Քարոզչական պատերազմը մի բան է, որ իշխանութիւնը միայնակ չպէտք է անի, բոլորս պէտք է անենք: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով հարցին՝ արդեօք ադրբեջանական կողմի` սահմանին հրահրած սադրանքից յետոյ միջազգային արձագանգը պատշա՞ճ էր:
«Այս օրերին աւելի ճիշդ կը լինի ոչ թէ նայել, թէ իշխանութիւնն ինչ արեց կամ չարեց, դրա օրը կը գայ, այլ նայել, թէ մեզնից իւրաքանչիւրն ինչ արեց եւ արդեօք իր բոլոր հնարաւորութիւններն ի գործ դրեց այդ նպատակի համար: Պարզ է` դեռ անելիք կայ, որովհետեւ այնպէս չէ, որ սա մի պահ է եւ անցաւ: Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Հայաստանի եւ հայութեան դէմ, եւ այստեղ բոլորս անելիքներ ունենք, եւ առնուազն քարոզչական պատերազմը չի վերջանալու», ասաց նա:
Ճնշող հարցին՝ պատշաճ միջազգային արձագանգ եղաւ՞, նա պատասխանեց՝ որոշ իմաստով, այո: «Որոշ պետութիւններ կամ միջազգային կառոյցներ պէտք է արձագանգէին, բայց որ անպայման մեր ցանկացածի նման արձագանգեցին, այդպէս չէ, բայց դա նրանից չէ, որ լաւ կամ վատ ենք աշխատել, այլ նրանից է, թէ իրենց շահերից ինչն է բխում: Նկատի ունեմ, օրինակ, ՀԱՊԿի կամ Մինսկի խմբի համանախագահող երկրների արձագանգները: Այս հարցով միշտ անելիք ունենք, այս դէպքում նաեւ աւելի մեծ անհրաժեշտութիւն կայ, որ այդ աշխատանքին նոր թափ տանք, նոր զարկ տանք», ասաց նա:
Մանոյեանը նշեց, որ թէեւ ՀՀն չդիմեց ՀԱՊԿին օգնութեանը, բայց տեղեակ պահեց, եւ գլխաւոր քարտուղարն էլ յայտարարութիւն արեց, բայց միաժամանակ ՀԱՊԿի անդամ թուրքական երկրների խորհրդի անդամ պետութիւններ կան, դա էլ հասկանալի է, թէ ինչու աւելի ուժեղ յայտարարութիւն չեղաւ, բայց Հայաստանը օգնութեան համար չի դիմել ու լաւ է արել, պէտք չունէինք:
Իսկ, թէ ինչ աշխատանքներ տարաւ Հայ Դատի գրասենեակը, նա նշեց, որ աշխատանքները դեռ չեն վերջացել, արդիւնքներ գրանցելը ընթացքի մէջ է: «Օրինակ՝ այսօր ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քննարկելու է Ադրբեջանի նախատեսուած ռազմական օժանդակութեան հարցը, նաեւ հանրային կարծիքի համար կազմակերպուեցին բազմաթիւ ցոյցեր, որոնք այսօր էլ շարունակուելու են: Այսօր Լոս Անջելեսում ցոյց կայ նախատեսուած` ադրբեջանական հիւպատոսարանի դիմաց, եթէ լրատուամիջոցները նոյնիսկ չարձագանգեն, առնուազն անդրադառնում են՝ մանաւանդ հաշուի առնելով ադրբեջանցիների բռնութիւնները ցոյցերի ժամանակ», ասաց նա:
Մանոյեանը նշեց, որ սրանք աւելի հրապարակային միջոցառումներն են, կան նաեւ քաղաքական շրջանակների հետ յարաբերութիւններ, Աւստրալիայից մինչեւ Լատինական Ամերիկա, մինչեւ Կանադա եւ եւրոպական մի շարք երկրներ: Նրա խօսքով՝ այդտեղ եւս Հայ Դատի յանձնախմբերը ունեցել են իրենց կարեւոր դերակատարութիւնը, եւ Եւրոխորհրդարանի անդամներ հանդէս են եկել Ադրբեջանի այս սադրանքները դատապարտելու մօտեցումներով` իրենց իշխանութիւններից պահանջելով աւելի յստակ կեցուածք որդեգրել այս հարցի ուղղութեամբ:
Անդրադառնալով դեսպանատների աշխատանքներին` նա ասաց. «Ես դեռ գրեթէ չեմ լսել որեւէ դեսպանատան մասին, որ պատշաճ աշխատանք չի տարել, բացառութեամբ մէկ-երկուսի, հիմա չեմ բարձրաձայնի, թէ որոնք են, բայց մենք մեր մտահոգութիւնները կը փոխանցենք ԱԳ նախարարութիւն: Ի հարկէ, թերացումներ կան, բայց քննադատութիւնների պահը հիմա չէ»:
«ԹԵՐԹ»