ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը գուժում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան ընկեր Կիմ Խաչատրեանի եւ ՀՅԴ Էջմիածնի «Վաչէ Ռոստոմեան» կոմիտէութեան համակիր ընկեր Մայիս Նազարեանի մահը։
Նրանք Արցախ էին մեկնել ՀՅԴ կամաւորական վաշտերից մէկի կազմում, զոհուել են Հոկտեմբերի 31ին՝ առաջնագծում մղած մարտերի ընթացքում։
Հայկական բժշկական իստիտուտի 5րդ կուրսի ուսանող Կիմ Խաչատրեանն արդէն տեւական շրջան է, ինչ առաջնագծում էր, որտեղ մեկնել էր ՀՅԴ կամաւորական վաշտերից մէկի կազմում ընդգրուելով։
Շնորհալի, կեանքում ազգային արժէքներով ու աւանդոյթներով առաջնորդուող, հայրենիքն անսահման սիրող Կիմը ծնուել է 1995 թ. Մարտի 17 ին՝ Վայոց Ձորի մարզի Արենի գիւղում, 2001-2012 թթ. սովորել եւ աւարտել է Արենիի միջնակարգ դպրոցը։ 2013-2015 թթ. ծառայել ՀՀ զինուած ուժերում (Մեղրիում)։ Նպատակ ունէր ուսումն աւարտելուց յետոյ մասնագիտական գործունէութիւնը ծաւալել հայրենի գիւղում, հիմնել ատամնաբուժարան։
Հոկտեմբերի 5ին՝ ուսուցչի օրը, Կիմը հրապարակել էր ուսուցչի հետ իր լուսանկարը եւ գրել. «Ուսուցչի օրը… Իմ կեանքին սթափ նայելու ու հայրենիքի հանդէպ պարտքի զգացում սերմանած ուսուցիչ։ Քո դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ»: Իսկ ռազմաճակատ մեկնելու օրը Կիմը սոցցանցի իր էջում հրապարակել էր հետեւեալ բանաստեղծութիւնը.
«Բախտը մէկն է զինուորի`
Կամ մահ, կամ ազատութիւն։
Վառօդդ պահիր միշտ պատրաստ ու չոր,
Նշանահատիկդ միշտ ճշդուած պահիր,
Որ գնդակն անցնի ճիշդ սրտի միջով,
Եւ նրան յանձնի անաչառ մահին:
Կռուի մէջ չկայ գթութեան խնդիր,
Եւ ոչ էլ խղճի գերակայութիւն,
Խղճիդ հետ երբեք դաշինք մի կնքիր
Այլապէս խիղճդ կը դառնայ քեզ թոյն:
Թշնամուցդ աւելի եղիր անողոք,
Լուծիր հնացող ցաւը վրէժի,
Թող քեզ չյուզեն կական ու բողոք,
Երբ քո խնդիրը մահն է հրէշի:
Թող որ թշնամիդ անիծի զարկդ,
Ոսոխիդ մայրը թող քեզ նզովի,
Բազուկդ սակայն կ՛օրհնի քո ազգը,
Եւ քաջութիւնդ երգով կը գովի»:
Yerkir.am-ը ներկայացրել է ՀՅԴ կամաւորական վաշտերի մարզանքների վայրում պատրաստուած տեսանիւթերից մէկը, որտեղ իր վերջին հարցազրոյցն է տուել Կիմ Խաչատրեանը, իսկ Մայիս Նազարեանը կատարում է զինավարժանքներ: