
Յունուարի 9ին Սիէթլի Հայ առաքելական Ս. Յարութիւն եկեղեցու վարժարանի սաները իրենց ուսուցիչների՝ Նայիրա Յարութիւնեանի, Նինա Նիկողոսեանի, Արմինէ Պետրոսեանի եւ Ժաննա Իսախանեանի հետ ներկայացրեցին Սուրբ Ծննդին եւ Ամանորին նուիրուած միջոցառում:
Միջոցառումն սկսուեց վարժարանի տնօրէն Ալինա Սահակեանի խօսքով, որտեղ նա շնորհաւորեց ներկաներին եւ նշեց. «Սիրելի քոյրեր եւ եղբայրներ, ի Քրիստոս թող այս տօնի հետ Աստծոյ լոյսը ցոլա մեր սրտերի մէջ: Լոյս ու բարիք բոլորիդ: Մեր երեխաները ամէն ինչ արել են, որ բարձրացնեն ձեր տրամադրութիւնը եւ ուրախ պահեր պարգեւեն ձեզ…»
Այս տարի, Մանուկ Յիսուսի ծնունդը ներկայացնող փոքրիկ բեմադրութեան մասնակիցներն էին նախադպրոցական խմբի սաները:
Հանդէսին մասնակցում էին նաեւ առաջին դասարանցիները, որոնք ասմունքից բացի, երաժշտութեան ուսուցչուհի տիկին Շողիկի նուագակցութեամբ մի քանի ամանորեայ ուրախ երգեր կատարեցին:
Աւագ եւ միջին դասարանի աշակերտները իրենց երաժշտութեան ուսուցչուհի Սիլվա Ղազարեանի հետ գեղեցիկ երգի («Լուռ Գիշեր, Սուրբ Գիշեր») միջոցով ուղեկցում էին փոքրիկ «հրեշտակներ»ին: Ու այսպիսով, բոլորը դարձան մասնակիցներ:
Ցերեկոյթի աւարտին վարժարանի տնօրէնը սիրով բեմ հրաւիրեց ու խնդրեց տէր Ս. Յարութիւն եկեղեցու հոգեւոր հովիւ Վազգէն քհնյ․ Բոյաջեանին` իր օրհնութիւնը տալու երեխաներին: Տէր հայրը նաեւ փոքրիկներին բաժանեց Սուրբ ծննդեան նուէրներ:
Ցերեկոյթից հիւրերը հեռացան իրենց հետ տանելով աշակերտների փոխանցած լոյսն ու ջերմութիւնը:
(Թղթակցութիւնը՝ եկեղեցիէն)
