Ըստ «Հայաստանի երիտասարդութեան ազգային զեկոյցի» տուեալների՝ փորձագիտական գնահատումը ցոյց է տալիս, որ վերջին տասը տարիների ընթացքում մեր երկրում դիտւում է թմրամիջոցների եւ հոգեմէտ նիւթերի, ինչպէս նաեւ ծխախոտի ու ալքոհոլի օգտագործման աճի միտում, յատկապէս երիտասարդութեան շրջանում, ինչը շատ մտահոգիչ է: Աւելի մտահոգիչ է այն փաստը, որ առողջապահութեան նախարարութեան հոգեբուժական բժշկական կենտրոնի նարկոլոկիական կլինիկայում այս պահի դրութեամբ բուժուող 144 թմրամոլներից եւ ոչ մէկը երիտասարդ չէ: «Երբ հիւանդութիւնն այնքան է խորանում, որ անձը որոշում է դիմել առողջապահական համակարգին, նա վաղուց արդէն դուրս է եկած լինում երիտասարդ տարիքից», բուժուող երիտասարդների բացակայութիւնն այսպէս է պատճառաբանում նարկոլոգիական կլինիկայի ղեկավար, ՀՀ գլխաւոր նարկոլոկ Պետրոս Սեմէրջեանը:
Ըստ ոստիկանութեան դիտարկումների՝ հանրապետութիւնում կայ թմրամիջոցներ օգտագործող մօտ 20,000 մարդ, որի կէսից աւելին 19-30 տարեկան երիտասարդներ են: Իսկ եթէ հաւատանք «Երիտասարդութեան ազգային զեկոյցին», մօտ 840,000 երիտասարդների միայն 0.1 տօկօսն է կանոնաւոր օգտագործում թմրամիջոցներ (840 հոգի), ընդհանրապէս չի օգտագործում 98.5 տօկօսը, դէպքից դէպք օգտագործել է 1.1 տօկօսը, երբեւէ փորձել՝ 4.5 տօկօսը: Իսկ Միաւորուած ազգերի կազմակերպութեան կազմած զեկոյցի համաձայն՝ երբեւէ թմրամիջոց օգտագործած անձինք զգալի տոկոս են կազմում:
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՃՈՅՔԻ ՀԱՄԱՐ
Թմրամոլութեան պատճառները տարբեր են: Փորձենք անդրադառնալ դրանցից մի քանիսին:
Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը 3րդ հազարամեակում առողջապահական ոլորտի վերաբերեալ զեկոյց է հրատարակել, որտեղ որպէս տարբեր հիւանդութիւնների տարածման առաջին պատճառ (այդ թւում՝ թմրամոլութեան) նշւում է աղքատութիւնը: Սոցիալական վատ վիճակում գտնուող մարդը չի մտածում առողջութեան պահպանման մասին: Նա չի գնահատում ոչինչ, որովհետեւ կորցնելու ոչինչ չունի: «Տարածուած կարծիք կայ, թէ հարուստներն են թմրամիջոց օգտագործում: Բայց դա սխալ կարծիք է, որովհետեւ մարդն ինչքան բարեկեցիկ է ապրում, այնքան աւելի շատ է գնահատում իր կեանքը, այնքան աւելի ուշադիր է իր առողջութեան նկատմամբ», կարծում է Պ. Սեմէրջեանը:
Միւս պատճառը, որ պարոն Սեմէրջեանն առանձնացնում է, մերօրեայ երիտասարդների մօտ ձեւաւորուած սխալ արժէհամակարգն է: Շատերի համար այսօր ընդօրինակման թիրախ են դարձել ոչ թէ իրական հերոսները, այլ, այսպէս կոչուած, «թաղային հեղինակութիւնները», որոնք թէեւ ազդեցիկ են, բայց՝ իտէալ կոչուելուց շատ հեռու. «Ընդհանրապէս, երիտասարդներն ապրում են հերոսներով: Ինչքան էլ դու նրանց բացատրես առողջութեան պահպանման կարեւորութիւնը, միեւնոյն է՝ նրանք իրենց տեսածը աւելի շուտ են ընդօրինակում»:
Գոյութիւն ունեն հոգեբանական եւ ֆիզիոլոկիական բազմաթիւ պատճառներ, որոնք ստիպում են մարդուն թմրամիջոցներ օգտագործել: Կախուածութեան առաջացումը նոյնպէս կարող է ունենալ հոգեբանական եւ ֆիզիոլոկիական պատճառներ, օրինակ՝ օրկանիզմի ժառանգական նախատրամադրուածութիւնը, ինչը նշանակում է, որ որոշակի հաւասար պայմաններում որոշ անձինք աւելի շուտ են ընկնում կախեալութեան մէջ, քան միւսները:
Ըստ «Հայաստանի երիտասարդութեան ազգային զեկոյցի»՝ հետաքրքրութիւնից ելնելով՝ թմրամիջոց է օգտագործել հարցուածների 58 տօկօսը, ընկերների դրդմամբ՝ 17.9 տօկօսը, հոգեկան վատ վիճակը եւ ֆիզիքական ցաւերը մեղմելու նպատակով օգտագործողների թիւը 10.2 տօկօս է կազմում: Ամենամեծը, սակայն, թմրամիջոցները հաճոյքի համար օգտագործողների թիւն է՝ 66.7 տօկօս: «Ընդհանրապէս, մարդուն բնորոշ է կեանքում հաճոյքներ փնտռելը, եւ կան ինչ-որ նիւթեր, որոնք մարդուն բերում են մի վիճակի, որն իրենց հաճելի է: Ճիշդ նոյն կերպ մենք, գիտակցելով հանդերձ, բազմաթիւ բաներ ենք անում, որոնք վնաս են մեր առողջութեանը, բայց չենք կարողանում հրաժարուել այդ սովորոյթներից: Մարդը մտածում է՝ ի՞նչն է իր համար աւելի կարեւոր՝ այսօրուայ հաճո՞յքը, թէ՞ այն, որ ինքը առողջ ու երկար ապրի: Եւ մեծ մասն ընտրում է հաճոյքը», այսպէս է մեկնաբանում նարկոլոկիական կլինիկայի ղեկավարը:
Միւս պատճառը երիտասարդութեան անտարբերութիւնն է սեփական առողջութեան նկատմամբ: Երիտասարդութեան մէջ հարկաւոր է ձեւաւորել առողջ ապրելակերպի մշակոյթ, ինչն այսօր արդիւնաւէտ չի իրականացւում: Դա պարզ կարելի է տեսնել ընդամէնը մէկ տուեալով. վերոյիշեալ զեկոյցի համաձայն՝ ֆիզկուլտուրայով եւ սպորտով կանոնաւոր զբաղւում է երիտասարդութեան ընդամէնը 7.4 տօկօսը, 22.1 տօկօսը զբաղւում է անկանոն, իսկ մեծամասնութիւնը՝ 70.5 տօկօսը, ընդհանրապէս չի զբաղւում:
Ըստ նոյն զեկոյցի տուեալների՝ հարցուած երիտասարդների 61.1 տօկօսը տեղեկացուած է թմրամիջոցների վնասակար ազդեցութեան մասին, 35.1 տօկօսը՝ ոչ այնքան, իսկ 3.2 տօկօսը տեղեկացուած չէ: Այն հարցին, թէ արդեօ՞ք թմրամիջոցների օգտագործումը դեռահասների եւ երիտասարդների կողմից տեղեկացուածութեան պակասի արդիւնք չէ, Պետրոս Սեմէրջեանը պատասխանեց. «Եթէ ցանկացած անձի հարցնես, նա կ’ասի, որ ծխախոտը, ալքոհոլը, թմրամիջոցները վնասակար են օրկանիզմին եւ առողջութեանը: Բոլորը տեղեկացուած են, այլ հարց է, որ բաւականաչափ տեղեկացուած չեն»:
ԹՄՐԱՄԻՉՈՑՆԵՐԸ՝ ՅԱՆՑԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՒ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Դեռահասութիւնը եւ երիտասարդութիւնը կեանքի այն շրջաններն են, երբ վարքագծային շեղումները, մասնաւորապէս՝ ծխախոտի, ալքոհոլի ու թմրամիջոցների օգտագործման դէպքերը, յաճախ են հանդիպում: Եթէ դրանք ժամանակին չեն յայտնաբերւում եւ կանխւում, ապա կարող են յանգեցնել բացասական հետեւանքների: Ոգելից խմիչքի եւ թմրամիջոցների օգտագործումը մի ազդակ է, որը յաճախ յանգեցնում է չարաշահումների, բռնութեան, յանցագործութեան, բացասաբար է ազդում ուսման եւ մասնագիտական աշխատանքի վրայ: Միւս կողմից՝ վտանգ կայ լրջօրէն վնասելու առողջութիւնը. հարբածութիւն, չափաբաժնի չարաշահում, դժբախտ պատահարներ, ֆիզիքական եւ հոգեկան հիւանդութիւններ, սեռական ճանապարհով տարածուող վարակներ:
Ըստ վիճակագրութիւնների՝ ամբողջ աշխարհում յանցագործութիւնների 50 եւ աւելի տոկոսը կապուած է թմրամիջոցների հետ, իսկ մօտ 5 տոկոսը կատարւում են թմրամիջոցների ազդեցութեամբ:
Անցած տարի ՀՀ ոստիկանութիւնը մեր հանրապետութիւնում արձանագրել է թմրամիջոցների հետ կապուած յանցագործութիւնների կտրուկ աճ: 2006 թուականին յայտնաբերուել է թմրամիջոցների եւ հոգեներգործուն նիւթերի շրջանառութեան 553 դէպք, որը 34.5 տօկօսով աւելի է նախորդ տարուայ համեմատ, իսկ շրջանառութեան եւ իրացման դէպքերը գրեթէ կրկնապատկուել են (2005ին՝ 76 դէպք, 2006ին՝ 162): 2005 թուականին թմրամիջոցների հետ կապուած յանցագործութիւնների թիւը 79.3 տօկօսով գերազանցել է 2004ի ցուցանիշը:
Ըստ իրաւախախտումների պաշտօնական վիճակագրութեան՝ յանցագործութիւնների 45 տոկոսը կապուած է թմրամիջոցների հետ եւ կատարուել է 30 տարեկանից ցածր երիտասարդների, հիմնականում՝ տղամարդկանց կողմից:
Հայաստանի Հանրապետութիւնում մարդու իմունային անբաւարարութեան վիրուսի (ՄԻԱՎ) փոխանցման հիմնական ուղին թմրամիջոցների ներարկային օգտագործումն է (54.7 տօկօս), հեթերոսեքսուալ ճանապարհը երկրորդ տեղում է (37.6 տօկօս): Բացի այդ, թմրամոլների 99 տօկօսը ախտահարուած է հեպատիտ C-ով, որը նոյնպէս մահացու հիւանդութիւն է:
ՊԷՏՔ Է ՁԵՒԱՒՈՐԵԼ ԱՌՈՂՉ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՄՇԱԿՈՅԹ
Երիտասարդութեան շրջանում առողջ ապրելակերպի մշակոյթի ձեւաւորման, առողջութեան վրայ բացասաբար ազդող գործօնների նուազեցման համար անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել երիտասարդութեան շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը եւ ուսուցմանը միտուած ծրագրեր եւ միջոցառումներ՝ դրանցում ներգրաւելով նաեւ երիտասարդներին:
«Հայաստանի երիտասարդութեան ազգային զեկոյցի» շրջանակներում կատարուած հարցման տուեալներով՝ երիտասարդների ընդամէնը 20.5 տօկօսն է լիովին տեղեկացուած առողջութեան պահպանման եւ առողջ ապրելակերպի վերաբերեալ, իսկ 18.3 տօկօս ընդհանրապէս տեղեկութիւն չունի:
Թմրամիջոցների, ինչպէս նաեւ ծխախոտի եւ ալքոհոլային խմիչքների օգտագործման դէպքերը հնարաւորինս կրճատելու համար առաջարկում ենք հետեւեալ գործողութիւնները: ՀՀ կառավարութիւնը, համագործակցելով համապատասխան ոչ կառավարական կազմակերպութիւնների եւ մասնաւորապէս՝ երիտասարդական կազմակերպութիւնների հետ, պէտք է մշակի եւ իրագործի թմրամիջոցների օգտագործման կանխարգելման կամ կրճատման ծրագրեր: Հարակաւոր է հնարաւորինս մեծ թուով երիտասարդներ ներգրաւել նմանատիպ արշաւներում:
Շատ կարեւոր է ոչ միայն տեսականօրէն սովորեցնել, այլեւ որոշակի դէպքերի եւ օրինակների վրայ ցոյց տալ, թէ ինչ հետեւանքների կարող է յանգեցնել թմրամիջոցների չարաշահումը:
Անհրաժեշտ է ունենալ թմրամիջոցներից կախուածութիւն ունեցող, ծխախոտ ու ոգելից խմիչք օգտագործող երիտասարդութեան բուժումը եւ վերականգնումը ապահովող կենտրոններ:
Անհրաժեշտ է ՀՀ կառավարութեան աջակցութեամբ իրականացնել երիտասարդութեան շրջանում թմրամիջոցների, ինչպէս նաեւ ոգելից խմիչքի եւ ծխախոտի օգտագործման հիմնախնդիրների առաւել խորը եւ մասնագիտական հետազօտութիւններ:
Հարկաւոր է լուծել դեռահասների եւ երիտասարդների զբաղուածութեան խնդիրը, քանի որ դա կը նպաստի վատ ուղուց շեղուելուն:
Կարեւոր է, սակայն, որ այս խնդրի վերաբերեալ պետութիւնը նախ եւ առաջ մշակի հայեցակարգ: