Այն, որ բոլորս էլ երբեմն մոռանում ենք վայրկեաններ առաջ լսած անունը, բնական է: Սակայն լինում են դէպքեր, երբ յիշողութեան կորուստը վերածւում է առողջական եւ ընկերային խնդրի: Օրինակ, արդէն բնական չի կարելի համարել այնպիսի իրավիճակները, երբ ինչ-որ մէկը մշտապէս մեծ ջանք պէտք է գործադրի, որ յիշի իր կամ իր ընտանիքի անդամների անունները կամ վաղուց յայտնի առարկաների անունները:
Ամնեզիան յիշողութեան կորուստն է: Ամնեզիայով մարդիկ դժուարութեամբ են կարողանում մտապահել նոր բաները կամ վերյիշել (կամ չկարողանալ մտաբերել) աւելի վաղ տեղի ունեցած իրադարձութիւնները եւ գործերը: Նրանք նաեւ կարող են ընկնել խառնաշփոթ իրավիճակների մէջ: Սակայն ոչ բոլոր դէպքերում է ամնեզիան ստանում նման ծանր ընթացք: Աւելի յաճախ տեղ է գտնում մասնակի ամնեզիան` յիշողութեան ոչ լիարժէք կամ մասնակի կորուստը:
Ինչպէս յայտնի է, հասուն տարիքում շատերը տառապում են յիշողութեան հետ կապուած խնդիրներից, ու հետազօտողները փորձել են հասկանալ այդ երեւոյթի պատճառը:
Պարզուել է, որ տարիների ընթացքում չափազանց շատ տեղեկութիւն է կուտակւում` յիշողութիւններ, տարբեր փաստեր, պատկերներ: Դժուար է լինում այդ կուտակուած տուեալներից անհրաժեշտը առանձնացնել:
Մասնագէտները հետեւել եւ ուսումնասիրել են մարդկանց յիշողութիւնը տարիների ընթացքում: Ըստ նրանց հետեւութեան տարեցների մօտ յիշողութեան վատթարացումը կապուած է տեղեկատուութեան ծանրաբեռնութեան եւ չդասակարգման հետ: Առօրեայ կեանքում մարդն անընդհատ ճնշում է այն տեղեկատուութեանը, որն այս պահին իրեն պէտք չէ, իսկ տարիքի հետ այդ ունակութիւնը թուլանում է: «Երբ տարեցները փորձում են ինչ-որ որոշակի մանրուք յիշել, նրանք դժուարանում են, քանի որ այդ մանրուքն իրենց ուղեղում կարող է կապուած լինել շատ ուրիշ բաների հետ: Պատկերացրէք, որ դուք պէտք է յիշէք ձեր ճանաչած հինգ Ջոներից մէկի ազգանունը: Դա աւելի դժուար է կը լինի, քան, եթէ դուք մէկ Ջոնի ճանաչէիք: Նման մի բան տեղի է ունենում, երբ տարեցները փորձում են ինչ-որ բան յիշել», պարզաբանում են Կանադայի «Ռոթման» հետազօտական հիմնարկի մասնագէտները:
Միեւնոյն ժամանակ, կեանքի մեծ փորձի շնորհիւ տարեցների մօտ ստեղծագործական բարձր մակարդակ է նկատւում: Հետաքրքիր է, որ քննութիւնների ժամանակ տարիքով մարդիկ աւելի ստեղծագործական մօտեցում են ցուցաբերել խնդիրների լուծմանը: