1988ի Փետրուարի վերջին շաբաթը հայ ժողովրդի հիմնական հաւաքատեղին Օփերայի հրապարակն էր: Կորպաչովեան «կլասնոսթը» խորհրդային բազմազգ երկրի որեւէ այլ լեզուով այնքան հրաշալի չթարգմանուեց, ինչպէս հայերէնում՝ «հրապարակայնութիւն»: Օփերայի հրապարակը, հարթակը, խօսափողը մագնիսի պէս ձգում էր պատմական արդարութիւն պահանջող հայերին Երեւանից, գաւառական քաղաքներից, գիւղերից: Արցախահայութիւնը հաւաքւում էր Ստեփանակերտի կենտրոնական, այն ժամանակ՝ Լենինի անուան հրապարակում:
Առաջին անգամ Խորհրդային Միութիւնում սկսուել էր զանգուածային ազգային շարժում, որը մարտահրաւէր էր նետել քաղաքական-վարչական համակարգին, կուսակցութեան մենիշխանութեանը եւ պետութեանը:
Փետրուարի 22ի երեկոյեան Խորհրդային Միութեան առաջնորդի խորհրդական Կարէն Բրուտենցի աշխատասենեակում հնչում է հեռախօսազանգ: Միխայէլ Կորպաչովն էր: Բրուտենցը յիշում է երկրի ղեկավարի առաջին խօսքերը. «Կարէ՛ն, պէտք է մեկնել Ստեփանակերտ: Ժողովուրդն այնտեղ իրար է անցել՝ ափերից դուրս եկել: Վերցրու քո հետ ում որ ուզում ես եւ մեկնիր»: Այսօր մոսկովեան թերթերում երբեմն հրապարակուող թերթային ժլատ տեղեկութիւններն են միայն յիշեցնում ղարաբաղեան խնդրի եւ նրա հետ կապուած հակամարտութեան մասին: Այն ժամանակներում դրանք իրականում յեղափոխական իրադարձութիւններ էին երկրի համար, իր յուշերում գրում է արմատներով շուշեցի Բրուտենցը:
Երեւանում սկսուած ամէնօրեայ հանրահաւաքները հազարաւոր մարդկանց բերում էին հրապարակ: Փետրուարի 25ին տեղի է ունենում Խորհրդային Միութեան եօթ տասնամեակների պատմութեան ամենաբազմամարդ ցոյցը. տարբեր հաշւումներով կէս միլիոնից մէկ միլիոն հայեր պահանջում են Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Փետրուարի վերջին շաբաթը ամբողջովին փոխում է ռեժիսոր, ղարաբաղեան պատերազմի հեռուստատարեգիրներից Տիգրան Խզմալեանի կեանքը: «Ռոքէնռոլի», ֆրանսիական կինոյի, եւ ռուս գրականութեան սիրահար խորհրդային երիտասարդը այլեւս չէր կարող շարունակել դասախօսական աշխատանքը Երեւանի պետհամալսարանում, քանի որ նրա շուրջ աշխարհը փոխւում էր:
«Մինչեւ Սումկայիթի մասին լուրը իւրայատուկ հայկական պարահանդէս էր, եղբայրութեան յեղափոխութիւն: Ես, հետագայում իմ ֆիլմերում եւ յօդուածներում գրում էի, որ 20րդ դարում իրականացան ֆրանսիական մեծ յեղափոխութեան կարգախօսները՝ ազատութիւն, հաւասարութիւն եւ հայրենասիրութիւն: Մեզ համար Փետրուարի վերջին շաբաթը իսկական յեղափոխութիւն էր, մտանք խառնարանի մէջ, կոփուեցինք եւ դուրս եկանք բոլորովին այլ մարդ», ասում է Խզմալեանը:
«Ղարաբաղ» կոմիտէի աւագ անդամ, ակադեմիկոս Ռաֆայէլ Ղազարեանը, ով բոլորովին վերջերս կնքեց մահկանացուն, 88ի Փետրուարը եւ հետագայ երկու տարիները համարում է հայ ժողովրդի պատմութեան պայծառ էջերից: Այդ տարիներին, յիշում է նա, Շարժումը մաքուր էր, այնտեղ շահադիտական բան չկար, յանուն Շարժման մարդիկ պատրաստ էին անձնազոհութեան: Հրապարակում հաւաքուած մարդկանց թւում էր, թէ ուր որ է Ղարաբաղի հարցը կը լուծուի, Մոսկուան մարզը Ատրպէյճանի կազմից կը հանի եւ կը փոխանցի Հայաստանին, այսպիսով՝ կը վերականգնուի պատմական արդարութիւնը:
«Սկզբից ամբողջ գործընթացի ղեկավարութիւնն իր ձեռքը վերցրեց Իկոր Մուրադեանը, նրա շուրջն էին համախմբւում Աշոտ Մանուչարեանը, Համբարձում Գալստեանը, Ալեքսան Յակոբեանը, մի քիչ աւելի ուշ՝ Վանօ Սիրադեղեանը, Բաբգէն Արարքցեանը, միւսները: Մենք ապշած էինք, որ հարիւր հազարներ կանգնած լսում են մեր ելոյթները, հաւատում եւ սպասում մեզանից մի առաջարկ, լուծում, խորհուրդ: Սա իւրաքանչիւրիս մօտ առաջացնում էր մեր ընտրեալ լինելու զգացումը», ասում էր Ղազարեանը:
Ութսունականների կէսերից, երբ առաջին անգամ հնչել էին կորպաչովեան «փերեսթրոյքան» եւ «կլասնոսթը», սկիզբ է դրւում ղարաբաղեան պայքարի նոր փուլին: Մոտ երեք տարի, մինչեւ 1988թ. գարունը, շարժման գլխաւոր ներշնչողն ու ղեկավարը երիտասարդ տնտեսագէտ Իկոր Մուրադեանն էր: Նա արմատներով Ղարաբաղից էր, մեծացել էր Պաքւում, ապա 80ականների սկզբներին հաստատուել Հայաստանում: Մուրադեանը աշխատում էր Հայաստանի պետպլանում, լաւ կապեր ունէր Մոսկուայում հաստատուած եւ կենտրոնական իշխանութեան մարմիններում աշխատող ղարաբաղցիների հետ:
1985թ. Ապրիլին առաջին անգամ խորհրդային երկրի ղեկավարի շուրթերից հնչում են բարեփոխումների անհրաժեշտութեան կարգախօսներ, իսկ 1986թ. վերջերին Միխայէլ Կորպաչովը ձեռնամուխ է լինում տնտեսական բարեփոխումների: Եւ որպէսզի վայելի մտաւորականութեան աջակցութիւնը, նա աքսորից վերադարձնում է Անտրէյ Սախարովին ու տասնեակ այլախոհների: 1987թ. կէսերին պետական ձեռնարկութիւնների տնօրէններին աւելի լայն ինքնուրոյնութիւն է տրւում: Սրա հետ մէկտեղ սկսւում է կոոպերատիւ շարժումը, որը, սակայն չի փրկում երկրում օր-օրի խորացող տնտեսական ճգնաժամը: Խորհրդային տնտեսութիւնը մտնում էր խորը ճգնաժամի մէջ: Հարբեցողութեան դէմ պայքարը տալիս է սպասուածից հակառակ արդիւնքը: Խանութներից վերանում է շաքարը, առաջին անհրաժեշտութեան այլ ապրանքներ: Պետպիւտճէի պակասորդը հասնում է ահաւոր չափերի, քանի որ օղու վաճառքը, որը մեծ եկամուտներ էր բերում, արգելուել էր:
Տնտեսական ճգնաժամի հետ խորհրդային ղեկավարութիւնը բախուեց մէկ այլ խնդրի, որը տասնամեակներ շարունակ այս կամ այն կերպ խեղդուել էր: Կորպաչովի վերակառուցումը եւ հրապարակայնութիւնը կայսրութեան փոքր ժողովուրդներին հնարաւորութիւն էր տալիս մէկը միւսի հետեւից խօսել ազգային հարցերից: Ղարաբաղեան հարցի աքթիւիսթներին ոգեւորում է 1987թ. Օգոստոսի առաջին օրերին Մոսկուայում՝ Կարմիր հրապարակում, մօտ Խրիմի 300 թաթարների կազմակերպած ցոյցը: Թաթարները բողոքում էին իրենց ազգային իրաւունքների շարունակական ոտնահարումների դէմ: Կորպաչովը դատապարտում է Խրիմի թաթարների արտաքսումը պատմական հայրենիքից եւ հարցը քննարկելու համար ձեւաւորում յանձնաժողով:
Մինչ այդ, արդէն 1987թ. գարնանը սկսուել էր Ղարաբաղը Հայաստանին վերամիաւորելու ստորագրահաւաքը նախ Լեռնային Ղարաբաղում, ապա եւ Հայաստանում, որը պէտք է հատորներով հասցուէր Մոսկուա: Ամրան վերջին Իկոր Մուրադեանը նախապատրաստւում է ղարաբաղցիների՝ Մոսկուա պատուիրակութիւնների այցերը, որոնք էլ իրենց հետ խորհրդային երկրի մայրաքաղաք էին հասցնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիաւորելու պահանջով հաւաքուած տասնեակ հազարաւոր ստորագրութիւնները:
Նկարիչ Էմիլ Աբրահամեանը, ով Հադրութի թանգարանի տնօրէն Արթուր Մկրտչեանի հետ տեղում կազմակերպում էր ստորագրահաւաքն ու պայքարի միւս միջոցառումները, ղարաբաղեան պատուիրակութիւնների մոսկովեան այցերը համարում է պայքարի բացայայտ առաջին լուրջ քայլը. «Սրա կարեւորութիւնը հետեւեալն էր. ժողովուրդը հասկանար, որ կատարուել է մի քայլ, որի մէջ անմիջականօրէն ինքն է ընդգրկուած: Ղարաբաղում շարժման գործողութիւնների հարցում կար մտավախութիւն, աւելի շատ՝ իշխանական շրջանակներում: Դա նաեւ նպատակ էր հետապնդում, որ ովքեր չեն ստորագրել՝ զղջան, իսկ ովքեր ներգրաւուած էին այդ գործում՝ հասկանային, որ իրենց ձայնը արդէն տեղ է հասել, իսկ դրանից յետոյ պէտք է կատարեն իրենցից կախուած այն քայլերը, ինչը որ կը պահանջուի հետագայում»:
Աբրահամեանը յիշում է. այն պատուիրակութեան կազմում, որի մէջ նաեւ ինքն էր, ընդգրկուած էր ինը մարդ Ղարաբաղի երեք շրջանից: «Պատուիրակութիւնը գլխաւորում էր Իկոր Մուրադեանը: Մենք ուզում էինք, որ մեզ ընդունէր Գերագոյն խորհուրդը, որպէսզի յանձնէինք ստորագրութիւնները: Գերագոյն խորհրդում մեզ չընդունեցին, բայց մեզ ընդունեց ԽՄԿԿ կենտկոմի ազգութիւնների հարցերով ենթաբաժնից Վեաչեսլաւ Միխայլովը: Նա մեզ շատ բաներ չխոստացաւ, բայց խոստացաւ, որ Ղարաբաղի հարցը կը քննարկուի նոր լոյսի տակ, կ’աշխատեն վիճակից դուրս գալու նոր ելքեր առաջարկել: Մեզ չասացին՝ դուք որեւէ բան մի արէք, այդ ամէնը անիմաստ է: Ասացին, որ հասկանում են մեզ, այդ խնդրին կ’անդրադառնան: Բայց խոստումներ չկային»:
1987թ. Հոկտեմբերի 18ին Երեւանում անցկացւում է 1965թ.ից յետոյ ղարաբաղեան հարցով առաջին ցոյցը՝ ի բողոք Ատրպէյճանի Շամխորի շրջանի հայաբնակ Չարդախլու գիւղում շարունակուող բռնութիւնների: Դեկտեմբերի 20ին Օփերայի հրապարակում տեղի է ունենում ղարաբաղեան երկրորդ ցոյցը, որին մասնակցում էր շուրջ հազար մարդ: Ժողովրդական շարժումը կամաց-կամաց, բայց անդառնալի, թափ էր հաւաքում, դառնում անշրջելի: Նկարիչ Էմիլ Աբրահամեանն ասում է, որ հայ ժողովրդին՝ Հայաստանում եւ Ղարաբաղում, մեծ ոգեւորութիւն էին պատճառել Կորպաչովի խորհրդական Աբէլ Աղանբէկեանի՝ Փարիզում արտայայտած խօսքերը:
Նոյեմբերի 16ին Աղանբէկեանը Փարիզում հրապարակաւ պաշտպանել էր Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը Հայաստանին միաւորելու գաղափարը: Ֆրանսիայի մայրաքաղաքի «Ինթերքոնթինենթալ» հիւրանոցում, հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Աղանբէկեանը յայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կապերը Հայաստանի հետ աւելի շատ են, քան Ատրպէյճանի հետ. «Յուսով եմ, որ առաջարկութիւնները կը լուծուեն վերակառուցման եւ ժողովրդավարութեան ենթաթեքսթում»: Երկու օր անց Կորպաչովի խորհրդականը Ֆրանսիայի կոմունիստների «Եումանիթէ» թերթին ասել էր, որ ցանկալի կը լինէր Լեռնային Ղարաբաղի փոխանցումը Հայաստանին:
1987թ. աշնանը Երեւանում կազմակերպւում էին հանրահաւաքներ՝ նուիրուած բնապահպանական խնդիրներին: Հէնց այդ հանրահաւաքներում էլ առաջին անգամ հրապարակաւ հնչում են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միաւորելու կոչեր ու պահանջներ: Բնապահպանական խնդիրները Հայաստանում 80ական թթ. սրուել էին: Այդ շարժումը ձեւաւորուել էր մի քանի խնդիրների շուրջ՝ աթոմակայանի թափօններ, Սեւանայ լիճ, «Նայիրիտ» գործարան, Երեւանի, Ալավերդու, Վանաձորի օդի աղտոտուածութիւն:
Զօրի Բալայեանը հրապարակում է «Երեւանը աղէտի մէջ» յօդուածը «Լիթերաթուրնայեա կազէթա»ում, որից յետոյ կազմակերպւում է բնապահպանական հանրահաւաք Օփերայի հրապարակում՝ նուիրուած Երեւանի օդային աւազանին: «Զօրին ելոյթ ունեցաւ, ինձ շատ զարմացրեց նրա ելոյթի վերջին խօսքերը, եթէ չեմ սխալւում՝ ասաց «Կեցցէ Մեծ Հայքը» կամ «Ծովից ծով Հայաստան»: Ես մի քիչ վախեցայ, բայց հանրահաւաքը շատ հանգիստ անցաւ: Այդ ժամանակ բնապահպանական շարժումներ սկսուել էին Խորհրդային Միութեան տարբեր հանրապետութիւններում: Այս շրջանում մամուլը, ռատիոն, հեռուստատեսութիւնը անհամեմատ բաց էին, մեզ հրաւիրում էին ելոյթ ունենալու», յիշում է բնապահպան Կարինէ Դանիէլեանը:
Բնապահպանական շարժումն ունէր յաջողութիւններ, երբ սկսուեց ղարաբաղեան պայքարը: Կարինէ Դանիէլեանը յիշում է, որ Խաչիկ Ստամբոլցեանը բերել էր թղթի էջեր, որտեղ ստորագրութիւններ էին հաւաքում. «Զօրի Բալայանն էր կազմակերպել, դա 1987 թուականն էր: Մենք ստորագրում եւ դիմում էինք Կորպաչովին, որ կայ Ղարաբաղի խնդիր եւ պէտք է վերանայել Ղարաբաղի պատկանելիութեան հարցը»: 1987ի Դեկտեմբերին արդէն հասկանալի էր, որ ղարաբաղեան շարժումը ստուերում է բնապահպանների մտահոգութիւնները: Աւելին, նրանց մեծ մասը միացաւ ղարաբաղեան շարժմանը՝ բնապահպանական խնդիրների հարցը թողնելով աւելի յարմար ժամանակների:
1988թ. Փետրուարի 18ին տեղի է ունենում Աբովեանի կենսապատրաստուկների գործարանի բանուորների բողոքի ցոյցը: Մի քանի հարիւր ցուցարար ոտքով շարժւում է Երեւան՝ բողոքելու գործարանում թեքնոլոկիական վնասակարութեան հետ կապուած խնդիրներից եւ պահանջելու, որ գործարանը փակուի: Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում սկսուած հանրահաւաքները յանկարծակիի բերեցին հայկական եւ միութենական ղեկավարութեանը, ճիշդ է՝ նրանք տեղեկացուած էին իրադարձութիւնների ընթացքին:
Հայաստանի կոմկուսի առաջնորդ Կարէն Դեմիրճեանը տիկնոջ հետ մեկնում էր Մոսկուա: «Այդ օրը բնապահպանների ցոյցն էր, Կարէնն ասաց, որ վաղը լինելու է ղարաբաղեան ցոյց: Նրա համար ոչ մի անսպասելի բան չկար: Նա ասում էր, որ հիմա հարցը չի լուծուի, ժամանակից շուտ է, դեռ չի հասունացել: Երբ հարցը բարձրացուեց, նա մտածում էր Ղարաբաղի կարգավիճակը բարձրացնելու մասին՝ Ղարաբաղը դառնայ ինքնավար հանրապետութիւն: Նրա գրառումներում կայ, որ այդ հարցում յաջողուել է պայմանաւորուել Լիկաչովի եւ միւսների հետ», ասում է Ռիմա Դեմիրճեանը: Յաջորդ օրը՝ Փետրուարի 19ին, օփերային թատրոնի հրապարակում սկսւում են հանրահաւաքները, որոնք արդէն կապ չունէին բնապահպանական խնդիրների հետ: Հրապարակում քննարկուող միակ թեման դառնում է Ղարաբաղը:
Շարժման առաջնորդներից Զօրի Բալայեանը այսպէս է ներկայացնում. «Մենք Օփերայի հրապարակում հաւաքւում էինք զուտ բնապահպանական կարգախօսներով, բայց դրանց մէջ, ասենք մէկն ասում էր. «Ղարաբաղը Հայաստանի պատմական տարածքն է»: Որեւէ մէկը ուշադրութիւն չէր դարձնում դրան: Յաջորդ հանրահաւաքում նմանատիպ մի քանի կարգախօսներ էին աւելանում: Իկոր Մուրադեանը, երբ մարդկանց բերում էր հրապարակ, իր հետ բերում էր նաեւ Կորպաչովի դիմանկարները: «Լենին, պարտիա, Գորբաչով»ը նրա կարգախօսն էր, ինքն էր հնարել: Երեք շաբաթ անց նա հնարեց եւս մէկը. «Ստալին, Պերիա, Լիկաչով»: Այս եղանակով ժողովուրդը համակերպուեց այն գաղափարի հետ, որ կարող է խօսել ազգային հարցերի, ինչպէս նաեւ «Նայիրիտ»ի եւ Սեւանի մասին: Մէկ ամիս անց «Նայիրիտ»ն ու Սեւանը կարող էին յիշատակուել միայն հինգ րոպէ»:
Լեռնային Ղարաբաղում հանրահաւաքները սկսուել էին Փետրուարի 12ից:Պաքուն տեղեակ էր իրադարձութիւնների ընթացքից եւ փորձում էր կանխել ղարաբաղեան շարժման հետագայ ծաւալումը, ինչի փորձը ունէին: 1965 թուականին ազգայնամոլութեան մէջ մեղադրուել եւ մարզից վտարուել էին 13 հայ մտաւորականներ: Նոյնը սպասւում էր նաեւ այս անգամ: Ստեփանակերտ էին ժամանել Ատրպէյճանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Քոնովալովը, մի քանի այլ բարձրաստիճան պաշտօնեաներ:
Քոնովալովը, մարզկոմի առաջին քարտուղար Պորիս Կեւորկովը, քաղկոմի առաջին քարտուղար Զաւէն Մովսիսեանը Ստեփանակերտի կուսակցական եւ տնտեսական աքթիւի ժողովում դատապարտում են ղարաբաղեան շարժումն ու նրա թիկունքում կանգնած «ծայրայեղական անջատականներին»: Սակայն աքթիւի նիստը չի ընթանում այն սենարիոյով, որը պատկերացնում էին Պաքւում: Ելոյթներ են ունենում Ստեփանակերտի ձեռնարկութիւնների ղեկավարները եւ դատապարտում Պաքուի՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տասնամեակներ շարունակուող խտրական քաղաքականութիւնը:
Նկարիչ Էմիլ Աբրահամեանը եւ նրա ընկերները Փետրուարի 12ին այլեւս իրենց թիկունքում զգում էին ժողովրդի շունչը: Լեռնային Ղարաբաղի շրջաններ են մեկնում մարզի տարբեր պաշտօնեաներ՝ փորձելով տեղերում «հանգցնել» ժողովրդական ընդվզումը: «Մարզխորհրդի նախագահ Վլատիմիր Օսիպովը եկաւ Հադրութ: Աքթիւի ժողովը նպատակ ունէր կանգնեցնել Շարժումը, կազմէր արձանագրութիւն, թէ անթոյլատրելի գործողութիւններ են տեղի ունենում: Մենք որոշեցինք թոյլ չտալ, որովհետեւ ժողովրդի մէջ կարող էր անվստահութիւն առաջ գալ, գործընթացները կարող էին այլ ընթացք ստանալ: Այդ օրը մօտ երկու հազար մարդ հաւաքուեց, դա Հադրութի համար չտեսնուած բան էր», յիշում է Աբրահամեանը:
Հադրութը Լեռնային Ղարաբաղի միւս շրջաններից տարբերւում էր նախ եւ առաջ նրանով, որ աւանդաբար ռուսացուած շրջան է եղել, այնտեղ տեղակայուած էր սահմանապահ զօրքերի մի զօրամաս, որը հսկում էր Սաաթլիից մինչեւ Նախիջեւան: Հադրութում հայկականը ե՛ւ լեզուի, ե՛ւ մշակոյթի առումով աւելի ճնշուած էր: 1986թ. Հայաստանից Ղարաբաղ էր վերադարձել եւ Հադրութի թանգարանի տնօրէն նշանակուել Արթուր Մկրտչեանը՝ նոր համախոհ Էմիլ Աբրահամեանի եւ նրա գաղափարակիցների համար:
«Մենք 1987 թուականին, մինչեւ պատուիրակութիւնների Մոսկուա մեկնելը, նամակ գրեցինք Կորպաչովին, որ մեր հարցերին կարող է լուծում տրուել միայն Հայաստանի հետ վերամիաւորումով, այդ նամակի տակ ստորագրեցին հիմնականում բարձրագոյն կրթութեամբ ինը մարդ՝ ես, Մանուէլ Սարգսեանը, Արթուր Մկրտչեանը, Գրիշա Հայրապետեանը, Արմէն Ներսիսեանը, Նելլի Կասպարովան, Անիւտա Ներսիսեանը, Էլզա Աբրահամեանը եւ Մարգարիտա Սարգսեանը: Երբ նամակը հասաւ Կորպաչովին, արձագանգ եղաւ, Հադրութի շրջանի երրորդ քարտուղարը մեզ հրաւիրեց, ասաց, որ դա ազգայնամոլական դրսեւորում է, անթոյլատրելի է մեր հասարակութեան համար, վերակառուցումը դա չի պահանջում», յիշում է նկարիչ Աբրահամեանը:
Այս նամակից յետոյ մարզային իշխանութիւնները սկսում են ճնշումները: Արթուր Մկրտչեանին, ով 1992թ. Յունուարին պէտք է դառնար Լեռնային Ղարաբաղի առաջնորդը, իր մօտ է հրաւիրում Հադրութի շրջկոմի քարտուղարը եւ սպառնում, որ նա կը հեռացուի աշխատանքից եւ մարզից:
«Մարզում նոմենքլատուրայի երիտասարդ հատուածը շուտ էր կողմնորոշւում: Տարիքով կուսակցական պաշտօնեաները ամուր կապուած էին Ատրպէյճանի իշխանութիւնների հետ: Պաքուն նրանց համար հարազատ քաղաք էր, նրանց համար ազգային հարցերում շատ աւելի բարդ էր կողմնորոշուելը եւ չէին էլ պատկերացնում՝ ինչի մասին է խօսքը: Այսօր Ղարաբաղում իշխանութան մէջ գտնուողների մի մասը այն ժամանակ մեզ հետ չէին: Ես չեմ ասում, թէ նրանք հոգեպէս դէմ էին, բայց քաղաքական առումով նրանք չէին կարող մեր կողքին լինել», պատմում է Աբրահամեանը:
Փետրուարի 12ի կուսակցական աքթիւի ժողովները ինչպէս Ստեփանակերտում եւ Հադրութում, այնպէս էլ միւս շրջաններում, տապալւում են: Հադրութում սկսուած հանրահաւաքը յաջորդ օրը տեղափոխւում է Ստեփանակերտ: Փետրուարի 13ից շարժումը դառնում է անշրջելի, սկսուած հանրահաւաքները թափ էին հաւաքում եւ ընդգրկում նոր տարածքներ: Միխայէլ Կորպաչովը արդէն Փետրուարի 18ին առաջարկում է Կենտկոմի յատուկ հանդիպում ԽՍՀՄում ազգութիւնների հանդէպ տարուող խորհրդային քաղաքականութիւնը քննարկելու նպատակով: Մէկ օր անց Պաքւում տեղի է ունենում առաջին հանրահաւաքը. ուսանողների, մտաւորականների եւ բանուորների մի խումբ Գիտութիւնների ակադեմիայի շէնքից շարժւում է դէպի Գերագոյն խորհուրդ: Ցուցարարների պաստառները կրում էին «Ղարաբաղն Ատրպէյճանի անբաժանելի մասն է» կարգախօսներ:
Ղարաբաղեան շարժումը կանխելու եւ մարզային խորհրդի նստաշրջանի անցկացումը խոչընդոտելու նպատակով Փետրուարի 20ին Ստեփանակերտ են ժամանում Ատրպէյճանի Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Քեամրան Բաղիրովը, Կենտկոմի բիւրոյի անդամները: Մինչ Բաղիրովը եւ նրան աջակցող ղարաբաղցի պաշտօնեաները մարզի պատգամաւորներին համոզում էին հետ կանգնել նստաշրջան անցկացնելու քայլից, հրապարակում հաւաքուած ժողովուրդը պահանջում էր անցկացնել նստաշրջան: Բաղիրովի եզրափակիչ ելոյթը եւս հետ չի պահում հայ պատգամաւորներին՝ անցկացնել նստաշրջան եւ ընդունել որոշում: ԼՂԻՄ պատգամաւորները իրաւական ճանապարհով՝ երկրի օրէնսդրութեան տառին եւ ոգուն համապատասխան, քուէարկում են Ղարաբաղը Հայաստանի հետ միաւորուելու օգտին: Մարզի 110 հայ պատգամաւորները «կողմ» են արտայայտւում, մինչդեռ 30 ատրպէյճանցիները չեն մասնակցում քուէարկութեանը: Խորհրդային պատմութեան մէջ նման քայլը աննախադէպ էր, երբ որեւէ որոշում ընդունւում էր ոչ թէ վերեւից, այլ ներքեւից՝ ժողովրդի պահանջով:
«Սովետական Ղարաբաղ» թերթը Փետրուարի 21ին առաջին էջում, տպագրում է ժողովրդական պատգամաւորների ԼՂԻՄ 20րդ գումարման նախորդ օրուայ արտահերթ նստաշրջանի որոշումը. «Լսելով եւ քննարկելով ԼՂԻՄը Ատրպ. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմի մէջ անցնելու մասին Ատրպ. ԽՍՀ եւ Հայկ. ԽՍՀ Գերագոյն խորհուրդների առաջ միջնորդութեան մասին ժողովրդական պատգամաւորների ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամաւորների ելոյթները, ժողովրդական պատգամաւորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց. ընդառաջելով ԼՂԻՄի աշխատաւորների ցանկութիւններին՝ խնդրել Ատրպ. ԽՍՀ Գերագոյն խորհրդին եւ Հայկ. ԽՍՀ Գերագոյն խորհրդին խորին ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան իղձերի նկատմամբ եւ լուծել ԼՂԻՄը Ատրպ. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմ յանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագոյն Խորհրդի առջեւ ԼՂԻՄը Ատրպ. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմ յանձնելու հարցի դրական լուծման համար»:
Փետրուարին Մոսկուայում Քաղբիւրոն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի հարցը:
Կորպաչովը իր յուշերի գրքում գրում է. «Մենք տեղեկութիւն ստացանք երկու հանրապետութիւնների ղեկավարների դիրքորոշման մասին: Ատրպէյճանի առաջնորդ Բաղիրովը պնդում էր, որ Մոսկուան պէտք է երաշխաւորի Լեռնային Ղարաբաղի անփոփոխ կարգավիճակը: Հայաստանի առաջնորդ Դեմիրճեանն առաջարկում էր, որ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի դիմումը անհրաժեշտ է քննարկել Ատրպէյճանի, Հայաստանի եւ Խորհրդային Միութեան Գերագոյն խորհուրդներում: Պարզ դարձաւ, որ Ստեփանակերտի (Լեռնային Ղարաբաղի) հարցով Պաքուի եւ Երեւանի փաստարկները պէտք է կարգաւորի Մոսկուան»:
«Ռիժքովն ասաց, որ պէտք է գործենք «համաձայն սահմանադրութեան»: Չեպրիքովը զեկուցեց, որ այս իրադարձութիւնները վատ ազդեցութիւն են թողել այլ հանրապետութիւններում: Էսթոնիայում աճում էին Խորհրդային Միութիւնից դուրս գալու զգացմունքները: Տաճիկստանն իր հաւակնութիւնն էր քննարկում Պուխարայի եւ Սամարղանդի նկատմամբ: Ես համարում էի, որ խնդիրը պէտք է կարգաւորուի քաղաքական միջոցներով, որ Կենտկոմը պէտք է յայտարարի սահմանների իւրաքանչիւր փոփոխութեան անընդունելի լինելու մասին, եւ մենք տնտեսական, սոցիալական ու մշակութային առաջարկութիւնների նախագծի կարիք ունենք՝ ուղղուած Լեռնային Ղարաբաղում իրավիճակի բարելաւմանը: Մենք պէտք է թողնենք, որ հայերն ու ատրպէյճանցիներն իրենք որոշեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, եւ անհրաժեշտ է ընդունել նրանց ընդունած իւրաքանչիւր որոշում», շարունակում է Կորպաչովը:
Երեւանում եւ Ստեփանակերտում սկսուած հանրահաւաքներին եւ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի Փետրուարի 20ի որոշմանը Մոսկուայի պատասխանը չի ուշանում: Քաղբիւրոն Փետրուարի 21ին դատապարտում է սկսուած շարժումը, իսկ մասնակիցներին պիտակաւորում ծայրայեղականներ, անջատողականներ, ազգայնամոլներ:
Փետրուարի 22ին Կորպաչովը իրավիճակը տեղում վերահսկողութեան տակ առնելու եւ ժողովրդին հանդարտեցնելու նպատակով երեք տարբեր պատուիրակութիւններ է գործուղում Պաքու, Ստեփանակերտ եւ Երեւան: ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Գէորգի Ռազումովսքին եւ Գերագոյն խորհրդի նախագահութեան նախագահի առաջին տեղակալ Փեոթր Տեմիչեւը ժամանում են ԼՂԻՄ: Ռազումովսքին Ստեփանակերտում յայտարարում է, որ ԼՂԻՄը Ատրպէյճանի մասն է, եւ մարզը Հայաստանին միացնելու իւրաքանչիւր փորձ անթոյլատրելի է եւ անընդունելի: Երեւան են ժամանում Կենտկոմի քարտուղար Ալեքսանդր Լուքեանովը եւ Քաղբիւրոյի անդամութեան թեկնածու Վլատիմիր Տոլկիխը:
Փետրուարի 23ին հրաւիրւում է ՀԿԿ Կենտկոմի պլենում, որին մասնակցում են նաեւ Վլատիմիր Տոլկիխը եւ Անաթոլի Լուքեանովը: Տոլկիխը ներկայացնում է Կորպաչովի դիմումը՝ ուղղուած Հայաստանի եւ Ատրպէյճանի աշխատաւորութեանը: Երեւանի հանրահաւաքներում Մոսկուայից պահանջում էին ղարաբաղեան հարցի ուսումնասիրման նպատակով ստեղծել յատուկ յանձնաժողով, ինչին Կորպաչովը դէմ էր: Մոսկուայում բացատրում էին, որ դրա կարիքը չկայ, քանի որ Կենտկոմի յառաջիկայ պլենումներից մէկը նուիրուելու է Խորհրդային Միութեան ազգային խնդիրներին, եւ Ղարաբաղի հարցը եւս կը քննարկուի: Կարէն Դեմիրճեանը պլենումն այնքան է շարունակում, մինչեւ Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի փրեզիտենթ Վիքթոր Համբարձումեանը եւ ԵՊՀ ռեքթոր Սերկէյ Համբարձումեանը դէմ են քուէարկում Քաղբիւրոյի նախապէս պատրաստուած առաջարկութեանը: Ընդունւում է Կարէն Դեմիրճեանի կողմից՝ ղարաբաղեան հարցի ուսումնասիրման համար յատուկ յանձնաժողով ձեւաւորելու առաջարկութիւնը:
Սակայն յեղափոխական զանգուածների համար դա շատ քիչ էր, Օփերայի հրապարակում հաւաքուած տասնեակ հազարաւոր մարդիկ, որոնց բացարձակ մեծամասնութիւնը չէր եղել Ղարաբաղում եւ այնքան էլ բան չգիտէր Ղարաբաղի մասին, պահանջում էին միացում՝ Հայաստանին Ղարաբաղի միացում ու վերջ:
Կարէն Դեմիրճեանը դուրս է գալիս հրապարակ եւ հանդիմանութիւններին ի պատասխան յայտարարում, որ Ղարաբաղն իր գրպանում չէ: Դեմիրճեանը սիրուած ղեկավար էր, սակայն նրա խօսքերը բերեցին յեղափոխական ամբոխի բուռն հակազդեցութիւնը: «Կարէնը դուրս եկաւ ժողովրդի մէջ եւ յայտարարեց, որ Մոսկուայից պահանջում են Ղարաբաղի հարցով յատուկ յանձնաժողով ստեղծել, բայց մարդկանց դա քիչ թուաց, նրանք անյապաղ պահանջում էին Ղարաբաղը միացնել Հայաստանին: Երբ ժողովուրդը դժգոհեց, Կարէնն ասաց. «Ղարաբաղը հօ գրպանումս չէ, որ տամ»: Դա ես համարում եմ պատմական խօսք. հիմա էլ մենք սպասում ենք, թէ ինչ կ’ասի միջազգային հանրութիւնը, ինչպէս կ’ընթանան զարգացումները, հիմա էլ Ղարաբաղը ոչ մէկի գրպանում չէ, որ հանի ու տայ», ասում է Ռիմա Դեմիրճեանը:
Քաղբիւրոյում ղարաբաղեան շարժման դատապարտումը, իսկ մէկ օր անց Երեւան, Ստեփանակերտ եւ Պաքու պատուիրակութիւններ ուղարկելու Քրեմլի քայլը որեւէ կերպ չեն յանդարտեցնում կրքերը: Ի՞նչ անել: Փետրուարի 26ին Կորպաչովն ընդունում է Զօրի Բալայեանին եւ Սիլվա Կապուտիկեանին: Ու քանի որ Բալայեանն ու Կապուտիկեանը մեծ հեղինակութիւն ունէին հրապարակ դուրս եկած ժողովրդի շրջանում եւ միայն նրանց խօսքը կարող էր լսելի լինել հայութեան համար, Կորպաչովը կարողանում է հայ գրողներին համոզել, որպէսզի վերջիններս էլ Օփերայի հրապարակում հաւաքուած հայութեանը խորհուրդ տան՝ դադարեցնելու հանրահաւաքները:
Բալայեանը եւ Կապուտիկեանը վերադառնում են Երեւան, հրապարակում հաւաքուած տասնեակ հազարաւոր հայերին համոզում մէկ ամիս ժամանակ տալ Քրեմլին՝ Կորպաչովին՝ գտնելու ղարաբաղեան խնդրի կարգաւորման ուղին: Օփերայի հրապարակը Փետրուարի 27ին արդէն դատարկ էր: Բայց հարեւան հանրապետութիւնում այս փոխզիջումային քայլին պատասխանեցին Սումկայիթով: Փետրուարի վերջին երեք օրերի ընթացքում Սումկայիթում կազմակերպուած հայկական ջարդերի հետեւանքով, ըստ խորհրդային պաշտօնական տուեալների՝ սպաննւում են 27 հայեր եւ 6 ատրպէյճանցիներ, մօտ 400 մարդ, գերազանցապէս հայեր, ստանում են մարմնական տարբերր աստիճանի վնասուածքներ, 18 հազար սումկայիթահայութիւնը, որի բացարձակ մեծամասնութիւնը արմատներով Ղարաբաղից էր, դառնում է փախստական:
Ըստ էութեան, Սումկայիթի ոճրագործութեամբ աւարտուեց ղարաբաղեան շարժման առաջին փուլը: Բայց դա միայն սկիզբն էր: