Մամոգրաֆիան կրծքագեղձի ռադիօլոգիական հետազօտութիւնն է: Այս հետազօտութիւնը թոյլ է տալիս առաջին հերթին բացայայտել կրծքագեղձի քաղցկեղը: Բացի քաղցկեղից մամոգրաֆիան թոյլ է տալիս տարբերակել գեղձի նաեւ բարորակ գոյացութիւնները: Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածուած տեսակն է: Շատ կարեւոր է, թէ ինչ փուլում է ախտորոշւում քաղցկեղը եւ ինչպիսի տեսակի է այն լինում: Ժամանակին ախտորոշուելիս հնարաւոր է լինում գրեթէ ամբողջութեամբ բուժուել այս չարիքից:
Քաղցկեղի ամերիկեան միութեան ուղեցոյցով 40 տարեկանից յետոյ իւրաքանչիւր կին պէտք է անցնի տարեկան մամոգրաֆիկ հետազօտութիւն: Եթէ կինը կրծքագեղձի քաղցկեղի պատմութեամբ հարազատներ՝ մայր, քոյր, ունի կամ ինքը նախկինում ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ, ապա նրանց համար հետազօտութիւնները պէտք է սկսուեն աւելի վաղ տարիքից:
Հետազօտութեան օրը պէտք չէ օգտագործել քսուկներ կամ օծանելիք: Այս նիւթերը կարող են խեղաթիւրել ստացուող պատկերները եւ նկարների վրայ երեւան կալցիֆիկատների կամ այլ գոյացութիւնների տեսքով:
Հետազօտութեան ընթացքում բժիշկը կարող է կատարել մի քանի նկար տարբեր դիրքերից: Պէտք չէ շփոթուել կամ տագնապել այս կապակցութեամբ, քանի որ դա արւում է հնարաւորին լաւ պատկերներ ստանալու համար: Մամոգրաֆիկ հետազօտութեան ընթացքում, ինչպէս եւ այլ ռենտգենաբանական հետազօտութիւնների դէպքում, հետազօտուողը ստանում է որոշակի քանակով ճառագայթում, ինչը չափազանց փոքր քանակութեամբ է լինում եւ որեւէ վնաս չի հասցնում օրգանիզմին: Եթէ յղի կինը պէտք է մամոգրաֆիկ հետազօտութիւն անցնի, ապա նրան տալիս են յատուկ գոգնոց (կապարէ թիթեղից), ինչը պաշտպանում է որովայնը ճառագայթումից:
Մամոգրաֆիայի արդիւնքում կարող են յայտնաբերուել ինչպէս բարորակ գոյացութիւններ (կրծքագեղձի կալցիֆիկատներ, ֆիբրոմաներ, կիստաներ), այնպէս էլ՝ չարորակ նորագոյացութիւններ: Հետազօտութեան արդիւնքների տուեակներից ելնելով բժիշկն ուղղորդում է յետագայ քայլերը:
All For Health, Health For All բժշկական կենտրոնում անվճար մամոգրաֆիա կարող են կատարել այն բոլոր կանայք, ովքեր ցածր եկամուտ ունեն եւ չունեն բժշական ապահովագրութիւն: