
Միգրենը (զօրաւոր գլխացաւ) մարդկութեանը յայտնի է աւելի քան 3000 տարի: Հին եգիպտական պապիրուսներում յայտնաբերուել են միգրենի եւ դրա դեղամիջոցների նկարագրութիւններ: Սակայն միգրենի վարակի շատ կողմերը մնում են առեղծուած եւ պատճառները չբացայայտուած: Միգրենով տառապող յայտնի մարդիկ են Կեսարը, Է. Կանտը, Զ. Ֆրոյդը: Միգրենը երկրորդ ամենատարածուած գլխացաւն է լարուածութեան գլխացաւից յետոյ:
Որոշակի ախտանշաններ կարող են նախազգուշացնել մօտալուտ միգրենի մասին, օրինակ՝ փորկապութիւն, տրամադրութեան տատանումներ` դէպրեսիայից դէպի էյֆորիա (ընկճուածութենէն դէպի բերկրանք), սննդից կախուածութիւն եւ այլն:
Չբուժելիս, միգրենը սովորաբար տեւում է 4-72 ժամ: Տարբեր մարդկանց մօտ միգրենային նոպաների յաճախականութիւնը կարող է լինել տարբեր: Դրանք կարող են ի յայտ գալ խիստ հազուադէպ կամ անհանգստացնել ամսական կամ երբեմն` նաեւ շաբաթական մի քանի անգամ:
Միգրենը տարբերւում է սովորական գլխացաւից: Բացի այն, որ ցաւն աւելի ուժեղ է, այն սովորաբար գլխի մի կողմի վրայ կարող է տարածուել: Ցաւերը կարող են բաբախող լինել: Հիւանդը գերզգայուն է լոյսի, ձայնի եւ երբեմն` հոտերի կամ հպման նկատմամբ: Հնարաւոր է նաեւ ինքնազգացողութեան վատացում, սրտխառնոց կամ փսխում:
Միգրենային նոպայից յետոյ կարող էք զգալ մինչեւ մէկ օր տեւող գերյոգնածութիւն, շփոթուածութիւն կամ թուլութիւն: Որոշ մարդկանց մօտ կարող է ի յայտ գալ տրամադրութեան բարձրացում: Գլխի կտրուկ շարժումը կարող է կարճատեւ վերականգնել ցաւը:
Նեարդաբանական (ջղային) այս խանգարումը որեւէ յստակ պատասխան չունի, դա կարող է գենիտիկայի (ծինային), գլխուղեղի անօթային խանգարումների, հորմոնային փոփոխութիւնների եւ արտաքին միջավայրի ազդակների պատճառ լինել:
Միգրենի ճշգրիտ ախտորոշումը կարող է միայն բժիշկը տալ: Կարեւոր է բացառել անօթային խանգարումները, նեարդային խնդիրները, ուղեղի ուռուցքները եւ այլ լուրջ հիւանդութիւններ, որոնք կարող են արտայայտուել նմանատիպ ախտանիշներով:
Միգրենի նոպաների միջեւ ընկած ժամանակահատուածում հիւանդը որեւէ գանգատ չի ունենում: Ցաւօք միգրենի յստակ բուժում գոյութիւն չունի: Բժշկի նշանակած դեղորայքի օգնութեամբ մեղմացւում են ախտանշանները եւ ցաւը: