Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեան լրագրողներու հետ ունեցած զրոյցի մը ընթացքին յայտնեց, որ Ատրպէյճանի մէջ պահուող բոլոր հայ գերիներուն վերադարձը Հայաստանի օրակարգին վրայ է։
«Մենք միշտ քննարկել ենք բոլոր գերիների վերադարձի հարցը ՝ լինի Ադրբեջանի, թէ միջազգային գործընկերների հետ: Սա եղել է մեր օրակարգում, մենք ինտենսիւ (խտացեալ) աշխատանք ենք տանում այս ուղղութեամբ: 2023 թուականի Դեկտեմբերի 7ին որոշակի յաջողութիւն ունեցանք այդ առումով` 32 գերի վերադարձել է, բայց մենք դրանով չենք բաւարարւում եւ շարունակում ենք աշխատել, որպէսզի բոլոր գերիները վերադառնան», ըսաւ Գրիգորեան։
Պատասխանելով այն հարցումին, թէ խաղաղութեան համար այդ մէկը գլխաւոր նախապայման չէ՞՝ Գրիգորեան նշեց, թէ ճիշդ չէ այդ հարցը փոխկապակցել խաղաղութեան պայմանագիրին հետ, որովհետեւ գերիները պէտք է կարելի եղածին չափ շուտ վերադառնան Հայաստան:
Հայաստանի Հանրապետութեան Մարդու իրաւունքներու պաշտպան Անահիտ Մանասեան, Խոշտանգումներու զոհերու աջակցութեան միջազգային օրուան առիթով յղած իր ուղերձին մէջ անդրադարձաւ նաեւ Պաքուի բանտերուն մէջ գտնուող հայ ռազմագերիներուն նկատմամբ խոշտանգումները բացառելու կարեւորութեան։
«Կանխարգելման ազգային մեխանիզմի (գործիքակազմի) կարգավիճակով Մարդու իրաւունքների պաշտպանի գործունէութիւնն ուղղուած է մեր երկրում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի կանխարգելմանը: Տարեկան ու արտահերթ զեկոյցներում պաշտպանը մշտապէս է ընդգծել վատ վերաբերմունքի հետեւանքով պատճառուած ոչ նիւթական վնասի հատուցման եւ աջակցման այլ մեխանիզմների բացակայութիւնը: Սա առաջնահերթ խնդիր է, որը պետութեան կողմից պէտք է պատշաճ հասցէաւորուի: Խիստ կարեւոր է նաեւ խոշտանգում վերապրած անձանց եւ նրանց ընտանիքներին հոգեբանական, բժշկական եւ սոցիալ (ընկերային)-վերականգնողական ծառայութիւնների տրամադրումը», նշուեցաւ ուղերձին մէջ: Հայաստանի Մարդու իրաւունքներու պաշտպանը խիստ մտահոգիչ նկատեց այն հանգամանքը, որ պաշտպանի աշխատակազմին մէջ կը շարունակուին դիմում-բողոքներ եւ ահազանգներ՝ ստացուած քրէակատարողական հիմնարկներու, ոստիկանութեան, քննչական մարմիններուն մէջ խոշտանգման առերեւոյթ դէպքերուն վերաբերեալ: Պետութիւնը պէտք է յստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դէպքերը կանխարգելելու ուղղութեամբ: Աւելին, այդ դէպքերին պէտք է արձագանգել արագ ու համարժէք, հետեւողական լինել արդիւնաւէտ քննութեան ապահովման եւ մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու տեսանկիւնից: Այդ առումով մեր պետութիւնում առկայ են տարատեսակ խնդիրներ, որոնք ունեն շուտափոյթ յաղթահարման անհրաժեշտութիւն: Վստահ եմ` պէտք է մէկտեղենք ջանքերը` մեր ամէնօրեայ աշխատանքով Հայաստանում այնպիսի միջավայրի ձեւաւորման նպատակով, որտեղ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի այլ ձեւերը բացառուած կը լինեն: Ցանկանում եմ յատուկ անդրադարձ կատարել ադրբեջանական իշխանութիւնների որդեգրած քաղաքականութեանը, այդ թւում` Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու առումով: Այդ հանգամանքն անընդունելի է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի որդեգրած բոլոր արժէքների տեսանկիւնից, եւ միջազգային հանրութեան կողմից պէտք է արժանանան պատշաճ գնահատականի», իր ուղերձին մէջ կ՛ըսէ Մանասեան։