
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ԱՐՑԱԽԵԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՊՐԵՍ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց` ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

2023 թուականի Սեպտեմբերին, Արցախի բռնազաւթումից եւ արցախահայերի ցեղասպանութիւնից յետոյ, Ադրբեջանը հետեւողականօրէն ոչնչացնում է Արցախի նիւթական մշակոյթը: Միաժամանակ, սպառնալիքի առջեւ է նաեւ Արցախի ոչ-նիւթական մշակութային ժառանգութիւնը` ի դէմս կրողների եւ տարածողների: «Եթէ քայլեր չձեռնարկենք, Արցախի պետական մշակութային կազմակերպութիւնները` երաժշտական խմբերն ու պարի համոյթները կը կազմաքանդուեն», նշում է Ապրես Մարգարեանը: Նշուած սպառնալիքին դիմակայելու նպատակով, նրա ջանքերով հիմնադրուել է «Արցախեան մշակոյթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպութիւնը, որի նախագահն է հանդիսանում Մարգարեանը:
Ապրես Մարգարեանի հետ հանդիպումս Երեւանում էր` կազմակերպութեանը ժամանակաւորապէս յատկացուած գրասենեակում: «Ասպարէզ»ին տրուած հարցազրոյցում, Մարգարեանը ներկայացրեց Արցախի մշակութային ժառանգութեանն ուղղուած մարտահրաւէրներն ու դրանց յաղթահարմանն ուղղուած ծրագրերը, որոնք համահայկական աջակցութեան կարիք ունեն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Արցախեան մշակոյթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպութիւնն ի՞նչ նպատակով է ստեղծուել, ովքե՞ր են շահառուները:
ԱՊՐԵՍ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Արցախահայերի բռնի տեղահանումից կարճ ժամանակ անց, 2023 թուականի Նոյեմբերին Հայաստանում ստեղծեցինք «Արցախի մշակոյթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպութիւնը, որի հիմնական նպատակը Արցախի ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան, մեր ինքնութեան` բարբառի, սովորոյթների, աւանդոյթների պահպանումն է, ինչպէս նաեւ` արցախեան մշակոյթի հանրահռչակմանն ուղղուած միջոցառումների կազմակերպումը: Կազմակերպութեան համար առաջնային է պահպանել պատմական բարդ ու դժուար ժամանակներում ստեղծուած եւ տասնամեակների պատմութիւն ունեցող Արցախում պետական կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպութիւնները, միջոցներ հայթայթել նրանց գործունէութիւնը ապահովելու համար:
Արցախում ես ղեկավարում էի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան` ժամանակակից արուեստի եւ մշակութային կրթութեան բաժինը, եւ իմ համակարգման ոլորտում էին գործում մշակութային կազմակերպութիւնները` պետական երգի, պարի խմբեր ու համոյթներ, որոնք առանցքային դեր ունեն մեր մշակոյթի պահպանման հարցում: Հայաստան տեղափոխուելուց յետոյ հասկացանք, որ պէտք է արագօրէն կազմաւորենք մի կառոյց, որը կը համակարգի այս խմբերի գործունէութիւնը:
Մեր հասարակական կազմակերպութիւնը համընդհանուր հարթակ է, որտեղ միաւորուել են բոլոր պետական համոյթները՝ «Արցախի ազգային նուագարանների պետական նուագախումբը», «Արցախի պետական երգչախումբը», «Մռակած» պետական կամերային երգչախումբը», «Մենք Ենք Մեր Սարերը» երգի-պարի պետական համոյթը, «Արցախի պետական ջազ նուագախումբը», «Շուշիի Մ. Խանդամիրեանի անուան պետական տիկնիկային թատրոնըը», Արցախի պարի պետական համոյթը, արցախեան մշակութային միաւորումները` Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկական երգչախումբը, ինչպէս նաեւ` ինքնագործ խմբերը «Վելլանս» վոկալ (ձայնային) խումբը, «Արցախի Այաներ» համոյթը եւ այլք: Այսինքն, կազմակերպութեան ողջ կառուցուածքը իրաւաբանօրէն այնպէս ենք կազմակերպել, որ խմբերը պահպանեն իրենց անունները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ ձեւաչափով է գործում կազմակերպութիւնը, ֆինանսաւորման ի՞նչ աղբիւրներ ունէք, եւ որո՞նք են առաջնահերթ խնդիրները:
ԱՊՐԵՍ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Թափանցիկութիւն եւ վստահութիւն ապահովելու նպատակով, ստեղծել ենք տնօրէնների խորհուրդ, որը զբաղւում է ռազմավարական բոլոր հարցերով: Խորհրդի անդամ են հանդիսանում նշուած բոլոր խմբերի գեղարուեստական ղեկավարները: Զուգահեռ ձեւաւորուել է հոգաբարձուների խորհուրդ, որը նաեւ վերահսկողութեան գործառոյթ ունի: Այստեղ հրաւիրում ենք այն խոշոր կազմակերպութիւններին ու հիմնադրամներին, որոնք առանձնապէս մեծ չափերի նուիրատուութիւն են կատարում, որպէսզի մասնակից լինեն մեր ծրագրերին, եւ մենք էլ հաշուետուութիւն ներկայացնենք:
Ստեղծման առաջին օրերից փորձեցինք խմբերի ղեկավարների հետ համատեղ լուծումներ գտնել, հանդիպեցինք Հայաստանի մեր գործընկերներին` առաջնահերթօրէն ապահովելու խմբերի գործունէութիւնը, լուծելու աշխատավարձերի, փորձասենեակների, տեխնիկայի (գիտարուեստի) հետ կապուած խնդիրներ: Քննարկումների ժամանակ առաջարկեցինք տարբեր ձեւաչափեր, որոնց միջոցով հնարաւոր է պահպանել արցախեան խմբերը` ընդգծելով նաեւ հանգամանքը, որ նրանք կը նպաստեն Հայաստանի մշակութային կեանքի աշխուժացմանը յատկապէս մարզերում: Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի մշակութային կեանքը կենտրոնացուած է Երեւանում եւ Գիւմրիում, եւ մարզային մշակութային կենտրոնները գրեթէ չունեն իրենց տեղական խմբերը: Ըստ այդմ, մենք առաջարկում ենք ապակենտրոնացման սկզբունքով արցախեան մշակութային խմբերին կցել մարզերում գործունէութիւն ծաւալելու: Մեզ առաջարկեցին առաջնահերթութեան կարգով լուծել ոմանց աշխատանքով ապահովման հարցը, եւ որոշակի թափուր հաստիքներ տրամադրեցին: Այդուհանդերձ, ցաւօք, հիմնականում հարցերում համակարգուած լուծումներ մինչ այսօր դեռ չունենք:
Առանց պետական աջակցութեան շատ դժուար է: Միայն Արցախի պարի պետական համոյթն է, որ Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ մասնաճիւղի ջանքերով ստացել է մէկ տարուայ ֆինանսաւորում, որի շրջանակներում աշխոյժ համերգային ստեղծագործական գործունէութիւն է ծաւալում Հայաստանի տարբեր մարզերում: Մեր միւս խմբերն այս պահին ֆինանսաւորում չունեն, եւ մեր արուեստագէտները ստիպուած են այլ աշխատանք փնտռել: Յատկապէս կատարողական արուեստի մասին է խօսքը, երբ նրանք մէկ-երկու ամիս կանոնաւոր փորձեր չեն անում, փորձի պակասն ազդում է:
Նշուած խնդիրները յաղթահարելու համար, հարկաւոր է համայն հայութեան աջակցութիւնը, որովհետեւ նման կարգավիճակով շատ երկար չենք կարող գործել եւ հնարաւոր է, որ այդ խմբերը կազմաքանդուեն: Մինչդեռ, եթէ մէկ տարուայ ֆինանսաւորում ստանան` կը կարողանան ոտքի կանգնել, եւ այնուհետեւ ինքնաֆինանսաւորմամբ շարունակել գործունէութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կազմակերպութիւնն հանրային ի՞նչ գործունէութիւն է ծաւալել, ներգրաւուած խմբերն առիթ ունեցե՞լ են հանդէս գալու ելոյթներով:
ԱՊՐԵՍ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- «Արցախեան մշակոյթի պահպանման կենտրոն»ի առաջին նախաձեռնութիւնը 2023 թուականի Դեկտեմբերի 10ին էր՝ Արցախի Հանրապետութեան սահմանադրութեան օրը: Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում, Արցախի երաժշտարուեստի եւ պարարուեստի խմբերն ու համոյթները հանդէս եկան համատեղ համերգով, որ կրում էր «Մենք Կանք» խորագիրը: Համերգն աւելի շատ ճանաչողական բնոյթ ունէր հայաստանեան լսարանի համար, եւ գլխաւոր ուղերձն այն էր, որ այս խմբերի գործունէութիւնը կենսական է Արցախի մշակութային ժառանգութեան պահպանման համար: Համերգին հրաւիրուած էին եւ ներկայ էին հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, պաշտօնեաներ, դեսպաններ, բարեգործական հիմնադրամների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ համերգը բաւական մեծ ու դրական արձագանգ ստացաւ:
Կազմակերպութեան երկրորդ նշանակալի նախաձեռնութիւնը «Փրկենք՝ վաղուայ համար» խորագրով հեռուստամարաթոնն էր, որի մեկնարկը տրուել էր Փետրուարի 20ին, որ ամփոփուեց Ապրիլի 20ին: Հեռուստամարաթոնի նպատակն էր իրատեսական քայլեր ձեռնարկել՝ Արցախի երաժշտարուեստի եւ պարարուեստի խմբերի ու համոյթների պահպանման ու շարունակական գործունէութեան համար:
Ես համոզուած եմ, որ եթէ պահպանում ենք մեր ինքնութիւնը, մշակութային ժառանգութիւնը, ապա նաեւ պահպանում ենք այն գաղափարը, այն յոյսը, որ վաղը Արցախը կրկին կը լինի հայկական, հակառակ դէպքում, այդ գաղափարն անիրականանալի կը լինի:
Փետրուարի 20ն էլ ինքնանպատակ չէինք ընտրել, քանի որ այդ օրը մեր հայութեան միասնականութիւնը խորհրդանշող օրն է, եւ մէկ ամսից աւելի, շարունակաբար, տարբեր հարթակներում ներկայացրեցինք մեր կազմակերպութեան ծրագրերը, որ ներառում է նաեւ յուշարձանների, բարբառի պահպանութեան մասով ծրագրերը, մանկապատանեկան նախագծեր, ինչպէս նաեւ մշակութային արտաքին քաղաքականութեան ծրագրեր: Նշեմ ուրախալի փաստ, որ մէկամսեայ արշաւի ընթացքում մեզ միացան մշակութային, հասարակական տարբեր գաղափարներ, քաղաքական հայեացքներ ունեցող գործիչներ, ովքեր համախմբուեցին մեր նախաձեռնութեան շուրջ: Ցաւօք, հեռուստամարաթոնին հանրային մասնակցութիւնը մեծ չէր, բայց ունեցանք տարբեր նախագծերի առաջարկութիւններ, որոնք փորձում ենք իրագործել:
Այս փուլում սկսում ենք մարզային հիւրախաղերը, որոնց մեկնարկը տրուել է Սիւնիքում: Միաժամանակ, կազմակերպութեան մէջ ընդգրկուած մշակութային խմբերը, համագործակցելով հայաստանեան տարբեր կրթամշակութային կազմակերպութիւնների եւ հիմնադրամների հետ` մասնակցում են տարբեր համերգային, ճամբարային, մշակութային ծրագրերի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ ծրագրեր ունէք, որոնց իրականացմանը կարող է մասնակցել նաեւ ամերիկահայ համայնքը:
ԱՊՐԵՍ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Կազմակերպութիւնը նախատեսում է ստեղծել մի շարք ծրագրեր, որոնք առաջնային հրատապութիւն ունեն: Նշեմ մի քանիսը, որոնց համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցութիւն: «Արցախի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ստեղծումը հնարաւորութիւն կը տայ արցախահայ 8-13 տարեկան երաժշտական ընդունակութիւններ ունեցող երեխաներին համախմբել մէկ հարթակում՝ արցախեան ինքնութիւնն ամփոփող միջավայրում: Մէկ այլ ծրագիր ուղղուած է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգչախմբի պահպանմանը: Շատ կարեւոր է արցախեան բարբառի պահպանումը, եւ այդ նպատակով պատրաստւում ենք ստեղծել հեռուստածրագիր, որ կը ներկայացնի Արցախի եւ Հայաստան աշխարհի բոլոր բարբառները`Շուշիի Մ. Խանդամիրեանի անուան պետական տիկնիկային թատրոնի միջոցով: Նշուած ծրագրերի իրականացումը կը նպաստի նաեւ Արցախից բռնի տեղահանուած մշակոյթի ոլորտի բազմաթիւ աշխատողների համար աշխատատեղերի ստեղծմանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ուղերձը:
ԱՊՐԵՍ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Մենք գրեթէ լծակներ չունենք Արցախի նիւթական մշակոյթի ժառանգութիւնը պահպանելու հարցում, եւ Ադրբեջանը, տեսնում էք, թէ ինչպիսի հետեւողականութեամբ, ծրագրաւորուած ոչնչացնում է մեր եկեղեցիները, վանքերը, հայկական հետքն Արցախից: Բայց հնարաւորութիւն ունենք պահպանելու գոնէ ոչ-նիւթական ժառանգութիւնը, եւ համարում ենք, որ սա համայն հայութեան խնդիրն է: Գիտակցելով, որ մշակութային ժառանգութիւնը մեծապէս ազդում է ինքնութեան զգացողութեան, հաւաքական պատասխանատուութեան, յիշողութեան ձեւաւորման, հասարակական պատկերացումների վրայ, եւ որ հէնց ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան ազդեցութեամբ է պահպանւում հաւաքական ինքնութեան եւ շարունակականութեան զգացումը, մեր ծրագրերի իրականացումը դառնում է աւելի հրատապ: Կոչով դիմում եմ Սփիւռքի մեր կազմակերպութիւններին, հայրենակցիներին` ունենալու իրենց ներդրումը համազգային գործում եւ դառնալու հայկական մշակոյթի Արցախեան նշխարները փրկողներից: