Բարեւ Ձեզ, պատուարժան ընկերներ,
Այսօր իմ խօսքը կենտրոնանալու է հարաւային Կովկասի վրայ, մի տարածաշրջանի, որը եօթ տասնամեակ մաս է կազմել Սովետական Միութեան եւ որտեղ այսօր կան միջազգային ճանաչում ստացած երեք հանրապետութիւններ՝ Հայաստանը, Ատրպէյճանը եւ Վրաստանը։ Այստեղ նաեւ գոյութիւն ունեն մի շարք այսպէս կոչուած չճանաչուած պետութիւններ, որոնք իրականում հակամարտութիւններ են, որոնք կամ սառեցուած էին Սովետական Միութեան ժամանակ եւ կամ՝ աւելի խորացուած՝ նոյն Սովետական Միութեան կողմից։
Հարաւային Կովկասը դրսից յաճախ դիտւում է որպէս մէկ, միասնական քաղաքական տարածք, բայց դա աւելի շուտ ցանկութիւն է, քան՝ իրականութիւն։ Այստեղ երեք հանրապետութիւնները գտնւում են զարգացման տարբեր աստիճանների վրայ ե՛ւ որպէս պետական միաւորներ, եւ որպէս ժողովրդավարական համակարգեր, եւ որպէս տնտեսութիւններ։ Ամերիկեան վերլուծական կենտրոնների համաձայն, աշխարհի «Ձախողուած պետութիւններ»ի ցանկում Վրաստանը 58րդն է, Ատրպէյճանը՝ 62րդը, Հայաստանը՝ 112րդը։ Այստեղ փորձում է աշխուժանալ ՎՈՒԱՄ կազմակերպութիւնը, բաղկացած Վրաստանից, Ուքրանիայից, Ատրպէյճանից եւ Մոլտովայից, քաղաքականօրէն կիսելով տարածաշրջանը։
Մեր տարածաշրջանը աշխարհագրական խաչմերուկ է։ Այն նաեւ խաչմերուկ է համաշխարհային եւ տարածաշրջանային ուժերի քաղաքական շահերի։ Այստեղ են իրար հատում Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգների ռազմավարական շահերը։ Հայաստանի հրաւէրով, Հայաստանում հաստատուած են ռուսական ռազմական կայաններ։ Վրաստանի պահանջքով, Վրաստանից դուրս են բերւում ռուսական ռազմական կայանները. Վրաստանի զինուած ուժերը մարզելու նպատակով, Վրաստանում են հաստատուել ամերիկեան զինուած ուժեր։ Ատրպէյճանի զինուած ուժերը մարզւում են Թուրքիայի զինուած ուժերի կողմից եւ Ատրպէյճանում է գտնւում Ռուսաստանի կողմից Միացեալ Նահանգներին համատեղ օգտագործման համար առաջարկուած հակահրթիռային ռուսական «ռատարը»։ Վերջապէս, տարածաշրջանը սահմանակից է Իրանի, որի դէմ ամերիկեան ռազմական գործողութիւնների ծրագիրը չի կարելի պարզապէս ենթադրութիւն որակել։
Այդուհանդերձ, Հայաստանը, Ատրպէյճանն ու Վրաստանը ունեն նաեւ նմանութիւններ։ Երեքն էլ անդամ են Եւրոպայի Խորհրդին եւ Եւրոպայում Անվտանգութեան եւ Համագործակցութեան կազմակերպութեանը, երեքն էլ մաս են կազմում Եւրոմիութեան Նոր հարեւանութեան ծրագրին եւ այդ շրջանակներում մշակել են Եւրոմիութեան հետ համագործակցութեան իրենց առանձին ծրագրերը։ Երեքն էլ մաս են կազմում ՆԱԹՕի հետ Յանուն խաղաղութեան գործընկերութեան ծրագրին եւ մշակել են ՆԱԹՕի հետ անհատական համագործակցութեան իրենց ծրագրերը։ Երեք հանրապետութիւններն էլ ստանում են ամերիկեան ռազմական օժանդակութիւն։
Տարածաշրջանի պետութիւնների, շրջանային եւ համաշխարհային ուժերի ռազմավարական այս շահերի խաչմերուկում՝ հարաւային Կովկասում առկայ են հիմնական երեք չլուծուած հակամարտութիւններ. նրանք են՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ Ատրպէյճանի հետ, եւ Աբխազիայի ու հարաւային Օսէթիայի խնդիրները՝ Վրաստանի հետ։ Այս հակամարտութիւնները արտաքուստ ունեն թուացեալ նմանութիւններ, բայց հերիք է մի քիչ խորանալ իւրաքանչիւրի էութեան մէջ, հաստատելու համար, որ դրանք իրարից տարբեր են։ Առնուազն իրարից հիմնականօրէն տարբեր են մէկ կողմից Լեռնային Ղարաբաղի եւ միւս կողմից Աբխազիայի եւ հարաւային Օսէթիայի խնդիրները, ե՛ւ իրենց արմատներով, եւ իրենց դրսեւորումներով եւ՝ իրենց այսօրուայ պարզած պատկերով. սակայն որ ամենակարեւորն է՝ այդ ժողովուրդների կողմից սեփական ինքնորոշման իրաւունքը իրացնելու հիմքերով, միջոցներով եւ մակարդակով։ Փաստն այն է նաեւ, որ Ղարաբաղ—Ատրպէյճան ռազմական ճակատում 13 տարի է որ հաստատուել է զինադադար, թէկուզ երբեմն մանր խախտումներով, բայց առանց արտաքին ոչ մի խաղաղապահ ուժի։ Մինչդեռ Աբխազիայում եւ հարաւային Օսէթիայում կան միջազգային լիազօրութիւններով ռուսական խաղա-ղապահ ուժեր։ Երեք հակամարտութիւնների խաղաղութեան բանակցութիւնները եւս ունեն տարբեր ձեւաչափեր։ Աբխազիայի եւ հարաւային Օսէթիայի խնդիրների կարգաւորմանը մասնակցում են ՄԱԿն ու ԵԱՀԿն. բանակցութիւնները վարւում են ոչ—բարձրագոյն մակարդակի պաշտօնատարների միջեւ։ Լեռնային Ղարաբաղի դէպքում՝ որպէս միջնորդ հանդէս է գալիս ԵԱՀԿն, իր Մինսքի խմբի համանախագահ երկրներով՝ Ռուսաստան, Ամերիկայի Միացեալ Նահանգներ եւ Ֆրանսա։ Հայաստանը՝ որպէս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ ժողովրդի անվտանգութեան գլխաւոր երաշխաւոր, գործօն մասնակցում է բանակցութիւններին. արդարեւ, վերջին 8-9 տարիներին, ուղղակի բանակցութիւններ են տեղի ունենում Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների եւ արտգործնախարարների մակարդակով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում գործում են պետական բոլոր կառոյցները՝ սկսած նախագահից, խորհրդարանից, կառավարութիւնից մինչեւ զինուած ուժեր, կրթական համակարգ, տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններ, հանրային եւ անկախ լրատուամիջոցներ։ Անցած տարի հանրաքուէի միջոցով ընդունուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սահմանադրութիւնը։ Շուտով ընտրուելու է ԼՂ Հանրապետութեան երրորդ նախագահը։ Զարգանում է տնտեսութիւնը. կան արտաքին ներդրումներ։ ԼՂ Հանրապետութիւնը ունի իր ներկայացուցչութիւնները Եւրոպայում, ԱՄՆում եւ Մերձաւոր Արեւելքում։ Միջազգային կազմակերպութիւններին զուգահեռ, Լեռնային Ղարաբաղը մարդասիրական ուղղակի օժանդակութիւն է ստանում Ամերիկայի Միացեալ Նահանգներից։
Այս բոլորը թուարկեցի փաստելու համար, որ երեք հակամարտութիւնները իրարից տարբեր են եւ հետեւաբար՝ նրանց կարգաւորումը պահանջում է տարբերակուած մօտեցումներ։
Հարաւային Կովկասում հակամարտութիւնների լուծումներ որոնելիս, չի կարելի անտեսել Թուրքիայի դերակատարութիւնը։ Լինելով հարաւային Կովկասի հետ ցամաքային սահման ունեցող երեք երկրներից մէկը, Թուրքիայի դերը տարածաշրջանում անվտանգութիւն եւ կայունութիւն հաստատելու հարցում եղել է ու շարունակում է լինել խիստ բացասական։ Եւրոմիութեան անդամութեան յաւակնող մեր հարեւան այս երկիրը մերժել է Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել 1991թ. Հայաստանի վերանկախացման առաջին օրուանից, իսկ 1993թ.ից, որպէս զօրակցութիւն իր ցեղակից Ատրպէյճանին, «բլոկատայի» է ենթարկել Հայաստանը։ 1915-1923 Հայոց Ցեղասպանութիւնը իրականացրած, Հայաստանի մեծագոյն մասը էթնիկական զտման ենթարկած եւ այդ պատմական փաստերն ու այդ մարդկութեան դէմ ոճիրներում իր պատասխանատուութիւնը ուրացող, ժխտող, միջազգային պայմանագրերն ու իրաւարարութիւնները ոտնահարող այս պետութիւնը ինքն է նախապայմաններ դնում Հայաստանի հետ իր սահմանը բացելու եւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու համար։ Աւելին. Թուրքիան աշխոյժ կերպով ներգրաւուած է Հայաստանը մեկուսացնելու տարածաշրջանային նախաձեռնութիւնների մէջ. սկսած Պաքու—Թիֆլիս—Ճէյհան նաւթամուղից, մինչեւ Պաքու—Թիֆլիս—Էրզրում կազամուղ եւ հասնելով Կարս—Ախալքալաք—Թիֆլիս այնտեղից էլ դէպի Պաքու երկաթգիծը։ Դեռ չենք խօսում Թուրքիայի ներկայ սահմաններում գտնուող հայկական հազարաւոր կրօնական եւ մշակութային յուշակոթողների աւերման քաղաքականութեան ու Թուրքիայում բնակուող հայ փոքրամասնութեան իրաւունքների ոտնահարման մասին։
Ամփոփելով խօսքս եւ կենտրոնանալով հարաւային Կովկասում լուծումների որոնման վրայ, առաջարկում ենք.
Ա.- Չքաջալերել հարաւային Կովկասը ռազմական, ռազմավարական, տնտեսական, ուժանիւթային եւ փոխադրական բաժանումների ենթարկող ցանկացած նախաձեռնութիւն։ Նման նախաձեռնութիւնները ոչ միայն չեն լուծում այսօրուայ խնդիրները, այլեւ՝ իրենց մէջ պարունակում են նոր լարուածութիւնների, հակամարտութիւնների սերմերը։
Բ.- Հարաւային Կովկասը դիտելով հանդերձ որպէս աշխարհագրական մէկ տարածաշրջան, որտեղ ցանկալի է որ ի վերջոյ ձեւաւորուի քաղաքական, տնտեսական, փոխադրական եւ ուժանիւթային միասնական համակարգ, ինչպէս նաեւ անվտանգութեան նոր ճարտարապետութիւն, հարաւային Կովկասում աշխուժանալ, երեք երկրների հետ էլ այդ նպատակով յարաբերութիւնները սերտացնելով, միշտ հաշուի առնելով իւրաքանչիւրի իւրայատկութիւնը։
Գ.- Մերժել եւ ամէն կերպ կանխել «առանց հակամարտութեան վերջնական լուծման՝ որեւէ համագործակցութիւն կողմերի միջեւ բացառուած է» վտանգաւոր եւ անհեռանկար բանաձեւը։ Պէտք է է ասել, որ իրենց այս մօտեցումն է հանդիսացել մինչ օրս հակամարտութիւնների սառեցման գլխաւոր պատճառներից մէկը։
Դ.- Հարաւային Կովկասում հակամարտութիւնների լուծումները պէտք է փնտռել այդ հակամարտութիւններից իւրաքանչիւրի էութեանը համապատասխան իւրայատուկ եւ բացառաբար խաղաղ միջոցներով, հիմնուած՝ միջազգային իրաւունքի կողմից անվիճելի ճանաչուած մարդու եւ ժողովուրդների յարգման սկզբունքների վրայ, հաշուի առնելով տարածաշրջանում անվտանգութեան ու կայունութեան հաստատման մարտահրաւէրները եւ թօթափելով խորհրրդային ժառանգութիւնը այդ հակամարտութիւնների առաջացման եւ խորացման խնդրում։ Հակամարտութիւնների կարգաւորման համար բռնի ուժի սպառնալիքները՝ անհանդուրժելի, եւ հակամարտութիւնները այլ նպատակների ծառայեցնելը՝ անընդունելի պէտք է համարել։
Ե.- Երեք պետութիւններում եւ ընդհանրապէս տարածաշրջանում ժողովրդավարութեան զարգացումը համարել դէպի հակամարտութիւնների խաղաղ կարգաւորում եւ ժողովուրդների խաղաղ գոյակցութեան միակ ճանապարհ։
Եւ վերջապէս՝
Զ.- Աշխուժօրէն հետամուտ լինել, որ տարածաշրջանի երկրներում ազգային փոքրամասնութիւնների քաղաքական, ընկերային—տնտեսական եւ կրթական—մշակութային խնդիրները լուծուեն միջազգային ընդունուած սկզբունքների հիման վրայ, որպէսզի այդ խնդիրները չվերածուեն նոր հակամարտութիւնների։
Համոզուած ենք, որ մեր նշած բոլոր հարցերի լուծման ճանապարհին մեծ է դերը Ընկերվար Միջազգայնականի, եւ որպէս հաւաքականութիւն, եւ որպէս առանձին երկրներում կամ միջազգային կառոյցներում գործող կուսակցութիւններ։
Շնորհակալութիւն ուշադրութեան համար։