Ամերիկահայ կառոյցները ձեւաւորում են նոր վարչակազմի հետ աշխատանքային օրակարգը: Այս հարցի շուրջ «Ամերիկայի ձայն»ը զրուցել է ամերիկահայ կազմակերպութիւնների հետ:
Ամերիկահայ կազմակերպութիւնները ողջունել են Ամերիկայի նախագահի պաշտօնում Ջօ Բայդընի ընտրութիւնը: Ամերիկայի Հայկական համագումարն ու Հայ Դատի յանձնախումբն առանձին յայտարարութիւններով պատրաստակամութիւն են յայտնել աշխատել նոր վարչակազմի հետ` ընդգծելով, որ նախագահ Բայդընը լաւատեղեակ է հայկական օրակարգից:
«Բայդընը քաջատեղեակ է Հայաստանի ու Արցախի մասին Ծերակոյտում իր տասնամեակների գործունէութեան շնորհիւ, ինչպէս նաեւ որպէս փոխնախագահ: Պէտք է խոստովանենք, որ որպէս ծերակուտական շատ աւելի բարենպաստ ու յստակ կեցուածք ունէր Հայաստանի ու Արցախի վերաբերեալ», նշում է Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլջեանը:
«Եթէ նայենք այն դիրքորոշումներին, որոնք յայտնել էր որպէս թեկնածու փոխնախագահ Բայդընը հայկական խնդիրների մասին եւ այն դիրքորոշումներին, որոնք հնչել են Էնթընի Բլինքընի պետքարտուղարի պաշտօնում նշանակման լսումների ժամանակ, ապա կարող ենք տեսնել, որ այս արձագանգները համապատասխանում են հնչեցրած խոստումներին», ասում է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրէն Բրայըն Արդունին:
Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից մինչեւ Արցախի հիմնախնդրի հետ կապուած հարցեր, մարդասիրական ու ռազմական օգնութիւն Հայաստանին ու Ադրբեջանին օգնութիւն արգելող 907 ենթաբաժնի կիրառում: Ամերիկահայ կազմակերպութիւնները բարձրաձայնում են իրենց օրակարգը` յոյս յայտնելով, որ նոր վարչակազմը հետեւողական կը գործի ամերիկահայութեանը յուզող հարցերում:
Առաջնային խնդիրներից է, սակայն, Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակն անցած տարուայ պատերազմի արդիւնքում, ինչպէս նաեւ Հայաստանի առջեւ ծառացած անվտանգութեան եւ մարդասիրական բնոյթի մարտահրաւէրները: Ամերիկահայ կառոյցները յորդորւոմ են վարչակազմին վերականգնել Ամերիկայի ակտիւ (աշխուժ-Խմբ․) դերակատարումը Արցախի հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցում, որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
«Մեզ համար հայ ժողովրդի անվտանգութիւնն ու ապահովութիւնն առաջնային հարց է: Պէտք է վստահ լինենք, որ մարդասիրական օժանդակութիւնը հասնում է հայ ժողովրդին եւ որ, իհարկէ, Ամերիկան ստանձնում է առաջատարի դեր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում», ասում է Արդունին:
«Համագործակցելով Կարմիր խաչի հետ` ամերիկեան կառավարութիւնը կարող է շատ կարեւոր դեր խաղալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան միջոցով, որպէսզի հայ ռազմագերիները վերադառնան իրենց ընտանիքներ», կարծում է Չուլջեանը:
Օրերս նոր վարչակազմի պետքարտուղարի թեկնածու Էնթընի Բլինքընը գրաւոր անդրադարձել էր Արցախի հետ կապուած շատ խնդիրներին: Նա յիշեցրել էր, որ նախագահ Բայդընը կողմնակից է Ամերիկայի դիւանագիտական ակտիւ ներգրաւուածութեանը` տեւական կարգաւորմանը հասնելու համար եւ շեշտել` իր հաստատման դէպքում, նա կը խթանի Մինսկի խմբի եւ դիւանագիտական այլ խողովակների միջոցով Ամերիկայի ակտիւ գործունէութիւնը` Արցախի հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցում` երրորդ կողմերի միջամտութիւնը կանխելու համար:
Բլինքընն աջակցում է Հայաստանին անվտանգութեան, ժողովրդավարական կառավարման եւ տնտեսական ոլորտների օգնութեան տրամադրմանը, կողմնակից է ղարաբաղեան ականազերծման ծրագրի ֆինանսաւորմանը: Հաստատման դէպքում նա պատրաստ է աշխատել Կոնգրեսի եւ պաշտպանութեան նախարարի հետ` համատեղ որոշելու Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգութեան օգնութեան մակարդակը:
Իրենց հերթին ամերիկահայ շրջանակները շարունակում են մտահոգութիւն յայտնել Ադրբեջանին տրամադրուող ռազմական օգնութեան վերաբերեալ` կոչ անելով Բայդընի վարչակազմին դադարեցնել ռազմական օգնութիւնը Ադրբեջանին եւ կիրառել Ազատութեանն աջակցութեան բանաձեւի 907 ենթաբաժինը, որով արգելւում է ուղիղ օգնութիւնը Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն չի հրաժարուել Արցախի եւ Հայաստանի դէմ ուժի կիրառումից: Ըստ Չուլջեանի` նախագահ Բայդընը 907 ենթաբաժնի ընդունման աջակիցներից մէկն էր:
Այս կապակցութեամբ Բլինքընն իր գրաւոր արձագանգում ընդգծել էր, որ հաշուի առնելով Արցախում վերջերս բռնկուած ռազմական գործողութիւնները` նոր վարչակազմը կը վերանայի Ադրբեջանին տրամադրուող ռազմական օգնութիւնը: