ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեան հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
«Այս օրերին բոլորիս ուշադրութիւնը հասկանալիօրէն սեւեռուած է մեր սահմաններին. ադրբեջանական զինուժը Սիւնիքում եւ Գեղարքունիքում խախտել է Հայաստանի Հանրապետութեան սահմանը եւ արդէն մի քանի օր ապօրինի գտնւում է մեր երկրի տարածքում:
«Ներկայ իրավիճակում առանձնայատուկ կարեւոր է պետութեան եւ պետական կառոյցների կողմից երկիրը ճգնաժամից հանելու անվերապահ պատասխանատուութիւնը, յատկապէ՛ս անվտանգութեան ապահովման հարցերում:
«Յորդորում եմ, որ ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը, Զու գլխաւոր շտաբը, ԱԱԾն իրենց գործառոյթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը եւ ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդէմ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեանը սպառնացող ոտնձգութիւնների եւ սահմանային խախտումների:
«Ոչ պակաս կարեւոր է մեր դիւանագիտական զինանոցի կիրառումն իր ողջ ուժով: Հայաստանի միջազգային հեղինակութեան ամրապնդումը, միջազգային գործընկերների հետ համագործակցութեան եւ դաշնակցային յարաբերութիւնների խորացումն անհրաժեշտութիւն են: Այդ յարաբերութիւնները պէտք է կառուցել իրատեսական եւ նպատակային օրակարգի հիման վրայ: Պէտք է գործարկել թէ՛ աւանդական եւ թէ հանրային դիւանագիտութեան ամբողջ գործիքակազմը, ներգրաւել Սփիւռքը եւ օգտագործել բոլոր միջոցները:
«Ստեղծուած իրավիճակը եւ մեր գործելակերպն ու արձագանգը պէտք է հասկանալի եւ ընկալելի լինեն մեր միջազգային գործընկերների համար: Հասարակութիւնը պէտք է ժամանակին եւ ճշգրիտ իրազեկուած լինի տեղի ունեցող գործընթացների մասին` վստահ լինելով, որ ինքը պաշտպանուած է, որ պետութիւնը, անկախ քաղաքական կամ այլ գործօններից, իրականացնում է իր գործառոյթները:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
«Ստեղծուած իրավիճակում վերստին հրամայական է համազգային միասնականութիւնը` Հայաստան, Արցախ, Սփիւռք: Միայն այդ դէպքում կարող ենք լուծել անվտանգային, տնտեսական, ներքաղաքական եւ միւս բոլոր խնդիրները: Պէտք է գիտակցել, որ մենք ունենք մի սահման` հայրենիքի սահմանը: Որպէս պետութիւն եւ ազգ մենք պէտք է ունենանք մէկ` համապետական եւ համազգային օրակարգ: Իւրաքանչիւրս` Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում մեր դերակատարմամբ պէտք է գործենք այդ միասնական օրակարգի շրջանակում: Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահերը կարող է ներկայացնել ու պաշտպանել միայն ուժեղ, կայուն, միասնական եւ համախմբուած Հայաստանը»: