ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆԵԱՆ

Թուրքիայի կողմից շուրջ մէկ դար շարունակւում է Հայոց Ցեղասպանութեան փաստի ժխտումը, որի «ակադեմիական» հենքն ապահովելու համար, միտումնաւոր շրջանցւում է արդարութեան, գիտական անաչառութեան ու անկողմնակալութեան սկզբունքը: Վերջին տասնամեակների ընթացքում Հայոց Ցեղասպանութեան փաստը ժխտող մենագրութիւնների եւ յօդուածների պակաս չի նկատուել: Դրանցում ընդհանուր առմամբ զարգացւում են դեռեւս կոտորածների ընթացքում շրջանառութեան մէջ դրուած մի քանի թէզեր՝ փորձելով տարբեր «փաստարկներով» գիտական հանրութեանը պարտադրել պատմութեան իրենց վարկածը: Այդ թէզերի ակունքները կարելի է գտնել Մեծ Եղեռնի եւ դրան յաջորդած տարիներին երեւան եկած մի շարք հրատարակութիւններում, որոնցում փորձ էր արւում միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղել իրադարձութիւնների ընթացքից, աղաւաղել փաստերը կամ պարզունակ կերպով հերքել հայերի ոչնչացման գործում թուրքերի դերակատարութեանն առնչուող ցանկացած մեղադրանք:
Այս յօդուածում քննական մօտեցմամբ դիտարկելու ենք թուրքական վաղ հրատարակութիւններից մէկը, որը, իրաւամբ, կարելի է համարել Հայոց Ցեղասպանութեան ժխտման եւ կեղծարարութեան «հիմնարար մատեան»: Խօսքը վերաբերում է դեռեւս 1916ին Կ. Պոլսում օսմաներէն հրատարակուած «Հայկական Կոմիտէների Նպատակները Եւ Յեղափոխական Գործունէութիւնը Սահմանադրութեան Հռչակումից Առաջ Եւ Յետոյ» (այսուհետ՝ «Հայկական Կոմիտէներ…») խորագրով գրքին, որը մէկ տարի յետոյ լոյս է տեսել նաեւ ֆրանսերէն թարգմանութեամբ: Մեր առջեւ դրուած խնդիրը, սակայն, սահմանափակուելու է քարոզչական այս հրատարակութիւնում հայկական աւանդական կուսակցութիւններից երկուսի՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գործունէութեան լուսաբանման՝ այս գրքում կիրառուող որոշ մօտեցումների քննութեամբ: Մասնաւորապէս, ժամանակագրական առումով դիտարկելու ենք Առաջին Աշխարհամարտի նախօրէին հայկական երկու քաղաքական կազմակերպութիւնների գործունէութեանը վերաբերող որոշ հարցերի թուրքական մեկնաբանութիւնը:
ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Այս հատորը կազմուել եւ հրատարակուել է Օսմանեան կայսրութեան ներքին գործերի նախարարութեան կողմից, որին տրուող կարեւորութիւնն այնքան մեծ է եղել, որ շատ արագ թարգմանուել է նաեւ ֆրանսերէն: Բովանդակային առումով, այն նուիրուած է հայկական կուսակցութիւնների գործունէութեան, հայ ազգային-ազատագրական պայքարի եւ դրանում քաղաքական ուժերի դերակատարութեան լուսաբանմանը: Հատորը կազմուել է նաեւ որպէս իւրայատուկ հակակշիռ լորդ Ջէյմս Բրայսի եւ պատմաբան Առնոլդ Թոյնբիի կազմած փաստաթղթերի ժողովածուին՝ «Կապոյտ Գիրք»ին: Սակայն, ի տարբերութիւն վերջինի, այն չունէր ո՛չ արժանահաւատութիւն, ո՛չ գիտականութիւն: Պատմաբան Ռ. Սաֆրաստեանը, հետազօտելով բազմաթիւ թուրքական աղբիւրներ, ընդգծում է այն փաստը, որ ժամանակակից թուրք հեղինակների կողմից կիրառուող կեղծիքի «աւանդոյթի» սկզբնաղբիւրն այս գիրք-տեղեկագիրն է:
Ընդհանուր առմամբ, այս հրատարակութեան գլխաւոր նպատակը ոչ միայն Առաջին Աշխարհամարտի տարիներին արեւմտահայութեան տեղահանութիւնների եւ կոտորածների համար պատասխանատուութիւնից խուսափելն էր, այլեւ զանազան արդարացումների միջոցով դրանց համար հայերին մեղադրելը:
«ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ» ԵՒ ԱՌԱՋԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Հատորում ամփոփուած տեղեկութիւնները գլխիվայր շրջում էին իրականութիւնը՝ բոլոր իրադարձութիւնները ներկայացնելով կողմնակալ եւ կեղծուած: Ժամանակագրական առումով տեղեկագիրը սկսում է Օսմանեան կայսրութեան կազմում յայտնուելուց յետոյ հայերի «ապահով» եւ «արտօնեալ» դրութեան ներկայացմամբ՝ դրան հակադրելով արեւելահայերի վիճակը: Կտրուկ անցում կատարելով 19 դար՝ գրքի հեղինակ(ներ)ը՝ ներկայացնում են հայ ազատագրական խմբակների կազմաւորման, ինչպէս նաեւ արեւմտահայ եւ արեւելահայ մամուլի պատմութիւնը: Այնուհետեւ գլուխ առ գլուխ հաղորդում են հայկական կուսակցութիւնների ծագման, ծրագրերի, դրանց անդամների գործելակերպի վերաբերեալ խեղաթիւրուած, կեղծուած կամ պարզապէս յօրինուած տեղեկութիւններ: Այնուամենայնիւ, այս հատորը չի կարելի համարել միայն գիտականութիւնից եւ հաւաստիութիւնից զուրկ, սուտ տեղեկութիւնների ժողովածու: Ամբողջ գրքում կարմիր թելի պէս առաջ է տարւում այն գաղափարը, որ հայերի տեղահանութիւնների եւ կոտորածների գլխաւոր մեղաւորն իրենք՝ հայերն են: Այդ դրոյթն ապացուցելու համար հայերին մեղադրում են դաւաճանութեան, Օսմանեան կայսրութիւնը կործանելու, մուսուլման բնակչութեանը ոչնչացնելու նպատակադրուածութեան մէջ եւ այլն: Հաշուի առնելով, որ տեղեկագիրը կազմուել եւ հրատարակուել է պետութեան կողմից, բնականաբար, արտայայտում էր հայերի կոտորածների վերաբերեալ վերջինիս պաշտօնական դիրքորոշումը:
Բաւական ուշագրաւ են հատորում ամփոփուած լուսանկարները կամ դրանց նմանահանութիւնները: «Հայերի դաւադրութեան այս անհերքելի ապացոյցների» մեծ մասը եւս կեղծիք է: Այսպէս, յաւելուածում ներկայացուած լուսանկարներից մէկում պատկերուած են իբրեւ թէ հայերի կողմից սպաննուած թուրքերի դիակներ, որոնց վրայ սգում են թուրք կանայք: Սակայն նոյն նկարն ուշադիր դիտարկելու դէպքում երեւում է, որ դիակների մեծ մասի վրայ հագուստ չկայ, այլ միայն լուսանկարելուց առաջ են դրանք «հանդերձաւորուել»՝ ծածկուելով կտորներով: Նոյն տեսարանը լուսանկարուել է մի քանի դիտանկիւնից: Իրականում դրանք հայ տղամարդիկ են, որոնց սպանել են թուրքերը: Զինաթափուած եւ անպաշտպան հայերը տարագրութեան ճանապարհին ինչպէ՞ս կարող էին սպանել թուրքերին, առաւել եւս՝ թալանել նրանց հագուստը: Մէկ այլ լուսանկարում էլ ներկայացնում են «հայերից բռնագրաւուած» զէնքերը: Չի ներկայացւում եւ ոչ մի ապացոյց, որ դրանք պատկանել են հայերին:
Հատորի տպագրութիւնը չէր կարող աննկատ մնալ ժամանակակիցների աչքից: Հրատարակութիւնից շատ չանցած՝ արեւմտահայ մամուլում յայտնուեցին յօդուածներ, որոնք բացայայտում էին «Հայկական Կոմիտէներ…»ում եղած կեղծարարութիւնները:
Առաջին քննադատներից մէկը պատմաբան Լէոն էր, ով 1918ին «Ժողովրդի Ձայն» թերթի համարներում հանգամանալից անդրադարձել է խնդրոյ առարկայ գրքին, քննադատել դրա կողմնակալութիւնն ու փաստարկների անհեթեթութիւնը: Առաջինը հէնց Լէոն էր, որ ուշադրութիւն է դարձրել այն հանգամանքի վրայ, որ չնայած տիտղոսաթերթի վրայ բացակայում է նշումը, որը կը հաստատէր, որ հատորը տպագրուել է կառավարութեան կողմից, այնուամենայնիւ դա հաստատւում է հրատարակութեան բովանդակութիւնն ու ձեւը դիտարկելիս: Անուանի պատմաբանը կարողացել է ճիշդ ընկալել նաեւ հրատարակման դրդապատճառները՝ նշելով, որ դրա միջոցով փորձ է արուել հայերի ոչնչացումը փաստող արեւմտեան հրատարակութիւններին հակակշիռ ստեղծել: Լէոյի քննադատութիւնը զգալիօրէն ուղղուել է նաեւ հայկական կուսակցութիւնների դէմ: Սակայն ցաւալին այն է, որ կուսակցութիւնների գործելակերպի՝ Լէոյի քննադատութիւնները յաճախ ոչ ընդունելի գնահատականներ են:
«Հայկական Կոմիտէներ…»ում տեղ գտած կեղծարարութիւնների բացայայտման գործում մեծ աշխատանք է կատարել հայ գրական, հասարակական, քաղաքական գործիչ, Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ յանձնաժողովի անդամ Տիգրան Յովհաննիսեանը (1865-1921): Հայ հեղինակի կողմից բացայայտուած թուրքերի կեղծարարութիւնները յանգում էին հետեւեալ կէտերին.

1. Նախ զուգահեռներ տանելով Հայոց Ցեղասպանութիւնը փաստող հիմնական սկզբնաղբիւրներից մէկի՝ Լորդ Բրայսի կազմած փաստաթղթերի ժողովածուի հետ՝ Տ. Յովհաննիսեանն ընդգծում է այն փաստը, որ ի տարբերութիւն «Կապոյտ Գիրք»ի՝ «Հայկական Կոմիտէներ…»ում պարունակուող բոլոր վկայութիւնների հեղինակները թուրքեր են: Այսինքն՝ հայերի կողմից մուսուլմանների սպանութեան պատմութիւնների վկաները, նրանց հարցաքննողները, ինչպէս նաեւ արձանագրութիւն կազմողները եղել են թուրքեր (բնագրում՝ տաճիկ):
2. Հայկական կուսակցութիւնների գործունէութեանն առնչուող փաստաթղթերը ներկայացւում են միտումնաւոր թիւր եւ աղաւաղուած թարգմանութեամբ:
3. Շրջանառութեան մէջ են դրուել բազմաթիւ անյայտ ծագման «փաստաթղթեր», յատկապէս մասնաւոր բնոյթ կրող նամակներ, որոնք չեն պատասխանում այն հարցերին, թէ ինչպէս են թուրքերի ձեռքն ընկել, ի՞նչ ապացոյց կայ, որ դրանք իրենք՝ թուրքերը չեն գրել, կամ եթէ հայերն են գրել, ապա ո՞վ է թարգմանել դրանք, ի՞նչ բարեխղճութեամբ եւ հմտութեամբ:
4. Գրքում առկայ են ակնյայտ սուտ վկայութիւններ, որոնց հաւաստիութեան գլխաւոր երաշխիքը մուսուլման վկաների երդումն էր:
«Հայկական Կոմիտէներ…»ում եղած կեղծարարութիւններին բաւական ուժեղ հակահարուած տուեց Գրիգոր Չալխուշեանը (1861-1939)՝ 1919ին հրատարակելով «Կարմիր Գիրք» խորագրով մի աշխատութիւն, որը Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան առումով ունի սկզբնաղբիւրային կարեւոր նշանակութիւն: Ինչպէս հեղինակն է նշում, գրքի «կարմիր» անուանումը պայմանաւորուած է ոչ թէ կազմի գոյնով, այլ այն խորհրդանշում է հայ ժողովրդի թափած արիւնը: «Կարմիր Գիրք»ը փաստօրէն հրատարակուել էր թուրքերի կազմած տեղեկագրին հակակշիռ ստեղծելու անհրաժեշտութիւնից: Այս հատորի հրատարակութեան մէջ օգտագործուած փաստաթղթերի զգալի մասը նախկինում անյայտ էր եւ հետեւաբար առաջին անգամ էր դրւում գիտական շրջանառութեան մէջ: Բացի այդ, ի տարբերութիւն «Հայկական Կոմիտէներ…»ի փաստաթղթերի մեծ մասի, «Կարմիր Գիրք»ում նշւում էին օգտագործուած սկզբնաղբիւրները:
«Հայկական Կոմիտէներ…»ի քննադատներից իւրաքանչիւրը փորձել է իւրովի բացայայտել եւ ապացուցել դրա կեղծիքները, որոնք այնքան շատ են, որ դրանցից իւրաքանչիւրին առանձին անդրադառնալու դէպքում հարկ կը լինէր գրել մի ամբողջ հատոր:

ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ ԵՒ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՒԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ. ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ԵՒ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐ
Նախ, կարեւոր է Առաջին Աշխարհամարտից առաջ՝ 1914ի Յուլիսի կէսին, տեղի ունեցած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան ութերորդ Ընդհանուր ժողովի հետ կապուած որոշ հարցերի պարզաբանումը: Յայտնի է, որ ժողովը հաստատեց Միութիւն եւ առաջադիմութիւն («Իթթիհադ») կուսակցութեանն ընդդիմադիր լինելու իր դիրքորոշումը: Դրա արդիւնքում ընդունուած բանաձեւում առկայ էր հետեւեալ ձեւակերպումը. «Ժողովը չի ժխտել գործակցութեան սկզբունք այն համապետական կարեւոր խնդիրներուն համար, որոնք համապատասխան են մեր կուսակցութեան ծրագրական պահանջներուն»:
Այս նախադասութիւնը բացակայում է «Հայկական Կոմիտէներ…»ում ներկայացուած հայերէն փաստաթղթի ֆրանսերէն թարգմանութեան մէջ, ինչն ամենեւին էլ պատահական չէ: Դրա փոխարէն թարգմանութեան մէջ աւելացուել է բնագրում գոյութիւն չունեցող մի նախադասութիւն («… եւ կը խուսափեն որեւէ առնչութիւն ունենալ նրա հետ ուրիշ հանգամանքներում»): Չբաւարարուելով դրանով՝ նախադասութեանը համապատասխան յղումով տողատակում աւելացուել է բառացիօրէն հետեւեալը՝ «Cette decision a ete prise a l’unanimite a la premiere reance (պէտք է լինէր՝ seance – Գ. Վ.) du Congree» (հայերէն՝ «Այս որոշումը միաձայն ընդունուեց ժողովի առաջին նիստին»), որն ակնյայտ կեղծիք է:
Դաշնակցութիւնը, չնայած իր ընդդիմադիր կեցուածքին, չէր գնում բացայայտ առճակատման, ինչը թելադրուած էր արեւմտահայութեան անվտանգութեան հարցի գիտակցմամբ: Այս ժողովի հետ կապուած անցքերն ունեն բացառիկ նշանակութիւն Հայոց Ցեղասպանութեան ժխտման հենքերից մէկի՝ «հայերի դաւաճանութեան» թէզի ձեւաւորման առումով: Անշուշտ, «Հայկական Կոմիտէներ…»ի մէջ տեղ չեն գտել իրենց՝ թուրքերի կողմից ժողովի եւ ժողովականների վրայ ճնշում գործադրելու մասին յիշատակումներ, մինչդեռ դէպքերի անաչառ հետազօտութիւնը ենթադրում է նաեւ դրանց դիտարկումը:
1914ի Յուլիսի վերջին Դաշնակցութեան Ընդհանուր ժողովի կողմից ընտրուել էր 9 հոգուց բաղկացած մի յանձնաժողով, որը պէտք է զբաղուէր «առկախ մնացած հարցերով»: Շուտով Էրզրում է ժամանում իթթիհադականներից կազմուած մի պատուիրակութիւն եւ բանակցութիւններ սկսում դաշնակցականների հետ: 1914ի Օգոստոսի 15ին Էրզրումում տեղի է ունենում Դաշնակցութիւն ու Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնների ներկայացուցիչների խորհրդակցութիւն: «Իթթիհադ»ի կողմից բանակցութիւնները վարում էին այստեղ շտապած Բեհաէդդին Շաքիրը, Նաջի բէյը եւ Խալիլ բէյը: Թուրքերի կողմից Դաշնակցութեանն առաջարկւում է. «Ռուսաստանը եւ նրա դաշնակիցներն ի վիճակի չեն դիմակայելու կենտրոնական տէրութիւններին. ամբողջ մահմեդական աշխարհը՝ Մարոկկոյից Բելուջիստան եւ Աֆղանստան, համախմբուել է Թուրքիայի շուրջը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Անգլիայի դէմ պայքարելու համար. Կովկասում մեզ կը միանան վրացիները եւ մուսուլմանական ցեղերը, որոնց Թուրքիան կը կազմակերպի եւ կապահովի զէնքով: Սակայն Կովկասում մեր յաջողութիւնն ամբողջութեամբ ձեր ձեռքում է, եւ կովկասեան հակառուսական շարժումը գլխաւորելու՝ ձեր համաձայնութեան դէպքում բաւարար կը լինի Կովկաս ուղղել 200-300 հազար մարդ, որպէսզի ռուսներին յետ շպրտեն Կովկասեան լեռներից այն կողմ. ռուսների վտարումից յետոյ հիւսիս-արեւմուտքում մենք կը կազմաւորենք ինքնավար Վրաստան՝ Քութայիսի, Թիֆլիսի, Բաթումի եւ Տրապիզոնի նահանգի մի մասի սահմաններում, հիւսիսարեւելեան մասում կ՛առանձնացնենք մուսուլմանական ինքնավար մարզ՝ ներառելով Դաղստանը, Բաքուի նահանգը եւ Ելիզաւէտպոլի նահանգի մի մասը, եւ վերջապէս կենտրոնական մասում կը կազմաւորենք ինքնավար Հայաստան Երեւանից, Կարսից եւ Ելիզաւէտպոլի նահանգի արեւմտեան մասից՝ դրան միացնելով Էրզրումի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթների (նահանգներու) սահմանակից շրջանները»:
Երիտթուրքերի առաջարկում թաքնուած նպատակների մասին Լէոն նշում է. «Երիտասարդ թիւրքերի այս ծրագիրը Հարաւային Կովկասը հեշտութեամբ նուաճելու ծրագիրն էր, որ ունէր, անշուշտ, գերմանական ծագում»:
Առկայ էր նաեւ ակնյայտ մի բան, որը միանգամից ուշադրութիւն է գրաւում: Խօսքը հայերին «ինքնավարութիւն» տալու մասին է, ընդ որում երիտթուրքերի առաջարկած «ինքնավար Հայաստանի» տարածքը Երեւանի ու Ելիզաւէտպոլի նահանգներից եւ Կարսի մարզից բացի ընդգրկելու էր օսմանեան վարչական միաւորներից Էրզրումի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթների սահմանակից շրջանները: Այսինքն՝ իրենք՝ երիտթուրքերն էին հայերին առաջարկում ինքնավարութիւն, մինչդեռ ինքնավարութեան գաղափարն այդքան ջանասիրաբար պախարակւում է «Հայկական Կոմիտէներ…»ում:
Միւս ուշագրաւ հանգամանքն այն է, որ երիտթուրքերը, փաստօրէն, ռուսների դէմ ապստամբութեան առաջարկ էին անում: Աւելին, «Իթթիհադ»ի լիազօրներն իրենց հետ Էրզրում էին բերել մի քանի տասնեակ կովկասցի թուրքեր, որոնք հաւաստիացնում էին, թէ գնում են Կովկաս՝ խռովութիւններ եւ ապստամբութիւններ կազմակերպելու եւ հնարաւոր պատերազմի դէպքում ռուսական բանակի թիկունքը կազմալուծելու նպատակով: Ըստ Բեհաէդդին Շաքիրի եւ Նաջի բէյի՝ հայերի չմիանալը կարող էր ծանր հետեւանքներ առաջացնել: Անշուշտ, երիտթուրքերի այս խոստումները ոչ մի արժէք չունէին. նպատակը հայերին ռուսների դէմ օգտագործելն էր, սակայն գլխաւորն այն է, որ նրանք առաջարկում էին մի բան, որի համար միշտ մեղադրել էին հայերին:
Օգոստոսեան խորհրդակցութեանը Դաշնակցութիւնը ներկայացնում էին Ռոստոմը, Ակնունին եւ Վռամեանը: Ի պատասխան երիտթուրքերի առաջարկին՝ անփոփոխ է մնում Դաշնակցութեան Եօթերորդ Ընդհանուր ժողովի որոշումը, որի համաձայն՝ «պատերազմի պարագային, իւրաքանչիւր պետութեան քաղաքացի պէտք է կատարէ իր պարտականութիւնները՝ իր պետութեան նկատմամբ»։
Բացի այդ, Դաշնակցութեան ղեկավարները փորձում էին թուրքերին համոզել հրաժարուել պատերազմի մէջ մտնելու մտադրութիւնից, քանի որ դա կարող էր վտանգաւոր լինել կայսրութեան ապագայի համար:
Այս առումով ուշագրաւ են Ուինսթոն Չերչիլի խօսքերը, ով հայերի կայացրած որոշման կապակցութեամբ նշում է. «Թուրքական կառավարութիւնը՝ հետամուտ սեփական շահերին, ջանում էր ապահովել հայերի օգնութիւնը, յատկապէս Ռուսաստանում ապրող հայերի: Հայ ղեկավարների առջեւ սարսափելի այլընտրանք ծառացաւ՝ արդեօք պէտք է իրենց ժողովրդի ամբողջ ուժը դնել Ռուսաստանի կամ Թուրքիայի տրամադրութեան տակ, թէ համաձայնել, որ իրենց ժողովուրդն առաջուայ պէս մնայ բաժանուած, եւ նրա որդիները թշնամական բանակներում պայքարեն միմեանց դէմ: Վերջ ի վերջոյ, նրանք եկան այն եզրակացութեան, որ պատերազմի դէպքում Թուրքիայում եւ Ռուսաստանում ապրող հայերը պէտք է կատարեն իրենց պարտքն այն պետութեան նկատմամբ, որի հպատակներն են: Նրանք աւելի խելամիտ համարեցին գնալ եղբայրասպան պայքարի, մարտնչելով տարբեր ճամբարներում, քան, իրենց ճակատագիրը կապելով կողմերից մէկի յաղթանակի հետ, վտանգել ազգի ամբողջական գոյութիւնը»:
Դաշնակցութեան այս դիրքորոշումը թուրքերն ընկալեցին որպէս դաւաճանութիւն՝ որակելով այն ռուսասիրութիւն: Յետագայում արդէն ժխտողական պատմագրութեան մէջ թուրք հեղինակները սկսեցին «աճպարարութիւններ» անել այս խեղաթիւրումների վրայ: Այս առումով կարեւոր նկատառում է արել թուրք ընկերաբան եւ պատմաբան Թ. Աքչամը, ով նշում է, որ երիտթուրքերի՝ Էրզրում ժամանելու գլխաւոր նպատակը ոչ թէ Դաշնակցութեան ժողովին մասնակցելն էր, այլ «Յատուկ կազմակերպութեան» ջոկատներ ստեղծելը: Ժողովը միայն յարմար պատրուակ էր, որպէսզի նրանք ժամանեն Էրզրում՝ խնդիր ունենալով նաեւ չէզոքացնել ժողովի դաշնակցական մասնակիցներին: Աքչամի այս դիտարկումը, որը հիմնուած է օսմանեան աղբիւրների վրայ, լրիւ հաստատւում է, եթէ հաշուի առնենք, որ Օգոստոսի վերջին տեղական իշխանութիւնները ձերբակալում եւ բռնի Կ. Պոլիս եւ Սամսուն են արտաքսում դաշնակցական երկու ղեկավարներին՝ Ակնունուն (Խաչատուր Մալումեան) եւ Վահան Մինախորեանին:
«Հայկական Կոմիտէներ…»ի մէջ շատ է անդրադարձը Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեանը: Դա ամենեւին էլ պատահական չէ. Հնչակեան կուսակցութիւնը միշտ էլ աչքի է ընկել Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան նկատմամբ ընդգծուած ընդդիմադիր կեցուածքով: 1913ի Կոստանցայի (Ռումինիա) համագումարից յետոյ, երբ հնչակ պատուիրակները ժամանեցին Կ. Պոլիս, ձերբակալուեցին եւ 1915ի Յունիսի 15ին Կ. Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացուեցին: Հնչակեան կուսակցութեան 20 գործիչների դատավարութեան դիտարկումն ունի կարեւոր նշանակութիւն: Ինչպէս նշւում է Արսէն Կիտուրի կողմից խմբագրուած՝ Հնչակեան կուսակցութեան պատմութիւնը ներկայացնող գրքի մէջ, հնչակեանների ձերբակալութեան հետ մէկտեղ երիտթուրքերն առգրաւեցին նաեւ նրանց արխիւները, այդ թւում՝ ՍԴ Հնչակեան կուսակցութեան՝ Թուրքիայում կայացած երրորդ Պատգամաւորական ժողովի արձանագրութիւնները: Ինքը՝ Արսէն Կիտուրը եւս ընդգծում է, որ երրորդ Պատգամաւորական ժողովից մնացած որոշ պատառիկներ (ժողովի Ա. նիստի հայերէն բնագիրը եւ յաջորդող երկու էջերի վրայ երրորդ Պատգամաւորական ժողովի վերջնական որոշումները (թուրքերէն) շրջաբերականի ձեւով եւ դրանց թարգմանութիւնը) պահպանուել են «Հայկական Կոմիտէներ…»ում:
Այստեղ անհրաժեշտ եմ համարում հնարաւորութեան սահմաններում մանրակրկիտ դիտարկել փաստերը՝ հաշուի առնելով նաեւ այն հանգամանքը, որ «Հայկական Կոմիտէներ…»ի մէջ հայկական կուսակցութիւններին ուղղուած մեղադրանքները յատկապէս ծանր են Հնչակեան կուսակցութեան առումով: Գլխաւոր խնդիրն այն է, որ հնչակեանների հասցէին հնչեցուող մեղադրանքները հիմնւում են վերը նշուած մի քանի փաստաթղթերի վրայ, որոնց բնագրերը չկան: Երկրորդ՝ բռնագրաւուած փաստաթղթերն ամբողջութեամբ չեն ներկայացւում, միւս կողմից դժուար է որոշել, թէ ներկայացուած փաստաթղթերը որքանով են համապատասխանում իրականութեանը՝ հաշուի առնելով «Հայկական Կոմիտէներ…»ը կազմող(ներ)ի՝ թարգմանելու «բարեխղճութիւն»ը: Այս հարցի վրայ անհրաժեշտութիւն չէր առաջանայ կանգ առնել, եթէ այստեղ տեղ գտած որոշ քաղուածքներ ցայսօր չյղուէին թուրքական ժխտողական պատմագրութեան կողմից:
Նախ, «Հայկական Կոմիտէներ…»ում ներկայացւում է ՍԴ Հնչակեան կուսակցութեան՝ Կ. Պոլսում տեղի ունեցած Պատգամաւորական երրորդ ժողովի եօթերորդ նիստին առնչուող գրութիւն: Այն սկսւում է Կոզանը ներկայացնող պատուիրակ Մեծն Մուրադի (Համբարձում Պոյաճեան) խօսքով, որին յաջորդում է նիստը նախագահող Ջանգուլեանի խօսքը: Յաջորդիւ ներկայացուածները առնչւում է կուսակցութեան մասնաճիւղերին ուղարկուելիք շրջաբերականներին:
Ահա հոս է, որ ի յայտ է գալիս ակնյայտ կեղծարարութիւնը: Նախ, մէջբերելով շրջաբերականը, դրա մի հատուածի ֆրանսերէն թարգմանութեան մէջ, որտեղ խօսւում է հնչակեանների անյաջողութիւնների մասին, աւելացւում է մի «ծանօթագրութիւն». Անյաջողութիւն բարեկարգումներում, դաւադրութիւնների կազմակերպման մէջ, արուած ռուս քննիչների նշանակման ուղղուած քարոզչութեան մէջ եւ այլն, եւ այլն:
Տողատակում տրուած այս «ծանօթագրութիւնն» արդէն յօրինուածք է եւ թուրքերի տեսակէտը, քանզի այն չի եղել բնագրում: «Հայկական Կոմիտէներ…»ի թուրքերէն տարբերակում հանդիպող լուսանկարներում առկայ է միայն հնչակեանների՝ Պոլսի պատգամաւորական ժողովը ներկայացնող 5 էջ հայերէն փաստաթուղթ: Դրանցից առաջինն արտատպուած է Ա. Կիտուրի գրքում: Սակայն այդ հինգ թերթում բացակայում են մասնաճիւղերին տրուող շրջաբերականները: Ստացւում է, որ մի քանի էջ գրեթէ ոչինչ չասող լուսապատճէնուած հայերէն գրութիւնը, որի մեծ մասը զբաղեցնում է ժողովի մասնակիցների անունների թուարկումը, դառնում է հնչակեանների «դաւադրութեան անհերքելի ապացոյց»: Ի հարկէ, յանուն ճշմարտութեան պէտք է նշել, որ Արսէն Կիտուրը, ով մասնակցել է ժողովին, այլեւս չունենալով բնագիրը եւ ստիպուած իր գրքում արտատպելով այն, ինչն արդէն տպագրուել էր «Հայկական Կոմիտէներ…»ում, բուն գրութեան մասին դիտարկում չի անում, սակայն նա եւս ընդգծում է, որ «հայերէն բնագիրը զանցուած ըլլալով, թրքերէն հրատարակութեան մէջ, թրքերէն բնագրին թարգմանութիւնը կը ներկայացնենք հանդիպակաց էջով»: Այսինքն՝ նա ներկայացնում է թուրքերէն թարգմանութեան հայերէն տարբերակը: Իսկ քանի որ թուրքերէն հրատարակութիւնում շրջաբերականի ձեւով վերջնական որոշումների ամբողջական լուսապատճէնները չկան, այլ ներկայացւում են դրանց թուրքերէն կամ ֆրանսերէն թարգմանութիւնները, ապա պատկերը միանգամայն պարզ է դառնում:
Միւս կարեւոր փաստաթուղթը Հնչակեան կուսակցութեան՝ Բուլղարիայի մասնաճիւղերի գործադիր մարմնի յայտարարութիւնն է՝ թուագրուած 1915ի Մարտի 9, Սոֆիա: «Հայկական Կոմիտէներ…»ի թուրքերէն տարբերակում դրուած է այդ փաստաթղթի հայերէն բնօրինակի պատճէնը, իսկ առաւել տարածուած ֆրանսերէն տարբերակում՝ ֆրանսերէն թարգմանութիւնը: Դա կարելի է աւելի շուտ փոխադրութիւն, քան թէ թարգմանութիւն համարել: Ամենեւին նպատակ չունենալով նախադասութիւն առ նախադասութիւն ներկայացնել, թէ ինչպէս է թարգմանուել ֆրանսերէնի՝ փորձենք նկատել, թէ ինչպէս է աճպարարութիւն արւում «ինքնավարութիւն» եւ «անկախութիւն» բառերի հետ:
Ֆրանսերէն օրինակում առկայ է հետեւեալ գրութիւնը, որի թարգմանութիւնն է.
«Այսպիսին է ժողովրդի ներկայ վիճակը: Այսօր նրա առջեւ կանգնած է իր անկախութեան՝ «լինելու կամ չլինելու» հարցը: Այսպիսով, մենք պարտաւոր ենք աւելի եռանդուն, քան երբեւէ, առաջ տանել մեր անկախութեան համար ազգային քաղաքականութիւնը»:
Հայերէն բնօրինակը հետեւեալն է.
«Ինքնապաշտպանութեան խնդիր կայ դրուած հայ ժողովրդի առջեւ, լինել չլինելու խնդիրը, ազգովին ապրելու խնդիրը: Առաւել քան երբեք հիմա է որ մենք պէտք է ստեղծենք մեր ազգային առնական քաղաքականութիւնը՝ հիմնուած գոյութեան կռուի երկաթէ օրէնքներու վրայ, որու տրամադրութիւնն է հաւաքական ինքնապաշտպանութիւնը իր իրաւունքներու եւ միջոցներու: Յարձակման դէմ դիմադրութիւնը ոչ միայն արդարանալի այլ եւ հարկադրական է: Անդիմադրութիւնը կը մեղանչէ թէ եսասիրութեան եւ թէ այլասիրութեան դէմ միանգամայն»:
Ակնյայտ է, թէ ինչպէս է տուեալ պարբերութիւնը թարգմանուել: Ֆրանսերէնում «լինել կամ չլինել» արտայայտութիւնը մգացուած է, ինչը բացատրւում է նրանով, որ թարգմանութեան մէջ հայ ժողովրդի լինել-չլինելը կապւում է անկախութեան գաղափարի հետ՝ ի տարբերութիւն հայերէն բնագրի, որտեղ խօսւում է ինքնապաշտպանութեան մասին: Բացի այդ բնագրում դրան յաջորդող նախադասութիւններում հիմնաւորւում է դիմադրութեան անհրաժեշտութիւնը, իսկ ֆրանսերէնում կրկին խօսւում է անկախութեան համար պայքարում եռանդուն լինելու մասին: Ի հարկէ, ասուածը մէկ անգամ եւս հաստատւում է, եթէ կարդում ենք նաեւ դրան նախորդող երկու նախադասութիւնները:
«…եւ Հնչակեան կուսակցութիւնը իր միջոցները չպիտի խնայէ մինչեւ չստանայ իր բաղձանքներու իրական արժէքը՝ Հայաստանի տեղական ինքնավարութիւն՝ լայն ռամկավար կարգերով»:
Ահա դրանց ֆրանսերէն թարգմանութեան հայերէն տարբերակը. «Հետեւաբար չպէտք է անտեսուի ոչ մի միջոց Հայաստանի համար անկախութեան հասնելու՝ հիմնուած ժողովրդավարական լայն հիմքի վրայ»:
Ակնյայտ է, որ գրքի հեղինակ(ներ)ը ջանք չեն խնայում ցոյց տալու ինչ-որ դաւադրութեան, հայերի կողմից անկախութեան ձգտումների մասին: Եւ այդ ամէնը կատարւում է սխալ թարգմանութեան, բառերի արհեստական փոփոխութեան միջոցով:
Ցայսօր այս գիրք-տեղեկագիրը թուրք եւ թուրքամէտ հեղինակների համար չի կորցրել իր «արդիականութիւնը»: Աւելին՝ այն օգտագործւում է որպէս «կարեւոր» եւ «արժանահաւատ» սկզբնաղբիւր: Ասուածի ապացոյցներից մէկն էլ Թուրքիայի հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական կայքէջում տեղադրուած՝ Հայոց Ցեղասպանութեանն ու հայկական պահանջներին առնչուող երկու տեղեկագրերն են, որոնցում, փաստօրէն, ներկայացւում է հարցի վերաբերեալ Թուրքիայի հանրապետութեան պաշտօնական տեսակէտը: Անկարայի Ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի կազմած զոյգ տեղեկագրերում Հայոց Ցեղասպանութեան փաստի ժխտման «փաստարկները» մեծապէս հիմնւում են նաեւ «Հայկական Կոմիտէներ…» գրքի վրայ: Չնայած թուրքական կողմի՝ դրան տրուող մեծ նշանակութեանը, այնուամենայնիւ, գիրք-տեղեկագիրը, չունենալով հաւաստիութիւն եւ գիտականութիւն, չի դիմանում որեւէ փորձաքննութեան եւ միմիայն կարելի է դիտարկել որպէս պետական քարոզչութեան դրսեւորում:
«ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ»