[embedyt] https://www.youtube.com/watch?v=vs-PX8CZZzg[/embedyt]
Հայաստանի Հանրապետութեան նախագահ, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմէն Սարգսեանի ուղերձը.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Աւելի քան մէկ ամիս է Արցախը, Հայաստանը, ողջ հայ ժողովուրդը հայրենական պատերազմ են մղում.
Պատերազմ՝ սանձազերծուած Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից,
Պատերազմ՝ նաեւ միջազգային ահաբեկչութեան դէմ: Մեր քաջ զինուորականը եւ կամաւորականը կռւում են անձնուրաց, առանց իրենց կեանքը խնայելու: Կռւում են յանուն ազատութեան եւ արժանապատուութեան, յանուն Հայրենիքի: Խոնարհւում ենք մեր զոհուած հերոսների ու նրանց ընտանիքների առջեւ: Իմ ցաւակցութիւնն եմ յայտնում բոլոր որդեկորոյս մայրերին ու հայրերին, իրենց ամուսիններին կորցրած կանանց, եղբայրներին կորցրած քոյրերին, թոռներին կորցրած տատիկներին ու պապիկներին…
Այս պատերազմում յաղթանակը մեզ համար նշանակում է պաշտպանել մեր տունը, մեր մշակոյթը, մեր արժէքները, մեր հաւատքը, նշանակում է նաեւ ամէն ինչ անել, որ չլինի երկրորդ ցեղասպանութիւն, նշանակում է նաեւ պատերազմ յանուն մեր հերոսների, մեր նահատակուած քաջերի յիշատակի…
Շուրջ 30 տարի առաջ սկսուած հայրենական պատերազմը շարունակւում է: Ինձ յաճախ հարցրել են, թէ ինչպէ՞ս ենք կարողացել երկրաշարժից չբուժուած վէրքերով, աւերուած տնտեսութեամբ ու գրեթէ անզէն վիճակով 30 տարի առաջ յաղթել: Գուցէ ոմանց մեր յաղթանակը իսկապէս անհնար էր թւում: Բայց ո՛չ մեզ: 30 տարի առաջ մենք չունէինք ուժեղ տնտեսութիւն, ճանապարհներ, վառելիք, չունէինք բաւարար քանակութեամբ զէնք: Սակայն յաղթեցինք, որովհետեւ մենք ունէինք ամենահզօր զէնքը՝ մեզ, մեր միասնութիւնը: Այսօր էլ ոմանք ինձ հարցնում են, թէ ո՞րն է մեր այսօրուայ յաղթանակի երաշխիքը: Իմ պատասխանը չի փոխուել՝ մեր միասնութիւնը: Ուզում եմ յորդորել մեր քաղաքական ուժերին, քաղաքական եւ հասարակական գործիչներին՝
եղէ՛ք ժողովրդի պէս միասնական ու համախմբուած,
հետեւէ՛ք ժողովրդի օրինակին…
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի վրայ յարձակուած թշնամուց բացի մենք ունենք եւս մէկ թշնամի` կորոնավիրուսի համավարակը, որն ամէն օր կեանքեր է խլում: Ցաւակցում եմ համավարակին զոհ գնացած մեր հայրենակիցների ընտանիքներին ու հարազատներին:
Կորոնավիրուսի դէմ պայքարում նոյնպէս, յաղթանակը կախուած է մեզնից՝ թէ որքան միասնական եւ համախմբուած, կազմակերպուած եւ կարգապահ կը լինենք…
Ցանկանում եմ իմ առանձնայատուկ շնորհակալութիւնը յայտնել այդ պայքարի առաջամարտիկներին՝ առողջապահութեան համակարգի բոլոր, բոլոր աշխատակիցներին՝ բժշկից մինչեւ բուժքոյր ու բուժեղբայր, մայրապետ ու սանիտար, շտապօգնութեան վարորդ եւ տեխնիկական աշխատակիցներ, որոնք օր ու գիշեր անձնուիրաբար պայքարում են կորոնավիրուսի դէմ:
Նրանք մէկ ուրիշ ճակատի առաջին գծում են…
Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում, Հայաստանում եւ Սփիւռքում,
Շնորհակալ եմ ձեր իւրաքանչիւր ջանքի ու ձգտումի, ձեր սրտացաւութեան ու ջերմութեան, ձեր համախմբուածութեան ու կազմակերպուածութեան համար, ձեր օգնութեան համար: Օգնութիւն, որ ցուցաբերում էք տարբեր ձեւերով ու միջոցներով: Շարունակէ՛ք ձեր աջակցութիւնը՝ նիւթապէս ու բարոյապէս, նուիրատուութեամբ ու բարեգործութեամբ, կապերով ու գիտելիքով, ձեր անմիջական մասնակցութեամբ կամ հեռաւոր ներկայութեամբ:
Ողջ հայութիւնը, գիտակցելով պահի լրջութիւնը եւ հայրենիքի շուրջ համախմբուելու հրատապութիւնը, անմիջապէս լծուեց Համահայկական հիմնադրամի աշխատանքներին, որը վերածուել է համազգային շարժման։ Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր նուիրատուներին՝ Սփիւռքից եւ Հայաստանից։ Նուիրատուութիւն անելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ դուք աջակցում էք Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների, փախստականների խնդիրների լուծմանը, աւերուած դպրոցների ու տների վերականգնմանը:
Կոչ եմ անում Հայաստանում եւ համայն սփիւռքում բնակուող բոլոր հայ գործարարներին, բարերարներին, միութիւններին, կազմակերպութիւններին, անհատներին` անել առաւելագոյնը յանուն հայ ժողովրդի անվտանգութեան։
Մեր յոյսը մենք ենք եւ մեր իրական բարեկամները:
Միասի՛ն ենք կերտելու մեր յաղթանակը:
Աստուած պահապան Արցախին, Հայաստանին եւ մեր ողջ ժողովրդին: