«Ղարաբաղի Գիւղերում Վաղուց Նոր Տուն Չի Կառուցուել…»
Ասում Է Արկատի Ղուկասեանը
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Թաքսու վարորդ Յովհաննէսը այդ օրը նոր էր վերադարձել Երեւանի «Զուարթնոց» օդակայանից: Մենք Մարտակերտից երեկոյեան կողմ դուրս էինք եկել ու շրջում էինք շրջանի անտառներում կորած գիւղերով: Նա 21ամեայ եղբօրը ճանապարհել էր Մոսկուա՝ լաւ աշխատանքի յոյսով: Ու եթէ գործերը լաւ գնան, Յովհաննէսը եւ իր երկու եղբայրները տուն կը կառուցեն, կ՚ամուսնանան: Աւելի քան 20 հազար մարտակերտցիներ այսօր մշտապէս ապրում եւ աշխատում են Ռուսաստանում, նրանց մեծ մասը ստիպուած է եղել արտագաղթել «փախափախի» ժամանակ՝ 1992 թ. ամրանը, երբ մի քանի օրուան ընթացքում Լեռնային Ղարաբաղի հիւսիսը ընկաւ ատրպեճանական զինուժի բռնագրաւման ժամանակ:
Մէկ տարի անց ղարաբաղեան ուժերը ազատագրեցին Մարտակերտի մեծ մասը: Անցնող 14 տարիներին տեղահանուածների մի մասը շատ դանդաղ սկսեց վերադառնալ աւերուած հայրենի բնակավայրեր, բայց շատերը այդպէս էլ չցանկացան տուն գալ՝ նախընտրելով ընդմիշտ մնալ Ռուսաստանում: Թաքսու վարորդ Յովհաննէսը, ով գաղթի դժնդակ օրերին մանկահասակ երկու եղբայրների, քրոջ ու ծնողների հետ միացել էլ մօտ 40 հազար մարտակերտցիների ու շահումեանցիների կարաւանին եւ ոտքով հասել էր Ստեփանակերտ, ապա ժամանակաւորապէս հաստատուել Գիւմրիում, երբեք չի մտածել հայրենիքը լքելու մասին:
Նրա համար հայրենասիրութիւնը լոկ բառ չէ եւ ոչ էլ՝ վերացական մի բան: Նա ուզում է տուն ունենալ, ամուսնանալ ու ապրել իր գիւղում: Ու ցաւօք, Յովհաննէսի ապագան շատ դէպքերում կախուած է ոչ թէ Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի իշխանութիւններից, այլ՝ կրտսեր եղբօր մոսկովեան յաջողութիւններից:
Երբ Լեռնային Ղարաբաղի նախագահին Երեւանում հարցրեցի, թէ ի՛նչ է արւում Արցախի եւ յարակից ազատագրուած տարածքների վերաբնակեցման ուղղութեամբ, Արկադի Ղուկասեանը փոքր-ինչ նեարդայնացաւ. «Այդ նոյն հարցը ձեզ կարող եմ ուղղել, որովհետեւ դուք էլ էք հայ: Դուք փոքր հնարաւորութիւն ունէք, մէկ ուրիշը՝ մեծ»:
«Մենք շահագրգռուած ենք բնակեցնել այդ տարածքները, դժբախտաբար մեր հնարաւորութիւնները սահմանափակ են: Դա հայութեան խնդիրն է: Խեղճ Ղարաբաղի ամավարկը ի վիճակի չէ լուծել այդ կարգի խնդիրները, Հայաստանի ամավարկն էլ վրան դնենք, նորից չենք կարող լուծել, մեզ դրա համար լուրջ գումարներ են պէտք: Մենք պէտք է այդ հարցերի վերաբերեալ հասարակական կարծիք ստեղծենք, մենք մենակ խօսում ենք դրա մասին: Ղարաբաղի իշխանութիւնները գոնէ ինչ-որ բան անում են, այն ինչ որ հնարաւոր է, գուցէ հնարաւոր է աւելի շատ անել: Բայց մի մոռացէք, որ Ղարաբաղում կան բազմաթիւ չլուծուած խնդիրներ: Այսօր մենք խնդիր ունենք՝ վերաբնակեցնենք այդ տարածքնե՞րը, թէ գիւղացուն պահենք Ղարաբաղի գիւղում, սա էլ լուրջ խնդիր է: Մեր գիւղերում վաղուց նոր տուն չի կառուցուել, գիւղերում երիտասարդները չեն ամուսնանում, որովհետեւ տեղ չունեն ապրելու: Եւ երբ մենք սկսում ենք վերաբնակեցնել այդ տարածքները, մեր գիւղացիները մեզ ասում են՝ մե՛ր մասին մտածէք, մե՛զ համար տուն կառուցէք», ասաց Ղուկասեանը:
Վիոլեթա Գրիգորեանը, ով պատերազմում կորցրել է ամուսնուն եւ որդիներից մէկին, առաջիններից էր, ով վերադարձաւ ազատագրուած քաղաք: «Մարտակերտը աւերակների մէջ էր, ամէն տան վրայ գրուած էր՝ «զբաղուած է՝ Աբբաս», «սա Հասանի տունն է»: Մարտակերտցիներից շատերը մնացին Ռուսաստանում: Հիմա էլ դժուար է, բայց շատ բան է փոխուել: Մարտակերտը պէտք էր տեսնել 1993ի ամրանը», ասում է Վիոլեթան:
Պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերից իւրաքանչիւր չորրորդը սպաննուել է հէնց Մարտակերտի շրջանում՝ աւելի քան 1500 մարդ: Աւերուել է այս տարածքի բնակավայրերի աւելի քան 80 տոկոսը: Այսօր էլ Ղարաբաղ-ատրպեճանական շփման գծի այն կողմում են մնացել հայկական հինգ բնակավայրեր, մի քանիսն էլ շփման գծին հէնց մօտ են, հիմնայատակ աւերուած ու չբնակեցուած:
Մարտակերտ քաղաքում եւս տների մի մասը աւերուած եւ դատարկ է: Արդէն այդ տների մէջ թփեր, պտղատու ծառեր են աճել, բերք են տալիս եւ ծածկում են աւերուած տունը: Քաղաքի միակ հիւրանոցը Վիոլեթայի տունն է: Առաջին յարկի մի քանի սենեակները նա տրամադրում է քաղաքի հիւրերին: Մարտակերտը միայն անունով է քաղաք: Գրաւումից առաջ աւելի քան 13 հազար բնակիչ ունէր, այսօր ունի մօտ երեք հազար:
Մարտակերտի շրջանային վարչակազմի ղեկավար Կարլէն Պետրոսեանը լաւատես է: Նա ասում է, որ «շրջանը օր օրի շէնանում է, զարգանում: Շրջանի տարածքով են հոսում Լեռնային Ղարաբաղի երկու ջրառատ գետերը՝ Խաչէնը եւ Թարթառը. վերջինիս վրայ է կառուցուած Սարսանգի ջրամբարն ու ջրաելեքտրակայանը: Մարտակերտը հարուստ է անտառներով, բնական հարստութիւններով: Շրջանի տարածքում է հայկական միջնադարեան ճարտարապետութեան գոհարը՝ Գանձասարը, ուր անպայման այցելում են Ղարաբաղ ժամանող զբօսաշրջիկները:
««Հայաստան» համահայկական հիմնադրամը Մարտակերտի շրջանում լայնածաւալ ռազմավարական ծրագրեր է իրականացնում գիւղատնտեսութեան, դպրոցաշինութեան, առողջապահութեան ոլորտներում: Աշնանը կ՚աւարտուի Մարտակերտ քաղաքի խմելու ջրի ծրագիրը. 30 քմ. հեռաւորութիւնից, ինքնահոս ջուրը խողովակաշարով կը հասցուի քաղաք: Արդէն շահագործման է յանձնուել Մատաղիսի նորակառոյց դպրոցը, Վերին Հոռաթաղի եւ Կոճողոտի դպրոցների շինարարութիւնը ընթացքի մէջ է: Սկսուել են շրջանային հիւանդանոցի կառուցման աշխատանքները, որի արժէքը մօտ 700 հազար տոլար է»։ Պետրոսեանը շարունակում է թուել հիմնադրամի միւս ծրագրերը՝ պնդելով, որ դրանք գումարներից բացի բերում են նոր աշխատատեղեր:
2005թ. հեռուստամարաթոնը, որը կրում էր «Արցախի վերածնունդ» անունը եւ ուղղուած էր Մարտակերտի շրջանին, հաւաքեց աւելի քան 7.5 միլիոն տոլար: Բայց քանի որ շրջանի վերականգնման համար պահանջուող գումարները զգալիօրէն աւելին էին, քան հաւաքուել էր, ընտրուեցին առաջնային ուղղութիւնները: Մարտակերտի շրջանում հիմնադրամի ներդրումների կարեւորագոյն ուղղութիւնը գիւղատնտեսութիւնն է:
«Գիւղատնտեսական ծրագիրը երեք փուլից է կազմուած: Առաջին՝ օգնել անկարող գիւղացուն, ով ունի սեփականաշնորհուած հող, օգնել գիւղսարքաւորումով եւ մասնագիտական խորհրդատուութեամբ, որպէսզի նա կարողանայ շուկայականից զգալի ցածր գներով բերք ստանալ: Երկրորդ փուլը վերաբերում է բերքի վերամշակմանը՝ փոքր եւ միջին ձեռնարկութիւնների ստեղծմանը, երրորդ՝ դրա իրացմանը: Անցած տարի 700 հեքթարի վարուցանք ենք արել: Ստեղծուել է մեքենաթրաքթորային կայան, որի մեքենաներով կատարւում են գիւղաշխատանքները», ասում է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարը:
Առանց մրցունակ գիւղատնտեսութեան դժուար է պատկերացնել, որ Մարտակերտի շրջանը կը վերաբնակեցուի: Մեծշէնը, ինչպէս՝ Մարտակերտի բնակավայրերի մեծ մասը, կորած են անտառների մէջ: Այս կողմերում գիւղերը գրաւիչ են տարուայ բոլոր եղանակներին. ձմրանը մեղմ է, ձիւն քիչ է տեղում, ամառը հով է, յատկապէս գեղեցիկ է աշունը, երբ սկսւում է տերեւաթափը: Բնութեան գեղեցկութիւնը յատկապէս զգում է հիւրը, մինչդեռ տեղացին՝ աշխատանքների տակ ճկուած, բնութիւնն զգալու այնքան էլ ժամանակ չունի:
Վեաչեսլաւ Խուրշուդեանը Մեծշէնի գիւղապետն է. «Պատերազմից առաջ գիւղն ունէր 227 ծուխ, այսօր 102 է: Գիւղը ազատագրելուց յետոյ վերադարձան միայն այն մեծշէնցիները, ովքեր ապաստանել էին Հայաստանում կամ Ղարաբաղում: Ովքեր Հայաստանից հեռացել էին, չեն վերադարձել»։
Մեծշէնի գիւղապետը վստահեցնում է, որ դժուար է նաեւ իրենց գիւղում, բայց երիտասարդների արտահոսք այլեւս չկայ: Ինչպէս Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր գիւղերում, Մեծշէնում եւս հիմնական զբաղմունքը անասնապահութիւնն է եւ գիւղատնտեսութիւնը. «Մարդիկ աշխատում են, բայց դժուարութիւններ ունեն արտադրանքը ժամանակին շուկայ հանելու: Միսը, ցորենը, մթերքները, բանջարեղէնը շատ դժուար է դրամի վերածել», ասում է Խուրշուդեանը:
Աշխարհագրական առումով եւս երբ նայում ես քարտէսին՝ Մարտակերտը եւ շրջանը Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով մօտ 400 քմ. հեռու է Երեւանից: Բայց կայ մէկ այլ՝ Երեւան-Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ուղին, որը աւելի քան 100 քմ.ով մօտեցնում է ճանապարհը, մի շարք հատուածներում լուրջ եւ պարտադիր վերանորոգման կարիք ունի: Այս ճանապարհը ռազմավարական իմաստով խիստ կենսական նշանակութիւն ունի, որովհետեւ անցնում է Քելբաջարով: Ով վերահսկում է Քելբաջարը, նա էլ վերահսկում է Լեռնային Ղարաբաղը: Այս անհերքելի ճշմարտութիւնը ապացուցուեց նաեւ արցախեան պատերազմի տարիներին: Միայն Քելբաջարը վերահսկողութեան տակ առնելուց յետոյ ջարդուեց ատրպեճանական զինուժի ողնաշարը: Բացի այդ՝ Քելբաջարից են սկիզբ առում Լեռնային Ղարաբաղի Թարթառ եւ Խաչէն, Հայաստանի Արփա եւ Որոտան գետերը:
ԴՐՄՊՈՆ
Ղարաբաղցիները սրամտութեամբ ասում են, որ աշխարհում «պոն» վերջաւորութեամբ երեք յայտնի քաղաք կայ. Պոն, Լիզպոն եւ Դրմպոն: Իրականում՝ Սարսանգի ջրամբարի հարեւանութեամբ Դրմպոնը մի քանի հարիւր բնակչութեամբ գիւղ է, որը Լեռնային Ղարաբաղի համար այն նշանակութիւնն ունի, ինչ Լիզպոնը Փորթուկալի եւ Պոնը՝ Գերմանիայի համար: Սա արդէն սրամտութիւն չէ, առնուազն՝ սկսած 2003 թուականից:
«Վալէքս» ընկերութիւնների խմբի մէջ մտնող «Պէյս մեթալս» ընկերութիւնը 2002թ. ամրանը սկսեց գործունէութիւնը Մարտակերտի շրջանի Դրմպոն գիւղում եւ մի քանի տարի անց դարձաւ Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր ներդրողը: Դրմպոնի ընդերքում օգտակար հանածոների որոնման աշխատանքներ կատարուել են դեռ խորհրդային տարիներին: Ղարաբաղեան պատերազմից յետոյ Մարտակերտի շրջանում թանկարժէք մետաղներ յայտնաբերելու անյաջող փորձեր եղել են:
«Պէյս մեթալս» ընկերութեան գործադիր տնօրէն Արթուր Մկրտումեանն ասում է. «2002թ. սկսել ենք առաջին աշխատանքները վստահ չլինելով’ պղնձի հանքաքար կա՞յ: Վեց ամիս անց ստացել ենք ապրանքային հանքաքարի առաջին խմբաքանակը, եւս վեց ամիս անց՝ առաջին թոն խտանիւթը»:
Աւելի քան երեք տարի արտադրութիւնը մեծ թափով աշխատում է: Ամէն օր Դրմպոնից հանւում է մօտ 800 թոն հանքաքար, որի վերամշակումից ստացուած խտանիւթը բեռնատարներով տեղափոխւում է Ալավերդու պղնձամոլիպտէնային գործարան: Մէկ թոն խտանիւթի պարունակութեան 15-16 տոկոսը պղինձն է, ինչպէս նաեւ ստացւում է 40ական կրամ ոսկի եւ պղինձ:
Այսօրուան շահագործման կշռոյթով Դրմպոնն ունի մօտ տասը տարուան պաշարներ: Որպէսզի հասկանալի լինի, թէ ինչ է նշանակում Դրմպոնի լեռնահարստացուցիչ գործարանը Լեռնային Ղարաբաղի համար, թուարկենք մի քանի փաստ. գործարանը իր ենթակառուցուածքներով աւելի շատ ելեկտրուժ է ծախսում, քան ամբողջ Լեռնային Ղարաբաղը: «Պէյս մեթալս»ում ներգրաւուած են մօտ հազար աշխատողներ, որոնց մօտ մէկ երրորդը Հայաստանից են: «Պէյս մեթալս»ը արդէն մի քանի տարի Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր հարկատուն է:
Առաջիկայ հինգ տարիներին Սարսանգի ջրամբարի աւազանում «Պէյս մեթալս»ը ծրագրում է ներդրել 30 միլիոն տոլար՝ հանգստի գօտի ստեղծելու համար: Նախատեսւում է կառուցել հանգստի մի ամբողջ համալիր՝ իր ենթակառուցուածքներով: Մօտ 17 քմ. երկարութեամբ Սարսանգի ջրամբարի աւազանը ընձեռում է լողափի յարմարաւէտ պայմաններ: Ի տարբերութիւն Սեւանի, որտեղ եղանակը լաւագոյն դէպքում երկու-երեք ամիս է ձգւում, Սարսանգի ջուրը ջերմ է Մայիսից Հոկտեմբեր, կառուցուելիք առողջարաններում կարելի է հանգստանալ կլոր տարին:
Մարտակերտից հեռանում ես խառը, հակասական տպաւորութիւններով: Այդ տպաւորութիւնները աւելի հակասական են դառնում, երբ մեքենան սլանում է Արցախի ողնաշարը համարուող «Հիւսիս-Հարաւ» ճանապարհով: Այն արդէն պիտի կառուցուած լինէր, դրա համար անհրաժեշտ ողջ գումարը հեռուստամարաթոններով հանգանակել է համայն հայութիւնը: Սակայն ճանապարհի որոշ հատուածներ անաւարտ են: Օտար աչքի համար այնքան էլ վարդագոյն չի երեւում «Արցախի վերածնունդ» ծրագրով հանգանակուած եւ յատուկ Մարտակերտի շրջանի վերականգնմանն ուղղուած աւելի քան 7.5 միլիոն տոլարի օգտագործման արդիւնաւէտութիւնը:
Բայց սա խօսակցութեան այլ նիւթ է եւ պահանջում է յատուկ մօտեցում ու լուրջ լրագրողական հետաքննութիւն:
Մարտակերտ-Քարվաճառ-Երեւան