ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Հայաստանի գրողների միութեան անդամ, մի քանի բանաստեղծական գրքերի հեղինակ: Ներկայումս բանաստեղծ Յովհաննէս Գրիգորեանի հետ ղեկավարում է նաեւ «Ցոլքեր մանկապատանեկան» խումբը եւ «Ցոլքեր» ամսագիրը, որոնց հիմնադիր անդամներից է նաեւ Սօնա Վանը՝ իր «Ոսկէ իշխան» ամէնամեայ միայանկակաբաշխութեամբ:
Հ.Յ.- Սիրելի Սօնա, երբ դու Երեւանում ես, իւրայատուկ տօն է բոլորիս համար: Քեզ յաճախ կարելի է տեսնել էքրանների վրայ, մամուլի էջերում: Կատարում ես հարցազրոյցներ: Ինչպէ՞ս ես վերաբերւում ուշացած փառքին:
ՍՕՆԱ ՎԱՆ.- Իսկ փառքն ուշացած լինո՞ւմ է: Սիրոյ պէս այն գալիս է կամ ոչ, բայց երբ գալիս է, միշտ էլ գալիս է ճիշդ ժամանակին: Պարզապէս մենք ենք շտապում: Իսկ ինչ նշանակութիւն ունի ժամանակը, եթէ ընթացքում ապրել ես, ոչ թէ սպասել: Փառք բառը երեւի սխալ է գրողի համար: Գուցէ աւելի ճիշդ կը լինի «ճանաչումը»: Ինչ խօսք, որ մարդկայնօրէն հաճելի է ճանաչուած լինելը, յատկապէս եթէ այն ենթադրում է կարդացուած եւ հասկացուած լինել: Գրողի նպատակը հոգիների համակցումն է, մարդկային փորձի եւ զգայութիւնների շարունակականութիւնը, կարեկցանք պահպանելը: Իսկ հարցազրոյց միշտ եմ սիրել: Միշտ հաւատացած եմ, որ առեղծուածների գոյութեան պատճառն այն է, որ մինչ օրս ոչ մէկը չի տուել այն բացայայտող ճշգրիտ հարցը: Եւ ամէն անգամ, երբ ինձ տրւում է նոր զրոյցի, նոր հարցի պատասխանելու հնարաւորութիւն, ես այդ գիտակցութեամբ եմ տրւում դրան ու գաղտնի իմ մէջ խնդրում Աստծու օրհնութիւնը:
Աստուած վերեւի հարեւանն է իմ
ես նրա դուռը յաճախ ծեծում եմ
ու սոխ եմ ուզում
մէկ-մէկ տալիս է
մէկ-մէկ չի տալիս…
Հ. Յ.- Մարդը տիրոջ հետ այսպիսով մտերմութեան սովորաբար հասնում է ճգնաւորութեամբ ու աղօթքով. մինչդեռ ես գիտեմ, որ այսպիսի մոլեռանդութիւն չունես դու: Այդ դէպքում ինչի՞ կարելի է վերագրել այս կապը:
Ս.Վ.- Նախապէս բացառեմ երեք հիմնական ենթադրութիւնները՝ մեծամտութիւն, խիզախութիւն եւ փսիխոզ: Թէպէտ երրորդը իր դրական չափով յաճախ մասնակցում է որեւէ ստեղծագործութան մէջ որպէս իրականութան եւ երեւակայութեան սահմանի կամաւոր ու ժամանակաւոր խախտման վիճակ: Սկսեմ նրանից, որ տիրոջ հետ խօսողը ոչ թէ իմ եսն է, այլ իմ՝ ինչպէս բոլորի մէջ առկայ աստուածային մասը: Այլ կերպ ասած, իմ արարչական մասը խօսում է իր արարչի հետ: Ես պարզապէս արձանագրում եմ այն: Այստեղ ոչ մեծամտութիւն կայ եւ ոչ էլ խիզախութիւն: Սա պարզ ու չքնաղ յարաբերութիւն է. ինքնաբուխ ու ակամայ, անտարբեր կողմնակի հայեացքին ու մեկնաբանութեանը, ինչպէս ծաղկի զրոյցը արեւի հետ, որը ոչ լաւ է եւ ոչ էլ վատ, այլ պարզապէս է:
Հ.Յ.- Սիրուած ես եւ ապահով: Սա կնոջ համար երազային վիճակ է: Իսկ գրողի՞:
Ս.Վ.- Ցաւօք, սիրուած, պաշտպանուած ու ապահով լինելը յաճախ բացառում է մարդկային ծայրայեղ վիճակները, որոնք հարստացնում, մաքրում են հոգին, փոքրացնում են հոգեւոր մարտունակութիւնը, աշխարհի ճիշդ ընկալումը: Բթացնում են զգացողութիւնները: Անգամ ինքնապաշտպանական բնազդները: Գրողի համար սա մեծ կորուստ է՝ յատկապէս արձակի ասպարէզում, երբ նիւթը բերւում է կեանքի «կոյուղուց»:
Այդ առումով իսկապէս կը ցանկանայի ժամանակաւորապէս յայտնուել աղքատի կօշիկների մէջ՝ անհրաժեշտութեան եւ շռայլութեան տարբերութիւնը հասկանալու համար: Կ’ուզէի անսէր մնալ այնքան, մինչեւ հասկանայի մարմնիս քիմիան:
Կը ցանկանայի վտանգուած զգալ այն աստիճան, որ կարողանայի խորամանկել: Կ’ուզէի մի օր այնքան ճարահատ ու զզուած զգալ, որ աշխարհի վերջը թուար մխիթարական ու Աւետարանը իսկապէս որպէս ուրախ լուր հնչէր: Ինչ վերաբերւում է տառապանքի քանակին, ես դրա պակասը չեմ զգում ու չեմ զգայ այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում սոված մի մանուկ կայ, զաւակակորոյս մի մայր ու անսէր անկողին մտնող մի կին: Սրա կողքին անձնական ու ժամանակաւոր տառապանքը ոչինչ է: Սիրոյ ու տառապանքի պահին եւս սիրում ու տառապում եմ ոչ թէ իմ, այլ կնոջ անունից: Հաճոյքի պահին ես ագահաբար վերցնում եմ այնքան, որ բաւարարի բոլոր կանանց, սգալիս արտասւում եմ բոլորի կողմից:
Հ.Յ.- Ասում են արուեստը կը փրկի աշխարհը, մինչդեռ թւում է: Դա աւելի շուտ կրօնի պարտականութիւնը չէ՞: Ինչպէ՞ս ես պատկերացնում աշխարհի փրկութիւնը արուեստով:
Ս.Վ.- Արուեստն աշխարհը փրկել է կրօնից դեռ շատ առաջ: Քարանձաւի ժայռապատկերները հոգին փրկելու փորձեր են, գեղեցիկով վեհանալու, շրջակայ աշխարհի եւ սեփական ներաշխարհի անհասկանալի քաոսը ծէսի, ռիթմիկ, կանխատեսելի շարժումներով, նախշով, հնչիւնով ու գոյնով հաւասարակշռելով հոգեւորի բնատուր ծարաւը լրացնելու նախնական ձեւ: Կրօնը եկաւ աւելի ուշ, երբ կարիքը կար մարդկային բարոյականութեան նոր չափանիշների, թէպէտ մինչեւ իսկ բարոյականութեան հաստատման համար եւս արուեստի դերը պակաս չէ, յատկապէս գրականութեան, որն ի սկզբանէ ծառայել է հոգու էվոլուցիային, գործելով հօր եւ որդու միջեւ, լինելով մարդու եւ հասարակութեան յարաբերութեան հիմքում, մարդու եւ աշխարհաճանաչողութեան խորքում: Մարգարէն գրող է եղել իր խորքում եւ հէնց գրող- մարգարէ տեսկի կորուստն է, որ բերել է այսօրուայ տխուր իրականութեանը: Գրողի նոր տեսակը, որը վախի վաճառական է, ոչ թէ փրկութեան (պարզապէս որովհետեւ աւելի եկամտաբեր է վախը սնող գրականութիւնը) այսօր մեծ դեր ունի ծնողասպան սերնդի գոյութեան, ժամանակակից դեպրեսիայի, մենութեան համաճարակի մէջ: Ճշմարիտ գրականութիւնը զարգացնում է անհատական հոգին այնպէս, որ այն կարողանայ մուտք գործել մէկ ուրիշի տառապանքի տարածքի մէջ, դառնալով սոսինձը եսի եւ բոլորի միջեւ. այդպիսով իսկ փրկելով մարդուն՝ մենութեան զգացողութիւնից: Այն մարդուն տալիս է ապրելու եւ բարոյականութեան պատրաստի մեքանիզմ, զգայական փորձարկուած համակարգ, առանց որի ցանկացած նոր զգացողութիւն կարող է փսիխոզի տանել մարդուն, նրան մատնել քաոսի զգացողութեան:
Ճիշդ է, որ արուեստը, որպէս փրկութիւն ճանապարհ, անցնում է հաճոյքի ու զգայութիւնների միջով (ի տարբերութիւն կրօնի, որն անցնում է զրկանքի ու մեղքի տարածքով), բայց նպատակը միեւնոյնն է՝ հոգու էվոլուցիան ու փրկութիւնը:
Արուեստը, յատկապէս գրականութիւնը, փրկութեան ճանապարհից հաճոյքի առարկայ դարձնելը իմ կարծիքով մարդկութեան կոլեկտիւ գիտակցութեան ամենամեծ սխալներից մէկն է եւ ժամանակն է, որ նորից ընդգծուի դրա առաքելութիւնը, որպէս փրկութեան ճանապարհ, որ վերականգնուի գրող-մարգարէ տեսակը եւ գրականութիւնները վերածուեն նորօրեայ վանքերի: Սա կը տանի գրողի եւ վարչակազմի առաւել առողջ գործակցութեան, առաւել առողջ հասարակարգի, կը ստեղծուի զուգահեռ դրախտ՝ երկրի վրայ:
Սա գուցէ դուր չգայ երկնային դրախտի վաճառականներին, բայց գրականութեան նպատակը ոչ թէ որոշ, այլ բոլո՛ր հոգիների փրկութիւնն է: Այսօ՛ր, քանի դեռ իշխանութեան չի հասել բթացած զգայարաններով ծնողասպան երեխաների սերունդը: Սա սպառնացող, ահազանգող ճշմարտութիւն է:
Հ.Յ.- Ի՞նչ է ճշմարտութիւնը պոէտի համար:
Ս.Վ.- Ճշմարտութիւնը կոնկրետ յարաբերութիւն է իրականութեան հետ: Ձկան ճշմարտութիւնը այլ է թռչնի իրականութիւնից, հետեւաբար այս դիտակէտից է կախուած շատ առումներով: Պոէտիկ ճշմարտութիւնը ապրում է միայն տուեալ բանաստեղծութեան տարածքի ու ժամանակի մէջ, այն երբեք վերջնական չէ եւ միշտ չէ, որ լիովին համապատասխանում է գրողի փիլիսոփայութեանը:
Ճշմարտութիւնը այստեղ աւելի շատ ենթարկւում է տողի տրամաբանութեանը ու գեղագիտութեանը, գրողի տուեալ պահի տրամադրութանը, քան նրա կենսագրութեանը, խորը հաւատամքին կամ փիլիսոփայութեանը:
Բանաստեղծութիւնը բարոյախօսութիւն չէ եւ գրողը յաճախ մի այլ գործի մէջ քանդում է այն, ինչ խնամքով կառուցել էր նախորդի մէջ: Ստեղծագործութիւնը ապրելու պէս քմահաճ ու անկանխատեսելի պրոցէս է ու լաւ է, որ այդպէս է, քանի որ հակառակ դէպքում ձանձրալի կը լինէր նոյն գրողին նորից կարդալը:
Հ.Յ.- Վերջերս շատ է «մեղադրւում» գլոբալիզացիան: Մշակոյթի առումով այն ի՞նչ մարտահրաւէրներ ունի:
Ս.Վ.- Գլոբալիզացիան նոր երեւոյթ չէ, այլ նոր թափ է ստացել առաջին գնացքի յայտնագործումից յետոյ ու գնալով արագանում է ոչ թէ թուաբանական, այլ երկրաչափական պրոգրեսիայով: Գիտա-տեխնիկական մտքի ու ձեռքբերումների յաջորդական էվոլուցիոն էտապն է սա եւ ճիշդ չէ այն միանշանակ որպէս բացասական երեւոյթ պիտակելը: Այն, որ գլոբալիզացիան մոլորակի վրայ պատուարներն ու սահմանները քանդելու համագործակցութեան միջոց է, արդէն իսկ դրական, բուժիչ երեւոյթ է ու գրողը չի կարող հակադրուել այս երեւոյթին, որը իտէալական պայմաններում պիտի տանէր դէպի աշխարհի հարստութեան համահաւասարեցմանը՝ հաղորդակից անօթների օրէնքով, փոքրացնելով անջրպետը հարուստի եւ աղքատի միջեւ, մի բան, որ երազել են բոլոր մարդասէր մտքերը:
Ցաւը նրանում է (որը կարելի է անուանել որպէս գլոբալիզացիա կոչուող դեղանիւթի կողմնակի վատ ազդեցութիւններից մէկը), որ պրոցեսը կատարւում է ոչ թէ ըստ բնութեան օրէնքների կամ հաղորդակից անօթների, այլ հարստութեա՛ն օրէնքով եւ մթութեան մէջ: Նոր օրերի ծովահէնների պէս մուլտի-նացիոնալ կորպորացիաները, համագործակցելով կաշառուած տեղային իշխանաւորների հետ, թալանում են աղքատ երկրի բնական հարստութիւնները՝ առաւել խորացնելով վիհը՝ հարուստի եւ աղքատի միջեւ: Սա կապիտալի «սահմաններ չճանաչող» բնոյթի եւ մարդկային բարոյականութեան խնդիրն է արդէն եւ ոչ թէ գլոբալիզացիայի՝ որպէս բնականոն էվոլուցիոն էտապ:
Վտանգը նրանում է կայանում, որ մարդկային մտքի եւ երեւակայութեան աննախադէպ աճը չի զուգորդւում մարդկային հոգու եւ բարոյականութեան նոյնատիպ աճով: Մեծ ազատութեանը, ինչպէս եւ մեծ հարստութեանը եւ մեծ իշխանութեանը՝ մեծ բարոյականութիւն է պահանջւում, այն չչարաշահելու, զսպուածութեան մեխանիզմը պահպանելու համար: Հակառակ դէպքում, այն չարիք կարող է դառնալ աշխարհի համար, ինչպէս որ տեսնում ենք:
Գրականութեան դերը անփոխարինելի է այս նոր էտապում, նոր մարդկային տեսակ, նոր հերոս պատրաստելոու գործում: Սա այն պահն է, երբ սրտի բուժումը հնարաւոր չէ այլեւս, այն պէտք է փոխարինել գրական նոր տրանսպլանտով:
Ինչպէ՞ս փոխել ծնողասպանութեան գնացող զաւակի սիրտը: Այսպիսին է գրականութեան մարտահրաւէրը այսօր: Ինչպէ՞ս փրկել մոլորակը՝ կոլեկտիւ փսիխոզից: Ինչպէ՞ս համակցել տիեզերքում սեփական ուղեծրերով ազատ թափառող եսակենտրոն հոգիները: Մարդկային ուղեղի տարածքում բջիջները միմեանց միացնղ նիւթը ներոնտինն է: Սա է փրկում մարդու միտքը՝ փսիխոզից: Հասարակութեան մէջ այդ նիւթի դերը կատարում է արուեստը՝ գրականութիւնը: Միթէ՞ աւելի մեծ պիտի լինէր գրականութեան առաքելութիւնը, որպէսզի այն դիտուէր որպէս փրկութեան հրատապ միջոց, որպէսզի իշխանութիւնների ուշադրութեանը արժանանար այն. որպէսզի գրողը, յատկապէս տաղանդաւոր գրողը գիտակցէր իր արարքի վտանգը եւ արժէքը՝ հոգիների փրկութեան առումով:
Հ.Յ.- Մենք երկուսս էլ մեծացել ենք աթեիստական Հայաստանում, երբ չէր խրախուսւում ո՛չ կրօնը եւ ոչ էլ աղօթքը: Ի՞նչ ազդեցութիւնների տակ է ձեւաւորուել հաւատքի քո ներկայ ձեւը:
Ս.Վ.- Իմ հոգեւոր կերպարի վրայ ամենամեծ ազդեցութիւնը թողել են Դոստոեւեսկին, Տոլստոյը եւ հօրաքոյրս: Նաեւ ինչ-որ չափով քահանայ պապիկիս թողած ձեռագրերն ու նրա հետ կապուած պատմութիւնները: Տոլոստոյից եւս սովորել եմ հաւատալ պատուիրանների ու Քրիստոսի ճանապարհի անքննարկելի ճշմարտութիւնը՝ «Եթէ ես հարբած եմ ու օրօրուելով եմ գնում, դա չի նշանակում, որ ճանապարհն է սխալ», ասում էր նա: Դոստոեւսկին ինձ սովորեց հաւատալ սիրոյ միջոցով փրկուելու հնարաւորութեանը, աստուածային ներողամտութեան անսահմանութեանը: Հօրաքրոջիցս սովորել եմ խիստ չլինել իմ մարդկային թերացումների նկատմամբ, «կարեւորը երջանիկ լինելն է», ասում էր, «դա՛ է հոգու նախընտրած վիճակը, նրա բնաւորութիւնը: Չկայ ոչինչ, որ տէրը անկարող լինի ներել: Նա անգամ իրեն խաչողին ներեց: Քո արածն ի՞նչ է, որ չների»: Ըստ քահանայ պապիկիս, եթէ մարդը կարողանար հետեւիլ այն պատուիրանին միայն, որ «վարուիր ուրիշին հետ այնպէս, ինչպէս դու կը ցանկանայիր, որ ուրիշը վարուէր քեզ հետ», աշխարհը դրախտի կը վերածուէր եւ միւս պատուիրանների պահանջը չէր էլ լինի: Այս ամէնի արդիւնքում ես կրում եմ արդարութեան սկզբունքը եւ հաւատամքը տիրոջ անսահման ներողամտութեան: Հաւատում եմ, որ իմ «մեծացող մեղքերը» տանում եմ տիրոջ «մեծացող ներողամտութեանը», այսինքն՝ Աստծոյ էվոլուցիային: Նաեւ երբեմն դրա համար եմ մեղք գործում: Դժուար գործ է, բայց մէկն այն պիտի անի: Կրօնաբանական առումով ես դեմոկրատ եմ, սիրում եմ բոլոր կրօնները, որոնք խոնարհում, ներհայեցողութեան ու բարոյական ձգտում են տալիս մարդուն, որոնք խաղաղութիւն ու փրկութիւն են խոստանում, շեղում եմ մարդուն շուայտութիւնից, նիւթից ու իշխանատենչութիւնից: Բայց բոլորից գաղտնի, հոգու խորքում ամէնից շատ Քրիստոսի կերպարն է ինձ դուր գալիս: Նրան մի փոքր աւելի եմ սիրում: Սիրում եմ նրա արտիստիկ կեցուածքը անխնամ մազերով, քաթանէ թոյլ հագուստով, բայց ամէնից շատ նրա ամէն բան չափազանցութեան աստիճան զգալու սովորութիւնն ու տոնի հեզութիւնը. «Ես քեզ ասացի, 77 անգա՛մ ներիր եղբօրդ, այլ ոչ թէ 7» կամ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում: Նա, ով խենթ անուանի իր եղբօրը, վառուելու է դժոխքի կրակների մէջ»: Պատկերացնո՞ւմ ես ինչ բազմամարդ է լինելու դժոխքը: Մի խօսքով, խելքս գնում է նրա համար: Քրիստոսը բարոյական հանճար է:
Հ.Յ.- Յաճախ ես ճամբորդում: Ինչպիսի՞ն է պոետիկ տեսիլքը՝ ինքնաթիռից վար նայելիս:
Ս.Վ.- Դա կախուած է թռիչքի բարձրութիւնից: Երբ դեռ կախուած է օդանաւը քաղաքի վրայ, այն նման է Երեւանի մակետին, երբ բարձրանում է մի փոքր ու միանում են նաեւ Սեւանը, լեռներն ու վիհերը, տեսարանը դառնում է «փոքրիկ հայրենիք», որը ես փորձում եմ «enter» անել յիշողութեանս մէջ, յաւերժօրէն այն կրելու ցանկութեամբ: Առաւել բարձրից, երբ միայն ջուրն ու ցամաքն են ընդգծւում, այն նմանւում է արարչութեան երկրորդ օրուան: Լոյսի չափազանց առատութեան մէջ եւս փակում եմ աչքերս ու ինձ պատկերացնում դրախտում:
Տեսնում եմ ինքնաբաւ ժպիտներով տափակ պատմութիւններ փոխանակող դրախտաբնակներին: Ես ընդհանրապէս երբեւէ չեմ սիրել լոյսի անչափութիւնը: Մի տեսակ կաֆկայական վայրենի անկրթութիւն կայ դրա մէջ: Ընդհանուր առմամբ, օդանաւի պատուհանից ամէն բան վերածւում է վիրտուալ իրականութան՝ գրականութեան, որն ինձ համար սիրելի է շատ:
Հ.Յ.- Ժամանակը գործում է ընդէմ գեղեցիկ կնոջ: Քեզ ի՞նչ է ասում հայելին:
Ս.Վ.- Գնալով դաժանանում ես: Հռիփսիմէ: Հայելին ասում է այն, ինչ ծաղկամանում չորացող ծաղիկն է ասում: Որ յաւերժական չէ ոչ մի գեղեցկութիւն: Որ ամենայն ապրող բան իր մէջ կրում է իր քայքայման վիրուսը: Բաւարա՞ր է այսքանը թէ՞…
Հ.Յ.- Գիտեմ, որ շատ ես կարդում Ո՞ր գրական հերոսի մէջ ես ամենաշատը տեսնում ինքդ քեզ:
Ս.Վ.- Երեւի Դոն Քիշոտ: Ապրում եմ՝ հաւատալով ռոմանսին ու ասպետականութեանը, մի տեսակ հաճելի փսիխոզի մէջ ասես կեանքում կէս-արթուն, իրականի ու երեւակայականի սահմանի վրայ, երբեմն կեանքն ու կարդացածս չզանազանելով: Տարբերութիւնն այն է, որ իմ կողքին ոչ թէ իրատես Սանչոն է, այլ մէկ այլ Դոն Քիշոտ, որը ոչ թէ իրականութեան է կոչում ինձ, այլ ընդհակառակը, ինձ հաւաստիացնում է իմ ցնորքների մէջ: Այս վիճակն ինձ համար հետաքրքիր գրական խայծ է ու բացառուած չէ, որ իմ ինքնակենսագրական վէպը մի օր Դոն Քիշոտ կոչուի: