Սեպտեմբերի 21ին առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի օրհնութեամբ եւ նախագահութեամբ տեղի ունեցաւ Շաբաթօրեայ վարժարանների գիտակրթական յանձնախմբի ժողով՝ նորացուած կազմով, որին մասնակցում էր նաեւ Արեւմտեան թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Երեմիա վարդապետ Աբգարեանը։ Օրակարգի համաձայն ընդունուեցին կանոնադրական նոր փաթեթներ, որոնք թեմի ողջ տարածքով կիրառելի պէտք է դառնան բոլոր շաբաթօրեայ դպրոցների համար։ Ընտրութեամբ դադարեցուեց նախկին կանոնադրութեան գործածութիւնը եւ հաստատուեց նորը, որը համապատասխանում է պահանջուող չափանիշներին եւ թեմի օրէնքներին։ Ըստ որի առաջնորդանիստ «Փոքրիկ Հրեշտակներ»ը գիտակցւում է որպէս թեմի մայր շաբաթօրեայ վարժարան, իսկ մնացած կրթօջախները, պահպանելով իրենց անուանումները, դառնում են նրա մասնաճիւղերը։
Առաջնորդին օրհնութեամբ շաբաթօրեայ դպրոցների հոգեւոր տեսչի պարտականութիւնները շարունակում է կատարել բարեշնորհ Յովհաննէս սարկաւագ Գումրույեանը, որը միաժամանակ «Փոքրիկ Հրեշտակներ» դպրոցի տնօրէնն է։ Հոգեւոր տեսչութեան իշխանութեան ներքոյ, ժողովում եռամեայ կարգով եւ ընտրութեամբ հաստատուեցին շաբաթօրեայ դպրոցների կրթական յանձնախմբի նոր անդամները հետեւեալ կազմով՝ Խաժակ քահանայ Շահբազեան, դոկտ. Էլլի Անդրէասեան, դոկտ. Արփի Մարտիրոսեան, Արփի Աւանէսեան, Ալեն Հախվերդեան եւ Սեդա Աբաջեան։
Կրթական յանձնախմբի ժողովի աւարտին մեկնարկեց շաբաթօրեայ դպրոցների տնօրէնների աւանդական ժողովը, որին մասնակցում էին ոչ միայն Լոս Անջելեսի շրջանի վարժարանների պատասխանատուները, այլեւ հեռաւոր կրթօջախների ղեկավարները՝ առցանց։
Առաջնորդի ողջոյնի խօսքից յետոյ տնօրէնները ծանօթացան կրթական յանձնախմբի նոր անդամներին, ապա յանձնախմբի քարտուղար Արփի Աւանէսեանը ներկաներին տեղեկացրեց կանոնադրական նոր փոփոխութիւնները։
Տնօրէնները հանդէս եկան համառօտ հաշուետուութեամբ։ Արձանագրուեց, որ շատ վայրերում եռապատկուել, կամ քառապատկուել են աշակերտների քանակը եւ այդ պարագայում դպրոցները դարձել են երկհերթ։
Քննարկումներ եղան կրթօջախների միօրինակութեան, ուսումնական ծրագրերի արդիւնաւէտ օգտագործման եւ զարգացման նոր հեռանկարների մասին։
Վերջում առաջնորդական ընդհանուր փոխանորդը մաղթեց յաջող ու բեղմնաւոր ուսումնական տարի՝ յորդորելով կազմակերպել համընդհանուր ծրագրեր, որոնք միտուած կը լինեն աշակերտների համընդհանուր ծանօթացմանը եւ ազգային ու հոգեմտաւոր կեանքի աշխուժացմանը ։
(Քաղուած՝ Շաբաթօրեայ վարժարաններու մամլոյ դիւանի հաղորդագրութենէն)