
Պիտի չմոռնամ յանուն Հայաստանի եւ պիտի չներեմ յանուն Արցախի:
Այս յայտարարութիւնը կատարեց «Սրբազան պայքար»ի առաջնորդ Բագրատ սրբազանը 44օրեայ պատերազմի տարելիցին առիթով՝ ուղերձին մէջ ըսելով հետեւեալը.
«4 տարի առաջ այսօրը` Սեպտեմբերի 27ին, Ադրբեջանը Թուրքիայի հովանաւորութեամբ ու աջակցութեամբ սանձազերծեց հերթական պատերազմը:
«Այս պահին ես աղօթում եմ մեր նահատակ որդիների ու դուստրերի հոգիների խաղաղութեան համար եւ խոնարհումս նրանց ու նրանց ընտանիքների առջեւ:
«2020 թուականին հայրենական մեծ պատերազմում մարտի ելան հայոց քաջարի գնդերը` առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդէն իսկ կանխորոշուած էր, քանզի պատերազմի առաջին օրն իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը յայտարարեց` եկէք պայմանաւորուենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտուած չենք համարելու: Ասաց եւ արեց: Պետութեանը պարտութեան մատնելով` ինքն իրեն անպարտ կարգելով: Միջազգային իրաւունքով արգելուած զէնքերի կիրառմամբ , ահաբեկիչների ներգրաւումով, անմարդկային գազանութիւններով եւ մարդասիրական իրաւունքի հանրաճանաչ չափանիշները խախտելով Բաքուին յաջողուեց գրաւել Արցախի զգալի մասը:
«Միջազգային հանրութիւնը, չհաշուած առանձին բացառութիւններ, լուռ հետեւում էր կատարուողին: 44օրեայ պատերազմի պայմանական աւարտով եւ ստորագրուած Նոյեմբերի 9ի ամօթի եւ խայտառակութեան յայտարարութեամբ, ցաւօք, իրական պատերազմը չի դադարել: Մենք դրա շարունակութեան դրսեւորումները տեսանք Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ զաւթիչ գործողութիւններով, Արցախի շրջափակմամբ, 2023 թուականի Սեպտեմբերի 19ի պատերազմով ու դրան յաջորդած Արցախի հայաթափմամբ:
«Դժբախտաբար, հայութեան դէմ սանձազերծուած թուրք-ադրբեջանական ագրեսիան (յարձակումը), օգտուելով անպատժելիութեան եւ ամենաթողութեան մթնոլորտից, իր ամենատարբեր դրսեւորումներով շարունակւում է նաեւ այսօր, չնայած խաղաղութեան մասին պարբերաբար հնչող թէզերին ու խօսքերին:
«Առ այսօր Ադրբեջանը հրաժարւում է վերադարձնել մեր գերիներին եւ Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարութեանը: 44 օր տեւած պատերազմի, դրան նախորդող փուլի, պատերազմի ընթացքում, ապա նաեւ յաջորդող շրջանում Հայաստանի իշխանութիւնների արած քայլերի, ընդունուած որոշումների, ձեռք բերած պայմանաւորուածութիւնների ու դրանց հետեւանքների իրական գնահատականը կը տայ վաղուայ Հայաստանը` խորը եւ անաչառ իրաւական քննութեան արդիւնքում, բոլոր մեղաւորներին օրէնքի ողջ խստութեամբ պատժելու ճանապարհով: Սակայն այսօր իսկ արդէն միանշանակ եւ առաւել քան հիմնաւոր կարելի է փաստել, որ այս իշխանութիւնը չի իրականացրել անվտանգութեան ապահովման իր գործառոյթը` ո՛չ պատերամից առաջ, ո՛չ պատերազմի ընթացքում, եւ ո՛չ էլ դրանից յետոյ: Ամբողջութեամբ ձախողել է ե՛ւ անվտանգային, ե՛ւ արտաքին քաղաքականութիւնը:
«Վաղուայ Հայաստանը կը տայ նաեւ իրական խաղաղութեան օրակարգը, որը որեւէ կերպ այսօրուայ պարտուած իշխանութիւնների քարոզած ամէն գնով մուրացիկ խաղաղութիւնը չէ, այլ հաւասարակշռութեան վրայ կառուցուած խաղաղութիւն է, որը կը լինի արդար, կայուն եւ երկարաժամկէտ:
«Հետեւաբար, քանի դեռ Հայաստանում շարունակում են իշխանութեան մնալ ամէն ինչ զիջելու պատրաստ, պարտուած ու անգամ մարդասիրական խնդիրները, գերիների վերադարձի հարցը բարձրաձայնելու, լուծելու կարողութիւն չունեցող իշխանութիւնները, քանի դեռ իշխանութիւնը զաւթել են Հայաստանի ազգային, պետական շահերի հետ ոչ մի առնչութիւն չունեցողները, 2020 թուականի Սեպտեմբերի 27ին սկսուած աղէտը շարունակւում եւ շարունակուելու է իր տարաբնոյթ դրսեւորումներով:
«Մենք կոչուած ենք փոփոխութեան, մենք կոչուած ենք ապաքինման եւ վերականգնման, մենք կոչուած ենք հայրենիք եւ յաղթանակ վերադարձնելու մեր բազմահազար զաւակներին, որոնք մեկնեցին` մահն արհամարհելով, հայրենիքն ու յաղթանակն իրենց սրտերում եւ աչքերում:
«Վերստին խոնարհումս հայրենիքի պաշտպանութեան համար նահատակուած մեր հայորդիներին, եղբայրներին ու քոյրերին, խոնարհումս նրանց մայրերի, հայրերի ու ընտանիքների առաջ:
«Չեմ մոռանալու յանուն Հայաստանի, չեմ ներելու յանուն Արցախի: Տէ՛ր, ուղղիր մեր ընթացքը դէպի արդարութիւն եւ դէպի յաղթանակներ»։