Արցախի մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Գեղամ Ստեփանեան քոնկրեսական Թամ Լանթոս Մարդու իրաւունքներու յանձնաժողովի նիստին ներկայացուց Ատրպէյճանի կողմէ արցախահայութեան նկատմամբ գործադրուած յանցագործութիւններուն վերաբերող բազմաթիւ փաստեր եւ մանրամասնութիւններ:
Ստորեւ՝ Ստեփանեանի արտասանած խօսքը.
«Ես տեսել եմ սովահար աչքերով ինձ նայող մանուկների եւ նրանց տառապող ծնողներին: Ես տեսել եմ դեղորայքից զրկուած քրոնիկ (յամրընթաց, երկարատեւ) հիւանդութիւն ունեցող մարդկանց եւ ամէնօրեայ հացի համար պայքար տուող տարեցների եւ հաշմանդամների: Ես տեսել եմ բազմամարդ հացի հերթեր, եւ այդ հերթերից դատարկաձեռն տուն վերադարձող մարդիկ»։
«9 ամիս սովամահութեան մատնելուց յետոյ Ադրբեջանը յարձակուել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրայ Սեպտեմբերի 19ին` մէկ տարի առաջ այս օրը, որից յետոյ` Սեպտեմբերի 24ին ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանուել է իր հայրենիքից բոլորի աչքի առաջ. ռուս խաղաղապահների աչքի առաջ, որոնք 2020 թուականին եկել էին խաղաղութիւն ապահովելու, Ամերիկայի Միացեալ Նահանգների աչքի առաջ, որը յարձակումից մի շաբաթ առաջ յայտարարում էր, որ չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրայ նոր յարձակումը, Եւրոպական Միութեան աչքի առաջ, որը ամենաբարձր մակարդակով իրաւունքներ եւ անվտանգութիւն էր բանակցում Ադրբեջանի հետ: Քաղաքակիրթ մարդկութեան աչքի առաջ, որը իր անտարբերութեամբ նայեց, թէ ինչպէս է հազարամեակների բնիկ հայ ժողովուրդը արամախիլ արւում մաքուր հայկական հողից, որը բռնապետ Ստալինի որոշմամբ է բռնակցուել Ադրբեջանին: ՄԱԿի արդարադատութեան միջազգային դատարանի աչքի առաջ, որի կայացրած որոշումները Ադրբեջանն անտեսում էր` մնալով անպատիժ»:
«Բռնի տեղահանութիւնից մէկ տարի անց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է ապրել տառապանքների մէջ` ամէն օր տեսնելով, թէ ինչպէս է Ադրբեջանը ոչնչացնում իրենց տները, գետնին հաւասարեցնում իրենց բնակավայրերն ու սրբավայրերը, մաքրում հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի, բանտարկուած պահում հայ գերիներին, այդ թւում ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչներին:
«Եւ ոչ միայն պատասխանատուութեան չի ենթարկւում շարունակուող յանցագործութիւնների համար, այլ իրաւունք է ստանում կազմակերպելու COP29-ի նման հեղինակաւոր միջոցառում: Արդեօք սա՞ է քաղաքակիրթ մարդկութեան պատասխանը Ադրբեջանին գործած յանցագործութիւնների համար»:
«Այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է բախուել բազմաթիւ մարտահրաւէրների: Այդ ամէնը յաղթահարելու համար նա առաջարկում է ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած անձանց համար պատշաճ միջազգային աջակցութիւն:
«Թիրախային պատժամիջոցներ պէտք է կիրառուեն Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիաների (յարձակումներուն) եւ դրանց ընթացքում գործած միջազգային յանցագործութիւնների համար: Ադրբեջանի անպատժելիութեանը պէտք է վերջ դրուի տարածաշրջանում խաղաղութեան հաստատման համար:
«Ջանքեր պէտք է գործադրուեն Ադրբեջանում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիների եւ պատանդների անյապաղ ազատ արձակման համար: Մենք ականատես ենք լինում, որ բացառապէս իրաւական գործիքակազմով հնարաւոր չէ հասնել արդիւնքի եւ միայն ուժեղ միջազգային ճնշմամբ է հնարաւոր պարտադրել Ադրբեջանին ազատ արձակել ապօրինաբար պահուող անձանց եւ տեղեկութիւններ տրամադրել անհետ կորած անձանց վերաբերեալ»։