
Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Նախորդ անգամ տեսանք, թէ ինչպէս Արգամ Մանասեանի վարորդ Աշոտ Ալոյեանը, անոր անձնական մեքենայով եկած էր զինք գործարան տանելու: Արգամ Մանասեան այլեւս «նախկին» տնօրէն կը համարուի իր գրասենեակի պաշտօնեաներուն կողմէ. սակայն տակաւին գործեր ունի կատարելիք եւ պէտք է այցելէ զանազան վայրեր:
***
«Աշոտը մեքենան տարաւ Աբովեանով, հրապարակից ձախ թեքուեց ու գնաց Հոկտեմբերեան պողոտայով:
– Արգամ Պետրովիչ, – ասաց նա՝ շարունակելով դիմացը նայել: – Մի բան ասեմ , էլի…
– Ասա:
– Թոյլ կը տա՞ք հետաքրքրուեմ, թէ ինչ է պատահել: Թէ էդ ո՞վ ու ինչի՞ համար է ուզում ձեզ ժերտուա տալ (զոհել):
– Ժերտուա տա՞լը որն է, – ակամայ ժպտաց Արգամը:
– Դէ ոնց շախմատի (ճատրակի) մէջ, էլի, Արգամ Պետրովիչ, մի Ֆիկիւր (ճատրակի կտոր) տալիս են, որ խաբեն ու աւելի մեծ շահ ստանան: Չջղայնանաք, բայց սիրտս վկայում է, որ ձեր տեղը ծախել են:
– Ինչ են արե՞լ: Դա ի՞նչ յիմարութիւն է, Աշոտ:
– Մէկ է՝ ինչքան էլ ջղայնանաք, ես իմ իմացածն ասելու եմ: Հիմա ամէն պաշտօն իր գինն ունի, Արգամ Պետրովիչ… Ոնց որ շուկայում:
– Եւ ուրեմն իմ պաշտօնի գինն ինչքա՞ն է, – ծաղրեց Արգամ Մանասեանը:
– Չգիտեմ, – ասաց Աշոտը, – բայց մի քանի օր առաջ գաղութի ընկերներիցս մէկը իմ աչքի առաջ քսան հազար ռուբլի մէկ-մէկ հաշուեց, տուեց ու պաստուրմայի (ապուխտի) ցեխ (արտադրամաս, գործարան) առաւ:
Արգամ Մանասեանը նոր չէր իջել լուսնից. լսել էր, որ կատարւում են նման բաներ, որ ներքին կարգով վաճառւում են խորտկարաններ (փոքր ճաշարաններ, ուր խորտիկ կը մատուցեն), գերեզմանաքարի պատրաստման արհեստանոցներ, պենզինի (քարիւղի) լցման կայաններ, կարկանդակի արտադրամասեր, շաքարի, ածխի, ալիւրի եւ հազար ու մի տեսակ պահեստանոց: Ի վերջոյ իր աչքով տեսել էր նաեւ Ենոքին, որը բանուորական ճաշարան էր գնել ու վերածել ժամանակակից առաջնակարգ ռեստորանի (ճաշարան): Բայց աւելի շատ լսել էր ու հաւատ չէր ընծայել: Իսկ Աշոտն ահա իր կողքին նստած…
– Աշոտ, – հարցրեց Արգամ Մանասեանը, – իսկապէ՞ս քո աչքով ես տեսել:
– Երեխաներիս արեւ: Փողերից էլ նաֆթալինին հոտ էր գալիս:
– Այսինքն՝ ո՞նց է գնում այդ ցեխը. ի՞նչ պիտի անի: Ինքը մասնագէ՞տ է.
– Չէ՜ մի, ի՞նչ մասնագէտ, Արգամ Պետրովիչ. Մասնագէտներն աշխատում են, իսկ նա տէրն է: Նրա անունն իսկի ռոճկացուցակում (վարձատրութեանց ցուցակ) էլ չի լինում: Կամ էլ ձեւակերպուած է լինում որպէս բանուոր, փականագործ: Որովհետեւ դրանք մեծ մասամբ դատուած մարդիկ են, իրաւունք չունեն նիւթական պատասխանատու աշխատանք կատարել:
– Սարսափելի բաներ ես ասում, Աշոտ…
– Էդպէս է, Արգամ Պետրովիչ, էդպէս է… Ախր բանն էն է, որ էդ մարդիկ չեն էլ թաքցնում, հակառակը՝ գոռոզանում են: Մէկն էլ իմ հարեւանն է. ասում է՝ համ (թէ՛) տրիկոտաժի (հիւսուածեղէնի) ցեխ ունեմ, համ էլ փայատէր (բաժնետէր) եմ, իմ տոկոսներն ունեմ հրուշակեղէնի (քաղցրեղէնի, խմորեղէնի) մի ցեխից եւ մի խորտկարանից: Հիմա, ասում եմ, գուցէ, թէ ես իմանամ գաղտնիքը…
Արգամն ակամայ խաղի մէջ մտաւ…
– Իսկ այդ ինչպէ՞ս պիտի իմանաս:
– Արգամ Պետրովիչ, – ասաց Աշոտը: – Ի զուր մեզ բանի տեղ չէք դնում: Էն, ինչ որ վարորդները գիտեն, ոչ մէկը չգիտի: Էն, ինչ որ վարորդներն են տեսնում… Հնարաւո՞ր է, որ պետը գաղտնիք ունենայ ու վարորդը չիմանայ էդ մասին:
– Եւ դու ուզում ես վարորդների միջոցո՞վ ճշդել:
– Հա, – ասաց Աշոտը: – Մենք էլ մեր միութիւնն ու կանոնագրութիւնը ունենք: Մեր մեծն ու փոքրը… Տեղը որ գալիս է, մենք էլ իրար ենք պաշտպանում…
Նա չաւարտեց խօսքը, որովհետեւ մեքենան արդէն կանգ էր առել գործարանի դարպասի առջեւ: Աշոտը մի թեթեւ ազդանշան տուեց, բայց երկաթեայ հսկայ դուռը մի կողմ չգնաց: Նա ազդանշան տուեց նորից ու գլուխը պատուհանից դուրս հանեց:
Իր պատուհանից գլուխը դուրս հանեց նաեւ պահակը:
– Դուռը բաց արա, ձայնեց Աշոտը, – չե՞ս տեսնում, որ ես եմ:
Պահակը նայեց մեքենայի համարին:
– Իմ ցուցակի մէջ այդ համարը չկայ:
Աշոտը կարմրատակեց, եւ Արգամ Մանասեանը հասկացաւ ամէն ինչ:
– Պէտք չէ, – ասաց նա: – Մեքենան մի կողմ տար: Ես ոտքով կը գնամ:
Բայց վարորդը արդէն դուրս էր նետուել մեքենայից: Մի քանի ցատկով նա պահակատուն մտաւ եւ քիչ յետոյ յայտնուեց պահակի հետ, նրա ձեռքն այնքան ամուր սեղմած, որ դէմքը ծամածռուել էր ցաւից:
– Հիմա տեսա՞ր, – հեւում էր Աշոտը, – տեսա՞ր, դէ գլուխ տուր…
– Բաց թող ձեռքս, – խնդրում էր պահակը: Յետոյ դարձաւ, գլուխ տուեց գործարանի նախկին տնօրէնին: – Ներողութիւն, ընկեր Մանասեան, ձեզ չտեսայ… Վա՜յ, բաց թող ձեռքս… Ես օրէնքով…
Դարպասն արագօրէն սահեց դէպի աջ, եւ Աշոտը կատաղած սեղմելով կազի ոտնակը՝ մեքենան մտցրեց բակ ու արգելակեց վարչական շէնքի առջեւ:
– Ի՞նչ կարիք կար, Աշոտ, – մեղմ ասաց Արգամ Մանասեանը: – Ինչո՞ւ պիտի նա խախտէր կարգը…
– Դէ լաւ, էլի, Արգամ Պետրովիչ, – Աշոտը դեռ յուզուած էր շնչում: – Ես նրա դատաստանը յետոյ կը տեսնեմ»: