
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Համաշխարհային հանրայայտ TED-Ed հարթակը բացառիկ հնարաւորութիւն է ընձեռում 13-18 տարեկան հայ պատանիներին ու երիտասարդներին` արտայայտելու իրենց նորարարական գաղափարներն ու կիսուելու մտքերով աշխարհի հետ: Այս առիթը համայնքի համար ստեղծել են ՀԲԸՄ Նորարարութեան Արուեստանոց (AGBU Innovation Studios) ու «Ջեներէյշն Նեքսթ» (Generation Next) ծրագիրը:
Ծրագրին դիմած եւ ընտրուած մասնակիցները հնարաւորութիւն կ՛ունենան ելոյթ ունենալու Յունիսի 8ին` «Երիտասարդական Նորարարութեան Օր` Ոգեշնչել, Ստեղծել, Միաւորել» խորագրով ձեռնարկի ժամանակ:
Մինչ այդ, Ապրիլի 10ից Յունիսի 1ը, ամէն Շաբաթ օր, նրանք կը ստանան անվճար առցանց դասընթացներ մասնագէտների կողմից` կատարելագործելու հրապարակային խօսքի եւ ներկայացման հմտութիւններն ու իրենց գաղափարները ներկայացնելու հարթակին համապատասխան ձեւաչափով:
«Սա մի ծրագիր է` քաջալերելու եւ զօրացնելու մեր երիտասարդներին, եւ նրանց մտքերը ներկայացնելու լայն հանրութեանը: Մեր նպատակն է փնտռել եւ բացայայտել ապագայի առաջնորդների, ովքեր ունեն դրական փոփոխութիւններ առաջարկող նորարարական գաղափարներ, եւ նրանց հնարաւորութիւն տալ ներկայանալու հանրայայտ TED-Ed հարթակում: Յորդորում ենք մեր պատանիներին եւ երիտասարդներին, ովքեր ունեն դրական փոփոխութիւններ կրող մտքեր, տեսլական, առաջարկներ` դիմել մեզ մաս դառնալու այս բացառիկ նախաձեռնութեանը», նշում է ՀԲԸՄ Կրթական ծրագրերի պատասխանատու Նարէ Աւագեանը:
Ձեռնարկի առանցքում, TED-Ed ակումբի` «Նորարարութիւն. ձեւաւորում ենք մեր վաղը» թեման է, ինչի շրջանակներում մասնակից երիտասարդները` կիսւում են ապագայի իրենց տեսլականով, մարտահրաւէրները յաղթահարելու առաջարկներով` հիմնուելով ստացած ժառանգութեան վրայ: Ծրագրին մասնակցութեան յայտերն ընդունւում են մինչեւ Ապրիլի 9ը: Ընտրութիւնը հիմնուած կը լինի ոչ միայն առաջադրուած չափանիշների, նաեւ` դիմողների այն բացառիկ հմտութիւնների վրայ, որոնք համըկնում են TEDxKids հարթակի նպատակներին: Հաշուի կ՛առնուեն նաեւ տուեալ անհատի ստեղծագործական ընդունակութիւններն ու ինքնատիպ մտածողութիւնը: Մասնակիցները պէտք է կարողանան իւրովի մօտենալ իրենց թեմային` առաջարկելով թարմ տեսակէտներ, որոնք կը գրաւեն հանդիսատեսին: Նրանց ելոյթի համար ընտրուած թեման եւ գաղափարը պէտք է դրական ազդեցութիւն թողնելու ներուժ ունենայ:
Ծրագրի մասին մանրամասների եւ դիմումաձեւին կարելի է ծանօթանալ այս յղումով:
Հարցերի համար դիմել innovation@agbu.org հասցէին կամ (626)794-7942 համարին: