Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոս Անջելեսի Միացեալ կրթաշրջանի երկլեզու (ԼԱՄԿ) կրթական ծրագրի շրջանակներում գործող հայոց լեզուի ուսումնական ծրագիրն առաջարկում է բացառիկ հնարաւորութիւններ հանրային դպրոցներում սովորող հայ աշակերտների համար: Մասնակիցները Կալիֆորնիայի ուսումնական ծրագիրը ուսումնասիրում են միաժամանակ անգլերէնով եւ հայերէնով: Գիտական հետազօտութիւնները վկայում են երկլեզու կրթութեան բազմաթիւ առաւելութիւնների մասին, այդ թւում՝ աշակերտի առաջադիմութեան աճի վրայ ազդեցութիւնը, խնդիրների լուծման հարցում կողմնորոշուելու արդիւնաւէտութիւնը, տնտեսական առումով մրցունակութիւնը: Լոս Անջելեսի հանրային դպրոցներում առաջարկուող երկլեզու ծրագրի առանձնայատկութիւններից է նաեւ մշակութային կրթութիւնը, ինչը բարձրակարգ հայ մանկավարժների շնորհիւ ամբողջացնում է ուսումնական այս ծրագիրը՝ հանրային դպրոցը դարձնելով նաեւ հայկական ինքնութեան կերտման իւրատեսակ դարբնոց:
Լոս Անջելեսի Միացեալ կրթաշրջանի երկլեզու կրթական ծրագրի մասին «Ասպարէզ»ի հարցազրոյցը՝ Երկլեզու կրթութեան եւ համաշխարհային լեզուների բաժնի համակարգող Նադա Շաաթի, Մաունթէյն Վիւ Էլեմենթըրի դպրոցի երկլեզու ծրագրի ուսուցչուհի Նունէ Առաքելեանի եւ Տարրական անգլերէնի բաժնի համակարգող Էնն Արգոյի հետ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ նպատակով է ստեղծուել Լոս Անջելեսի կրթաշրջանի երկլեզու կրթական ծրագիրը:
ՆԱԴԱ ՇԱԱԹ.- 2016 թուականին Կալիֆորնիան ընդունեց Global California 2030 ծրագիրը, որի նպատակն է, որ 2030 թուականին մեր ուսանողները լինեն երկլեզու՝ կարողանան գրել ու կարդալ հաւասարապէս երկու լեզուներով: Միաժամանակ, ընդունուեց մէկ այլ oրենսդրական առաջարկ Proposition 58ը՝ ընդլայնելու հասանելիութիւնը երկլեզու ծրագրերին (Առաջարկը չեղարկում է երկլեզու կրթութեան նախկինում սահմանուած սահմանափակումները եւ հանրային դպրոցներին առաւել հնարաւորութիւն է տալիս նախաձեռնելու երկլեզու ծրագրեր – Խմբ.): Լոս Անջելեսի Միացեալ կրթաշրջանն երկլեզու կրթական ծրագիրն առաջարկում է որպէս աջակցութիւն նշուած նախաձեռնութիւններին: Հայ բնակչութիւնը մեր կրթաշրջանի երկրորդ ամենամեծ անգլերէն սովորողն է, եւ մենք կենսական համարեցինք ունենալ այս երկլեզու ծրագիրը, որը կ՛օգնի աշակերտների շրջանում հայերէնի, ինչպէս նաեւ՝ նրանց անգլերէնի զարգացմանը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Լոս Անջելեսի Միացեալ կրթաշրջանի ո՞ր դպրոցներն են ներկայում առաջարկում երկլեզու կրթական ծրագիր, որտեղ ուսուցանւում է նաեւ հայերէն:
ՆԱԴԱ ՇԱԱԹ.- Երկլեզու ծրագիրը գործում է մեր կրթաշրջանի հինգ դպրոցներում՝ Քիթրիջ, Մաունթին Վիւ եւ Սաթիքոյ տարրական, ինչպէս նաեւ երկու միջին՝ Ջէյմզ Մեդիսոն եւ Մաունթ Գլիսոն դպրոցներում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մանրամասներ կը ներկայացնէ՞ք ծրագրի մասին: Որքա՞ն դասաժամ է տրամադրւում իւրաքանչիւր լեզուին, եւ ի՞նչ առարկաներ է ներառում հայերէնով ծրագիրը:
ՆԱԴԱ ՇԱԱԹ.- Մեր ծրագրերի մեծ մասն իրականացւում է 50/50 սկզբունքով, ինչը նշանակում է, որ առարկաները դասաւանդում ենք 50 տոկոս հայերէնով եւ 50 տոկոս անգլերէնով: Մեր աշակերտներն ակադեմիական հայերէն լեզուով սովորում են բազմաթիւ առարկաներ, որ նրանց դասաւանդւում է նաեւ անգլերէնով: Յուսանք, որ ինչպէս վկայում են ուսումնասիրութիւնները, մեր աշակերտները, զարգացնելով միաժամանակ թէ՛ հայերէնը եւ թէ անգլերէնը՝ աւելի յաջողակ կը լինեն: Մեր կրթաշրջանը հիմնուած է արժէքների վրայ է, եւ մենք գնահատում ենք, թէ մեր ուսանողներն որտեղից են գալիս ու ցանկանում ենք խրախուսել նրանց շարունակելու սովորել իրենց մայրենի լեզուն:
ՆՈՒՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Միշտ հաշուարկում ենք ժամանակը՝ համոզուած լինելու համար, որ իւրաքանչիւր լեզուի համար յատկացւում է նոյն ժամաքանակը: Հայերէնով եւ անգլերէնով դասաւանդում ենք Կալիֆորնիայի պետական կրթական համակարգում ներառուած բոլոր առարկաները, այդ թւում՝ լեզու, գրականութիւն, մաթեմատիկա, պատմութիւն, աշխարհագրութիւն, ֆիզկուլտուրա (մարմնակրթութիւն) եւ մշակոյթ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ովքե՞ր են մշակում կրթական ծրագիրը, եւ ի՞նչ գրականութիւն է կիրառւում:
ՆՈՒՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Մենք օգտագործում ենք Հայաստանի կրթական նիւթերը՝ նոյն դասագրքերը, որոնք կիրառւում են Հայաստանի դպրոցներում: Գրականութիւնը պատուիրւում է կրթաշրջանի միջոցով, եւ այնուհետեւ, դրանց հիման վրայ, կրթաշրջանը ստեղծում է ուսումնական ծրագիրը՝ օգտագործելով Կալիֆորնիայի եւ Հայաստանի ընդունուած չափանիշներն ու այստեղի երեխաների կարիքները: Ծրագրի պատրաստմանը մասնակցում են նաեւ հայալեզու ուսուցիչները. նրանք մշտապէս հանդէս են գալիս գաղափարներով, կիսւում միւս մանկավարժների հետ, եւ բոլորս միասին քննարկում ենք՝ հասկանալու համար, թէ ինչ է դասաւանդուելու իւրաքանչիւր մակարդակում: Իւրաքանչիւր ուսուցիչ, բացի հիմնական առարկաներից, նաեւ յաւելեալ ծրագրեր ներկայացնելու եւ իրականացնելու հնարաւորութիւն ունի: Մենք շատ մեծ ուշադրութիւն ենք դարձնում մշակոյթի մասին կրթութեանը, եւ յաճախ առիթներ ենք ստեղծում՝ հրաւիրելով հայ արուեստագէտների, ովքեր գործնական դասընթացներ են տալիս, օրինակ՝ երգի, պարի դասեր:
ՆԱԴԱ ՇԱԱԹ.- Ուսումնական ծրագիրը գործում է Բազմալեզու եւ բազմամշակոյթ կրթութեան վարչութեան ներքոյ, որտեղ ընդգծուած է մշակոյթի դերը: Մենք դասաւանդում ենք լեզուն ակադեմիական մակարդակում, բայց նաեւ սովորեցնում ենք լեզուի կիրառութիւնները տարբեր ոլորտներում եւ արտայայտումներով: Այսինքն, մեր կողմից մշակուած դասերը խորանում են լեզուի եւ մշակոյթի մէջ, քանի որ ցանկանում ենք, որ ուսանողները զգան տուեալ լեզուն ամբողջութեան մէջ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս պէտք է դիմել ծրագրում ներառուելու համար:
ՆԱԴԱ ՇԱԱԹ.- Մենք ունենք միասնական արձանագրման համակարգ, որտեղ ներկայացուած է երկլեզու ծրագիրը, ինչպէս Magnet ծրագրերի դէպքում է: Ծնողները դիմում են այդ հարթակին, որտեղից դպրոցներն ընտրում են արձանագրուած աշակերտներին, ովքեր դառնում են երկլեզու ուսուցման ծրագրի մաս:
Ընդունելութիւնը սկսում է առաջին կիսամեակում, սակայն կայ նաեւ ուշ ընդունելութիւն, եւ ըստ այդմ, գործընթացը շարունակւում է ամբողջ տարուայ ընթացքում:
ՆՈՒՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Ցանկանում եմ ընդգծել, որ ամէն համայնքի նման ծրագիր ունենալու հնարաւորութիւն տրուած չէ: Կարեւոր առանձնայատկութիւնն այն է, որ բոլորը կարող են դիմել այս ծրագրին՝ անկախ բնակութեան վայրից: Եթէ ծնողը ցանկանում է իր երեխային երկլեզու ծրագրում ներգրաւել միայն հայերէնի համար, յատուկ հնարաւորութիւն կայ, որ կարող է դիմել, եւ պարտադիր չէ, որ հէնց իրենց տարածքի դպրոցը լինի, այսինքն՝ կարող են դիմել Գլենդելից, Սանլանդից եւ այլ վայրերից: Շատ կարեւոր է, որ մեր ծնողներն այս մասին տեղեակ լինեն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կրթաշրջանները յաճախ յայտարարում են, որ ուսուցիչների կարիք կայ: Արդեօք ունէ՞ք հայալեզու ուսուցիչների կարիք, եւ եթէ այո, ովքե՞ր կարող են դիմել, ի՞նչ չափանիշների պէտք է դիմորդները համապատասխանեն:
ՆԱԴԱ ՇԱԱԹ.- Շնորհակալութիւն այս հարցի համար: Այո, մենք հայ ուսուցիչների կարիք շատ ունենք: Դիմելուց յետոյ, մեր համապատասխան վարչութեան անդամները կապւում են դիմորդների հետ եւ ուղղորդում չափանիշների հարցում. կան չափանիշներ, որոնք համապատասխանում են Հայաստանից ստացուած գիտելիքներին, եւ որոշներն էլ ներառում են այստեղի կրթական համակարգի չափորոշիչները: Այսպիսով, մեր պահանջները ներառում են, պետականօրէն սահմանուած չափանիշները, անհատի պատրաստուածութիւնն ու այն, ինչն անհրաժեշտ է ձեռք բերել:
Մեր վարչութեան ղեկավարը յատուկ շեշտադրում է արել ուսուցիչների վերապատրաստման վրայ, որպէսզի դա տեղի ունենայ ողջ տարուայ ընթացքում: Մեր ուսուցիչներին առաջարկւում են յատուկ ծրագրեր, որտեղ նրանց փոխանցւում են անհրաժեշտ հմտութիւնները նաեւ հայերէնի դասաւանդման համար: Երկլեզու կրթական ծրագրի մանկավարժները նաեւ ինտենսիւ (խտացեալ կերպով) վերապատրաստում են անցնում ամրանը, յատկապէս՝ նոր ուսուցիչները, մանրամասն տեղեկութիւններ ստանալով ծրագրի մասին ոլորտի վետերաններից, յատուկ փորձագէտներից:
Մենք ունենք ուսուցիչների կարիք, եւ յոյս ունենք, որ նաեւ ձեր լրատուամիջոցի օգնութեամբ կարող ենք հայ մասնագէտների ներառել՝ հայկական ծրագրերն ընդլայնելու նպատակով նաեւ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որքանո՞վ են ներգրաւուած ծնողները:

ՆՈՒՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Երկլեզու կրթական ծրագրում ծնողների ներգրաւուածութիւնը մեծ է, քանի որ երեխաների հիմնական մասը Հայաստանից է (99%), եւ մեր մշակոյթի համաձայն, ընտանիքները մեծապէս ներգրաւուած են: Համաճարակի ժամանակ, երբ դասաւանդում էի առցանց, ծնողներից շատերը նստում էին իրենց երեխաների հետ եւ փորձում սովորել լեզուն: Բացի այդ, նրանք ամէն կերպ փորձում են աջակցել ծրագրին: Ծնողներ ունենք օրինակ, ովքեր ամռանը Հայաստան ճամբորդելիս մեզ հայերէն գրքեր եւ ուսումնական նիւթեր են բերում: Նրանք կապւում են մեզ հետ եւ հարցնում, թէ մեզ ինչ է պէտք, եւ բերում էին նոյնիսկ աւելին, քան ուզում էինք: Մեր ծնողները նաեւ մշտապէս մասնակցում են դպրոցներում անցկացուող հանդէսներին եւ նոյնիսկ անհրաժեշտ հագուստներն են մատակարարում: Դա հսկայական օժանդակութիւն է նրանց կողմից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են երկլեզու կրթութեան առաւելութիւնները:
ՆԱԴԱ ՇԱԱԹ.- Կան բազմաթիւ առաւելութիւններ: Առաջին հերթին դա իմացական հմտութիւնների արտայայտումն է: Մի լաւ հետազօտութիւն կայ, ըստ որի, երկլեզու աշակերտների մօտ նկատելի է առաջադիմութեան նկատելի աճ: Նրանք նաեւ կարող են օգտուել Կալիֆորնիա 2030 ծրագրից, ինչը աշակերտներին հնարաւորութիւն է տալիս ընդունուել աւելի հեղինակաւոր համալսարաններ, որոնք առաջնայնութիւն են տալիս դիմորդների, ում կրթական կենսագրութիւնը տարբերւում է, տիրապետում են այլ լեզուների եւս: Միւս առաւելութիւններից է, տնտեսականը. որեւէ աշխատանքի համար մրցոյթում, երկլեզու դիմորդներն աւելի շատ հնարաւորութիւններ ունեն: Եւ ամենակարեւորը, որ իմ ամենասիրելի առաւելութիւնն է՝ աւելի ամուր ընտանեկան կապեր եւ կապ մշակութային ժառանգութեան հետ: Որքան յուզիչ է, երբ թոռնիկը կարող է իր տատիկի հետ շփուել նոյն լեզուով ու կիսուել մշակոյթով, եւ մեծերն էլ՝ համոզւում են, որ իրենց սերունդները սովորում են հայոց լեզուն ու մշակոյթը:
ՆՈՒՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Բազմալեզու կրթութիւնը տալիս է բազում առաւելութիւններ՝ սկսած անհատի արժէքային համակարգի հարստացումից մինչեւ գործնական հեռանկարներ: Այն անգնահատելի հմտութիւն է, որ կարող է օգնել անհատներին ցանկացած տարիքում յաջողակ լինելու այսօրուայ փոխկապակցուած աշխարհում:

ԷՆՆ ԱՐԳՕ.- Երկլեզու ծրագրի նպատակներից է աջակցել անգլերէն սովորողներին. ուսումնասիրութիւնները վկայում են, որ մեր աշակերտների համար անգլերէն սովորելու ամենաարագ ուղիներից է, երբ իրենց մայրենի լեզուն հաստատուած է, գործում է, եւ դիւրին է կամուրջներ կառուցել դէպի անգլերէնը: Այս պատճառով, մենք կարեւորում ենք նաեւ համապատասխան մանկավարժների ու գրականութեան առկայութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ մարտահրաւէրներ կը նշէք:
ՆԱԴԱ ՇԱԱԹ.- Մեր ամենամեծ մարտահրաւէրն իրականում ուսուցիչների ներգրաւումն է: Նաեւ կարիք ունենք ուսումնական նիւթերի, քանի որ ծրագիրը զարգանում է եւ բացւում են նոր դասարաններ միջին դպրոցում, եւ շուտով կ՛ունենանք աւագ դպրոցում, եւ մենք կարիք ունենք համապատասխան գրականութեան:
ԷՆՆ ԱՐԳՕ.- Շատ ուսուցիչներ կան, ովքեր խօսում են հայերէն, սակայն գուցէ երբեք չեն մտածել երկլեզու ծրագրում աշխատելու մասին: Խրախուսում ենք նրանց դիմել, քանի որ կան արտօնագիր ստանալու նոր ձեւեր:
ՆՈՒՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Կոչ ենք անում հայ համայնքին արձանագրել երեխաներին երկլեզու բարձրորակ ծրագրում, եւ իրենց երեխաներին հնարաւորութիւն տալ ուսումնասիրելու հայ լեզուն ու մշակոյթը, նաեւ՝ առաւել մրցունակ լինել յարափոփոխ մեր աշխարհում: Մենք մեծ սէր ենք ներդնում այս ծրագրում, եւ յորդորում ենք հայ համայնքին էլ աջակցել, որ այն զարգանայ: