
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելի Հանրային գրադարանի պատերից կախուած սուրճի գաւաթներն ու դրանց յատակին սուրճի մրուրից առաջացած իւրօրինակ պատկերների լուսանկարները Հելենա Գրիգորեանի՝ «Իմ կեանքը ներքեւից վերեւ» խորագրով ցուցադրութեան նմուշներն են:
«Փորձել եմ արուեստի միջոցով ներկայացնել մեր սովորոյթներից`սուրճի գաւաթ կարդալու արարողութիւնը, ինչը վառ տպաւորուել է մանկութիւնից: Յիշում եմ, թէ ինչպէս էին կանայք հաւաքւում եւ սուրճը խմելուց յետոյ շրջում գաւաթները՝ սպասելով, որ մրուրը չորանայ, որպէսզի այսպէս կոչուած «բաժակ նայող»ը սկսի գուշակել խմողի ապագան ու ճակատագիրը: Երբ նրանք զննում էին գաւաթը, խորհրդաւոր լռութիւն էր տիրում` լի սպասումով եւ յուզմունքով», պատմում է Հելենան: Նա նշում է, որ այդ արարողութիւնն ընկալում է որպէս դրական լիցքերի փոխանցման, բուժման մի ձեւ, ընկերային հաղորդակցման միջոց: «Երբ տարբեր հարցերով մտահոգութիւններ ունեցող մարդիկ դիմում են սուրճի գաւաթ կարդացողին, հիմնականում ստանում են դրական, լաւատեսական կանխատեսումներ, կամ խորհուրդներ, ինչը նրանց հանգստացնում է, օգնում ազատուել բացասական տրամադրութիւններից: Ինձ այդ պահն է գրաւում, եւ ես արուեստի միջոցով որոշեցի փոխանցել մեր սովորոյթ դարձած արարողութիւններից մէկը», նշում է արուեստագէտը:


Հելենայ Գրիգորեան սկսում է լուսանկարել մրուրէ պատկերները, երբ ինքն էլ նկատում է տարատեսակ պատկերներ սուրճի գաւաթի մէջ: Նա խոստովանում է, որ ցուցադրութեանը ներկայացուած լուսանկարները, որ իր ըմպած սուրճի գաւաթներից են, իր կեանքի օրագրի թերթերն են կարծես, որ բացել է հանրութեան առաջ: «Գաւաթներում կարող էք տեսնել տղամարդու, կնոջ, կենդանիների պատկերներ, թուեր ու տառեր, որոնք կարծես ինչ-որ յուշումներ են: Իմ գաւաթներում, կարելի է տեսնել իմ կեանքի պատմութիւններից»:
Հելենան շուրջ երեք հարիւր սուրճի գաւաթների մէջ նկարելով վերարտադրել է ու յատուկ նիւթերով ամրացրել է մրուրը, եւ դիտողին թւում է, որ հէնց նոր է այն չորացել ու առաջացրել տարատեսակ պատկերներ:
Գլենդելի Հանրային գրադարանի ներսում գործող` «Ռեֆլեքթ Սփեյս» պատկերասրահի «Անցուղի» կոչուող բաժնում է ներկայացուած «Իմ կեանքը ներքեւից վերեւ» ցուցադրութիւնը: Հելենա Գրիգորեանի գաւաթների ինստալիացիաներին (զետեղումի արուեստ)եւ լուսանկարներին հանրութիւնը կարող է ծանօթանալ մինչեւ Յուլիսի 23ը:
Պատկերասրահի միւս բաժնում ներկայացուած է նկարչուհի Եասմին Նասէր Դիասի «Քո ձայնի հնչիւնը դա տունն է» խորագրով ցուցադրութիւնը:
Տեղեկանք.- Հելենա Գրիգորեանը գրաֆիկական դիզայներ եւ լուսանկարիչ է, ով սկսել է գործունէութիւնը փոքրիկ գրպանային տեսախցիկով իր եւ շրջապատի կեանքը լուսանկարելով: Նրա կիրքը արուեստի նկատմամբ վերաճել է մասնագիտութեան: Գործունէութեան ընթացքում Հելենան աշխատել է որպէս Հեռուստատեսային ծրագրերի ղեկավարների ազգային միութեան ստեղծագործական տնօրէն, հիմնել է սեփական «Circles Six» ընկերութիւնը: Գրիգորեանի աշխատանքները ներկայացուել են Լոս Անջելեսում, տարբեր խմբային ցուցադրութիւններում:


