(Կառավարութենէն Դուրս Գալու) Մեր Քայլը Գիտակցուած Պատասխանատուութեան Օրինակ Է
«ԱՍՊԱՐԷԶ».- Երեւանի «Ար» հեռատեսիլի կայանը հարցազրոյց մը ունեցած է ՀՅԴ Բիւրոյի անդամ Աղուան Վարդանեանի հետ: Ստորեւ կը ներկայացնենք այդ հարցազրոյցի՝ կառավարութենէն դուրս գալու պատճառներուն եւ հայ-թրքական յարաբերութիւններուն վերաբերող հատուածները: Նշենք, որ Վարդանեան տարիներով եղած է կառավարութեան անդամ, գրաւելով աշխատանքի եւ ընկերային ապահովութեան նախարարի պաշտօնը: Ան իր նախարարական աթոռէն հրաժարած էր՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ ընտրուած ըլլալու պատճառաւ:
ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Ցանկացած հրապարակային գործունէութեան, առաւել եւս՝ քաղաքական կուսակցութեան գործունէութեան առաջին չափորոշիչը պատասխանատուութիւնն է: Առանց պատասխանատուութեան, առանց երէկուայ, այսօրուայ ու վաղուայ քայլերի գիտակցութեան, բնականաբար, որեւէ քաղաքական ուժ չի կարող հեռանկար ունենալ: Մեր կուսակցութիւնը այսքան գոյատեւել է մեր ժողովրդի պատմութեան մէջ (շուտով 120 տարի) նաեւ այն պատճառով, որ մեծ է եղել պատասխանատուութեան գիտակցումը:
Այո, կոալիցիայից դուրս գալը պատասխանատու քայլ էր, գիտակցուած պատասխանատուութեան օրինակ: Կոալիցիայից դուրս գալով՝ մենք յայտարարել ենք, որ չենք գնում բացարձակ առճակատման իշխանութիւնների հետ: Պարզապէս մենք ունենք պետական, ազգային խնդիրներ, որոնք վտանգւում են: Դաշնակցութիւնը հրաժարուեց մնալ կոալիցիայի կազմում՝ փորձելով իր այդ քայլով սթափեցնել իշխանութիւններին, նրանց յետ պահել սխալ ընթացքից:
Մենք կոալիցիայի մէջ եղել ենք մի քանի անգամ: Ձեւաչափերը տարբեր են եղել՝ երեք կուսակցութիւն, չորս կուսակցութիւն: Բնական է, որ այդ ուժերը նոյնը չեն, չեն կարող նոյնը լինել, այլապէս մի կուսակցութեան մէջ կը լինէին: Եւ նրանցից իւրաքանչիւրը կոալիցիայում ունենում է իր մօտեցումները, որոնցով տարբերւում է միւսներից: Այդ տարբերութիւնները արտայայտւում են զանազան ոլորտներում՝ ե՛ւ ծրագրային, ե՛ւ երկրում բարեփոխումների իրականացման, եւ՛ սոցիալական արդարութեան ու բազմաթիւ այլ հարցերում: Թուարկածս, ինչպէս նաեւ շատ այլ խնդիրների շուրջ քննարկումներ միշտ էլ եղել են, եղել է կարծիքների բախում: Բայց դրանց մենք նայել ենք որպէս աշխատանքային գործընթաց, որն, ի վերջոյ, լուծում է ստանալու:
Եթէ յիշում էք՝ ՀՅԴն այս վերջին կոալիցիայի կազմում յայտնուեց մի իրավիճակում, երբ մեր առջեւ բազմաթիւ վտանգներ կային՝ արտաքին ճակատում Արցախի խնդիրն էր, իսկ ներսում՝ ծայրայեղ առճակատման սպառնալիքը: Այդ ժամանակ մեր հիմնական նպատակն էր Հայաստանը զերծ պահել այնպիսի ցնցումներից, որոնք կարող էին վտանգել մեր ազգային, պետական արժէքները:
Վերջին մէկ տարուայ ընթացքում, կարծում եմ, կարողացել ենք կատարել մեր խնդիրը եւ դրականօրէն ազդել գործընթացների վրայ:
Հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ նոյնպէս նախապաշարումներ չունենք, եւ հասկանում ենք՝ վաղ թէ ուշ դրանք պէտք է կարգաւորուեն: Բայց մենք դէմ ենք, որ Հայաստանը յանկարծ յայտնուի զիջողի դերում:
Ի վերջոյ, մենք Թուրքիային ոչինչ պարտք չենք: Թուրքիան է մեզ պարտք: Ես վստահ եմ՝ ե՛ւ նախագահը, ե՛ւ այդ հարցերով զբաղուող պաշտօնեաները պակաս չեն ցանկանում, որ ամէն ինչ նորմալ լինի, բայց մենք նաեւ տեսնում ենք՝ երկիրը յայտնուել է մի ընթացքի մէջ, որը կարող է վտանգաւոր հետեւանքներ ունենալ:
Հայաստանում այսօր ամենատարածուած խօսքը հետեւեալն է. մենք կողմ ենք յարաբերութիւնների կարգաւորման առանց նախապայմանների: Բոլորս այդ ենք ասում՝ նախագահից մինչեւ փորձագէտ: Ասել ու ասելու ենք հազար անգամ: Մինչ օրս, սակայն, Թուրքիայի ոեւէ ղեկավար այդ արտայայտութիւնը ոչ մի անգամ չի արտաբերել: Ո՛չ Էրդողանը, ո՛չ Գիւլը, ո՛չ Բաբաջանը եւ ո՛չ էլ Դաւութօղլուն երբեք չեն ասել, որ իրենք Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորում են առանց նախապայմանների: Ինչու՞ չեն ասում:
Ապրիլի 22-23ի համատեղ յայտարարութեան յաջորդ օրն իսկ ԱՄՆ պետքարտուղարութիւնը ողջունեց այդ փաստաթղթի ստորագրումը: Այդ ողջոյնի մէջ հետաքրքիր տող կար՝ ԱՄՆը պնդել եւ պնդում է, որ կողմ է հայ-թուրքական յարաբերութիւններն առանց նախապայմանների կարգաւորելուն: Բայց բուն յայտարարութեան տեքստի մէջ, որն ի դէպ, ոչինչ չասող փաստաթուղթ է, այդ բառերը չկային: Ուզում եմ հաւատալ, որ մերոնք փորձել են տեքստի մէջ նման ձեւակերպում դնել, բայց փաստ է, որ չկայ: Վաղը Թուրքիան չի՞ ասելու, կամ այսօր չի՞ ասում, թէ նախապայմաններ ունի:
Այլ օրինակ բերեմ: Մեր նախագահը Պրահայում հանդիպում է Թուրքիայի նախագահին եւ յայտարարում, որ կողմերը պայմանաւորուել են յարգել նախկինում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները: Այսինքն՝ յարաբերութիւներ առանց նախապայմանների: Մի քանի օր անց ինչպէ՞ս է Էրդողանը յայտարարում, թէ Հայաստանը օկուպանտ (բռնագրաւող-Խմբ.) երկիր է, եւ սահմանները չեն բացուի, մինչեւ չվերանայ Ղարաբաղի օկուպացիան:
Ամէն ինչ, կարծես, գլխի վրայ շուռ է եկել: Ասես նոյնիսկ մենք էլ ենք մոռացել, որ Ադրբեջանն է յարձակուել Ղարաբաղի վրայ ու պարտուել այդ պատերազմում: Բանը հասել է այնտեղ, որ Հայաստանին օկուպանտ է յայտարարում Թուրքիան, ով օկուպացրել է մեր հայրենիքը:
Վերջապէս բոլորն էլ գիտեն, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ղարաբաղեան խնդրի պատճառով: Տասնհինգ տարի է անցել: Որեւէ պետութիւն, որեւէ միջազգային կազմակերպութիւն դատապարտե՞լ է Թուրքիային դրա համար: Չէ՞ որ սա էլ իւրատեսակ ագրեսիա է Հայաստանի հանդէպ, եւ հարկ է, որ դատապարտուի միջազգային հանրութեան կողմից: Ոչ թէ պէտք է Թուրքիային համոզեն, խնդրեն, յորդորեն, աջակցեն, որ նա բացի սահմանը, այլ ուղղակի, առանց աւելորդ ձեւականութիւնների, դատապարտեն այդ քայլը: Բայց մենք նման խնդիր դրե՞լ ենք մեր առջեւ:
Ցաւում եմ, բայց այդպէս էլ մեզանում չգտնուեց մէկը, որ յօդաբաշխ հայերենով բացատրէր, թէ ինչու վերը յիշատակուած հայ-թուրքական համատեղ յայտարարութիւնը եղաւ հէնց Ապրիլի 24-ի նախօրեակին: