ԱՐՑԱԽԻՆԵՐՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
Արցախի ժողովուրդի հիմնարար իրաւունքներու պաշտպանութեան յանձնախումբը հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ կը շեշտուի, որ Արցախի ժողովուրդը ունի ինքնորոշման եւ վերադարձի անվիճելի իրաւունք, իրաւունքներ՝ որոնք անհրաժեշտ են Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ որեւէ մնայուն խաղաղութեան համար:
Ստորեւ՝ այդ յայտարարութիւնը.
«Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից իրականացուած էթնիկ (ցեղային) զտումների եւ ցեղասպանութեան հետեւանքով Լեռնային Ղարաբաղից՝ իրենց նախնիների հողերից վտարուած աւելի քան 100,000 հայերի բռնի տեղահանման մէկ տարին: Այս ծանր տարեդարձին մենք յարգում ենք արմատախիլ արուած կեանքերն ու յիշում վերապրած ցաւալի իրադարձութիւնները: Սա դաժան յիշեցում է, որ այս ճգնաժամը հեռու է աւարտից, իսկ արդարութիւնը՝ դեռեւս անհասանելի: Վերադարձի իրաւունքը պէտք է լինի իրացուող ջանքերի առաջնագծում:
«Բաքուի ապամարդկային հռետորաբանութեամբ եւ ցեղասպան մտադրութիւններով խթանուած զանգուածային բռնի տեղահանումը, որը նշանաւորուեց իննամսեայ աւերիչ շրջափակմամբ եւբացայայտ ռազմական ագրեսիայով (յարձակումով), միջազգային իրաւունքի ակնյայտ խախտում էր: Ադրբեջանը ձգտել եւ իրագործել է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի զանգուածային ոչնչացումը՝ մի ամբողջ քաղաքակրթութիւն հեռացնելով իր հայրենիքից եւ պարտաւորութիւն ստանձնելով ոչնչացնել նրա քաղաքական, մշակութային եւ կրօնական ներկայութեան եւ յիշողութեան բոլոր մնացորդները:
«Սա անընդունելի է: Սա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի հազարամեայ շարունակական ներկայութեան պատմական խաթարում է:
«Տեղահանուած ժողովուրդները հայրենիք վերադառնալու անքակտելի իրաւունք ունեն. Այս սկզբունքը վերահաստատել Է ՄԱԿի Միջազգային դատարանը 2023 թուականի նոյեմբերեան որոշմամբ՝ Ադրբեջանից պահանջելով ապահովել 2023 թուականի Սեպտեմբերից յետոյ բռնի տեղահանուածների անվտանգ եւ անարգել վերադարձը:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման եւ վերադարձի անվիճելի իրաւունք, իրաւունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած տեւական խաղաղութեան համար: Մենք մերժում ենք ցանկացած վարկած, որը ենթադրում է, որ ճգնաժամն աւարտուել է միայն այն պատճառով, որ հայ բնակչութիւնը բռնի տեղահանուել է: Իսկական խաղաղութիւնը չի կարող կառուցուել մի ամբողջ ժողովրդի հարկադրանքի կամ ոչնչացման վրայ: Տեղահանուած անձանց իրաւունքները պէտք է յարգուեն, իսկ նրանց վերադարձը ապահովուի միջազգային պաշտպանութեան ներքոյ:
«Վերջին վեց ամիսների ընթացքում, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծուած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախումբը հետամուտ է եղել վերադարձի եւ ինքնորոշման իրաւունքի խթանման իր մանդատի իրագործմանը: Յանձնախումբը համագործակցել է միջազգային առանցքային դերակատարների, այդ թւում՝ Միաւորուած ազգերի կազմակերպութեան եւ տարբեր պետութիւնների ներկայացուցիչների հետ՝ մշտապէս ընդգծելով տեղահանուած բնակչութեան անվտանգ եւ հաւաքական հայրենադարձութեան անհրաժեշտութիւնը: Այս ջանքերի շնորհիւ հարցը շարունակում է մնալ միջազգային օրակարգում, եւ այդ նպատակների համար կայ զգալի միջազգային աջակցութիւն. աջակցութիւն, որն այժմ կախուած է Հայաստանի կառավարութեան ակտիւ (աշխոյժ) առաջնորդութիւնից:
«Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարութեանը՝ վճռական գործողութիւններ ձեռնարկել այս կարեւորագոյն ուղղութեամբ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցութիւններում: Առանց վերադարձի իրաւունքի չի կարող լինել կայուն խաղաղութիւն տարածաշրջանում: Միջազգային հանրութիւնը պատրաստ է աջակցել այս գործին: Սակայն Հայաստանի կառավարութիւնը պարտաւոր է վճռականօրէն եւ հաստատակամօրէն պաշտպանել վերադարձի իրաւունքը:
«Այս հարցի շուրջ Հայաստանի կառավարութեան լռութիւնը ոչ միայն խաթարում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքները, այլեւ վտանգում է Հայաստանի Հանրապետութեան երկարաժամկէտ անվտանգութիւնը:
«Խաղաղութիւնը պահանջում է մարդկային արժանապատուութիւն, իսկ մարդկային արժանապատուութիւնը միշտ արմատաւորուած է մարդու հիմնարար իրաւունքների երաշխաւորման մէջ»: