2007ի Յունիսի 20ին Երեւանի Քամերային երաժշտութեան տան մէջ մեծ շուքով նշուեցաւ Հրաչեայ Թամրազեանի «Ասացող երկիր» եւ «Արուեստի քերթութիւն» բանաստեղծական ժողովածուներու ողջունահանդէսը: Գիրքը ներկայացնողներէն մէկը Սօնա Վանն էր, որու խօսքը կը ներկայացնենք մեր ընթերցողներուն:
Եթէ ճշմարիտ է այն, որ բանաստեղծի հոգին քաւարանի տարածք է, որի միջով անցում են բոլոր հոգիները դրախտի կամ դժոխքի ճանապարհին, ապա ո՞ւմ հոգին է առաւելագոյնս արժանի այդ առաքելութեանը, եթէ ոչ այն բանաստեղծի, ով Նարեկացու տողի ճշմարտութեանը հասել է ոչ միայն իմացութեամբ ու բանաստեղծական շնորհով, այլ ճգնաւորութեամբ ու ինքնամաքրման սեփական ճանապարհով: Սակայն նարեկեան հազարամեակի պատմութիւն ունեցող ներշնչանքի աղբիւրը չէ միայն, որով կարելի է արժեւորել գիրը: Բանաստեղծը նախ եւ առաջ իր ժամանակի հետ երկխօսող անհատն է: Հոգու բարեշրջութիւնը (էվոլուցիան) յաղթահարած իւրայատուկ անհատի եւ ժամանակի ճշգրիտ յարաբերութիւնից է ծնւում ճշմարիտ բանաստեղծական տողը եւ հէնց ժամանակի անվերջանալի ներկայութիւնն է պատճառը, որ գրողի երազը հազար տարի առաջ ու նաեւ այսօր, ժամանակի շարժման առաւել ճշգրիտ մեքենայ ստեղծելն է, մահուան ու վերածննդի առաւել անճիգ ներքին մեքանիզմով ու ժամանակի յետադարձ հոսքի հնարաւորութեամբ, որի մէջ ուշացած ու մոլորուած մարդը եւս մի առիթ կ’ունենայ մեղքի ու ինքնամաքրման:
Հրաչեայ Թամրազեանը գոյաբանական ու գեղագիտական այս ճշմարտութունների կրողն է: Թէ՛ իր բանաստեղծական կառոյցի ամուր խաղարկայնութեամբ եւ թէ որպէս անհատ: Յայտնուելով մի ժամանակի մէջ («Տոն Քիշոտ»), որտեղ «Ծափեր կորզողը միայն խեղկատակն է», բանաստեղծը նախընտրում է բեմական մնջախաղը, ուր նա կարող է երկխօսել իր ամենահաւատարիմ ուղեկցի՝ իր սեփական ստուերի հետ: Երկխօսութիւն, որը ձգւում է 219 էջ («ARS POETICA»), էջերի բազմութեան մէջ երբեւէ չկորցնելով բանաստեղծութեան կառուցուածքային ամրութիւնը, խոհի, բանատողի եւ պատկերի տրամաբանութիւնը, խոհափիլիսոփայական շերտի միատեղ ամրութիւնն ու խաղարկայնութիւնը, ամբողջ ընթացքում յենելով ոչ թէ բանաստեղծի բնատուր շնորհի, արհեստավարժութեան ու լեզուի խորը իմացութեան վրայ, այլ ապաւինելով իր իսկ ստուերի լսողական ու ներքին հաւատարմութեանը, լեզուի ինքնակառոյց ուժին ու զգացմունքի բնազդային զարգացումներին, որին բանաստեղծը տեղեկանում է ինքնաբերաբար, շարքային ընթերցողի պէս, հետեւելով դատարկ բեմի վրայ սեփական ստուերի հոգեբանական ու ֆիզիքական շարժունակութեանն ու ներքին այրմանը: Բանաստեղծական երկու ժողովածուներն էլ ներկայ ժամանակը իրապէս հասկանալու եւ դրա հետ արդիւնաւէտօրէն ու պոէտաբար գործակցելու հոգեթերապեւտիկ հերթական սեանսներ են, որոնց արդիւնքում իր օրերի բարբարոսական թատերգութիւնից, անյուսութիւնից ու այլաբանական մթութիւնից դուրս եկող բանաստեղծը լեզուի, հոգու ու պոէտիկ մտքի անկանխատեսելի զարգացումների միջոցով ընթերցողին ուղեկցում է հնարաւոր լուծումների մի այլ իրականութիւն, թէպէտ օդի մէջ մնում են ցանկացած մտածող ու զգայուն մարդու մտահոգող միեւնոյն հարցերը՝ «ինչո՞ւ է ամբոխն այնքան անտարբեր ու արժէ՞ սգալ կամ արցունք թափել…»:
Այսպէս շարունակ ժամանակի հետ խենթախօսելով, բանաստեղծի մահատեաց հոգին փորձում է կերպեր գտնել ամայութիւնն ու մեռած հոգիները վերակենդանացնելու, խօսքը ուղղելով նորընտիր վերնախաւին, որ «զոհել է իր միակ հերոսին» եւ փորձում է համոզել բանաստեղծին, որ «ժամանակ է պէտք, երբ ժամանակն է վաղուց կանգ առել»: Այո: Այն դուրս չի սահել իր շաւղից , այլ կանգ է առել ի սպառ, որովհետեւ խաթարուել է նրա աստուածային սկիզբը՝ բառը: Երդուելով, ահազանգելով, որ «ժամանակի պատանդը բառն է», «Տոն Քիշոտ» բանաստեղծութեամբ Թամրազեանը կոչ է անում կռուել յանուն բառի փրկութեան.
«… ու անիմաստ է արդէն յապաղել,
երբ խօսքն է այրւում ներքին խռովքից
նա դո՛ւրս կը պրծնի աքցանից ահեղ
կա՛մ կ’արժանանայ յաւերժ նզովքի…»:
Այսպիսով ինքը՝ բանաստեղծը, դառնալով մեր օրերի Տոն Քիշոտը, որը թէպէտ «յուշարար կամ ուղեկից չունի», բայց «լոյս է մուրում աչքերի համար ու կեանքն ապրեցնող խօսք է աղերսում, փակուած մնալով ինքը իր ներսում…»:
Իմ պոէտիկ նախազգացումն ասում է, որ մարդը պիտի վերադառնայ իր հոգեւոր սկզբին, որ պիտի փրկուի՛ բառը ու վերստին պիտի շարժուի մթնած ժամանակը նաեւ ա՛յս տողերի լուսաւոր ճիգով, քանզի արդէն իսկ տեսնում եմ, թէ ինչպէս՝
«… Դու խառնւում ես արարուող երգին,
որից թարթափող լոյս է ճառագում»: