1992թ. այդ օրը Հիւսիսային Արցախի հայկական բնակավայրերի հայ բնակիչները զէնքի ուժով տեղահանուեցին, բազմաթիւ կորուստներով լքեցին հայրենիքը: «Երբ 1988թ.ին Արցախի ժողովուրդը բարձրացրեց օրինական պահանջ միանալ մայր հայրենիքին, ադրբեջանցիները դրան հակադրուեցին սրով եւ հակահայկական հիստերիայով հող ստեղծելով ազգամիջեան զինուած բախումների համար: Նրանց նպատակը մէկն էր՝ վախեցնելու միջոցով արցախեան ժողովրդին եւ հայութեանը հետ պահել իրենց օրինական պահանջներից՝ միանալ մայր հայրենիքին: Ինչպէս յետագայ ընթացքը ցոյց տուեց, ուղղակի անհնար էր վախի միջոցով ստիպել, որ հայերը հրաժարուեն իրենց հայրենիքից»,- «Արմէնփրէս»ի հետ զրոյցում նշեց «Շահումեան-Գետաշէն» հայրենակցական միութեան նախագահ Էդիկ Բալայեանը:
Շահումեանի շրջանը եւ Գետաշէնի ենթաշրջանը հոծ հայկական, միատարր բնակչութեամբ բնակեցուած տարածք էին, որը մինչեւ վերջ պայքարեց իր հայրենիքը պաշտպանելու համար: Շահումեանի շրջանում հայերը թողեցին 11, Գետաշէնի ենթաշրջանում 7 հայկական գիւղեր, որոնք 21 հազար բնակիչութիւն ունէին: Է. Բալայեանը բերուած թուային տուեալները հիմնաւորում է 1991թ.ին տեղի ունեցած մարդահամարի պաշտօնական տուեալներով: 1902թ.ի բնակչութեան թուային տուեալների հետ համեմատութեամբ Է. Բալայեանը դիտարկում է կատարում նաեւ, որ 90 տարուայ ընթացքում եւս հայաբնակ շրջանները ճնշուած են եղել տնտեսապէս. բնակչութեան թուի նուազումը վկայում է, որ չեն ստեղծուել անհրաժեշտ պայմաններ բնակավայրերի տնտեսական զարգացման համար, երիտասարդներն արտագաղթել են:
Նրա տեղեկացմամբ, օրինակ, Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ գիւղերում 1902-1989թթ.ին բնակչութեան թիւը նուազել է համապատասխանաբար՝ 70ով, 180ով, 250ով: Խորհրդային տարիներին քարոզուող՝ ազգերի եղբայրութիւնն ու բարեկամութիւնը այս բնակավայրերի նկատմամբ տարուող քաղաքականութեան մէջ միայն դատարկ խօսքեր են եղել: Բացի այդ, ըստ Է.Բալայեանի՝ երիտասարդներին սեփական հայրենի բնակավայրի հետ կապող ոչ մի քայլ չէր ձեռնարկւում. Երեւանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում կրթութիւն ստացող երիտասարդը չէր կարող վերադառնալ եւ գործի անցնել հայրենի գիւղում: Ադրբեջանի որոշումներով այլ հանրապետութիւնում պատրաստուած կադրը չէր կարող աշխատանք գտնել. դա կարող էր թոյլ տալ միայն Ադրբեջանի կրթութեան նախարարութիւնը: Միջազգային հանրութիւնը երկակի ստանդարտներ է որդեգրել, որն, ըստ Է. Բալայեանի, անհասկանալի է: Նրանք շատ լաւ են պատկերացնում, որ զտման նման քաղաքականութիւն ունեցող երկրի կազմում Լեռնային Ղարաբաղը լինել չի կարող: «Նրանք շատ լաւ են հասկանում, որ պատերազմն սկսեց Ադրբեջանը, սակայն իրենց հարց չեն տալիս եւ չեն էլ պատասխանում մեր հարցերին առ այն, որ եթէ նրանք զէնք են բարձրացնում խաղաղ բնակչութեան դէմ, արտաքսում են զէնքի ուժով, ի՞նչ է մեզ մնում անելու, ձեռքերը ծալած նստե՞լ»,- հարցադրում կատարեց հայրենակցական միութեան նախագահը: Նա նաեւ նկատեց, որ ադրբեջանցիները պատեհ-անպատեհ առիթներն օգտագործում են ինչ-ինչ թուեր ներկայացնելով՝ իբրեւ փախստականների թուաքանակ: Է.Բալայեանը տարակուսանք արտայայտեց՝ ինչպէ՞ս կարող են միջազգային ատեաններում լսել ադրբեջանական կողմի ներկայացրած թուերը՝ առանց պաշտօնական այլ տուեալների հետ համեմատութեան. ընդամէնը պէտք է բացել նախկին ԽՍՀՄ վիճակագրական վարչութեան տեղեկագրերը:
«Ազատ Արցախ»