
Փետրուար 10ին մեկնարկեց Արցախում ԹՈՒՄՕի կրթական ծրագրի ընդլայնման գործընթացը, երբ Մարտակերտում`ԹՈՒՄՕի ղեկավարութեան եւ Արցախի Հանրապետութեան բարձրաստիճան պաշտօնեաների մասնակցութեամբ տեղի ունեցաւ Արցախի առաջին «ԹՈՒՄՕ Տուփ»ի բացումը:
Բացման միջոցառմանը մասնակցում էին նաեւ «ԹՈՒՄՕ Ստեփանակերտ»ի շրջանաւարտները եւ առաջադէմ ուսանողները, որոնք տուփի առաջին ուսանողների հետ կիսուեցին իրենց փորձառութեամբ ու միասին իրականացրեցին փոքր նախագծեր:
Ողջունելով ներկաներին` ԹՈՒՄՕի տնօրէն Մարի Լու Փափազեանը նշեց. «Ճանաչելով Արցախը, ճանաչելով այստեղի մեր երիտասարդներին` վստահ եմ, որ Մարտակերտում բացուող «ԹՈՒՄՕ Տուփ»ը կ՛աւելացնի նրանց ներգրաւուածութիւնը եւ կը նպաստի արհեստագիտութեան եւ ձեւաւորման ոլորտներում հմտանալու արդիւնաւէտութեանը: Սա միայն առաջին քայլն է` մեր «ԹՈՒՄՕ Հայաստան» ծրագրի շրջանակներում բացելու ենք տուփեր նաեւ Ասկերանում եւ Մարտունիում` ծրագիրը հասանելի դարձնելով Արցախի բոլոր պատանիներին եւ Ստեփանակերտի ԹՈՒՄՕն վերածելով կրթական հանգոյցի, որը լեցուն կը լինի դասընթացներով, աշխատարաններով եւ նախագծերով»:
ԹՈՒՄՕ կենտրոնն Արցախի մայրաքաղաքում գործում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան աջակցութեամբ 2015ից եւ այս ընթացքում ունեցել է շուրջ 4000 ուսանող, 300ից աւել դասընթաց, 100ից աւել աշխատարան եւ նախագիծ:

Մարտակերտի, իսկ յետագայում նաեւ Ասկերանի եւ Մարտունիի «ԹՈՒՄՕ Տուփ»երի ուսանողները ծրագրի ինքնուսուցման փուլն անցնելու են տուփերում, իսկ դասընթացներին մասնակցելու համար ուղեւորուելու են «ԹՈՒՄՕ Ստեփանակերտ», յատուկ փոխադրամիջոցով:
Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արտակ Բեգլարեանը կարեւորեց Արցախում արհեստագիտական կրթութեան տարածումը, նշելով. «Արհեստագիտական կրթութեան խրախուսումը Արցախի կառավարութեան առաջնահերթութիւնների թւում է: Մարտակերտում «ԹՈՒՄՕ Տուփ»ի բացումը մեզ լրացուցիչ դրական ուժ է պարգեւում եւ սահմանում առաւել բարձր արդիւնքի հասնելու նշաձող: Այս կրթական փորձառութիւնն անչափ կարեւոր է Մարտակերտ քաղաքի եւ յարակից գիւղերի պատանիների համար, ովքեր, համոզուած եմ, տարիներ անց բացայայտելու են Արցախի առայժմ չերեւացող ներուժն իրենց գաղափարներով, ստեղծարար մտքով ու ճկունութեամբ»:
17ամեայ մարտակերտցի Արման Դանիէլեանը «ԹՈՒՄՕ Ստեփանակերտ»ի շրջանաւարտ է եւ ԹՈՒՄՕի ռոբոտաշինութեան (մարդամեքենայի շինութեան) ոլորտի բազմաթիւ դասընթացների է մասնակցել: Նա այժմ որպէս խմբավար է աշխատում Մարտակերտի «Արմաթ» ճարտարապետական հաստատութիւնում: Արմանը եկել էր «ԹՈՒՄՕ Տուփ»ի բացման միջոցառմանը` իր քաղաքի պատանիներին շնորհաւորելու, յայտնելով` «Ամենակարեւոր բանը, որ ես սովորել եմ ԹՈՒՄՕում, ինքնուրոյն մտածելն է: Շնորհաւորում եմ երեխեքին տուփի բացման կապակցութեամբ, սա մեզ շատ պէտք է: Իրենք կը մտածեն, կը զարգանան, ու անպայման կ՛օգտագործեն իրենց գիտելիքները թէ՛ առօրեայում, թէ՛ մեծ բաների հասնելով»:
Մարի Լու Փափազեանը նշեց նաեւ «ԹՈՒՄՕ Հայաստան» նախաձեռնութեան առաջիկայ քայլերը. «Մեր բարերարների առատաձեռն նուիրատուութիւնների արդիւնքում մօտակայ ժամանակներս մեր ցանցին կը գումարուի եւս 6 կենտրոն Հայաստանի Կապան, Վանաձոր, Կողբ, Էջմիածին, Հրազդան եւ Մարտունի քաղաքներում, ինչպէս նաեւ առկայ կենտրոններին եւ կառուցուողներին կից 40 նոր «ԹՈՒՄՕ Տուփ»»:
«ԹՈՒՄՕ Հայաստան» նախաձեռնութեան շրջանակներում առաջիկայ հինգ տարիներին նախատեսւում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ արհեստագիտականօրէն յագեցած 16 ԹՈՒՄՕ կենտրոններ, իսկ փոքր համայնքներում` 110 «ԹՈՒՄՕ Տուփ»եր: Այս ցանցի միջոցով ծրագիրը հասանելի կը դառնայ բոլոր պատանիներին ողջ երկրով մէկ:
«ԹՈՒՄՕ Տուփ»ը փոքր, սակայն արհեստագիտականօրէն յագեցած ԹՈՒՄՕ մըն է: Այն կարող է տեղադրուել ցանկացած քաղաքում կամ գիւղում եւ ծառայել որպէս ինքնուսուցման տարածք տեղի եւ մօտակայ բնակավայրերի պատանիների համար: Ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մօտակայ ԹՈՒՄՕ կենտրոններ: Իւրաքանչիւր «ԹՈՒՄՕ Տուփ» հնարաւորութիւն է տալու արհեստագիտութեան եւ ձեւաւորման ոլորտներում կրթութեամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու:
«ԹՈՒՄՕ Հայաստան» նախաձեռնութիւնը իրականացւում է Եմենիճեան ընտանիքի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Էլի եւ Էլզբիէթա Աքիլեանների, ինչպէս նաեւ մեր միւս բարերարների նուիրատուութիւնների շնորհիւ:
(Հաղորդագրութիւնը՝ ԹՈՒՄՕէն)