Ատրպէյճան-Իսրայէլ յարաբերութիւնները Պաքուի արտաքին քաղաքականութեան եւ հակահայ ռազմավարութեան բաղկացուցիչն են: Խնդրի խորքային եւ բազմակողմանի լինելու պատճառով կանգ առնենք հիմնականում լոպպիիստական կապերի զարգացման թեմայի վրայ:
Ատրպեճանական լոպպիինկի թեման ՀՀ պետական եւ անվտանգութեան առումով ուշադրութեան արժանի գործօններից մէկը պէտք է համարել: Եթէ Պաքուին յաջողուի այս կամ այն չափով իր կողմը «գրաւել» հրէական միութիւններին, սա կարող է բազմապատկել ատրպեճանական նոր կայացող լոպպինկի հնարաւորութիւնները, արագացնել ձեւաւորման գործընթացը:
Ապրիլի 12ին Թէլ Աւիւում տեղի է ունեցել Ատրպէյճան-Իսրայէլ միջազգային ընկերակցութեան («ԱզԻս») հիմնադիր խորհրդաժողովը: Այն նախկինում Իսրայէլում բնակուած ատրպէյճանաբնակ հրեաների հասարակական կազմակերպութիւն է: Մշակութային այս կառոյցին կից գործելու է առեւտրային պալատ, որն զբաղուելու է տնտեսական հարցերով:
Խորհրդաժողովին ներկայ է եղել Ատրպէյճանի 20 հոգուց բաղկացած պատուիրակութիւնը՝ արտերկրում բնակուող ատրպէյճանցիների հետ աշխատանքային պետական կոմիտէի ղեկավար Նազիմ Իպրահիմովի գլխաւորութեամբ: Բացման ժամանակ նա ընթերցել է նախագահ Ալիեւի ուղերձը, խօսել Ատրպէյճան-Իսրայէլ «պատմական կապերի» մասին:
Իպրահիմովի խօսքով՝ Ատրպէյճանում ներկայումս բնակւում է 16 հազար հրեայ: Իսրայէլական կողմից միջոցառմանը ներկայ են եղել փոխվարչապետ եւ ռազմավարական ծրագրումի նախարար Աւիկտոր Լիպերմանը, որ նաեւ «Իսրայէլը մեր տունն է» կուսակցութեան ղեկավարն է, փոխվարչապետ, փոխադրամիջոցների նախարար, զօր. Շաուֆ Մոֆազը, զբօսաշրջութեան նախարար Իցհաք Արանովիչը: Հասարակական կազմակերպութեան ղեկավար է ընտրուել նախկինում Պաքուի բնակիչ, ներկայումս Իսրայէլի Քնեսեթի (խորհրդարան) պատգամաւոր Իոսիֆ Շակալը, որն «Իսրայէլը մեր տունն է» կուսակցութեան անդամ է, յաճախ այցելում է Պաքու:
Շակալը նաեւ առանցքային դեր է ստանձնել թուրք-ատրպէյճանաիսրայէլական գաղթավայրերի գործակցութիւնը խորացնելու գործընթացում, ներկայ է եղել նախորդ տարուայ Յունիսին Անթալիայում աշխարհի թուրք-ատրպեճանական համայնքային միութիւնների համատեղ նիստին, որի ընթացքում հանդէս է եկել նման եռակողմ գործակցութիւնը զարգացնելու կոչով: «ԱզԻս» կազմակերպութեան փոխնախագահներն են Նեխամիա Միխայէլին, Ալեքս Շափիրոն եւ Նինա Եարովայան:
Նազիմ Իպրահիմովը նաեւ հանդիպել է Քնեսեթի փոխնախագահ Ամնոն Քոհենի եւ ներգաղթի հարցերով նախարար Զեւ Պոյմոմի հետ: Մեկնումից առաջ ատրպէյճանցի պաշտօնեան յայտարարել էր, որ իրենց կառոյցը պատրաստ է գործակցել ցանկացած պետութեան հրէական կազմակերպութեան հետ:
Ըստ առկայ տուեալների՝ 1990ից ի վեր Ատրպէյճանից Իսրայէլ են փոխադրուել 80 հազար՝ ինչպէս հրեայ, այնպէս էլ ռուս եւ ատրպէյճանցի քաղաքացիներ: Հրեաների թիւը կազմել է մօտ 20 հազար: Նրանցից մօտ 10 հազարը բնակւում են Հայֆա քաղաքում: Նոյն քաղաքում նրանք հիմնել են «Հայֆա-Պաքու» հասարակական կառոյցը: Նաթանի քաղաքի նախկին ատրպէյճանաբնակ քաղաքացիները հիմնել են «Ատրպէյճան-Իսրայէլ» միութիւնը:
Ատրպեճանական «սփիւռքի» հարցերով պետական կոմիտէի Մերձաւոր Արեւելքի երկրների բաժնի ղեկավար Քեաւուզ Քասիմովը յայտարարել է, որ նորաստեղծ կազմակերպութիւնն աշխատելու է իսրայէլական Քնեսեթի հետ եւ պէտք է այնպէս գործի, որ Քնեսեթում քննարկուի Խոջալուի դէպքերի թեման: «Պէտք է համոզել Իսրայէլի կառավարութեանը, որ դա նոյնպէս ցեղասպանութիւն էր, ինչպէս եւ Հոլոքոսթը», յայտարարել է նա:
Կառոյցը պէտք է աշխատի նաեւ Թուրքիա-Իսրայէլ յարաբերութիւնների զարգացման համար, որտեղ, ազերի գործչի բնորոշմամբ, վերջին շրջանում յետընթաց է նկատւում: Քասիմովի խօսքով՝ այս նպատակով Ատրպէյճանը պէտք է շահարկի նաւթի գործօնը: Նշենք, որ Իսրայէլը տարեկան ներկրում է 12 մլն. թոն նաւթ, որից մօտ 2 մլն.ը՝ Ատրպէյճանից: Այս ցուցանիշն աճման միտում ունի: Իսրայէլի ուժանիւթի շահերի ծիրում էր նաեւ Պաքու-Ճէյհանի շինարարութիւնը, քանի որ Ճէյհանը Իսրայէլի Հայֆա քաղաքից մօտ 600 քիլոմեթր հեռաւորութեան վրայ է, Հայֆայի նաւթամշակման գործարաններն օգտագործում են Ճէյհանում ստացուող ատրպեճանական նաւթը: Աւելի վաղ Հայֆա ատրպեճանական նաւթը հասնում էր հիմնականում Սուփսա քաղաքից, որի հեռաւորութիւնը մօտ 2000 քիլոմեթր է:
Մայիսի 17-22ը պետական կոմիտէի ղեկավար Նազիմ Իպրահիմովը այցով գտնուել է ԱՄՆ Նիւ Եորք, Սան Ֆրանսիսքօ, Լոս Անճելըս քաղաքներում: Ըստ Պաքուի մամուլի՝ ԱՄՆ ատրպեճանական եւ թուրքական կառոյցներից բացի, հանդիպել է նաեւ հրէական կառոյցների անդամների հետ: Վերստին քննարկուել է համատեղ լոպպինկի կազմակերպման հարցը:
ԱՄՆում ատրպէյճանամէտ լոպպինկի թեմայով Ուաշինկթընում գործող «Խորհրդային հրեաների ազգային խորհուրդ» կառոյցի ղեկավար Մարք Լեւինը «Ճերուզալեմ փոսթ» հանդէսին ասել է, թէ «ԱՄՆ հայկական կառոյցները շատ ուժեղ եւ կազմակերպուած են, հանդէս են գալիս միասնական ճակատով»: «Որոշ քաղաքական հարցերում մենք գործակցում ենք հայերի հետ, բայց երբ հերթը հասնում է Ատրպէյճանին՝ մենք հակադիր կողմերում ենք», նշել է Լեւինը: Նոյն թեմայով «Ճերուզալեմ փոսթ»ին տուած հարցազրոյցում Ատրպէյճանի արտգործնախարար Էլմար Մամէտեարովը նշել է. «ԱՄՆ հրեաներն օգնել են Ատրպէյճանին Ուաշինկթընում լոպպիինկ կազմակերպելու հարցում, եւ այդ օգնութիւնը շատ կարեւոր է»:
Թերթը գրում է, որ դա, մասնաւորապէս, դրսեւորուել է Քոնկրէսում՝ Ատրպէյճանին ուղղակի ամերիկեան օգնութիւնը սահմանափակող յայտնի 907րդ կէտի կասեցման դէպքում: Այս առումով կարեւոր են նաեւ ատրպեճանական մամուլում շրջանառուող տեղեկութիւններն այն մասին, թէ իբր 1918թ. Ատրպէյճանի ներկայիս Ղուբայի շրջանում հայկական ջոկատների կողմից զանգուածաբար սպանուել են տեղի հրեաներ: Ղուբայի շրջանում յայտնաբերուել են մարդկանց զանգուածային թաղման վայրեր: Ատրպեճանական իշխանութիւնները նախատեսում են այստեղ հիմնել «ցեղասպանութեան թանգարան»:
Նշենք, որ առաջին դէպքը չէ, երբ հայկական կողմին ձգտում են մեղադրել հրեաներին զանգուածաբար ոչնչացնելու մէջ: Մեծ Եղեռնի հարցում ժխտողական գիծ վարող պաշտօնական Անգարայի պատմաբանները նշում են «Օսմանեան շրջանում Թուրքիայի տարածքում հայերի կողմից 100 հազար հրեաների բնաջնջման մասին»: Միանշանակ է միտումը՝ նման մարտավարութեամբ իրենց կողմը գրաւելու միջազգային եւ մասնաւորապէս ԱՄՆ հրէական կառոյցները՝ այսպիսով խոչընդոտելով մասնաւորապէս Քոնկրէսում Եղեռնի օրինագծերի հնարաւոր առաջընթացին:
«100 հազար հրեաների հնարովի ցեղասպանութեան» թեմային ժամանակին անդրադարձել է պատմաբան Վահագն Տատրեանը: Մայիսի 14ին Պաքւում Իսրայէլի դեսպան Արթուր Լենքի կողմից կազմակերպուել է Ատրպէյճանում աշխատող 11 պետութիւնների դեսպանատների ներկայացուցիչների այց Ղուբայի շրջան, մասնաւորապէս՝ «Քրասնայեա Սլոպոտա» աւան, որտեղ բնակւում են մօտ 4 հազար լեռնցի հրեաներ: Տեղի հրէական համայնքի ղեկավար Պորիս Սիմանտուեւը (Ապրիլին մեկնել էր Իսրայէլ «ԱզԻս» կառոյցի հիմնադրման արարողութեանը) յայտարարել է, որ իրենք խտրականութիւնների չեն բախւում, իսկ «իրենց անհանգստացնող խնդիրը Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան խախտումն է»: Դեսպան Լենքն առաւել խուսափողաբար նշել է, որ Ղուբայում յայտնաբերուած եղբայրական գերեզմանի վերաբերեալ կարծիք կարող է յայտնել ուսումնասիրութիւնների աւարտից յետոյ:
Ատրպէյճանի «Սահմանադրութիւն» հիմնադրամի տնօրէն Ալիահմէտ Նուրիեւը յայտարարել է, որ նաւթի դիմաց Ատրպէյճանն Իսրայէլից պէտք է պահանջի օժանդակութիւն լոպպինկի հարցերում եւ հնարաւորութիւն՝ աշխատելու նորագոյն արհեստագիտութեամբ (այդ թւում՝ նաեւ ռազմական), խորացնի գործընկերութիւնն անվտանգութեան ոլորտում: Ըստ մամուլի՝ մասնաւորապէս անվտանգութեան ասպարէզում յարաբերութիւնների որոշակի զարգացում է սկսուել 1998թ. վարչապետ Պենիամին Նաթանիահուի Պաքու այցից յետոյ: Մէկ տարի անց Ատրպէյճանում է գտնուել Իսրայէլի ԱԳՆ պատուիրակութիւնը:
Ատրպէյճան-Իսրայէլ գործակցութիւնը զարգանում է նաեւ գիւղատնտեսութեան եւ առողջապահութեան ոլորտներում:
Ատրպէյճանում իրականացւում է իսրայէլական «Մաշաւ» բարեգործական ծրագիրը: Այն Իսրայէլի ԱԳՆ վերահսկողութեամբ իրականացուող ծրագիր է՝ ուղղուած զարգացող պետութիւնների գիւղատնտեսութեան եւ առողջապահութեան զարգացմանը: Ծրագրի շրջանակում 2003թ. Իսրայէլի բժիշկներն անհատոյց 19 վիրահատութիւն եւ խորհրդակցութիւններ են անցկացրել Ատրպէյճանում, յատկացուել է $10 հազար թեքնիքական օժանդակութիւն: Կազմակերպուել է առողջապահութեան, գիւղատնտեսութեան եւ տնտեսութեան ոլորտի 30 մասնագէտների վերապատրաստումն Իսրայէլում:
Ըստ որոշ տուեալների՝ ատրպէյճանաիրանական սահմանի երկայնքով գտնւում են մի քանի իսրայէլական գաղտնալսող կայաններ, որոնք գործածւում են Իրանի դէմ: Այս մասին նշուած է ԱՄՆ «Ուաշինկթըն հիմնարկ»ի թուրքական հետազօտական ծրագրի աշխատակից, ազգութեամբ թուրք Սէօներ Չաղափթայի մի յօդուածում: Ըստ թուրք վերլուծաբանի՝ կայանների մասին ԻԻՀում տեղեակ են, եւ թեման երկկողմանի որոշակի լարուածութեան պատճառներից մէկն է: Բացի նշուած թուրք վերլուծաբանի յօդուածից, այս թեմայով այլ հրապարակումներ առայժմ չեն հանդիպել: