ԴԱՒԻԹ ՏԷՐ-ԴԱՒԹԵԱՆ

Հայաստան-Թուրքիա բանակցութիւնների շուրջ ՀՀ իշխանութիւնների հետ տարաձայնութեան պատճառով քաղաքական կոալիցիայից Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դուրս գալը մղել է ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Էդուարդ Նալբանդեանին հրապարակային եւ խորհրդարանական լուսաբանութիւններ տալու: Ապրիլի 27ին պարոն Նալբանդեանը հարցազրոյց է տուել «Արմէնփրէս» լրատուական գործակալութեանը՝ հիմնականում անդրադառնալով Հայաստան-Թուրքիա բանակցութիւններին:
Չնայած՝ այդ հարցազրոյցում արտգործնախարարի ասած կամ չասած մտքերից ու պատասխաններից շատերը նոր հարցականների տեղիք են տալիս, բայց կայ առնուազն մէկ կէտ, որի առնչութեամբ չի կարելի պրն. Նալբանդեանին հրապարակաւ չսրբագրել:
Իր պատասխաններից մէկում պարոն Նալբանդեանը ասում է, «Գիտէք, ես յոյսով եմ, որ երբ մենք բարելաւենք, կարգաւորենք մեր յարաբերութիւնները, ապա ոչ միայն մեր երկրի՝ Հայաստանի ղեկավարները կը գան Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ դնելու, այլեւ Հայաստանի ղեկավարներին կը միանան Թուրքիայի ղեկավարները: Ինչու՞ մենք չենք կարող անել այն, ինչ որ արեցին Շարլ դը Գոլը եւ Ադենաուերը: Ես վստահ եմ, որ կը գայ այդպիսի օր, եւ այդ քայլը կÿանեն նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները»:

Ժողովրդի լեզուով ասած՝ «էդ բանը չպիտի ասէիք» պարոն Նալբանդեան: Շառլ դը Գոլն ու Ադենաուերը դարերով իրար դէմ պատերազմած պետութիւնների ղեկավարներ էին, ովքեր 1963ին ստորագրեցին բարեկամութեան պայմանագիր՝ նախանշելով նաեւ միացեալ Եւրոպայի մեկնարկը: Ձեր խօսքում, երբ ուզում էք նրանց օրինակով տեսնել Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարներին, հայերիս այդ ղեկավարներից ո՞ր մէկի կերպարով էիք պատկերացնում: Տայիք միայն Ադենաուերի անունը՝ հասկանալի ու ողջունելի կը լինէր:
Վերջապէս, Կոնրադ Ադենաուերը Գերմանիայի այն կանցլերն (վարչապետը-Խմբ.) էր, որ 1951թ. Սեպտեմբերին Բունդեսթագում ունեցած իր ելոյթում ընդունեց Գերմանիայի պարտաւորութիւնը՝ հատուցում կատարելու Իսրայէլին՝ որպէս հրեայ ժողովրդի ներկայացուցիչ պետութեանը, նացիստական Գերմանիայի կողմից գործադրուած հրեայ ժողովրդի Հոլոքոստի համար: Այս դէպքում Ձեր համեմատութիւնը իսկապէս ողջունելի կը լինէր: Հնարաւոր է, որ ցանկացել էք ասել՝ «Ադենաուեր եւ Վիլի Բրանդտ». դա եւս ողջունելի կը լինէր:
Վերջապէս, Վիլի Բրանդտն էր, որ 1970թ. Դեկտեմբերի 7ին Վարշաւայում ծնկի եկաւ 1943թ. Վարշաւայի Գետտոյի ապստամբութեան հրեայ զոհերի յուշարձանի առաջ՝ որպէս զղջման եւ ներողութիւն խնդրելու արտայայտութիւն:
Այո՛, պարոն Նալբանդեան, մենք՝ հայերս, Շարլ դը Գոլ ունենալու խնդիր չունենք:
Մենք Թուրքիայի կողմից հայոց դէմ գործադրուած Ցեղասպանութեան ժառանգներն ենք, եւ պատրաստ ենք այդ Ցեղասպանութիւնը գործած Թուրքիայի իրաւաժառանգորդ ներկայիս Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատել առա՛նց նախապայմանների: Բայց Ձեր պատկերացումը, թէ պէտք է անենք այն, ինչ արեց Շարլ դը Գոլը, ոչ միայն անհասկանալի է, այլեւ, անկեղծ ասած, նոյնիսկ մտահոգիչ:
Եթէ մեր արտգործնախարարը չի պատկերացնում ցեղասպան պետութեան ժառանգորդի եւ ցեղասպանութեան թիրախ դարձած ժողովրդի ժառանգորդի պարտաւորութիւնների ու անելիքի տարբերութիւնները, նա կարո՞ղ է մեր պետութեան շահերը ներկայացնել ու պաշտպանել միջազգային ատեաններում եւ այլ պետութիւնների, յատկապէս Թուրքիայի հետ բանակցելիս:
Պարոն Նալբանդեան, չ՛արժեր ինչ-ինչ հաշուարկներով, ուրիշներին հաճոյանալու համար, մենք՝ որպէս պետութիւն, մեզ վրայ վերցնենք Ֆրանսիային նմանուելու կամ որպէս քաղաքական գործչի՝ դը Գոլին կապկելու որեւէ պարտաւորութիւն: Դա, մեր անհատական կամ հաւաքական թերարժէքութեան բարդոյթից բացի, ուրիշ ոչնչի մասին չի վկայի: Ընդհակառակը, դա միայն կը հարուածի մեր պետութեան շահերին:
Ընդամէնը, պարոն Նալբանդեան, մեզ պէտք են թուրք Ադենաուեր եւ էլի թուրք Վիլի Բրանդտ, որպէսզի Թուրքիան զղջում յայտնի եւ հայութիւնից ներողութիւն խնդրի՝ Հայոց Ցեղասպանութեան համար, ամբողջական հատուցում կատարի միջազգային իրաւունքում հայ ժողովրդի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետութեանը եւ միայն այդ ժամանակ ստանայ բարոյական իրաւունք՝ իր ղեկավարների միջոցով ծնկաչոք յարգելու մեր նահատակների յիշատակը Ծիծեռնակաբերդում:
Առանց ներողութեան, առանց զղջման, առանց պատասխանատուութեան ստանձնման եւ առանց հատուցման՝ Թուրքիայի կողմից որեւէ բարձրաստիճան պաշտօնեայի յայտնուելը Ծիծեռնակաբերդում պարզապէս կը պղծի մեր նահատակների յիշատակը: Նորից չսխալուէք, պրն. Նալբանդեան:
«Երկիր», 5 Մայիսի 2009թ.