
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեան տեղեկացուց, որ 23 Յուլիսին, Եւրոպական խորհրդարանին մէջ, Եւրոպական Միութեան օրէնսդիր իշխանութեան շարք մը ներկայացուցիչներու հետ հանդիպում ունեցաւ:
«Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ, Եւրոպայի ժողովրդական կուսակցութեան քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի, Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մաւրիդեսի, Եւրոպայի պահպանողականների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի հետ հանդիպումների ընթացքում խորհրդարանականներին շնորհակալութիւն եմ յայտնել Հայաստանին ու Արցախին առնչուող խնդիրների վերաբերեալ տարիներ շարունակ դրսեւորած սկզբունքային դիրքորոշման համար: Ընդգծելով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների պարտադրման շարունակական քաղաքականութեան անընդունելի լինելու հանգամանքը` ներկայացրել եմ տարածաշրջանի համար նման քաղաքականութեան ապակայունացնող ազդեցութիւնները: Յատուկ անդրադարձ է կատարուել Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման խնդրին` այդ հարցում կարեւորելով Ադրբեջանի վրայ միջազգային ճնշում բանեցնելու անհրաժեշտութիւնը: Քննարկել ենք Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովին միջազգային պատուիրակութիւնների մասնակցութեանը վերաբերող հարցեր: Քննարկել ենք նաեւ Հայաստան-Եւրոպական Միութիւն յարաբերութիւններին առնչուող հարցեր: Անդրադարձ ենք կատարել Հայաստան-Եւրոպական Միութեան համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրի (CEPA) ամբողջական կիրառման անհրաժեշտութեանը», յայտնեց Սաղաթէլեան: