ՍԻՒՆԻՔ.- ԵՈՒՆԻՍԵՖի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդը եւ Սիւնիքի մարզի Տեղ խոշորացուած համայնքի ղեկավար Դաւիթ Գուլունցը փոխըմբռնման յուշագիր են ստորագրել՝ Եւրոպական Միութեան նիւթական աջակցութեամբ Տեղ խոշորացուած համայնքի Քարաշէն եւ Խոզնավար բնակավայրերում վաղ ուսումնառութեան երկու նոր կենտրոններ հիմնելու նպատակով:
«Սիւնիքի երեխաներն այսօր կանգնած են աննախադէպ մարտահրաւէրների առաջ, որոնց յաղթահարման համար աջակցութիւն եւ յանձնառութիւն է հարկաւոր: Մանուկ հասակում յանուն երեխաների զարգացման ներդրումներ անել՝ նշանակում է ներդրումներ անել Սիւնիքի ապագայի համար, որտեղ իւրաքանչիւր երեխայ կարեւոր է եւ կարող է նպաստել այս գեղեցիկ մարզի բարգաւաճմանն ու զարգացմանը», նշել է Հայաստանում Վայգանդը: «Այլ խնդիրներին զուգահեռ, այս երկու բնակավայրերի երեխաները զրկուած են վաղ ուսումնառութեան հնարաւորութիւնից, ինչը խոչընդոտում է նրանց (կրթական) զարգացմանը եւ դպրոցական կեանքին պատշաճ պատրաստուելուն: 2022ին նոր կենտրոններում զբաղուածութիւն կ՛ունենան համայնքի կանայք, իսկ կենտրոններ յաճախող երեքից վեց տարեկան երեխաները ուրախութեամբ կը սովորէն եւ կը զարգանան:
Առաջիկայ 12 ամիսների ընթացքում ԵՈՒՆԻՍԵՖը երկու բնակավայրերի հետ միասին վերանորոգման աշխատանքներ կ՛իրականացնի, հոգալով կենտրոնների հիմնման ծախսերը, կը կահաւորի դրանք, կը տրամադրի անհրաժեշտ խաղալիքներն ու ուսումնական նիւթերը, ինչպէս նաեւ վաղ ուսումնառութեան թեմայով վերապատրաստում կ՛անցկացնի բնակավայրերի մի խումբ կանանց համար: Տեղի մանկապարտէզի դաստիարակները եւս օգուտներ կը քաղեն դասընթացներից:
ԵՈՒՆԻՍԵՖի վաղ ուսումնառութեան այլընտրանքային տարբերակը առաջին անգամ փորձարկուել է Սիւնիքի մարզում 2016-2017ին: Կենտրոնները հիմնուել էին Բնունիսում, Բարձրաւանում, Տարոնիկում, Թասիկում, Ալուանքում, Նռնաձորում, Հացաւանում եւ Եղվարդում:
(Հաղորդագրութիւնը՝ ԵՈՒՆԻՍԵՖէն)