
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ի (ԸՕՀ – FRF – Family Rescue Fund) ամէնամեայ ութերորդ Գալա ձեռնարկը այս տարի նուիրուած էր հայ վետերաններին: Հայրենիքի պաշտպաններին օժանդակելու հիմնադրամի այս առաքելութիւնը կիսում են համայնքի բազմաթիւ նուիրեալներ, ում աջակցութեամբ Նոյեմբերի 13ին, «Արբատ» սրահում կայացած ձեռնարկի ընթացքում հանգանակուեց աւելի քան 200 հազար դոլար, որ կը տրամադրուի վիրաւորուած զինուորներին եւ նրանց ընտանիքներին:
Արցախեան պատերազմներում տարբեր աստիճանի վնասուածքներ ստացած մեր զինուորները շարունակում են բուժումն ու վերականգնումը: Միաժամանակ, նրանք կեանքի նոր պայմաններին յարմարուելու մարտահրաւէրի առաջ են` յատկապէս հաշմանդամութեան տարբեր կարգ ստացած վետերանները:
2016 թուականից սկսած, «Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ը ֆինանսական աջակցութիւն է ցուցաբերում վիրաւոր զինուորների` առողջական, սոցիալական ինտեգրման (ընկերային համարկման), կենցաղային խնդիրների լուծման համար: Հիմնադրամի տրամադրած միջոցներն ուղղուել են Հայաստանում բուժհաստատութիւնների կառուցմանն ու հիմնանորոգմանը, վիրաւոր զինուորների բնակարանների վերանորոգմանը` յատկապէս Հայաստանի մարզերում: Կազմակերպութիւնը նաեւ ֆինանսական միջոցներ է յատկացրել վճարելու վիրաւորուած զինուորների բնակարանների եւ կոմունալ (համայնքային) ծառայութիւնների վարձը, օգնել է զինուորներին սկսել իրենց սեփական գործը: Հիմնադրամի հոգածութեան ներքոյ են նաեւ նահատակուած զինուորների ընտանիքներ:
Հիմնադրամի նախագահ Նազ Աթիկեան-Բաշկիջեանը յայտարարեց, որ աշխատանքները շարունակուելու են բոլոր ուղղութիւններով`միասնական ջանքերով բարելաւելու մեր հերոսների կեանքի պայմանները: «Աշխատանքը, որ մենք կատարում ենք այնքան արժէքաւոր ու արժանի մարդկանց համար է, որ բարեգործութիւն չի կարելի համարել: Սա բացարձակ արտօնութիւն է մեզ համար` տալու զինուորներին եւ նրանց ընտանիքներին այն ամէնն ինչ նրանց անհրաժեշտ է», բացման խօսքում նշեց հիմնադրամի վարչութեան անդամ Պերճ Չորլեանը:

Ձեռնարկի ընթացքում ներկայացուեցին կազմակերպութեան ձեռքբերումներն ու առաջիկայ ծրագրերը` աւելի քան 250 հիւրերի, որոնց թւում էին հոգեւոր առաջնորդներ, առողջապահական ու իրաւական ոլորտի ներկայացուցիչներ, արուեստագէտներ, նուիրատուներ, Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանն ու քաղխորհրդի անդամ Էլեն Ասատրեանը:
Արեւմտեան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արք. Տէրտէրեանը Տէրունական աղօթքից յետոյ գնահատանքի խօսք ասաց հիմնադրամի անդամներին` բացառիկ առաքելութիւնը յաջողութեամբ իրականացնելու համար. «Պէտք է համոզուած լինենք, որ մեր աղօթքները գործնական են նաեւ դառնում, եւ նուիրաբերում ենք սրտով` վստահ լինելով, որ հիմնադրամի միջոցով յոյս ենք բերում նաեւ նահատակների ընտանիքներին, ովքեր կորցրել են սիրելիներին»:
Ներկայ էին նաեւ Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանը, Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Թորգոմ եպս. Տօնոյեանի ներկայացուցիչը՝ Կոմիտաս Ծ. Վրդ. Թորոսեանը, եւ վերապատուելի Մովսէս Շանաքեանը:
Վիրաւորուած զինուորներին աջակցելու հարցում հիմնադրամը նաեւ համագործակցում է «Զինուորի Տուն Վերականգնողական Կենտրոն»ի հետ, որը Հայաստանում միակ առողջապահական հաստատութիւնն է, որ համակողմանի աջակցութիւն է ցուցաբերում զինուորներին` առողջականից մինչեւ կրթութիւն, ընկերային պայմանների բարելաւում, եւ աշխատանքի տեղաւորում: 2017 թուականից ի վեր, Արցախեան տարբեր պատերազմներում վիրաւորում ստացած շուրջ 7000 շահառու է օգտուել Զինուորի Տան ծառայութիւններից:
Այս հաստատութեան հիմնադիր դոկտոր Արմէն Մուրատեանը տեսաուղերձ էր յղել հիմնադրամի անդամներին ու աջակիցներին` երախտագիտութիւն յայտնելով աջակցութեան համար եւ ներկայացնելով «Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ի հետ համատեղ ձեռքբերումները: «Ողջունում եմ բոլորին, այս միասնական, ազնուաբարոյ գործի մաս կազմելու համար: Կը ցանկանայի ուրախ լուրեր յայտնել, որոնք արդիւնք են ձեր ազգանուէր աշխատանքի: Մի քանի ամիս է, որ լիարժէք գործում է գանգուղեղային ծանր վնասուածքներով եւ վերականգնման ընթացքում բժշկական խնամքի կարիք ունեցող զինուորների համար առաջին մասնագիտացած կենտրոնը, որ բացուեց Յունուարին` «Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ի ֆինանսաւորմամբ: Ինտենսիւ թերապիայի (խտացուած բուժման) եւ վերականգնողական բուժման այս բաժանմունքում, զինուորներն ստանում են այնպիսի որակեալ բուժօգնութիւն, որ նոյնիսկ այլ երկրներում բուժուող մեր վիրաւորուած զինուորների ծնողներն են դիմում մեզ` իրենց զաւակներին տեղափոխելու մեր կենտրոն, եւ նրանք հայրենիքում են ստանում արժանապատիւ եւ ժամանակակից բուժում», տեղեկացրեց դոկտոր Մուրատեանը:
Գանգուղեղային ծանր վնասուածք ստացած զինուորները սովորաբար շարունակում են բուժօգնութիւն ստանալ հիւանդանոցների վերակենդանացման բաժանմունքներով: Խօսքն այն դէպքերի մասին է, երբ ախտորոշւում է կոմային (մահաթմբիրի) կամ վեգետատիւ (բուսական կեանքի) վիճակ, եւ անհրաժեշտ է շուրջօրեայ մասնագիտական խնամք: Զինուորի Տունը հնարաւորութիւն է ընձեռել Հայաստանի եւ Եւրոպական հիւանդանոցներից զինուորներին բուժումը շարունակել նորաբաց կենտրոնում: Արհեստավարժ բուժանձնակազմին յաջողուել է հասնել մեծ արդիւնքների` մի քանի զինուորի գիտակցութիւնը վերականգնուել է, որոշներն են սկսել են խօսել, քայլել:

Արմէն Մուրատեանը նաեւ պատմեց Զինուորի Տանը Սեպտեմբերին բացուած վիրաբուժական բաժանմունքի մասին, որի ստեղծմանը մասնակցել է նաեւ «Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ը:
Երեք վիրասրահով նոր կենտրոնը կ՛ամբողջացնի բուժման ողջ շրջանը` վիրահատութիւնից մինչեւ վերականգնում, եւ զինուորները կարիք չեն ունենայ դիմել տարբեր հիւանդանոցներ: ԸՕՀի աջակցութեամբ հիմնանորոգուել են բաժանմունքի 7 հիւանդասենեակները, վիրակապարանը, որոնք յարմարեցուած են նաեւ հաշմանդամ բուժառուների համար:
«Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ի ձեռնարկի գլխաւոր բանախօսը Լոս Անջելեսի մարզի դատաւոր Արմենուհի Էմի Աւշանեանն էր, որ կիսուեց Զինուորի Տուն իր այցից տպաւորութիւններով, ուր այս տարի ամրանը նրան հրաւիրել էր Նազ Աթիկեան-Բաշկիջեանը: «Զինուորները Նազին ընդունեցին այնպիսի ջերմութեամբ, որ զգացի, որ այն, ինչ հիմնադրամն անում է վերականգնուող մեր տղաների համար, դրամահաւաքի ձեռնարկներից ու յաճախակի այցերից անդին են` Նազը նրանց տալիս է ապագայի յոյս: Զինուորի Տանն ականատես եղայ դրական լիցքերի ու սպասումների: Հնարաւորութիւն ունեցայ զրուցելու մեր զինուորների հետ իրենց ապագայի մասին, թէ ինչ նպատակներ ու ցանկութիւններ ունեն, եւ ի զարմանս ինձ, որ կարծում էի, թէ յուսահատութիւն կը տեսնեմ, տեսայ հակառակը: Դա ինձ յոյս տուեց, ու խոստացայ Նազին, որ ես մշտապէս լինելու եմ հիմնադրամի կողքին», յուզմունքով նշեց Աւշանեանը:
«Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ը մշտապէս կարեւորել է հոգեբանական աջակցութիւնը, ֆինանսաւորել զինուորների համար պարի դասընթացների անցկացումը` որպէս «արթ թերապիա»ի (արուեստով բուժում) մաս: Ձեռնարկի բանախօսներից, ամերիկահայ բժիշկ Արման Կարապետեանը, ով գործընկերների հետ հոգեբանական ծրագրեր է իրականացնում Զինուորի Տանն ապաքինուող վետերանների համար, յայտարարեց հիմնադրամի հետ համագործակցութեան մասին:
ԸՕՀի երիտասարդական մասնաճիւղի ներկայացուցիչներն էլ պատմեցին Հայաստան այցի, երիտասարդներին աջակցելու կարեւորութեան մասին եւ յայտնեցին, որ այդ նպատակով նախաձեռնել են ծրագիր, որ կը մեկնարկի 2023ին:

Հիմնադրամի ամէնամեայ ձեռնարկը նաեւ առիթ էր շնորհակալութիւն յայտնելու բարերարներին ու աջակիցներին: Հիմնադրամի գլխաւոր հովանաւորներից, «Սերվիս Թայթան» ընկերութեան համահիմնադիր Արա Մահտեսեանն ընդունելով երախտագիտութեան խորհրդանշական իր նուէրը, նշեց, որ մեր բոլորի երախտիքի խօսքերն ու գործողութիւնները պէտք է ուղղուեն հերոսներին: «Կայ մի բան, որ միաւորում է մեզ բոլորիս` դա սերն է Հայաստանի եւ առաջնագծում կանգնած հերոսների հանդէպ»: Այս խօսքերից յետոյ, յուզիչ էին Նազ Աթիկեանի կողմից ձեռնարկին ներկայ` Արցախեան 44օրեայ պատերազմի մասնակից Մայք Գրիգորեանի մասին խօսքերը, ով շուրջ մէկ ամիս, եղբօր` Դաւիթի հետ միասին հայրենիքի համար մարտեր էր մղել առաջնագծերում եւ ծանր վիրաւորուել, ցաւօք կորցնելով եղբօրը:
Հիմնադրամին իրենց աջակցութիւնն էին եկել յայտնելու ճանաչուած արուեստագէտներ, պարի ու երգի մանկական, պատանեկան համոյթներ:
Սիրուած երգիչ Յարութ Փամբուկչեանը կատարումից առաջ կիսուեց Զինուորի Տանը իր հանդիպումների եւ այնտեղ բուժուող տղաների հետ համերգի մասին յուզիչ մանրամասներով` նշելով, որ մշտապէս մասնակցել է ԸՕՀի ձեռնարկներին, սակայն այս անգամ այն առանձնայատուկ նշանակութիւն ունի իր համար:
Հանդէս եկան նաեւ Հայաստանի վաստակաւոր արտիստ, երգիչ դերասան Յովհաննէս Բաբախանեանը, ջութակահար Ռոբերտ Աղիյեանը, «Բարեկամութիւն» պարի համոյթը, Հայկազունեաց հայկական վարժարանի աշակերտները, Լիանա Մարտիրոսեանի սաները` տաղանդաւոր փոքրիկ երգիչներ Դարեն Չիլինգիրեանը, Սառա եւ Սոլէյ երկեակը, եւ ժողովրդական երգերի կատարումներով` «Հայուհիներ» խումբը:
Ձեռնարկի գլխաւոր հովանաւորներից էր նաեւ աշխարհահռչակ ձեւաւորող Մայքլ Արամն ու իր ապրանքանիշը ներկայացնող «Լը Փափիյոն» խանութ-սրահը:
Ներկաները նշեցին, որ կենսական են համարում «Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամ»ին աջակցութիւնը` Հայաստանի ու Արցախի համար այս ծանր ժամանակաշրջանում յատկապէս հայրենիքի պաշտպանների թիկունքն ամուր պահելու առումով: