
ՓԱՐՔՈՒՀԻ ԽԱՉԻԿԵԱՆ

Հինգշաբթի, Ապրիլ 3ին, Համազգայինի «Յովհաննէս Թումանեան» մասնաճիւղի Գրական յանձնախումբը ներկայացրեց Արմինէ Կունդակջեանի «Ինչ Է Գրուել Իրանում Հայոց Ցեղասպանութեան Տարիներին» լայնածաւալ պատմավաւերական գիրքը, որի մէջ զետեղուած է պարսկերէն բնագիրը եւ թարգմանաբար՝ հայերէնը եւ անգլերէնը:
Համայնքից բաւարար չափի ունկնդիր ներկայ էր: Մասնաճիւղի ատենապետ Թամար Թուֆէնքճեանը հակիրճ կերպով ներկայացրեց Համազգայինի կարեւորութիւնը եւ ապագայի աշխատանքները: Նա կոչ արեց բոլորին քաջալերել երիտասարդներին անդամակցելու եւ հետեւելու Համազգայինի ձեռնարկներին:
Մասնաճիւղի ներկայացուցիչ Փարքուհի Խաչատրեանը հակիրճ կերպով ներկայացրեց Արմինէի կենսագրականը:
Այնուհետեւ, ներկաները մեծ հետաքրքրութեամբ լսեցին հեղինակի ընթերցումը սոյն գրքից, որի մէջ ներկայացուած են չորս պարսիկ անուանի գրողների, պատմաբանների յուշերը, ովքեր ականատէս եղած են հայերի ողջակիզումին Տէր Զօրի անապատում ու հաղորդած են Իրանի 7 յայտնի պարսկալեզու թերթերին:
Արմինէն կարդաց մի քանի օրինակ այդ թերթերից:
Ներկայացումի վերջում եղաւ հարց ու պատասխանի բաժին եւ հեղինակը տուեց սպառիչ պատասխաններ:
Ներկայացումը աւարտուեց սուրճի, գինու եւ անուշեղէնի հիւրասիրութեամբ:
Ներկաները նաեւ առիթ ունեցան գնելու սոյն գրքից օրինակներ: Այս գիրքը եւ հեղինակի միւս գրքերն ու կրթական խաղերը վաճառւում են, «Սարդարապատ» եւ «Ապրիլ» գրախանութներում եւ համացանցում։
