալու հնարաւորութիւն տալ: Շինութեան հիմանորոգումը նպատակ ունի շրջանում ակտիւացնել (աշխուժացնել-Խմբ.) մշակութային կեանքը:
«Շէնքային պայմանները բարելաւելուց յետոյ մենք ակնկալում ենք նաեւ ծրագրային փոփոխութիւններ, գործունէութեան ընդլայնում եւ ակտիւացում հէնց մշակոյթի եւ երիտասարդութեան կենտրոնի շէնքում: Յուսով ենք, ակտիւօրէն կը կազմակերպուեն տարբեր մշակութային, ինչու չէ` նաեւ կրթական, զարգացնող ծրագրեր ամբողջ շրջանի երիտասարդների համար. եւ այս հարցում մենք պատրաստ ենք յետագայ համագործակցութեան»: «Արարատ» հիմնադրամի նախագահը վստահեցնում է` եթէ շէնքի արդէն վերանորոգուած հատուածներն ակտիւօրէն օգտագործուեն, իրենք կը մտածեն նաեւ շէնքի նկուղային յարկը վերանորոգելու, այնտեղ ընդարձակ ցուցասրահ եւ տարբեր միջոցառումների համար սրահ կառուցելու մասին:
«Արարատ» հիմնադրամի նախաձեռնած հիմնանորոգման աշխատանքներին աջակցել է նաեւ Շահումեանի շրջանի վարչակազմը: Մասնաւորապէս, վարչակազմի նախկին ղեկավար Գագիկ Մարտիրոսեանի նախաձեռնութեամբ կենտրոնն ապահովուել է անհրաժեշտ տեխնիկայով եւ հիմնանորոգուել են շէնքի առաջին յարկում գտնուող սանհանգոյցները: Այժմ ընթացքի մէջ է նաեւ առաջին յարկի սենեակներից մէկի վերանորոգումը:
Շէնքի բացումը նախատեսւում է անել Սեպտեմբեր ամսին:
«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից