

ՍՎԵՏԼԱՆԱ ՅԱԿՈԲԵԱՆ
Աշակերտի հոգեբանական ձեւաւորման եւ հայեցի դաստիարակութեան գործում իր կարեւոր դերն ունի ուսուցիչը:
2024 թ.ի Օգոստոսի 10ին, Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմի առաջնորդարանի «Համբար» սրահում տեղի ունեցաւ մայրենիի ուսուցիչների ամէնամեայ համաժողովը, որն ընթանում էր ինչպէս առկայ, այնպէս էլ տեսակապով աշխարհի տարբեր ծայրերից` հայրենիքից, Հնդկաստանից, Եւրոպայից, Ռուսաստանի Դաշնութիւնից, ԱՄՆ երկու թեմերից միացած 100ից աւել ուսուցիչների, մտաւորականների եւ հիւրերի ներկայութեամբ: Օրուայ հանդիսավար, ԱՄՆ Արեւմտեան թեմի շաբաթօրեայ դպրոցների հոգեւոր տեսուչ եւ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի տնօրէն Յովհաննէս սարկաւագ Գումրույեանը, սկզբում ողջունելով ներկաներին՝ նշեց. «14 տարի առաջ այս հաւաքներին մասնակցում էին միայն շաբաթօրեայ դպրոցների մանկավարժները, ապա հիմա այս աշխատաժողովները դուրս են եկել Արեւմտեան թեմի շրջանակներից, տարածուել Հայոց եկեղեցու բոլոր թեմերում եւ դարձել մայրենի լեզուի մշակների համագումար»:
Աշխատանիստն սկսուեց Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի աղօթքով եւ օրհնութեան խօսքով: Սրբազան հայրն անդրադարձաւ ուսուցչի առաքելութեանն ու կարեւորութեանը, իր մասնաւոր գնահատանքը բերելով մասնակիցներին եւ յատկապէս օրուայ դասախօսներին ու կազմակերպիչներին: Հարկ է նշել, որ առաջնորդ Յովնան սրբազանն իր շնորհաւորական խօսքը նախապէս ուղարկել էր նաեւ գրաւոր:


Ներկաներին ողջունեց նաեւ դոկտոր Էլլի Անդրէասեանը:
Հիմնական բանախօսներից, գրականագէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ եւ պետական գործիչ Սերժ Սրապիոնեանը ներկայացրեց հայ հանճարեղ գրողների` Թումանեանի, Զօհրապի, Շանթի եւ այլոց ստեղծագործութիւնների առանձնայատկութիւնները՝ մէջբերելով գրողների կեանքին վերաբերող հետաքրքիր մանրամասներ: Բանախօսն անդրադարձաւ նաեւ արեւելահայ եւ արեւմտահայ նոր եւ նորագոյն գրականութեան հնարաւոր լեզուական եւ այլ ազդեցութիւններին ու առանձնայատկութիւններին:
Օրուայ յաջորդ բանախօս, հանճարեղ լեզուաբան, գիտնական եւ Երեւանի Բրիւսովի անուան պետական համալսարանի ռեկտոր (համալսարանապետ) Դաւիթ Գիւրջինեանը 2րդ անգամ էր մասնակցում Արեւմտեան թեմի կողմից կազմակերպուող ամէնամեայ աշխատանիստերին:
Նա ներկայացրեց «Հայոց լեզուի ուսումնական նիւթեր Սփիւռքի հայկական դպրոցների համար» թեման` իր խօսքում կարեւորելով ուսուցչի մասնակցութիւնը եւ անհատական մօտեցումը դասի տարբեր խնդիրներին: Նա ընդգծեց, որ փայլուն դաս հնարաւոր է ստանալ վատ դասագրքից արհեստավարժ ուսուցչի շնորհիւ, որի կողմից օգտագործուող մեթոդներից ծնւում է ուսուցողական եւ աշակերտակենտրոն դաս եւ հակառակը: Քանի որ տասնամեակներ շարունակ Սփիւռքում առկայ է հայերէնի դասագքրքերի խնդիրը գիտնական լեզուաբանը ներկաներին ցոյց տուեց դասի օրինակներ եւ իր հարուստ փորձառութեամբ բացատրեց, թէ ի՞նչ կարելի է անել, երբ ուսուցիչն իր ձեռքի տակ չունի դասագիրք, կամ եղածը ժամանակավրէպ է եւ կամ էլ ոչ շատ օգտակար:
Հայերէնը կենդանի օրգանիզմ է, այն պէտք է զգալ որպէս գործող անձ` աշխարհն ու բնութիւնը ճանաչելու համար:
Դասաւանդման մեթոդական եւ գնահատման խնդիրներին անդրադարձ կատարեց օրուայ համակազմակերպիչներից, Արեւմտեան թեմի շաբաթօրեայ դպրոցների գիտակրթական յանձնախմբի պատասխանատու դոկտոր Էլլի Անդրէասեանը: Նա նշեց, որ բազմաբնոյթ մեթոդները ապահովում են աշակերտների գիտելիքների իմացութեան մակարդակը եւ անհրաժեշտ է նրանց կարողութիւններն օգտագործել ինչպէս դասընթացքի ժամանակ, այնպէս էլ լեզուական մտածողութեան ձեւաւորման ժամանակ:
Համաժողովի աւարտին Յովհաննէս սարկաւագ Գումրույեանը շնորհակալութիւն յայտնեց գիտաժողովի մասնակիցներին, աշխարհասփիւռ մայրենի լեզուի դեսպաններին եւ յատկապէս օրուայ դասախօսներին: Նան նշեց, որ Արեւմտեան թեմն իր ողջ ներուժով մշտապէս պատրաստ է իր օգնութիւնը բերել հայերէնի բոլոր մշակներին` անկախ նրանց գտնուելու վայրից: Նոր ուսումնական տարուայ կապակցութեամբ բոլորին մաղթեց յաջողութիւն եւ բազմաբեղուն աշխատանք` ի նպաստ մեր աշակերտների գիտելիքների զարգացմանն ու հայ ինքնութեան պահպանմանը:
Վերջում յուրախութիւն բոլորի՝ նա նշեց, որ Սփիւռքի պատմութեան մէջ առաջին անգամ ԱՄՆ Արեւմտեան թեմի շաբաթօրեայ դպրոցների ցանցն ստացել է պետական արտօնագիր եւ նրանց տրուած վկայականները ճանաչւում են բոլոր կրթական հաստատութիւնների կողմից: