
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- 24 Մայիսին, Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք –ՔՄԴ», «Արդարութիւն», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւնները նախորդ օրերուն Պրիւքսէլի մէջ գումարուած եռակողմանի հանդիպման եւ անկէ բխող իրադարձութիւններուն մասին հրապարակեցին հետեւեալ յայտարարութիւնը․
«Արցախի ժողովրդի եւ իշխանութիւնների հաւաքական դիրքորոշումը ներկայացուել է ս.թ. Ապրիլի 14ի Ազգային ժողովի յայտարարութեամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցութիւնների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշեալ յայտարարութեամբ ազդարարուած դրոյթների հետ համադրելիութեան դէպքում:
«Բրիւսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդիւնքները ներկայացնող Շառլ Միշելի յայտարարութիւնը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման էութիւնը նենգափոխելու եւ 30ամեայ բանակցային գործընթացում կուտակած ժառանգութիւնը խեղաթիւրելու տեսանկիւնից: Առաջին անգամ բանակցային խօսոյթում փորձ է արւում հրաժարուելու «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական եւ աշխարհագրական հասկացութիւնից, եւ շրջանառութեան մէջ է դրւում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչութիւն» բառակապակցութիւնը: Այս ամէնը լիովին համահունչ է Բրիւսելի հանդիպումից առաջ եւ, ընդհանրապէս, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածուող թէզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանութիւնների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին:
«Եւրոպայի խորհրդի նախագահի դերակատարութիւնը արագացուած տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «խաղաղութեան դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթէ նոյնպիսի հետեւողականութեամբ արձագանգուէր 2020թ. Սեպտեմբերին Արցախի Հանրապետութեան ժողովրդի դէմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային (յարձակման): Անվտանգութեան ու իրաւունքների պաշտպանութեան մասին շեշտադրումը 44օրեայ պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանութիւնը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:
«Ստեղծուած պայմաններում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները պարտաւոր են առաջնորդուել բացառապէս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը միջազգային ատեաններում առաջ տանելու եւ պաշտպանելու դիրքորոշմամբ` հիմք ընդունելով 1992թ. Յուլիսի 8ի ՀՀ Գերագոյն խորհրդի որոշումը` համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարւում միջազգային կամ ներպետական ամէն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀն նշուած կը լինի Ադրբեջանի կազմում»:
«Ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում գործող իշխանութիւնների համար առաջնահերթ պէտք է լինեն հայկական երկու հանրապետութիւնների կազմաւորման մասին հռչակագրերը, 1991թ. Սեպտեմբերի 2ի որոշմամբ ու 1991թ. Դեկտեմբերի 10ի անկախութեան հանրաքուէով ամրագրուած արժէքները: Որեւէ պաշտօնեայ, որեւէ քաղաքական ուժ լիազօրուած չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարաւոր զաւակներ չեն խնայել իրենց կեանքը:
«Մենք գտնւում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջեւ, եւ ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատուութիւն կրելուց»: