

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ` ԹՈՒՄՕ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՆՕՐԷՆ ԵՒ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ԲԵԿՈՐ ՓԱՓԱԶԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու) կենտրոնն ներկայացնում է Հայաստանում ստեղծուած լաւագոյնը, որի շուրջ համաշխարհային մեծ պահանջարկ է ձեւաւորուել: 12-18 տարեկան պատանիների համար նախատեսուած կենտրոնը, տասը տարուց աւելի անվճար կրթութիւն է տրամադրում դիզայնի (ձեւաւորման) եւ տեխնոլոգիաների ոլորտում: ԹՈՒՄՕն իր դռները բացել է 2011 թուականին Երեւանում, եւ տարիների ընթացքում ընդլայնելով աշխարհագրութիւնը` այսօր կենտրոններ ունի նաեւ Գիւմրիում, Դիլիջանում, Սեւանում եւ Ստեփանակերտում, իսկ Հայաստանից դուրս` Փարիզում, Բէյրութում, Մոսկուայում, Տիրանայում, Բեռլինում, Կիեւում եւ Լիոնում, շուտով նախատեսւում է նաեւ Միացեալ Նահանգներում: «Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը շատ արագ է զարգանում, եւ մեծ պահանջ ունի աշխատողների, սթարթափների, եւ մենք շատ ուրախ ենք, որ տասներկու տարի առաջ սկսելով մեր այս աշխատանքը, այժմ սնուցում ենք այդ ոլորտը, եւ պարզ տեսանելի է այն ազդեցութիւնը, որ ԹՈՒՄՕի սաներն ունենում են: Այսօր ԹՈՒՄՕ յաճախում է 25 հազար պատանի` քսանը Հայաստանում, հինգ հազարը դրսում, եւ ամէն շաբաթ այս թիւն արագօրէն աճում է, ու մենք էլ մեծացնում ենք ցանցը` նախատեսելով մինչեւ 2027 թուականը ունենալ 80 հազար ուսանող», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշում է ԹՈՒՄՕի զարգացման տնօրէն եւ համահիմնադիր Բեկոր Փափազեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԹՈՒՄՕն մշտապէս հանդէս է գալիս նոր նախաձեռնութիւններով: Ի՞նչ ծրագրերի ուղղութեամբ էք ներկայում աշխատում:
ԲԵԿՈՐ ՓԱՓԱԶԵԱՆ.- Այսօր իրականացնում ենք մի ծրագիր, որի նպատակն է, առանց բացառութեան, բոլոր պատանիներին ու երիտասարդներին Հայաստանում հասանելի դարձնել ԹՈՒՄՕն` իրենց տանից առաւելագոյնը կէս կամ մէկ ժամ հեռաւորութեամբ: Խօսքը «ԹՈՒՄՕ Տուփ»ի մասին է, որը փոքր, հեշտութեամբ տեղաշարժուող, սակայն տեխնիկապէս յագեցած աշխատանոց է եւ տեղադրւում է գիւղերում ու քաղաքներում` ծառայելով որպէս ԹՈՒՄՕի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար: Այս համակարգը հնարաւորութիւն է տալիս նուազագոյն ֆինանսական միջոցներով մարզերի պատանիների համար ապահովել ԹՈՒՄՕի կրթական փորձառութիւնը: Անցնելով ինքնուսուցման ընթացքն իրենց տեղական «ԹՈՒՄՕ Տուփ»ում, տարուայ ընթացքում, այս երիտասարդներն այցելում են մեր հիմնական կենտրոններից մէկը, որտեղ կան ռոբոտաշինութեան (մարդմեքենայի կառուցման), երաժշտութեան եւ այլ ստուդիաներ (աշխատանոցներ), հանդիպում են այլ շրջաններից եկած ուսանողների, ստեղծում կապեր եւ համագործակցութեան հիմքեր դնում:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ընդլայնման համար ունէ՞ք համապատասխան որակաւորում ունեցող աշխատակիցներ:
ԲԵԿՈՐ ՓԱՓԱԶԵԱՆ.- Հայաստանի մարզերում եւ Արցախում ԹՈՒՄՕի կրթական ցանցի տարածմանը զուգահեռ նաեւ կտրուկ աճում են կենտրոնի աշխատատեղերը, եւ մենք մասնագէտների կարիք ունէինք: Այս հարցը լուծելու համար հիմնեցինք ԹՈՒՄՕ ակադեմիան, որտեղ ուսուցանում ենք մեր ապագայ անձնակազմին: ԹՈՒՄՕ ակադեմիան հնարաւորութիւն է տալիս ձեռք բերել նոր մասնագիտութիւն եւ աշխատել ԹՈՒՄՕի նորարարական կրթական միջավայրում: Ծրագրում ներգրաւուելու համար նախնական մասնագիտական փորձը պարտադիր չէ: Ստանալով արագընթաց կրթութիւն եւ կրթաթոշակ` վեցամսեայ ծրագիրը յաջողութեամբ աւարտող մասնակիցները միանում են ԹՈՒՄՕի թիմին (խումբին, աշխատակազմին) որպէս դասընթացավարներ: Մեր մօտ աշխատանքի ընդունուելու համար դիմում են նաեւ այլ երկրներից: Այս պահին հաստիքներ ունենք ճարտարապետութեան, շինարարութեան, ծրագրաւորման, մենեջմենթի (տնօրէնութեան) ոլորտներում եւ, ի դէպ, Սփիւռքից էլ կարող են մեզ դիմել աշխատանքի համար:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԹՈՒՄՕի կրթական ծրագիրն ի՞նչ ձեւաչափով է գործում:
ԲԵԿՈՐ ՓԱՓԱԶԵԱՆ.- ԹՈՒՄՕն ունի երեք ձեւաչափ` կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցողական վարժանքներից, դասընթացներից եւ աշխատարաններից 14 հիմնական ոլորտներում, այդ թւում` անիմացիա (շարժանկար-animation), խաղերի, ֆիլմերի ստեղծում, կայքերի մշակում, երաժշտութիւն, ստեղծագործութիւն, նկարչութիւն, գրաֆիկական դիզայն (գծանկարչութեան ձեւաւորում) եւ այլ:
Ինքնուսուցողական վարժանքների միջոցով մեր ուսանողները նոր հմտութիւններ են ձեռք բերում եւ մարզիչների օգնութեամբ փոքր նախագծեր են իրականացնում: ԹՈՒՄՕի դասընթացները նշուած կրթական ոլորտներում նախատեսուած են սկսնակ, միջին եւ բարձր մակարդակների համար եւ աւարտւում են անհատական կամ խմբային նախագծերով: Աշխատարաններն էլ` կարճատեւ ծրագրեր են, որ անցկացւում են ոլորտի առաջատար մասնագէտների կողմից: Ամէն տարի, հարիւրից աւելի մասնագէտներ, աշխարհի տարբեր ծայրերից գալիս են ԹՈՒՄՕ` կամաւոր սկզբունքով աշխատելու մեր սաների հետ իրական նախագծերի վրայ:
Այս հարցում, Սփիւռքի ներդրումը կարող է որոշիչ լինել, այն առումով որ սփիւռքահայ մասնագէտները, կամաւորական սկզբունքով ԹՈՒՄՕում երկու շաբաթ դասաւանդեն իրենց մասնագիտութեան շրջանակներում: Օրինակ, ունեցել ենք գիտնականներ «Գուգլ»ից, «Ֆէյսբուք»ից, ովքեր մեքենաշինութեան, կինոստեղծման արժապատկերի պատրաստութեան) դասընթացներ են անցկացրել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Սփիւռքից էլ շատ պատանիներ կան, որ ցանկանում են սովորել ԹՈՒՄՕում: Ինչպէ՞ս կարող են նրանք մասնակցել կենտրոնի դասընթացներին:
ԲԵԿՈՐ ՓԱՓԱԶԵԱՆ.- Տարիներ առաջ սկսեցինք ԹՈՒՄՕ ամառային ճամբարը, որ հնարաւորութիւն է տալիս պատանիներին ամբողջ աշխարհից արագացուած ընթացքով սովորել մեր խտացուած ծրագիրը: Միաժամանակ, մասնակիցները հնարաւորութիւն են ստանում շրջել Հայաստանի պատմամշակութային վայրերում եւ մասնակցել բազմապիսի միջոցառումների: Ճամբարում դասաւանդումը տեւում է նուազագոյնը երկու շաբաթ: Ճամբարը վճարովի է, եւ ստացուած գումարը թոյլ է տալիս ապահովել Հայաստանի այլ վայրերից, որտեղ ԹՈՒՄՕ չկայ, ուսանողներին անվճար բերելու ճամբար եւ կապ ստեղծել նրանց եւ սփիւռքահայ երիտասարդների միջեւ: Այս տարուանից մեկնարկել է նաեւ գիշերակացով ծրագիրը: Երեւանում գործում է առաւօտեան ճամբարը, եւ Դիլիջանում, որտեղ ունենք մեր հանրակացարանը, ճամբարը մէկ շաբաթ անցկացւում է գիշերելով:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԹՈՒՄՕի ձեր տեսլականը, որպէս համահիմնադիր, որքանո՞վ է իրականացել:
ԲԵԿՈՐ ՓԱՓԱԶԵԱՆ.- ԹՈՒՄՕի նպատակն այսօր առաւել իմաստաւորուել է, այն է` յաջորդ սերնդին սովորեցնել ճիշդ որոշումներ կայացնել, հմտութիւններ ձեռք բերել, տնտեսութիւնը զարգացնել եւ երկրի անվտանգութիւնն ապահովել: Սա յստակ է, եւ արդէն տեսնում ենք, որ տասը տարի առաջուայ մեր ուսանողներն այսօր մտնում են աշխատանքային շուկայ, սթարթափներ են ստեղծում, եւ պարզ տեսանելի է ազդեցութիւնը, որ նրանք ունենում են իրենց շրջապատի վրայ: Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը շատ արագ է զարգանում, եւ շատ մեծ պահանջ ունի աշխատողների, սթարթափների, եւ մենք շատ ուրախ ենք, որ տասը տարի առաջ սկսելով այդ աշխատանքը, այժմ սնուցում ենք այդ ոլորտը:
ԹՈՒՄՕի դերը Հայաստանում մեր համար ուղղակիօրէն կապուած էր երիտասարդների, պատանիների ապագայի հետ, բայց ընթացքում հասկացանք, որ մեր պատասխանատուութիւնն աւելի մեծ է քան միայն դա, որովհետեւ այդ պատանիները դառնալու են յաջորդ սերունդը, որ ժառանգելու է այն ինչ մենք ստեղծել ենք Հայաստանում, եւ ինքն է որոշելու մեր ճակատագիրը:
Միաժամանակ, մեր համար շատ անսպասելի պատասխանատուութիւն ենք ստանձնել` ԹՈՒՄՕն դարձել է Հայաստանից արտահանուող եւ Հայաստանը ներկայացնող պահանջուած կենտրոն: Այսօր, կարելի է ասել, ԹՈՒՄՕները փոքր դեսպանատների առաքելութիւն են կատարում նաեւ, որովհետեւ կառավարութիւնը եւ յաճախ Սփիւռքը ցանկանում է տեսնել ԹՈՒՄՕն որպէս Հայաստանի ներկայացուցիչ: Աշխարհում բոլորը գիտեն, որ ԹՈՒՄՕն Հայաստանից է, եւ օտար քաղաքական գործիչներն էլ միշտ ընդգծում են հանգամանքը, որ Հայաստանին իրենց երկրների աջակցութեան դիմաց մենք էլ վերադարձնում ենք: Այս հանգամանքը մեզ մեծ հաճոյք է պատճառում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԹՈՒՄՕն, գիտելիքներից բացի, նաեւ արժեհամակարգ է փոխանցում:
ԲԵԿՈՐ ՓԱՓԱԶԵԱՆ.- Փորձում ենք ստեղծել առողջ մթնոլորտ, որտեղ համագործակցելը, նուաճումներ ձեռք բերելը վարձատրւում է, եւ արժէքները ձեւաւորւում են ինքնաբերաբար: Մենք կարեւորում ենք երկու տեսակի արժէքներ: Մէկ խումբը կապուած է այն հմտութիւնների հետ, որոնք գործատուներն են պահանջում, այն է` ինքնավստահութիւն, նախաձեռնողականութիւն, հաղորդակցութիւն, վերլուծական մտածողութիւն, որը մենք ակտիւօրէն (աշխուժօրէն) զարգացնում ենք ոչ-ուղղակիօրէն դասաւանդելով, որովհետեւ չենք հաւատում, որ դրանք պէտք է ուղղակիօրէն դասաւանդուի, այլ` առիթներ եւ մարտահրաւէրներ ստեղծելով: Միւս խումբը կապուած է ինքնութեան հետ եւ Հայաստանի դէպքում, Հայաստանի զարգացման եւ առաջնայնութիւնների հետ, ինչպիսիք են` կարեւորել սեփական արժէքդ, պատասխանատու զգալ, պահանջատէր լինել: Արդիւնքները շատ յուսադրող են, եւ կարծում եմ, եթէ վիճակագրութիւն լինի, կը պարզուի, որ նպաստել ենք արտագաղթի նուազմանը, որովհետեւ երբ տեսնում ես, որ Հայաստանում էլ կարելի է շատ հետաքրքիր գործեր անել, համացանցով տանը նստած արտասահմանեան պատուիրատուի հետ ծրագրեր իրականացնել, կարիք չի առաջանում մտածել երկրից դուրս գալու մասին:
Ցանկանում եմ ընդգծել, որ ԹՈՒՄՕի համար առաջնային է հայրենասիրութիւնը, թէեւ անմիջականօրէն դա չենք դասաւանդում: Մենք չենք պահանջում, որ մեր ուսանողների ստեղծած ծրագրերը, կամ ֆիլմերը հայկական թեմաներով լինեն, բայց ստացւում են այդպէս, ինչը մեզ մեծ գոհունակութիւն է պատճառում: Օրինակ, մեր սաների հետաքրքիր նախագծերից նշեմ`Հայաստանում, յատկապէս վտանգուած բազմաթիւ եկեղեցիների եւ վանքերի 3D սքանաւորման եւ մոդելաւորման (նախատիպի պատրաստութեան) ծրագիրը:
Ունենք վիճակագրութիւն, որ Հայաստանում երեսուն տոկոսով աւելացել է այն ուսանողների թիւը, ովքեր դիմում են տեխնոլոգիա եւ դիզայն սովորելու` ի տարբերութիւն դասական մասնագիտութիւնների, ինչպէս օրինակ բժշկութիւն, իրաւաբանութիւն: Կարծում եմ, այս հարցում շատ մեծ ներդրում ունենք:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ միջոցներով են իրականացւում ձեր ծրագրերը: Սփիւռքը ինչպէ՞ս կարող է մասնակիցը դառնալ այս համահայկական կենտրոնի զարգացմանը:
ԲԵԿՈՐ ՓԱՓԱԶԵԱՆ.- Մեր նոր ընդլայնման ծրագիրը հնարաւոր է դառնում մեծ դրամահաւաքի արշաւի արդիւնքում: 50 միլիոն դոլար հաւաքելու նպատակ ունէինք, որից կէսից աւելին արդէն ստացուել է: Յորդորում ենք բոլորին, որ ներդրում կատարեն Հայաստանում նաեւ ԹՈՒՄՕի միջոցով, որովհետեւ ի վերջոյ, ե՛ւ նոր սերունդների ապագան, ե՛ւ Հայաստանի ապագան, նոյնիսկ անվտանգութիւնը, մեր համոզմամբ կախուած է հմուտ, խելացի, լաւ կողմնորոշուող նոր սերնդից: Նրանք պէտք է կարողանան ֆինանսական զգալի միջոցներ առաջացնել` հիմնելով սթարթափներ, աշխատելով այլ երկրների հետ, եւ մասնաւորապէս այն ոլորտներում, որոնք ԹՈՒՄՕն փորձում է զարգացնել` ռոբոտաշինութիւն, ծրագրաւորում, դիզայն: Արհեստական բանականութեան այս դարում, շատ կարեւոր է, որ միայն տեխնիկայով (գիտարուեստով) չբաւարարուես, որովհետեւ չի բացառւում, որ արհեստական բանականութիւնը համեմատաբար մատչելի, հասանելի ոլորտները այնպէս զարգացնի, որ աշխատատեղեր շատ չմնան, բայց երբ հմտութիւնը դիզայնի եւ տեխնոլոգիայի մէջտեղում է`շատ աւելի յուսալի է: Ուրախ ենք, որ արդէն մեծ ներդրողներ ունենք` ի դէմս մեր հիմնական բարերար Սեմ Սիմոնեանի, արդէն նաեւ Եմենիջեան, Աքիլեան ընտանիքների, Էրիկ Իսրայէլեանի աջակցութեամբ նաեւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան:
Կարծում ենք, որ Սփիւռքն այդ առումով մեծ մասնակցութիւն պէտք է ունենայ մասնաւորապէս ցանցի ընդլայնման համար: Ստեփանակերտում, օրինակ ԹՈՒՄՕ ունենք, եւ մեծ ծաւալով «ԹՈՒՄՕ Տուփեր» ենք տեղադրում Ասկերանում, Մարտակերտում, Մարտունիում, եւ ուսանողները շատ աշխոյժ են, նոյնիսկ այսօրուայ պայմաններում լաւ յաճախում են: Պէտք է տուփ բացենք նաեւ Կարմիր Շուկայում` հակառակ կասկածներին, եւ սա նպաստում է ոչ միայն ուսանողների զարգացմանը, ուսուցմանը, նաեւ` վստահութիւն է ներշնչում եւ ազդանշան է տալիս, որ մարդիկ չյուսահատուեն, չլքեն շրջանը: Այս առումով համարում ենք, որ մեր գործունէութիւնը ռազմավարական է: Armenia.tumo.org կայքում կարելի է հետեւել մեր ցանցի ընդլայնմանը` գունաւոր կոդերով (գաղտնաթիւերով, այս պարագային՝ գաղտնագոյն, կամ՝ կանոնակարգերով) կարելի է տեսնել, թէ որտեղ «տուփեր» կան, եւ որոնք են ծրագրուած:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Շատերն են հետաքրքրւում, արդեօք ԹՈՒՄՕ կենտրոնում ուսանող սաները մատուցո՞ւմ են նաեւ վճարովի ծառայութիւններ իրենց ուսումնասիրած ոլորտներում:
ԲԵԿՈՐ ՓԱՓԱԶԵԱՆ.- Մեզ յաճախ դիմում են Սփիւռքից` ցանկանալով մեր ուսանողներին պատուիրել կայքի կամ անիմացիաների պատրաստում: Մենք այդ հարցը ձեւափոխում ենք, որովհետեւ ծառայութիւններ մատուցելու սկզբունք չունենք: Մեր համար առաջնայինը ուսումնական փորձն է, որն իհարկէ արդիւնք տալիս է, բայց ինքնանպատակ չէ: Հետեւաբար, երբ այդպիսի դիմումներ ստանում ենք, ասում ենք, որ եթէ ֆինանսաւորեն մասնագէտի ներգրաւուածութիւն, որ գայ եւ աշխատանքային աշխատանոց անցկացնի մեր ուսանողների համար մի քանի շաբաթների ընթացքում եւ դրա արդիւնքը լինի պատուիրուած ծառայութիւնը` դէմ չենք եւ ողջունում ենք: Հետեւաբար, ծառայութիւնների մատուցում չի, այլ աշխատանք ծրագրի վրայ, եւ պատուիրատուի ներդրումը լինում է ոչ ուղղակիօրէն` ֆինանսաւորում է մասնագէտի ժամանումը Հայաստանում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԹՈՒՄՕն գործում է նաեւ Հայաստանից դուրս: Ի՞նչ սկզբունքով է արտահանւում:
ԲԵԿՈՐ ՓԱՓԱԶԵԱՆ.- Այսօր գործում է ԹՈՒՄՕի եօթ միջազգային կենտրոն` Փարիզում, Բէյրութում, Մոսկուայում, Տիրանայում, Բեռլինում, Կիեւում եւ Լիոնում: Առաջիկայում ծրագրւում է բացել կենտրոն նաեւ Կալիֆորնիայում: Միջազգային ցանցը աշխատում է ֆրենչայզինգի (արտօնութեան), բայց ոչ առեւտրային մոդելով: Մեր գործընկերները բարերարներ են, կառավարութիւններ են, այստեղի դէպքում` Կալիֆորնիայի դաշնային կառավարութիւնը, քաղաքապետարանը: Համագործակցում ենք այնպիսի գործընկերների հետ, ովքեր կարեւորում են Բարձր տեխնոլոգիաների եւ ձեւաւորման ոլորտում անվճար ուսուցումը: Մենք ենք իրականացնում որակի վերահսկում, տրամադրում ենք մեր կրթական ծրագիրը, պատրաստում աշխատողներին:
Համաշխարհային ընդլայնումը մեզ օգնում է լուծել Հայաստանում տարածուելու համար անհրաժեշտ ֆինանսական հարցերը, որ հարկաւոր է նաեւ ապահովելու համար անվճար կրթութիւնը: Հետեւաբար, միջազգային ցանցը շատ կարեւոր է, որովհետեւ ամէն ԹՈՒՄՕ, որ բացւում է արտասահմանում, արտօնագրի համար տարեկան որոշակի գումար է վճարում Հայաստանին: Դա նաեւ օգնում է, որ մեր ծրագրի որակը բարձրացնենք, եւ համաշխարհային չափանիշներին համապատասխան դարձնենք:
Մեր համար կարեւոր է` ԱՄՆում, Նորթ Հոլիվուդում 2024թուականի աշնան բացուող ԹՈՒՄՕն, քանի որ Սփիւռքի ամենամեծ օջախներից մէկում է գործելու, եւ հայերը լինելու են մեծամասնութիւն: Մենք պնդում ենք, որ ԹՈՒՄՕն բոլոր երկրներում լինի անվճար, եւ չնայած թանկ հաճոյք է, բայց մեր համար շատ կարեւոր է, որ ե՛ւ սոցիալական (ընկերային) նպատակներով, եւ սկզբունքային լինելու համար անվճար լինի, եւ բոլոր երկրներում մեր գործընկերները կիսում են մեր գաղափարը, եւ նոյնը կը լինի Լոս Անջելեսում: