ՅԱԿՈԲ ՊԱՏԱԼԵԱՆ
Հայաստանն ի գիտութիւն է ընդունել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտօնում նշանակուել է այդ երկրի կրթութեան նախարարը, Յուլիսի 18ին յայտարարել էր Հայաստանի ԱԳՆ խօսնակ Աննա Նաղդալեանը, անդրադառնալով Ադրբեջանում ԱԳ նախարարի փոփոխութեանը: «Բայց մենք ելնում ենք այն իրողութիւնից, որ Ադրբեջանում արտաքին քաղաքականութիւնը մշակւում է բարձրագոյն ղեկավարութեան կողմից։ Այս առումով հայկական կողմը եւ Հայաստանը բանակցութիւններ է վարում ոչ թէ անձերի, այլ Ադրբեջանի ներկայիս իշխանութիւնների ներկայացուցիչների հետ», ասել էր Հայաստանի ԱԳՆ մամուլի խօսնակը:
Ադրբեջանի արտգործնախարարի փոփոխութիւնը բաւական տարօրինակ պատմութիւն էր: Տաւուշում կրած ռազմական պարտութիւնն Ալիեւը «կոտրեց» արտգործնախարար Մամեդեարովի գլխին, իսկ դիւանագէտների մի զգալի մասին յայտարարեց դաւաճան: Ընդ որում, Ալիեւն իր ելոյթում ակնարկել էր, թէ Մամեդեարովը այս ընթացքում վարել է այսպէս ասած անջատ գործունէութիւն:
Միաժամանակ, Ալիեւի այդ յայտարարութիւնից յետոյ գրեթէ մի ամբողջ օր պարզ չէր՝ Մամեդեարովը ի վերջոյ հեռանու՞մ է, թէ ոչ: Տրամաբանութիւնը յուշում է, որ Ալիեւը խիստ քննադատելով արտգործնախարարին, պէտք է յայտարարեր նաեւ, որ հեռացնում է նրան: Բայց Ալիեւը չասաց այդ մասին, իսկ Մամեդեարովը հրաժարական չներկայացրեց: Միայն գրեթէ մէկ օր անց եղաւ պաշտօնական հաղորդագրութիւնը, որ Մամեդեարովն ազատուել է պաշտօնից:
Յատկանշական էր այդ ամէնին Մամեդեարովի արձագանգը, որում նկատելի էր հեգնանքն Ալիեւի հասցէին: Ակնառու է, որ այդ ամէնը շատ աւելի խորքային ներիշխանական խմորումների դրսեւորում էր, քան զուտ կոնկրետ (յստակ- Խմբ.) իրավիճակի արձագանգ: Ի վերջոյ, Տաւուշում սադրանքի գնալուց մի քանի օր առաջ Ալիեւը յատուկ օպերացիայի (գործողութեան- Խմբ.) գնաց ԱԳՆ՝ պետական անվտանգութեան ծառայութեան միջոցով, կոռուպցիայի (զեղծարարութեան- Խմբ.) համար ձերբակալելով Մամեդեարովի զինակցին ու ընկերոջը:
Աւելին, թւում է, որ հէնց ինքնին դա արդէն իսկ նախարարի հրաժարականի պատճառ է, բայց Մամեդեարովը մնացել էր: Այդ ամէնը խօսում է Բաքւում բաւականին բարդ եւ յամառ ներիշխանական դիմակայութեան մասին:
Դրա մասին է ակնարկում նաեւ Հայաստանի ԱԳՆ արձագանգը, այն առումով, որ Երեւանը նոր նախարարին ընդունում է ի գիտութիւն, բայց փաստօրէն նրան չի ասոցացնում (կապակցուիր- Խմբ.) Ադրբեջանի ներկայիս իշխանութեան հետ: Աւելին, արձագանգը թերեւս այն մասին է, որ Երեւանի համար բաց է Ադրբեջանի իշխանութեան հարցը: Դրա մասին է խօսում նաեւ Հայաստանի ԱԳՆ խօսնակ Աննա Նաղդալեանի պատասխանը ռուսական Կոմերսանտին, որ ներկայում ոչ թէ Ադրբեջանի իշխանութիւնը պէտք է խաղաղութեան պատրաստի իր հանրութեանը, այլ Ադրբեջանի հանրութիւնը պէտք է խաղաղութեան պատրաստի այդ երկրի իշխանութեանը: Ասել կ՛ուզի, Ադրբեջանում ներկայում չկայ իշխանութիւն եւ նախ պէտք է լուծուի այդ խնդիրը: Ակնարկը թերեւս այն է նաեւ, որ պարտադրելով խաղաղութիւն Տաւուշում, Հայաստանը ադրբեջանական հանրութեանը տուել է Ադրբեջանում իշխանութեան հարցը լուծելու հնարաւորութիւն:
Ինչպէ՞ս կը տնօրինի այդ հնարաւորութիւնն Ադրբեջանի հանրութիւնը, պարզ չէ: Քիչ է ի հարկէ հաւանականութիւնը, որ լինի իշխող համակարգի փոփոխութիւն: Կարող է լինել փոփոխութիւն համակարգի ուժերի յարաբերակցութեան առումով, բերելով առաջին դէմքի փոփոխութեան: Դա Ադրբեջանի հանրութեան եւ իշխող համակարգի փոխյարաբերութեան գործն է:
Խնդիրը գործնականում այն է, որ, եթէ այդ փոխյարաբերութիւնը «ռեսթարտ» (վերստին մեկնարկէ- Խմբ.) լինի դարձեալ հայերի հանդէպ ատելութեան եւ «սպասուող յաղթանակի» տրամաբանութեան հիմքով, ապա յաջորդ հարուածից յետոյ այլեւս օրակարգում կը լինի ոչ թէ Ադրբեջանի իշխանութեան, այլ ներկայիս տեսքով գոյութեան հարցը: Ընդ որում, խօսքը միջազգային օրակարգի մասին է, քանի որ Բաքուի հայատեաց ռազմատենչութիւնը վաղուց այլեւս միջազգային անվտանգութեան սպառնալիքի օջախ է:
«ԼՐԱԳԻՐ»