
Մայիսի 4ից 10ը «Ամերիկա-Հայաստան գործարար կամուրջ» խորագրի ներքոյ կայացել է հայ գործարարների պատուիրակութեան այցը Կալիֆորնիա:
Այցը կազմակերպուել է «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»ի եւ «Հայ-ամերիկեան գործարար խորհուրդ»ի կողմից եւ տեղի է ունեցել Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան եւ Հիւսիսային Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու Արեւմտեան թեմի հովանու ներքոյ:
Գործարարների պատուիրակութիւնը Մայիսի 5ին այցելել է Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւն եւ հանդիպել է անձնակազմի հետ: Արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար Ն․ Սարոյեանը կարեւորել է համանման այցերը, որոնք կոչուած են խթանելու հայ-ամերիկեան գործարար կապերի զարգացումը, Ամերիկա ներմուծուող հայկական արտադրանքի ծաւալների մեծացմանը: Սարոյեանը պատասխանել է հիւրերի՝ հայ-ամերիկեան տնտեսական յարաբերութիւններին վերաբերող հարցերին:
Մայիս 6ին, Գլենդէյլի քաղաքապետարանի եւ հիւպատոսութեան կողմից կազմակերպուել է հայ գործարարների պատուիրակութեան հանդիպումը Գլենդէյլի գործարար համայնքի, քաղաքապետարանի տնտեսական համագործակցութեան բաժանմունքի հետ: Ելոյթներով հանդէս են եկել Գլենդէյլի քաղաքապետ Ա․ Քասախեանը, Կալիֆորնիայի ծերակուտական Է․ Պորտանտինոն, հիւպատոսութեան խորհրդական Վ․ Պահլաւունին, Գլենդէյլի քաղաքային խորհրդի անդամներ Ա․ Նաջարեանը եւ Դ․ Բրոթմանը: Ներկայ են եղել նաեւ Գլենդէյլի կորէական եւ ֆիլիպինցի գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Մայիսի 8ին, Բրբանք քաղաքում, Հիւսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու Արեւմտեան թեմի առաջնորդարանի տարածքում բացուել է «Հայկական առեւտրային ցուցահանդէս»ը: Ցուցահանդէսի բացմանը ողջոյնի ելոյթներով հանդէս են եկել թեմի առաջնորդ Յ․ արքեպիսկոպոս Տէրտէրեանը, Ն․ Սարոյեանը, Ա․ Քասախեանը, «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»ի նախագահ Մ․ Մանուկեանը, «Հայ-ամերիկեան գործարար խորհուրդ»ի նախագահ Ա․ Ղազարեանը: Ցուցահանդէսին ներկայացուած էին շուրջ 3 տասնեակ հայ արտադրողների ապրանքներ եւ ծառայութիւններ:
Մայիսի 9ին, Սրբոց Ղեւոնդեանց եկեղեցու դահլիճում տեղի է ունեցել «Ամերիկա-Հայաստան գործարար կամուրջ» խորագիրը կրող համաժողովը: Համաժողովին ելոյթներով հանդէս են եկել Վ․ Պահլաւունին, Մ․ Մանուկեանը, Ա․ Ղազարեանը, ամերիկահայ հեղինակաւոր գործարարներ, մեքսիկա-ամերիկեան գործարար կառոյցների ներկայացուցիչներ:
Մայիսի 11ին տեղի է ունեցել հայ գործարար պատուիրակութեան հանդիպումը Լոս Անջելես մարզի առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ Մարիա Սալինասի եւ պալատի ղեկավար կազմի հետ, Լոս Անջելեսի քաղաքային ակումբում: Հանդիպումը կազմակերպել է հիւպատոսութիւնը, իսկ աջակցութիւն եւ հովանաւորութիւն է ցուցաբերել «Կորդոբա» ընկերութեան կառավարող գործընկեր, «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մարիա Մեհրանեանը: Ելոյթներով հանդէս են եկել Վ․ Պահլաւունին, Մարիա Սալինասը, Մարիա Մեհրանեանը, Ա․ Ղազարեանը: Այնուհետեւ ներկայացուել է Enterprise Armenia կազմակերպութեան կողմից Հայաստանի ներդրումային գրաւչութեանը նուիրուած կարճ տեսահոլովակ եւ մասնակիցների միջեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակում:
(Թղթակցութիւնը` հիւպատոսարանէն)
