ԵՐԵՒԱՆ.- ԵՈՒՆԻՍԵՖի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդը, Գաւառի քաղաքապետ Գուրգէն Մարտիրոսեանը եւ Գիւմրու Երիտասարդական նախաձեռնութիւնների կենտրոնի նախագահ Արթուր Նաջարեանն Դեկտեմբեր 1ին փոխըմբռնման յուշագիր են ստորագրել՝ 2022ին Գաւառում երիտասարդների տուն հիմնելու մասին: Կենտրոնը ծառայութիւններ է տրամադրելու դեռահասներին եւ երիտասարդներին:
«Գաւառում հարիւրաւոր դեռահասներ եւ երիտասարդներ են ապրում, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղից, ում համար համայնքի զարգացմանը մասնակցելու եւ քաղաքացիական աշխուժութիւն ցուցաբերելու հնարաւորութիւններ պէտք է լինեն: Նրանք բոլորն ունեն անհրաժեշտ ստեղծարար միտք, ներուժ եւ խնդիրների լուծման հմտութիւններ եւ կարող են նպաստել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Այս երիտասարդների տան միջոցով ԵՈՒՆԻՍԵՖը կ՛աջակցի նրանց, յատկապէս ամենախոցելիներին եւ հաշմանդամութիւն ունեցողներին, օգտուելու համայնքային ծառայութիւններից եւ աջակցութիւնից, զարգացնելու կեանքի հմտութիւններ եւ ներուժ քաղաքացիական մասնակցութեան, նորարարութեան եւ ձեռներէցութեան ոլորտներում», նշել է Վայգանդը:
Առաջիկայ վեց ամիսների ընթացքում ԵՈՒՆԻՍԵՖը աշխատելու է Գաւառի քաղաքապետարանի, համայնքի երիտասարդների եւ գործընկերների հետ՝ վերանորոգելու եւ կահաւորելու, ինչպէս նաեւ կենտրոնը երեխաների, դեռահասների եւ երիտասարդների համար նախատեսուած պարագաներով, զարգացնող խաղերով, ուսումնական եւ տեղեկատուական նիւթերով համալրելու նպատակով: Ուժանիւթի խնայողութիւն ապահովելու համար կը տեղադրուի արեւային մարտկոցներ:
ԵՈՒՆԻՍԵՖն աշխատելու է նաեւ Գիւմրու Երիտասարդական նախաձեռնութիւնների կենտրոնի հետ՝ երիտասարդներին եւ երիտասարդների տան ապագայ աշխատակիցներին դեռահասների զարգացման, դեռահասների եւ երիտասարդների հետ աշխատելու եւ համայնքայեն երեխայակենտրոն ծառայութիւններ տրամադրելու գործում վերապատրաստելու նպատակով:
«Յուսով ենք, որ այս երիտասարդների տունը կ՛ընդլայնի Գաւառի դեռահասների հնարաւորութիւնները՝ իրենց համայնքի զարգացման գործում բովանդակալից մասնակցութիւն ունենալու, ինչպէս նաեւ իրենց տեսակէտներն ու կարծիքները բարձրաձայնելու համար: ԵՈՒՆԻՍԵՖի եւ այլ գործընկերների հետ միասին Գիւմրու Երիտասարդական նախաձեռնութիւնների կենտրոնը հարթակներ կը ստեղծի դեռահասների համար, որպէսզի նրանք կարողանան ներկայացնել իրենց փորձը, լուծումներ առաջարկեն եւ համատեղ գտնեն այնպիսի լուծումներ, որոնք կ՛օգնեն նրանց սահուն անցում կատարել դէպի չափահասութիւն ու աշխատաշուկայ», նշել է Նաջարեանը:
Գաւառի քաղաքապետարանն արդէն ընտրել է երիտասարդների տան մասնաշէնքը՝ կից մանկապարտէզին, աջակցելու է վերանորոգման աշխատանքներին եւ կանաչապատելու է կենտրոնի շրջակայքը: Յետագայում քաղաքապետարանը գումար կը տրամադրի կենտրոնի ընթացիկ ծախսերը հոգալու համար:
Արտակարգ իրավիճակների դէպքում երիտասարդների տունը պատրաստ կը լինի նաեւ ծառայելու որպէս անվտանգ, երեխաներին յարմարեցուած անկիւն, որտեղ երեխաները, դեռահասները եւ երիտասարդները կը կարողանան հոգեսոցիալական աջակցութիւն ստանալ:
(Հաղորդագրութիւնը՝ ԵՈՒՆԻՍԵՖէն)