
ՍԱՅԻԹ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ
Հայերը առաջին իսկ օրուանից երբեք չեն մոռացել 20րդ դարի առաջին ամենամեծ Ցեղասպանութիւնը եւ վերջինիս զոհ գնացած իրենց եղբայրներին: Որոշ աղբիւրների համաձայն՝ Ցեղասպանութեան զոհերին նուիրուած առաջին յուշարձանը կառուցուել էր աշխարհամարտի աւարտից անմիջապէս յետոյ, 1919ին, Ստամբուլում (թէեւ այդ յուշարձանից հետք անգամ չի մնացել): Միեւնոյն ժամանակ ձգտել են ամէն պատեհ առիթի պատմել հայ ժողովրդի գլխին եկածների մասին, սակայն տուեալ դարաշրջանի «ռէալ պոլիտիկ»ը թոյլ չի տուել, որ այդ ճիչերը լսելի դառնան:
Ինչպէս որ հայերը չէին մոռանում Ցեղասպանութեան մասին, նոյն յամառութեամբ էլ նրանց զուգահեռաբար հետեւող մի ուժ կար՝ պետութիւնը (թուրքական-«Ակունք»ի խմբ.): Պետութիւնը, որ երբեք չմոռացաւ Ցեղասպանութիւնից պատահաբար ողջ մնացածներին եւ նրանց զաւակներին: Չափազանցրած չենք լինի, եթէ ասենք, որ պետութիւնը ամէնուր եւ ամէն պահ հետեւել է հայերին, մինչեւ իսկ մի նախկին ներքին գործերի նախարարի խօսքով՝ «նոյնիսկ անընդհատ ունկնդրել է հայերի սրտի զարկերը»: Նմանապէս չափազանցրած չենք լինի, եթէ նշենք, որ (Թուրքիայի-«Ակունք»ի խմբ.) ներքին գործերի նախարարութեան արխիւը լեցուն է դրա մասին դեսպանների եւ հիւպատոսների ներկայացրած փաստաթղթերով:
Ընդհանրապէս ընդունուած է, որ Հայոց Ցեղասպանութեան զոհերին յիշատակելու աւանդոյթն սկսել է 1915 թուականի 50րդ տարելիցին, այսինքն՝ 1965 թուականին: Մենք, սակայն, պետութեան (թուրքական–«Ակունք»ի խմբ.) զեկոյցներից տեղեկանում ենք, որ այդ աւանդոյթը շատ աւելի հին է:
Հայերն ինչպէս որ ի սկզբանէ սկսել են Ցեղասպանութեանը զոհ գնացած իրենց եղբայրների յիշատակին նուիրուած յուշարձան կառուցել, նմանապէս, դեռ հնուց, զոհերի յիշատակի օր են որոշել եւ աւանդոյթ դարձրել զոհերին ոգեկոչելը: 1939ի Ապրիլի 14ին Բէյրութի թուրքական դեսպանութեան՝ «անձամբ» գրութեամբ զեկոյցից տեղեկանում ենք, որ հայերը ցանկացել են Ստամբուլում եղած յուշարձանի նման մի յուշարձան կառուցել այնտեղ.
«Արդէն իսկ աւանդոյթի էր վերածուել Համաշխարհային պատերազմի ժամանակ մահացած հայերի համար ամէն տարի Ապրիլի 24ին Լիբանանում հայերի կողմից կրօնական արարողութիւն կատարելը եւ այդ թեմայով ելոյթներ ու ցոյցեր կազմակերպելով՝ Թուրքիայի դէմ ուղղուած խօսքեր արտայայտելը: Իմ ձեռք բերած տեղեկութիւնների համաձայն՝ այս տարի այդ ամէնին աւելացել են Անթիլիաս անուամբ մի լիբանանեան գիւղում, Սիրիայում, Դէր Զօրում եւ Ջեզիրէում մահացած հայերին պատկանող ոսկորները թաղելու արարողութիւնը եւ այդ գերեզմանների վրայ մի յուշարձանի կառուցումը, ինչպէս նաեւ՝ զանազան շրջաններից եկող հայերի մասնակցութեամբ մեծ միջոցառումների անցկացումը, որոնց ընթացքում կը հնչեն Թուրքիայի դէմ ուղղուած թշնամական ելոյթներ, այդ ուղղութեամբ նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքները ղեկավարւում են Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի օգնական Սարաչեանի (նկատի ունի 1939ին վախճանուած Անթիլիասի Սահակ Բ. կաթողիկոսին փոխարինած ընդհանուր փոխանորդ Պետրոս Սարաճեանին-«Ակունք»ի խմբ.) հսկողութեան տակ գտնուող մի հայկական կոմիտէի կողմից»:
Հարկ չկայ նշելու, որ (Թուրքիայի-«Ակունք»ի խմբ.) արտակարգ եւ լիազօր դեսպանն անմիջապէս անվտանգութեանն էր դիմում՝ այդ յիշատակի արարողութիւններին եւ յուշարձանի կառուցմանը արգելք լինելու համար: Որպէս բնական հակազդեցութիւն՝ նա շունչն առնում էր գերագոյն կոմիսարութիւնում՝ դրութեան մասին այն ժամանակուայ «մանդատային» իշխանութեանը հաղորդելով:
Դամասկոսի հիւպատոսութիւնը եւս 1939ի Մայիսի 4ին յղուած իր գրութեան մէջ հաղորդում է, որ յիշատակի արարողութիւնն իրականացուել է Լիբանանի ներքին գործերի նախարարի նախագահութեան ներքոյ, եւ որ Մայիսի 6ին զոհերի յիշատակը յարգելու համար նախկին տարիների համեմատ աւելի աշխուժ պատրաստութիւն էին տեսնում: Սոյն զեկոյցից նաեւ հասկացւում է, որ հիւպատոս Հուման Մենեմենջիօղլուն ակնդէտ հետեւում էր իրավիճակին:
«Մի քանի օր առաջ Համաշխարհային պատերազմի ժամանակ Անատոլիայում կատարուած հայկական փոխադարձ կոտորածի տարելիցի արարողութիւնն իրականացրեցին Բէյրութում, ինչպէս նախկինում էլ յայտնել էի, Լիբանանի ներքին գործերի նախարարի ղեկավարութեան ներքոյ: Հիմա էլ թէ՛ Լիբանանում, թէ՛ Սիրիայում նախկին տարիների համեմատ աւելի աշխուժ կերպով են նախապատրաստւում «Մայիսի 6ի զոհերի» տարելիցի արարողութեան համար:
«Վարչապետ (Սիրիայի-«Ակունք»ի խմբ.) Նասուհ բէյ Բուհարին երէկ երեկոյեան կողմ եկաւ հիւպատոսարան եւ մի ժամ մնաց այստեղ: Արտգործնախարար Հալիդ բէյ Ազիմն էլ քանի որ ուղեկցում էր նրան, մեր խօսակցութիւնը ընդհանուր թեմաների շուրջ եղաւ, եւ երկուստեք խուսափեցինք քաղաքական շփումից:
«Խորին յարգանքներով»:
Բէյրութի գլխաւոր հիւպատոսութեան կողմից յղուած առաջին գրութեանը յաւելեալ ուղարկուած զեկոյցում, որը թուագրւում է 1939ի Մայիսի 10ի ամսաթուով, հաղորդւում է, որ թէեւ յիշատակի արարողութիւնն իրականացուել է, սակայն յուշարձանի կառուցումը՝ ոչ:
«Իրականացուած հետաքննութեան համաձայն՝ Ապրիլի 24ին Սիրիայի եւ Լիբանանի զանազան շրջաններից եկած հայերի մասնակցութեամբ Անթիլիասում տեղադրուելիք յուշակոթողի կառուցումը չեղարկուել է եւ դրա կապակցութեամբ նախատեսուող ելոյթներն ու ցոյցերը եւս տեղի չեն ունեցել:
«Հայկական Դաշնակցութեան կոմիտէն հայերին ուղղուած հաղորդագրութեան մէջ յայտնել է, որ յուշարձանի տեղադրումը եւ դրա կապակցութեամբ ցոյցերը տեղափոխուել են մէկ այլ ժամանակուայ:
«Ապրիլի 24ին բաւարարուել են Լիբանանի զանազան հայկական եկեղեցիներում Համաշխարհային պատերազմի զոհերի համար կրօնական արարողութիւններ անցկացնելով: Թէեւ 1-2 տեղական հայկական թերթերում հաղորդուել էր, թէ այդ արարողութիւններից մէկին մասնակցելու եւ մինչեւ իսկ ելոյթով հանդէս է գալու Լիբանանի ներքին գործերի նախարար Հաբիփ Աբի Շահլան, սակայն մեր կողմից կատարուած հետաքննութիւնը ցոյց է տուել, որ Լիբանանի կառավարութիւնից ոչ մի պաշտօնական ներկայացուցիչ ներկայ չի գտնուել վերոյիշեալ կրօնական արարողութեանը:
«Այդ գործում գերագոյն կոմիսարութեան կողմից մեր ազդեցութեան արդիւնքում ձեռնարկուած կանխարգելիչ միջոցների շնորհիւ դաշնակցականները վիրաւորուած են ֆրանսիացիներից, եւ կրօնական արարողութիւնից յետոյ վերոնշեալ կոմիսարութեան ղեկավարներից կոմս դը Լէօսը կաթողիկոսի օգնական (ընդհանուր փոխանորդ-«Ակունք»ի խմբ.) Սարաչեանին անձամբ այցելելով՝ աշխատել է ձեռնարկուած միջոցները քաղաքականապէս հիմնաւորել եւ իր բարեկամութեան մասին հաւաստիացումներ տալով՝ ձգտել է սիրաշահել նրան:
«Խորին յարգանքներով»:
Բէյրութի գլխաւոր հիւպատոսութիւնը, ի տարբերութիւն Դամասկոսի հիւպատոսութեան, յայտնում է, որ արարողութեանը ոչ մի պաշտօնեայ չի մասնակցել, եւ որ դա եղել է իր ազդեցութեան շնորհիւ: Նա եւս յաւելում է, որ դարձեալ մի պաշտօնեայ այցելել է Սարաչեանին՝ վերջինիս սիրտը շահելու նպատակով:
Ինչպէս տեսնում ենք, հայերը 100 տարուց աւել տեւած մի յոգնեցուցիչ գործընթաց շալակած՝ հասել են մեր օրեր: Դեռ շարունակւում են հայ ժողովրդի դիմադրութիւնը եւ (թուրքական-«Ակունք»ի խմբ.) պետութեան անիմաստ յամառութիւնը:
Թարգմանեց՝
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
«ԱԿՕՍ» եւ «ԱԿՈՒՆՔ»