ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Լեռնային Ղարաբաղի մէջ գործող տասնչորս հասարակական կազմակերպութիւններ Ուրբաթ, 1 Մայիսին ունեցած են խորհրդակցական հանդիպում մը, որուն աւարտին հանդէս եկած են միացեալ յայտարարութեամբ մը՝ արտայայտելով իրենց յուսախաբութիւնը Հայաստանի եւ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութեանց հրապարակած միացեալ հաղորդագրութեան հանդէպ:
Ստորեւ կը ներկայացնենք սոյն յայտարարութիւնը.
Մենք՝ հայ-թուրքական յարաբերութիւների վերջին իրադարձութիւններին նուիրուած խորհրդակցութեան մասնակիցներս, ընդհանրացնելով ծաւալուած քննարկումների եւ բանավէճի ընթացքում արտայայտուած բոլոր տեսակէտները, ամփոփելով խորհրդակցութեան արդիւնքները, եկանք հետեւեալ եզրակացութեան:
Արձանագրում ենք, որ 2009թ. Ապրիլի 23ին Ժընեւում Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան ղեկավարութիւնների համատեղ յայտարարութիւնը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հիմնական սկզբունքների համաձայնեցման վերաբերեալ (այսպէս կոչուած «ճանապարհային քարտէզը»), որը ձեռք բերուեց Շուէյցարիայի միջնորդութեամբ, անհանգստութեամբ ու հիասթափութեամբ ընդունուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հասարակական լայն շրջանակների կողմից:
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրը համահայկական ոլորտից զուտ Հայաստանի Հանրապետութեան պատասխանատուութեան ոլորտ տեղափոխելու փորձը՝ դուրս բերելով այն հայ-թուրքական բազմադարեան յարաբերութիւնների ընդհանուր համատեքստից՝ քաղաքական կոպիտ սխալ է, յղի հայ ժողովրդի համար հերթական աղէտով:
Պնդում ենք, որ 19րդ դարի վերջի եւ 20րդ դարի սկզբի Մեծ Եղեռնը, պատմական Հայաստանի տարածքների մեծ մասի կորուստը, որը տեղի ունեցաւ միջազգային պայմանագրերի շրջանակներում նրա տարածքների բաժանման ու զաւթման հետեւանքով եւ արցախահայութեան ազգային-ազատագրական պայքարը, որն աւարտուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ստեղծումով, Հայկական հարցի բաղկացուցիչ մասերն են:
Գտնում ենք, որ Թուրքիայի բարձրագոյն ղեկավարութեան եւ հասարակութեան լայն շրջանակների խիստ եւ անզիջում մեկնաբանութիւններն ու յայտարարութիւնները, որոնք հետեւեցին «Ճանապարհային քարտէզի» երեւան գալուց անմիջապէս յետոյ՝ հակասելով համատեղ յայտարարութեան ոգուն, աներկբայ ցոյց են տալիս, որ հէնց այսպէս է գնահատում իրավիճակը թուրքական կողմը: Հայկական կողմից չկայ որեւէ նախադրեալ իրավիճակը այլ կերպ գնահատելու համար:
Համարում ենք, որ «Ճանապարհային քարտէզ»ի յայտարարումը Մեծ Եղեռնի նախօրեակին, թոյլ է տալիս խօսել ո՛չ միայն հայկական դիւանագիտութեան ձախողման, այլ նաեւ ողջ հայութեան համար բարոյա-հոգեբանական տեսակէտից անընդունելի քայլի մասին: Հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը ընդամէնը համահայկական խնդրի միայն մի մասն է, որն իր լուծումը կարող է ստանալ ողջ հայութեան համապատասխան ջանքերի շնորհիւ: Նման քայլը հնարաւոր է միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան փաստի եւ արցախահայութեան կողմից իր պետականութիւնը կառուցելու իրաւունքի ճանաչումից յետոյ:
Հայութեանը նրա խնդիրների առանձնացման միջոցով բաժանման փորձերն աւելի մեծ սպառնալիք են ներկայացնում, քան հակառակորդին առանձին զիջումներ կատարելը: Ժխտելով ԼՂՀ եւ Սփիւռքի իրաւունքը Թուրքիայի հետ քաղաքական երկխօսութեան մէջ, Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութիւնը դրանով իսկ ժխտում է իր իրաւունքը մասնակցել ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցութիւններին: Գոյութիւն ունեն ողջ հայութեան համար կենսական նշանակութեան հարցեր, որոնք պահանջում են համահայկական քաղաքական համաձայնութիւն:
Մենք յայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական ղեկավարութեան նեղ շրջանակներում ընդունուած որոշումը «Ճանապարհային քարտէզ»ի վերաբերեալ՝ ֆորմալ լեգիտիմութեան (պաշտօնական օրինականութեան-Խմբ.) պարագայում, հայ ժողովրդի ազգային շահերի տեսակէտից բացարձակ անիրաւական է:
Արցախի Երիտասարդ քաղաքագէտների ակումբ
«Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպութիւն
Արցախեան գոյամարտի վիրաւոր ազատամարտիկների օգնութեան Վիտա ՀԿ
ԼՂՀ Զոհուած ազատամարտիկների հարազատների միութիւն
Ռուսական համայնք ՀԿ
ԼՂՀ Փախստականների հասարակական կազմակերպութիւն
Կաճառ գիտական կենտրոն
Շուշիի կրթական մարզամշակութային ՀԿ
Արուեստը յանուն խաղաղութեան եւ զարգացման ՀԿ
Աւետեաց երկիր ՀԿ
Արցախի ազատամարտիկների միութեան Հայրենեաց Պաշտպան ԵԿ
ՀՅԴ «Արամ Մանուկեան» Ուս. միութիւն
ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւն
Ազատ Հայրենիք կուսակցութեան երիտասարդական միութիւն