ԱՐԱՄ ԶԱՔԱՐԵԱՆ
Պատերազմի օրերի ե՛ւ աշխարհիկ, ե՛ւ հոգեւոր զինուորը հնարաւոր չի համարում ազատագրուած տարածքների վերադարձը:
Եթէ չլինէր մեր 88ը, շատ մարդկանց ճակատագիրն ու ուղին այլ կը լինէին, շատերի կեանքն էլ կիսատ չէր մնայ: 88ից փոխուել է նաեւ տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանի կեանքի ուղին: Ուղի, որը մինչեւ 88ը շատ ղարաբաղցիների ապրելաձեւից չէր տարբերւում: Այն ժամանակ նա հոգեւորական չէր, Լեռնային Ղարաբաղի Վանք գիւղի, իր հողուջրի սովորական բնակիչ էր:
«Երբ Շարժումը սկսուեց, մենք տարբեր բաներ սկսեցինք անել, օրինակ՝ պարարտանիւթերից պայթուցիկներ էինք պատրաստում ու սկսեցինք չընդունել ատրպէյճանցիների պարտադրանքները՝ սկզբից՝ քարով, փայտով, յետոյ որսորդական հրացաններով եւ այդպէս…», 20 տարիների հեռուից յիշում է տէր Յովհաննէսը: 88ից մէկ տարի անց՝ 89ին տասնեակ տարիների պարտադրուած «զնդանից» ազատուեց նաեւ հայ եկեղեցին՝ վերաբացուեց Արցախի թեմը: Թեմի առաջնորդ նշանակուեց Պարգեւ սրբազանը, Արցախում՝ Վանք գիւղից քիչ հեռու՝ Գանձասարում, հոգեւոր ծառայութեան անցաւ այժմ Շիրակի թեմի առաջնորդ սրբազան Միքայէլ Աջապահեանը: Հէնց Միքայէլ սրբազանի նախաձեռնութեամբ էլ Վանք գիւղին ու յարակից տարածքներին քաջ ծանօթ երիտասարդը՝ այսօրուայ տէր Յովհաննէսը, բռնեց հոգեւորական դառնալու ճանապարհը եւ Մայր աթոռում երկու տարի ուսանելուց յետոյ վերադարձաւ հայրենի Վանք ու Գանձասար: «Ուսանելու տարիներին ես կապը չեմ կտրել. միշտ էլ լինում էի Արցախում, իսկ հոգեւորական դառնալուց եւ Գանձասարում ծառայութեան անցնելուց յետոյ, բոլոր ջոկատները գալիս էին ինձ մօտ՝ օրհնութիւն ստանում եւ մեկնում ճակատ», պատմում է տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը: Ճակատում, առաջին գծում յաճախ լինում էր նաեւ տէր Յովհաննէսը: Այն ժամանակ Ղարաբաղը բանակ դեռ չունէր, բայց կամաւորական ջոկատներ կային. ինչու՞ պէտք է հոգեւորականը զէնք վերցնէր՝ մեր հարցին տէր Յովհաննէսը պատասխանեց. «Գանձասարի վերեւում մեր վերջին կէտն էր. 40 հոգանոց մի խումբ: 1992 թուականի Հոկտեմբերի 28ին ազերիներն օդանաւից ռմբակոծեցին Գանձասարը. երկու ռումբ ընկաւ գաւթի վրայ, բայց չանցաւ ներս. մի քանիսն էլ ընկան միաբանական շէնքի վրայ եւ շէնքն ամբողջութեամբ այրուեց, փլուեց: Ունեցանք մէկ զոհ, երկու վիրաւոր: Այդ օրուանից պարզ էր, որ ազերիները յատուկ ռմբակոծում են եկեղեցիները, եւ ես պէտք է պաշտպանէի իմ եկեղեցին: Գանձասարը 800 տարուայ եկեղեցի է եւ անգամ մէկ օր գերութեան մէջ չի եղել»:
Բայց Գանձասարը անառիկ պահելու համար եկեղեցու սպասաւորի ցանկութիւնը քիչ էր: Պատերազմի լարուած ու թէժ մի պահի՝ 1993 թուականի Յունուարի 17ին, առաջին գծից ահազանգ եկաւ. «Տէր հայր, վերցրու քո խաչը, քո սուրբ գրքերը եւ հեռացիր Գանձասարից, էլ ուժ չունենք, նահանջում ենք»: Տէր Յովհաննէսն այս ահազանգին միանգամից չի արձագանգել: «Այդ պահին մէկը պատարագ էր մատուցում, մէկը երգում էր՝ երեք հոգով պատարագ էինք անում: Ես կռուող տղաներին ասացի, «Չեմ ուզում պատարագից եւ աղօթքից կտրուել. սպասէÿք», բայց ուժերն անհաւասար էին. 40 հոգանոց ջոկատի դէմ 360 ազերի էր կռւում: Ես տղաներին ասացի՝ «Գալիս եմ 40 հոգով, 30 րոպէից կը լինենք» Այսօր այդ ճանապարհը 30 րոպէում չես անցնի, ես այն ժամանակ 40 հոգի չունէի, 4 հոգի էինք՝ ես, եղբայրս, աներս, վարորդս: Բայց մեզ տեսնելով՝ տղաները ոգեւորուեցին: Ես պատասխանատուութիւնը վերցրի ինձ վրայ եւ կարողացանք ազերիներին 7 քիլօմեթր յետ շպրտել: Ոչ զոհ տուեցինք, ոչ վիրաւոր: Երբ վերադարձայ Գանձասար, բաւականին մարդ կար հաւաքուած: Գնդացիրս թողեցի եկեղեցու պարսպից դուրս, ծնկաչոք մտայ եկեղեցի եւ աղօթքով դիմեցի Աստծուն. «Տէր Աստուած. կը ներես, ես զէնք եմ վերցրել. բայց օրհասական պահ էր ու վերջին ճիգ, թշնամին մտնում էր եկեղեցի: Եթէ մեղք եմ գործել՝ ներիր, եթէ մեղք չէ՝ օրհնիր:» Ես ցերեկը հոգեւորական էի, աղօթք էի անում ու պատարագ մատուցում, իսկ գիշերով՝ արդէն զինուորի համազգեստով՝ հետախուզութեան էի գնում:» պատմում է տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը:
Հրադադարից յետոյ էլ տէր Յովհաննէսը յաճախ է եղել բանակային ստորաբաժանումներում, նաեւ առաջին գծում եւ զուգահեռ նախաձեռնել Գանձասարի վերանորոգումը՝ պատերազմի բերած վնասներից առաջ էլ եկեղեցու վիճակը բարւոք չէր: Բարերար գտնուել է, բայց աշխատուժ չկար, եւ հոգեւորական-զինուորը նաեւ շինարար է դարձել. «Շատ դժուար էր քարերը եկեղեցու տանիք բարձրացնելը, բայց անում էի, օգնում: 16 տարի ծառայել եմ Գանձասարին՝ որպէս վանահայր, հոգեւոր հովիւ»:
Տէր Յովհաննէսն այժմ Արարատեան թեմի Սուրբ Երրորդութիւն եկեղեցու խորհրդակատար քահանան է. «Հոգեւոր ծառայութիւն է, այդպէս է որոշուել, մենք խոնարհաբար կը ծառայենք մեր եկեղեցուն»: Բայց Գանձասարի հոգեւոր հովիւ-զինուոր-շինարարը վստահ է, որ սա ժամանակաւոր է, եւ ինքն անպայման վերադառնալու է Արցախ:
Տէր Յովհաննէսը Արցախից եւ Հայաստանից պարգեւներ է ստացել՝ Արիութեան մեդալ, Մայրական երախտագիտութեան մեդալ, «Արծիւ մահապարտ»: Միակ հոգեւորականն է, որ «Հայաստանի Հանրապետութեան մարտական խա»չ է ստացել:
Հայաստանի պատմութեան մէջ՝ Վարդանանց պատերազմի ժամանակ էլ, հայ հոգեւորականները զէնք են վերցրել ու զինուոր դարձել: Տէր Յովհաննէսն ընդօրինակել է նրանց փորձը ու նկատում է. «Ես չէի կարող կռուողներին օրհնել, հայրենիքը պաշտպանելու կոչել, ճակատ ուղարկել, իսկ ինքս թաքնուել եկեղեցում ու միայն աղօթել: Ես չէի կարող օրինակ չծառայել, չտեսնել կռուի «քաղցրութիւնն» ու դառնութիւնը»:
Զրոյցի վերջում տէր Յովհաննէսին առաջարկեցինք ներկայացնել ազատագրուած տարածքների հնարաւոր յանձնման վերաբերեալ իր կարծիքը: «Ես դա հնարաւոր չեմ համարում: Այնտեղ մեր տղաների արդար արիւնն է թափուել. այդ հողերը արիւնով ենք վերցրել, հողը սրբացուել է: Ես չեմ կարծում, թէ այդքանից յետոյ կարելի է կամ հնարաւոր է այդ հողերը սկուտեղի վրայ մատուցել մեր հակառակորդին»: