ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպանը հրապարակեց նոր արտահերթ զեկոյց մը՝ դատական գործերու «ձեռքով» մակագրման վերաբերեալ:
Զեկոյցին մէջ կ’ըսուի հետեւեալը.
«Դատական համակարգում ու փաստաբանների մեր հարցումները, Մարդու իրաւունքների պաշտպանին հասցէագրուող բողոքները, ազատազրկուածների հետ առանձնազրոյցները հաստատում են, որ վիճակը մտահոգիչ է՝ մարդու սահմանադրական իրաւունքների համար վտանգաւոր նախադէպերով:
«Ըստ հաւաստի ահազանգերի` Վարչական դատարանում, օրինակ, Դատարանի նախագահն ինքն է որոշում 5 դատաւոր ունեցող դատական կազմերում ընդգրկուող դատաւորներին` առանց չափանիշների, սեփական հայեցողութեամբ: Խօսքը նաեւ դատական կազմերում յաճախ կրկնուող` նոյն դատաւորների ընդգրկելու խնդրի մասին է: Խօսքն այն էլ վերաբերում է բացառիկ զգայուն հարցերի, ինչպիսիք են, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների արդիւնքներով ընդունուած, թեկնածուներ գրանցելու կամ չգրանցելու հետ կապուած որոշումները վիճարկելու վերաբերեալ գործերը կամ նորմատիւ (օրինաչափական) իրաւական ակտերի (կանոններու) իրաւաչափութիւնը:
«Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանում, ըստ մեզ ներկայացուած ահազանգերի, ընդհանրապէս մակագրութիւններ է անում նաեւ դատարանի աշխատակազմի ղեկավարը` բացի այն, որ չկան ամրագրուած չափանիշներ հէնց դատարանի նախագահի համար: Նշուող պատճառն այն է, որ թէ՛ ֆիզիքապէս, թէ՛ մասնագիտական առումով դատարանի նախագահը, այսինքն` մէկ մարդ, ի վիճակի չէ իրականացնել այդքան գործերի մակագրութիւն:
«Նշուածից բացի, չի պահպանւում (յաճախ) ըստ դատաւորների ազգանունների այբբենական հերթականութեան դատական գործերի բաշխման պահանջը: Մէկ այլ դէպքում չի պահպանւում դատական գործերի բաշխման պատահականութեան սկզբունքը:
«Տեւական ժամանակ է, ինչ որոշ դատաւորներ այլեւս չեն քննում որոշակի կատեգորիայի (դասակարգի) գործեր (օրինակ` գործեր, որոնք բարդ են, ունեն զգայունութիւն, ներկայացնում են հանրային հետաքրքրութիւն)` այդպիսիք այդ դատաւորներին մտադրուած չմակագրելու արդիւնքում: Սա էլ վտանգաւոր է ոչ միայն դատաւորների միջեւ տարբերակումների կամ նրանց «դատական մեկուսացման», այլ հէնց մարդու իրաւունքների համար համակարգային վտանգների տեսանկիւնից եւ այլն: Սա կարող է տանել նաեւ դատարանների նախագահներից դատաւորների անթոյլատրելի կախուածութեան:
«Աւելին, ՍԴ դիմելուց առաջ բոլոր դատարանների նախագահներին հարցումներ եմ արել, բայց նրանցից որեւէ մէկը ցոյց չի տուել, որ կան չափանիշներ կամ չի ներկայացրել ապացոյցնէր, որ պահպանւում է այբբենական կարգը:
«Ո՞վ կարող է այսքանից յետոյ երաշխաւորել, որ համակարգչային ծրագրի փոխարէն դատաւորների միջեւ գործերի բաշխում «ձեռքով» իրականացնելու ընթացքում դատարանների նախագահների կողմից կամ նրանց նկատմամբ արտաքին միջամտութիւններ չեն լինում:
«Այս հարցով արդէն դիմել եմ Սահմանադրական դատարան` վիճարկելով Դատական օրէնսգրքի եւ Բարձրագոյն դատական խորհրդի ԲԴԽ-16ն-6 որոշման դրոյթներ ու այդ մասին տարածել յատուկ յայտարարութիւն:
«Արտահերթ զեկոյցում եւս բարձրացուած է խնդիրն այն մասին, որ առկայ են օրէնսդրական անորոշ կանոննէր ու այդ կանոնները գործնականում ստացել են այնպիսի մեկնաբանութիւն ու այդ մեկնաբանութեամբ կիրառութիւն, որ յանգեցրել են լուրջ խնդիրների մարդու սահմանադրական իրաւունքների հարցում:
«Յստակ օրինակներով եւ միջազգային-իրաւական կարգաւորումների վրայ հիմնած վերլուծութեամբ յստակ ցոյց ենք տրուած մարդու սահմանադրական իրաւունքների համար խորքային վտանգներ պարունակող իրավիճակներն ու մեկնաբանութիւնները` օրէնսդրական ապահովագրող կարգաւորումների բացակայութեան պայմաններում, քրէական հետապնդման մարմնի միջամտութեան վտանգաւոր հետեւանքները ՀՀ ողջ դատական համակարգի նկատմամբ ու այն էլ անորոշ ժամկէտով, ինչպէս նաեւ ցոյց են տրուած մարդու սահմանադրական իրաւունքների ոտնահարման գործնական իրավիճակներ»: