
ՆԱՐԱ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Լոռու մարզի Օձուն գիւղում բացուած եւ 44օրեայ պատերազմում զոհուած հրասայլաւոր Արման Աղուանեանի յիշատակին նուիրուած յուշաղբիւր-յուշահամալիրում հարիւրաւոր մարդիկ են հաւաքուել նրա ծննդեան օրը՝ Օգոստոս 10ին, վառ պահելու հերոսի յիշատակը։ Հաւաքուածները նախ այցելել են Արմանի գերեզման, խունկ ծխել, աղօթել, ապա մասնակցել հերոսի յիշատակին նրա հայրիկի կողմից կազմակերպուած հիւրասիրութեանը։
Հնչել են Արմանին նուիրուած երգեր։
Բազմաթիւ մարդկանց այսօր հիւրընկալող յուշաղբիւր-յուշահամալիրը բացուել է անցած տարի, Արմանի ծննդեան օրը՝ նրա հայրիկի ջանքերով, գեղատեսիլ Օձունի բնութեան մէջ, որտեղ Արմանը յաճախ նշում էր իր ծննդեան օրը։
Արման Սանասարի Աղուանեանը ծնուել է 2000ին: 2018ին անվճար հիմունքներով ընդունուել է Ռուսհայկական (Սլաւոնական) համալսարանի իրաւագիտութեան բաժանմունքը։ Զինուորական ծառայութիւնն իրականացրել է Արցախում՝ որպէս հրասայլի հրամանատար եւ սերժանտ։
Պատերազմի առաջին օրուանից Արմանը որպէս համար 872 հրասայլի հրամանատար ռազմական աշխուժ գործողութիւնների կիզակէտում էր։ Վերջին անգամ զանգահարել է Հոկտեմբերի 8ին, բայց ծնողներին չի ասել, որ ինքը կռուի դաշտում է։ Արմանը զոհուեց Հոկտեմբերի 9ին, Ջրականի մատոյցներում՝ յաւէրժ մնալով 20 տարեկան։


Զինուորական ծառայութեան ժամանակ Արմանին շնորհուել է «Լաւագոյն զինուոր-մարզիկ» շքանշանը։
Հայրենիքի սահմանների պաշտպանութեան գործում ցուցաբերած անձնական խիզախութեան եւ նուիրումի, կեանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար Արմանը Արցախի Հանրապետութեան նախագահի կողմից յետմահու պարգեւատրուել է «Մարտական ծառայութիւն» եւ «Արիութեան» մեդալներով։
Արմանին ճանաչողներն ասում են, որ նրա մէջ եռում էր կեանքը… Նա փայլում էր բոլոր առումներով, բոլոր ասպարէզներում… Մասնակցում էր բազմաթիւ օլիմպիադաների ու մարզական մրցաշարերի։ Եւ՛ կրթութեան, եւ՛ մարզանքի բնագաւառներում նա ախոյեան էր: Նրա նուաճումների մասին են վկայում բազմաթիւ մեդալները, պատուոգրերն ու հաւաստագրերը:
Արմանը նաեւ տիրապետում էր մի քանի լեզուների, ունէր խոր գիտելիքներ, գրում էր երգեր ու երաժշտութիւն: Բայց ամէնից առաջ նա իսկական արիացու փայլուն օրինակ էր՝ մեծահոգի ու բարի, ուժեղ, օժտուած կամային բարձր յատկանիշներով, վեհ արժեհամակարգերի կրող ու լուսաւոր մարդ:
Արմանը հաւատում էր, որ «Մարդու ներքին լոյսի աղբիւրը հաւատն է, բարութիւնն ու ազնուութիւնը: Մարդ որքան բարի լինի, հաւատաւոր, այնքան աշխարհի լոյսը կը շատանայ»: